Ակադեմիական աստվածաբանությունը Հայաստանում

Ակադեմիական աստվածաբանությունը Հայաստանում. սահմանումը, մեթոդները և խնդիրները

Հայաստանում գիտական, ակադեմիական աստվածաբանության մասին խոսելու անհրաժեշտությունը վաղուց կա։ Թերևս ամենից անհրաժեշտն է լավ պատկերացնել աստվածաբանության՝ որպես գիտակարգի կարևորությունն այսօր՝ թե՛ միջդիսցիպլինար հետազոտություն իրականացնելու տեսանկյունից, թե՛ ակադեմիական աստվածաբանությունը՝ իրենց «աստվածաբանական» համարող զանազան համակարգերից և գիտակարգերից տարորոշելու համար։

Ժամանակակից բուհերում «աստվածաբանություն» ասելով հասկանում են միայն քրիստոնեությանը վերաբերող գիտակարգ, մինչդեռ «կրոնագիտության» տակ ներկայացվում են ինչպես համաշխարհային կրոնները, այնպես էլ տրվում է տեսական գիտելիք ընդհանրապես կրոնի սահմանման, ֆենոմենի, ֆունկցիաների, փոխհարաբերությունների, մարդաբանության և այլնի մասին։ Սա պակաս կարևոր չէ աստվածաբանությունը՝ որպես քրիստոնեությունն ուսումնասիրող գիտակարգ պատկերացնելու համար, այլև մյուս կրոնների մասին բազային գիտելիքները հնարավորություն են տալիս աստվածաբանության ճյուղերի, ինչպես օրինակ՝ պատմական աստվածաբանության շրջանակներում որոշակի ճշտումներ կատարելու համար։

Օրինակի համար, գիտական իմ վերջին հետազոտության շրջանակներում անհրաժեշտություն առաջացավ բավականին լրջորեն ուսումնասիրելու տասնյոթերորդ դարում Օսմանյան կայսրությունում ընթացող սուննիթիզացիայի պրոցեսները, ինչպես նաև՝ եվրոպական բողոքականության որոշ նեղ ասպեկտներ՝ ցույց տալու համար, թե Հայ Առաքելական Եկեղեցին տվյալ դարում ինչպես է վերագծել իր ճշմարիտ դավանանքը, ինչ բառապաշար է ձևավորել և ինչքանով է ինտեգրվել ժամանակաշրջանի ընթացիկ կրոնա- և դավանա-քաղաքական գործընթացների մեջ։

Աստվածաբանությունը՝ գիտություն

 

Աստվածաբանության ամենահայտնի սահմանումն այն է, որ աստվածաբանությունը խոսք է Աստծո մասին. ավելին, Աստծո խոսքն է Իր մասին, այսինքն՝ Հայտնությունը։ Քրիստոնեական աստվածաբանության առարկան Աստծո և հավատքի բնությունը՝ Հիսուս Քրիստոսի մարդեղության և Հայտնության միջոցով, հասկանալն ու արտահայտելն է՝ ելնելով Եկեղեցու Ավանդությունից (Տրադիցիա) և տարբեր եկեղեցիների ավանդույթներից։ Գիտական աստվածաբանությունն ուսումնասիրում է քրիստոնեական ուսմունքի և դավանանքի աղբյուրները, ինչպիսիք են Սուրբ Գիրքը, Ավանդությունը, հանգանակները, վարքերը, վկայաբանությունները և այլ աղբյուրներ, ձգտելով հասկանալ քրիստոնեության ի՛նչ և ինչպիսի՛ն լինելն անցյալում, և որ ամենից կարևորն է՝ նրա ի՛նչ և ինչպիսի՛ն լինելն այսօր՝ մի բան, որ մեզանում գրեթե չի արվում։

Աստվածաբանական գիտաճյուղերի բաժանման տարբեր մոդելներ կան։ Դասական բաժանումն է՝ տեսական, ջատագովական, պատմական և գործնական աստվածաբանություն։ Ավելի ժամանակակից բաժանումն է՝ աստվածաշնչային, պատմական, փիլիսոփայական, դոգմատիկ (կամ ֆունդամենտալ), սիստեմատիկ (որը ձգտում է սիստեմավորել առաջին երեքը) և գործնական։

Այս բոլոր ճյուղերն ունեն մի շարք ենթակարգեր, օրինակ՝ հակաճառական, էկումենիկ, համեմատական աստվածաբանություն, հանգանակագիտություն, մեկնություն (էքզեգետիկա), հերմենևտիկա, հայրաբանություն, ծիսագիտություն, ծեսի պատմություն և այլն։

Ժամանակակից գիտության մեջ դասակարգման այլ ձևեր էլ կան, օրինակ` ըստ դավանանքային մոդելների, որոնց քանակը գնալով աճում է։ Այսօր կարող ենք խոսել կաթոլիկ, ուղղափառ, նեոուղղափառ, արևելյան ուղղափառ, կալվինական, լիբերալ, պենտեկոստալ և այլ մոդելների աստվածաբանության մասին։

Ասվածը ցույց է տալիս, որ աստվածաբանությունը տարողունակ մի գիտություն է, և դրա ուսումնասիրությունը ենթադրում է առնվազն բազային գիտելիք բոլոր այս ճյուղերի, կարգերի, ենթակարգերի և ուղղությունների մասին։ Այս ամենով հանդերձ աստվածաբանն ընտրում է, թե արդյունքում աստվածաբանության որ բաժնի կամ ճյուղի մեջ պետք է մասնագիտանա, սակայն համակարգված և համալիր աստվածաբանական կրթությունը պարտադիր պայման է աստվածաբանության հետազոտող-մասնագետ դառնալու համար։

Ի՞նչ չէ՛ աստվածաբանությունը

 

Աստվածաբանության վերաբերյալ տարբեր հասարակություններում թյուրըմբռնումները շատ են և զանազան։ Օրինակ՝ հաճախ աստվածաբանությունը նույնացնում են քրիստոնեականի (կատեխիզմի) հետ, կամ համարում են, որ այն կրոնագիտություն կամ կրոնի փիլիսոփայություն է, կամ՝ որ այն ստատիկ կամ ապապատմական է, և, որ ամենից արդիական թյուրըմբռնումն է, որ այն հակագիտական է1։ Այստեղ, սակայն, ես ցանկանում եմ անդրադառնալ ավելի տեղային հարցերի, այն է՝ հայաստանյան գիտական, ակադեմիական միջավայրում եղած թյուրըմբռնումներին՝ աստվածաբանության՝ որպես գիտակարգի վերաբերյալ։

Մեզանում հիմնական թյուրըմբռնումները վերաբերում են տեքստաբանությանը, բանասիրությանը և միջնադարագիտությանը։ Հայաստանյան ակադեմիական միջավայրում կա տեսակետ, որ սրանք այս կամ այն չափով կարող են փոխարինել աստվածաբանությանը, և անձը, ով զբաղվում է սրանցից որևիցե մեկով, կարող է համարվել աստվածաբանության ուսումնասիրող կամ, ավելին, աստվածաբան։ Այսպիսի տեսակետի արմատացումը հայաստանյան գիտության մեջ գալիս է Խորհրդային Միության շրջանից, երբ աստվածաբանությունն արգելված գիտություն էր խորհրդային ակադեմիայում, և նշվածները ծառայում էին որպես աստվածաբանության «սուրոգատներ» ակադեմիական շրջանակներում։ Իրականում նշված երեքն էլ կարելի է համարել կա՛մ վերլուծական, կա՛մ կոնտեքստուալացման գործիքներ աստվածաբանության համար, բայց ո՛չ երբեք աստվածաբանություն։

Ասվածն ավելի ընկալելի դարձնելու համար հրավիրում եմ ընթերցողի ուշադրությունը ներքոբերյալ կետերին.

ա. Տեքստաբանությունն աստվածաբանություն չէ՛:

Տեքստաբանությունն ինքնին դեռ աստվածաբանություն չէ, այն պարզապես աշխատանքային գործիք է աստվածաբանության՝ որպես գիտակարգի, համար։ Այս առումով՝
  • Տեքստաբանությունը պետք է ծառայի նախ կոնտեքստի վերակառուցմանը (ռեկոնստրուկցիա), լինի դա պատմական, դավանական, քաղաքական, միջկրոնական, թե՝ այլ,
  • Տեքստաբանությունը պետք է կապվի ու ծառայեցվի արդի խնդիրներին, ինչպես օրինակ` էկումենիզմին, էթիկայի հարցերին և այլն,
  • Տեքստաբանությունը պետք է օգնի աստվածաբանական տեսությունների մշակմանը և զարգացմանը, ասել է թե՝ տեքստից պետք է հանել անհրաժեշտ տվյալները և ընդհանրացման եղանակով մշակել կամ մոդիֆիկացնել այս կամ այն աստվածաբանական տեսությունը։

բ. Բանասիրությունն աստվածաբանություն չէ՛:

Բանասիրական վերլուծությունն օգնում է աստվածաբանության հղկմանը, ձևաբանական և շարահյուսական կառույցների միջոցով աստվածաբանական նրբերանգները հասկանալուն և վեր հանելուն, սակայն զուտ բանասիրական աշխատանքը դեռ աստվածաբան-հետազոտողի աշխատանք չէ։
  • Բանասիրական վերլուծությունը գործիք է աստվածաբանության կառուցման համար։ Բանասիրությունը կամ լեզվաբանությունը օգնում են այս կամ այն աստվածաբանական եզրույթը ճիշտ թարգմանելու կամ լեզվական կոնտեքստում ճիշտ հասկանալու համար, սակայն ինքնին, առանց աստվածաբանական տեսականացման և պատմադավանական կոնտեքստուալացման տվյալ ուսումնասիրությունը չի կարող երբևէ աստվածաբանական համարվել։
  • Բանասիրությունը, ինչպես տեքստաբանությունը, պետք է օգնի գոյաբանական, ճանաչողական կամ իմացաբանական (ի՛նչը կարելի է ճանաչել և ի՛նչ միջոցներով կարելի է ճանաչել) և արժեբանական (աքսիոլոգիական), նաև էթիկական հարցերի վերաբերյալ աստվածաբանական խնդիրները ժամանակակից խոսույթում տեղավորելուն։

գ. Միջնադարագիտությունն աստվածաբանություն չէ՛:

  • Աստվածաբանության տեսակետից միջնադարագիտությունը պատմական աստվածաբանության համար կոնտեքստ ապահովող գիտակարգ է, նմանապես, աստվածաբանությունը կարող է գործիք լինել միջնադարագետի համար։
  • Միջնադարագիտությունը՝ որպես կոնտեքստուալացմանն օգնող գիտություն, կարող է հնարավորություն ընձեռել աստվածաբանին պատմական հարացույցերի (պարադիգմերի) կիրառման համար, ինչպես նաև համեմատական վերլուծության միջոցով նախկինը ներկային կամրջելուն, քանի որ աստվածաբանական ճշմարտությունները չեն փոխվում, բայց պատմական ամեն շրջանում դրանք ձևակերպվում են նորովի։

Միջնադարագիտությունը Խորհրդային շրջանում հաճախ է ներկայացել որպես աստվածաբանության «սուրոգատ», քանի որ դրա քողի տակ քննվել ու ուսումնասիրվել են հայ աստվածաբան-մատենագիրների գործերը, բայց՝ հիմնականում բանասիրական վերլուծությամբ, կամ էլ՝ մատենագրական/մատենագիտական տեսանկյունից։ Այնուամենայնիվ, միջնադարագիտությունը և աստվածաբանությունը տարբեր գիտակարգեր են և տարբեր են նաև դրանց մեթոդները։

Աստվածաբանության մեթոդները

 

Մեթոդը ինչ-որ բան անելու ձևը կամ եղանակն է, մեթոդաբանությունը՝ բացատրություն կամ արդարացում առ այն, թե ինչու է հենց այդ եղանակն ընտրվել։ Աստվածաբանության մեջ մեթոդն ունի հստակ կանոններ այս կամ այն ավանդույթի շրջանակներում և ունի նաև պատմական ընթացք՝ ուշ անտիկ շրջանից մինչև նորագույն շրջան։

Մեթոդաբանական հարցերն ուղղափառ ավանդույթի շրջանակներում քիչ են շոշափվում, առավել ևս արևելյան ուղղափառ եկեղեցիների կողմից, քանի որ վերջիններս հիմնականում անփոփոխ աստվածաբանական ընթացք են ունեցել՝ հենված ավանդույթի վրա։ Փոխարենը կաթոլիկ և բողոքական աստվածաբանները մեծ ուշադրության են արժանացրել մեթոդի հարցերին, կաթոլիկները՝ կարդինալ Ջոն Նյումանի դոգմաների զարգացման տեսությունից և, հատկապես, Վատիկանի երկրորդ ժողովից հետո, իսկ բողոքականները՝ հիմնականում պատմաքննադատական դպրոցի և լիբերալ բողոքականության շրջանակներում։

Աստվածաբանությունը ճանաչում է աստվածաբանի և Աստծո միջև միջնորդության չորս աղբյուր՝ Սուրբ Գիրքը, ավանդությունը, փորձը և բանական փաստարկումը, և ըստ էության աստվածաբանն է ընտրում, թե սրանցից որ մեկին է առաջնայնություն տալու։ Այնուամենայնիվ, ինչ մեթոդ էլ որ ընտրվի աստվածաբանի կողմից, աստվածաբանության ուսումնասիրության ոլորտները մնալու են նույնը, այն է՝ գոյաբանություն (օնթոլոգիա), ճանաչողություն կամ իմացաբանություն (էպիստեմալոգիա) և արժեքաբանություն (աքսիոլոգիա)։ Այսօր աստվածաբանությունը համարվում է համագործակցային ստեղծագործական աշխատանք, որին, որևէ աստվածաբանական խնդիր քննարկելիս, հեղինակը մշտապես բերում է իր թեմատիկ առաջնայնությունները, մեկնողական եղանակները և ոճը2:

(շարունակելի)

© Ա.Մ.Օ.
  1. Richard P. McBrien, “What Theology Is and Is Not,” America: Jesuit Review, 1996, https://www.americamagazine.org/issue/100/what-theology-and-not
  2. Bernard J.F. Lonergan, Method in Theology, (Toronto: University of Toronto Press, 2007), xi.
Theme: Overlay by Kaira