Էսսե 1

eucharist-print-on-board-by-father-rupnik-20x30-cm

Խճանկար՝ Հ. Մարկո Իվան Ռուպնիկի ©
Mosaic by Fr. Marco Ivan Rupnik ©

Ո՞ւմ համար է հնչում երախայից լիթանիան 21-րդ դարում

Որովհետև կանչվածները չուզեցին գալ…

«Առե՛ք, կերե՛ք, ա՛յս է մարմին իմ… արբե՛ք ի սմանէ ամենեքեան, ա՛յս է արյուն իմ…». այս խոսքերի մեջ լցվում ու հասունանում է Սուրբ Պատարագն ամեն կիրակի, հորդում եկեղեցու խորանից դեպի հավաքվածների տառապած սրտեր։

***

Տառապում ենք մենք։ Որովհետև մեղավո՞ր ենք ու ժառանգում ենք մե՞ղքն ադամական, թե՞ որովհետև տիրանման ենք մենք։ Տերը հավերժ կրում է ժամանակի ծիրում ճաշակելիք-ճաշակած տառապանքը, ունի մշտաներկա տառապանքն իր մեջ իբրև սերմ, իբրև բաբախող մի սիրտ։ Սուրբ Երրորդության մշտնջենական-  անփոփոխ շարժման մեջ գալիք տառապանքն իբրև փրկության սերմ գոյում է Որդու ունայնացման տնօրինական ծրագրում։ Ու խոնարհվեց տառապանքը Տիրոջ հետ ժամանակի մեջ, պատվաստվեց Կույսի արգանդում՝ որպես սերմ, որպես բաբախող սիրտը Նրա, արյունը՝ հեղվելու խաչին ու լինելու սփոփանքի հավերժ գրավական, մեկ անգամ ու ընդմիշտ հավաքվեց տառապանքը բաժակի մեջ, որ կրկնվի հավերժ վերադարձի պարույրում ամեն կիրակի խորանի վրա խորհուրդը խորին, որ երեկ, այսօր ու հավիտյանս թրջվի հաց-մարմինը նույն բաժակում ու բաժանվի, բաշխվի բոլոր եկած, եկող ու գալիք տառապյալներին, դառնա հատիկ, սիրտ բաբախող Եկեղեցու, Երրորդության անվերջ շարժում, բացվի որպէս Սիրո կվինտէսենցիա, որպես միակ սփոփանք բոլոր տառապյալ սրտերի համար։

Օտար ու հարազատ դարձած երկրներում գոյաբանական կարոտը Կյուրակէի հրում, տանում է Առաքելական եկեղեցի, որ պապակ հասնես, բերես սիրտդ անհարազատ, բայց ճանաչելի սրտերի կողքին ճաշակելու Միածնի տառապանքից, խցելու ժամանակի հոսքը, որ առնի քեզ խորհուրդը խորին հավերժության մեջ՝ որում է կյանքը՝ բաբախող մի սիրտ, մշտնջենական շարժում-պերիխորեսիս Սուրբ Երրորդության։

Ու հանկարծ՝ «մի՛ ոք յերա՜-խա՜-ա՜-ա՜-յի՜ց», ու հանկարծ՝ «մի՛ ոք ի թերա՜-հա՜-ւա՜-ա՜-ա՜-տի՜ց և մի՛ ոք յա՜-պա՜շ-խա՜-րո՜-ղա՜ց և յանմա՜-ա՜-ա՜-ա՜-քրի՜ց, մերձեսցի յաստուածային խո՜-ո՜ր-հուուու՜րդս»։

Ո՞ւմ համար է հնչում երախայից լիթանիան Առաքելական եկեղեցում քսանմեկերորդ դարում։ Կասկածի ու հետ-կասկածի այս դարում, երբ ինքնությունն անվերջ փոփոխական է ու ընտրովի, երբ ոչ միայն թերահավատն, այլ անհավատն է էլիտար, անհոգի ինտելեկտի պաշտամունքի դարում, երբ «չեք լսե՞լ, թե Աստված մեռել է»ի շքերթում թույլ թրթռում է «հարուցյալ Աստծո» մասին ուսմունքը, երբ կա մեկ իրականություն՝ հիման-ու-այստեղը, խորհրդազերծված, միապաղաղ, միագիծ, հարթ, երբ իրավունք բառը բզի պես ծակում ու մկրատի պես կտրում, խեղում է ամենայն ճշմարտություն ու արժեք։

Ո՞ւմ համար է հնչում Միածնի չարչարանքին անարժանների չմերձենալու կոչը Հայաստանից դուրս, որտեղ առանց այդ էլ իրենց սրտերը բերած բազմաթիվներից միայն երեք-չորսն է մերձենում Բաժակին։ Երբ ունկնդիրն է լցնում եկեղեցին՝ վայելելու իր քաղաքակիրթ հոգին ալեկոծող շարականի ելևեջները, ունկնդիր, բայց ոչ մասնակից, ոչ ապրումակից։

Ո՞ւմ համար է հնչում Միածնի չարչարանքին անարժանների չմերձենալու կոչը Հայաստանից դուրս, որտեղ առանց այդ էլ իրենց սրտերը բերած բազմաթիվներից միայն երեք-չորսն է մերձենում Բաժակին։ Երբ ունկնդիրն է լցնում եկեղեցին՝ վայելելու իր քաղաքակիրթ հոգին ալեկոծող շարականի ելևեջները, ունկնդիր, բայց ոչ մասնակից, ոչ ապրումակից։

Ուրեմն, ո՞ւմ համար է հնչում երախայից լիթանիան, երախաների՞ արդյոք։

Ի՛մ, մե՛ր, երեք-չորսի համար է հնչում լիթանիան, որ մենք՝ դավանակիր ու դավանակից, արժևորենք Տիրոջ բաշխվող տառապանքը՝ Սիրո կվինտէսենցիան։ Արժանի՞ ենք արդյոք մենք՝ հետ-կասկածի դարի պտուղներս՝ թերահավատ, տկարահավատ, կասկածակիր, սեկուլյար, ինդիվիդուալիստ կանչվածներս մերձենալու, ստանալու Նրա տառապանքի ու սիրո փրկարար հատիկը։

 

Օտար ու հարազատ դարձած երկրներում Առաքելական եկեղեցում երեք-չորս, երբեմն ավելի դավանակիրներով ամեն կիրակի արժանի-անարժան ներքին պայքարով ենք փոթորկված։ Գուցե Հայաստանում, ուր եկեղեցիները դեռ լիքն են, ուր դեպի Բաժակը ձգվող հերթը խորանից մինչև եկեղեցու դուռն է հասնում ու անցնում անդին, «մի՛ ոք ի թերահաւատից»ը կախվում, մնում է որպես կարևոր, խիստ նշանակալի սահման՝ պայման Տառապակրի պտուղն ստանալու համար։ Սահման, ուր արժանի-անարժան պայքարն է սկսվում, սահման, որը հատելու համար խիզախություն է պահանջվում։

Կասկածի ու հետ-կասկածի դարում, օտար, բայց հարազատ դարձող սփյուռքում, ուր եկեղեցին լցրել է ունկնդիրը, բայց ոչ մասնակիցը, ոչ ապրումակիցը, երեք-չորս, երբեմն ավելի դավանակիրներով է՛լ կասկած չունենք. հարատևորեն ծեսի խորքերում, վաղ Եկեղեցու ավանդույթի մեջ երախայից լիթանիան գծել է սահմանը, ամեն կիրակի այն հատելու խիզախությունն ենք ընտրում։

 

Թե բաշխվում է Սերն ամեն կիրակի, ու թե «առե՛ք, կերեք… արբե՛ք ի սմանէ ամենեքեան», բաշխվում է այն տառապյալներիս համար, ու քանի բաշխվում է Սուրբ Պատարագը Կյուրակէին ուրեմն պիտի լինենք և մենք՝ ստացողներս… Հայաստանից դուրս Առաքելական եկեղեցում մատուցվում է Պատարագը քաղաքակիրթ ունկնդրի հայացքի ներքո։ Մշակույթ է այլևս ծեսը եկեղեցին լցնող քաղաքակիրթ բազմության համար, խորհրդազերծված իրականության մասն է այլևս «խորհուրդը խորին, անհաս ու անսկիզբ…»։

 

Երկյուղն է պատում. չլինի՞ թե հանկարծ բաշխվի Սերը ու չգա ընդունողը, չլինի՞ թե կանչվենք ու չգնանք հարսանիքին, չլինի՞ թե գնանք, բայց մնանք անհաղորդ, մոռանանք Բաժակը, հարատև շարժումը Սուրբ Երրորդության: Չլինի՞ թե արժանի-անարժան պայքարի բովում ընկրկենք հանկարծ, դառնանք… ունկնդիր:

 

Հետ-կասկածի դարում է՛լ կասկած չկա: Այստե՛ղ ես լինելու ամեն կիրակի, օտար երկրների հարազատ վայրում, սիրտդ բերած անհարազատ, բայց ճանաչելի սրտերի կողքին, ունկնդիր-դիտորդների հայացքի ներքո կանգնելու ես «մի՛ ոք»ով գծված սահմանին՝ այն հատելու խիզախությամբ շղթայված, թեկուզ մենակ, մեն- մենակ մոտենալու ես Բաժակին, որովհետև եթե բաշխվում է Տիրոջ մարմինն ու արյունը, պետք է լինի այն ընդունողը, ու եթե կա ընդունողը, թեկուզ մեկը, ամբողջական է Եկեղեցին: Այստեղ ես լինելու ամեն կիրակի, գալու ես, որ լինի ընդունողը, թեկուզ մեղավոր ու վշտակիր, թեկուզ անարժան ու թերահավատ, լինելու ես այդ մեկը, գուցե միակը ընդունողներից, որովհետև կանչված ես… վաղուց…

Էսսե #1․ «Տասներկու էսսե աստվածպաշտության մասին» անտիպ ժողովածուից

© Աննա Մ. Օհանջանյան
12 մարտի, 2018թ.​

Theme: Overlay by Kaira