Հանրահայտ փաստ է, որ քրիստոնյաների հալածանքներն անբաժան են քրիստոնեության պատմությունից՝ սկսվելով առաքյալներից ու առաջին քրիստոնեական համայնքներից շարունակվելով մինչ օրս:
Պատմությանն առավել հայտնի առաջին զանգվածային հալածանքները փաստված են Հռոմեական կայսրության աշխարհակալության ժամանակաշրջանով և տեղի են ունեցել մի քանի փուլերով. ա. Ներոն կայսեր (64-68 թթ.) կառավարման ժամանակ սկսված քրիստոնյանների մասսայական մահապատիժները (որոնց ժամանակ մյուսների հետ միասին նահատակվեցին նաև Պետրոս ու Պողոս առաքյալները), բ. Դիոկղետիանոսյան հալածանքները (284-311 թթ.) և գ. Հուլիանոս Ուրացողի ժամանակ, երբ վերջինս փորձ կատարեց վերանորոգելու հեթանոս պաշտամունքի նախկին ազդեցությունը:
Քրիստոնյաների հալածանքներ տեղի ունեցան նաև միջնադարյան Եվրոպայում. մասնավորապես Անգլիայում՝ տեղի հեթանոսների կողմից, և իսլամ դավանող արաբների կողմից, երբ նրանք գրավեցին քրիստոնյա Իսպանիան (VIII-IX դդ.): Քրիստոնյաները, ինչպես այսօր, այնպես էլ նախկինում, հալածվել են ու շարունակվում են հալածվել համաշխարհային կրոնների բնօրրանում՝ Մերձավոր Արևելքում:
Իսլամ-քրիստոնեության հակադրության հետևանքով XIV-XX դդ. քրիստոնյա ազգերը հալածվեցին Օսմանյան կայսրության ողջ տարածքով՝ ի վերջո հանգեցնելով Հայոց ցեղասպանությանն ու Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա ազգերի ցեղասպանությանը, որը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում: Տեղական, ազգային արժեքները պահելու պատրվակով հազարավոր քրիստոնյաների մահապատժի են ենթարկել Ճապոնիայում (XVII դ.), ինչպես և՝ Չինաստանում (XIX դ.), որտեղ այդ հալածանքները շարունակվում են նաև այսօր՝ աթեիստական վարչակարգի կողմից: XX դարում կոմունիստական վարչակարգերի (ԽՍՀՄ, Չինաստան, Վիետնամ, Կուբա և այլն) կողմից ծրագրվող ու իրականացվող հետապնդումներն ու ցեղասպան քաղաքականությունն ուղղվեցին հատկապես քրիստոնյաների դեմ:
«Թեոլաբ» գիտավերլուծական կենտրոնը քրիստոնյաների հալածանքների հանրայնացումը, ուսումնասիրումն ու ուժերի ներածին չափով՝ կանխարգելումը դիտարկում է իբրև իր գործունեության կարևորագույն նպատակներից մեկը: «Թեոլաբ»-ն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու և ուսումնասիրելու վերոնշյալ թեման՝ ոչ միայն անցյալի պատմական իրադարձությունների վերլուծությամբ, այլ նաև արդի շրջանին բնորոշ առանձնահատկությունների վեր հանմամբ ու մշտադիտարկմամբ:
Ներոն կայսեր կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացված հալածանքի մասին խոսում է Հռոմի ամենահայտնի պատմիչներից մեկը՝ Կոռնելիոս Տակիտոսը (Քհ. մոտ 55-120): Նա զբաղեցներով մի շարք պետական պաշտոններ՝ լինելով կոնսուլ ու Ասիայի պրոկոնսուլ, ինչպես և՝ կայսերական գրադարանի կուրատոր, նաև անձամբ տիրապետելով քաղաքական անցուդարձին, իր «Տարեգրություններ»-ում խոսում է Հոռմեական կայսրության Քհ. 14-96 թթ. պատմական անցքերի մասին: