ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ՄԱՍ Բ)

Աստվածաբանության՝ որպես գիտաճյուղի կարևորությունը

Աստվածաբանություն գիտաճյուղը միահյուսված է այլ գիտաճյուղերի հետ։ Առնվազն մինչև վաղ արդի շրջան (ուշ միջնադար) այն պատմականորեն բոլոր գիտությունների հիմքում է եղել։ Ինչպես այլ գիտաճյուղերն ու գիտակարգերը կարող են գործիքներ տալ աստվածաբանական ուսումնասիրության համար, այնպես էլ ակադեմիական աստվածաբանությունը կարող է կիրառական լինել այլ գիտակարգերում մասնագիտացող հետազոտողի համար։ Ավելին, հումանիտար գիտություններում աստվածաբանության ունեցած դերն անտեսելը հանգեցնում է ոչ համալիր (անգլ․ holistic) ընկալման և ուսումնասիրության։ Արվեստաբանը, պատմաբանը, փիլիսոփան, լեզվաբանը, հնագետը, ազգագրագետը կամ ավելի լայն՝ հայագետը, ասորագետը, բյուզանդագետը և այլն, կարիք ունեն աստվածաբանական ընդհանուր գիտելիքի, կամ առնվազն լուրջ մասնագիտական խորհրդատվության, քանի որ բազմաթիվ դեպքերում առանց աստվածաբանության իմացության գիտական խնդրի կոնտեքստուալացումը թերի է, երբեմն էլ պարզապես թյուր։

Մի քանի օրինակ բերենք։ Բուխարեստի 1659 թ.-ին կառուցված Մետրոպոլիտական եկեղեցում (Ռումինիայի Ուղղափառ Պատրիարքարանի Մայր Տաճար) մի որմնանկար կա, որում Քրիստոս առաքյալներին Հաղորդություն է տալիս սկիհով և գդալով։ Եթե արվեստաբանը ծանոթ չէ Ուղղափառ ծեսին, և չգիտի, որ Ուղղափառ Եկեղեցու պատարագի վերջում գինին հավատացյալներին տրվում է հատուկ ծիսական գդալով, ապա նա չի կարող բացատրել, թե ինչպե՞ս է գդալը հայտնվել որմնանկարում, եթե, ըստ աստվածաշնչային տեքստի, Խորհրդավոր Ընթրիքին գդալ չկար։ Փաստորեն, արվեստաբանը պետք է տարրական գիտելիքներ ունենա ծիսական և համեմատական աստվածաբանությունից՝ հասկանալու համար գդալի ներկայության իմաստը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ինչպե՞ս պետք է արվեստաբանը բացատրի հենց XVII դարում այսպիսի պատկերների առաջացումը, եթե ծանոթ չլինի Եվրոպայում, Օսմանյան և Սեֆյան կայսրությունների քրիստոնյաների միջավայրում` պատմական այս շրջանում, տեղի ունեցող «դավանաշինության» (անգլ․ confession-building) գործընթացներին,1 որոնց ընթացքում քրիստոնեական եկեղեցիները բողոքականության և գլոբալ կաթոլիկության (անգլ․ Global Catholicism) տարածմանը հակազդելով՝ ստիպված եղան վերագծելու իրենց դավանանքի սահմանները։ Եվ ահա, այս վերագծման օրակարգում են ներառվում նաև պատկերի միջոցով սեփական դավանաքի նրբերանգները՝ այս դեպքում, գդալով Հաղորդություն տալու հանգամանքն ընդգծելը։

Մեկ այլ օրինակ. ասենք, եթե բյուզանդագետ-պատմաբանը կատարում է այնպիսի երկի քննություն, ինչպիսին է «Բանալի ճշմարտութեան» երկը, ապա պարզ չիմացությունն այն բանի, որ սույն երկի տեքստում հանդիպող «գոյափախություն» (լատ․ transsubstantiatio) աստվածաբանական եզրույթը շրջանառության մեջ է դրվել XVII դարից ոչ վաղ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ծիսական գրականության մեջ է մտել առնվազն XVIII դարակեսից, մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել տվյալ պատմաբանին թյուր եզրակացության առ այն, որ այդ երկը գրվել է X կամ ավելի վաղ դարերում, ավելին, որ այն եղել է պավլիկյանա-թոնդրակյան մի հուշարձան, ինչը և տեղի է ունեցել ոչ շատ վաղ անցյալում։

Այսպիսի օրինակները բազմաթիվ են, և գրեթե բոլոր գիտակարգերին հատուկ, որով և ընդգծում են ակադեմիական աստվածաբանության կարևորությունը հումանիտար գիտությունների սանդղակում և վերջինիս անհրաժեշտությունը միջգիտակարգային ուսումնասիրությունների համար։

Աստվածաբանության «գեներացիան»

Ակադեմիական աստվածաբանության առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են և բազմաբնույթ։ Այսօր հայաստանյան գիտական իրականության մեջ ամենից կարևոր խնդիրներից մեկն այն է, որ աստվածաբանը և աստվածաբանություն ուսումնասիրող մասնագետը կամ տեսաբանն իրարից հստակ չեն տարբերակվում, կամ գոնե չեն հստակցվում այն սահմանները, որտեղ ավարտվում է հետազոտական աշխատանքը և սկսվում է աստվածաբանելը: Սույն թեմային առանձին կանդրադառնամ, այստեղ այլ խնդիրներից եմ խոսելու, նախ և առաջ՝ «աստվածաբանության գեներացիայից»։

Հայաստանում ակադեմիակական աստվածաբանության շրջանակներում սովորաբար նախապատվություն է տրվում հայրաբանական, մատենագիտական, աստվածաշնչագիտական, բայց ոչ տեսական, այն է՝ վարդապետական, սիստեմատիկ, փիլիսոփայական, սպեկուլյատիվ աստվածաբանությանն առնչվող խնդիրներին և թեմաներին։ Մեզանում աստվածաբանություն այսօր չի «գեներացվում», այնպես ինչպես դա արվում է Կաթոլիկ, Ուղղափառ և Բողոքական եկեղեցիներում։ Ինչպես արդեն ասվեց, խորհրդային շրջանում աստվածաբանությունը «սուրոգատներով» էր փոխարինվում, և գուցե դա է պատճառը, որ այսօր էլ իներցիայով շարունակվում է աստվածաբանական ճշմարտությունների մասին նորովի խոսելուց խուսափելու «հին և բարի» ավանդույթը։ Մյուս կողմից, Հայ Առաքելական Եկեղեցու՝ Ավանդության վրա անսասան ու անփոփոխ խարսխված լինելը շատերի մոտ պատկերացում է ստեղծել, թե նորովի խոսել աստվածաբանական՝ արդեն սահմանված ճշմարտությունների մասին, չի կարելի։ Սա թյուր պատկերացում է, քանի որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում Հայ Առաքելական Եկեղեցին՝ իրեն հատուկ լեզվով, եզրաբանությամբ և փիլիսոփայական տեսությունների կիրառմամբ է անդրադարձել իր ժամանակի աստվածաբանական խնդիրներին, ինչի վառ օրինակ են Վարդան Հաղբատեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր Տաթևացու, ավելի ուշ՝ Գևորգ Մխլայիմ Օղլուի, Հակոբ Նալյանի, Սիմեոն Երևանցու, Ղազար Ջահկեցու և այլոց գործերը։ Ավելին, Հայ Առաքելական Եկեղեցին վաղ արդի շրջանում (ուշ միջնադարում) իր դավանանքը վերահաստատելու և վերջինիս սահմանները վերագծելու գործում մշակել և շրջանառել է նոր եզրեր, ինչպիսին է «լուսաւորչադաւան» եզրը։2

Տեսական կամ, եթե կուզեք, փիլիսոփայական աստվածաբանության «գեներացիան»՝ մշակված առաքելադավանության դիրքերից, անհրաժեշտություն է XXI դարի Հայաստանում։ XXI դարում աստվածաբանության մարտահրավերներն այլ են, քանի որ այլ է կոնտեքստը, որում ապրում է այսօրվա քրիստոնյան, այսու՝ դրանց անհրաժեշտ է նոր մոտեցում, նոր բառապաշար, նոր ձևակերպումներ, այսպես ասած՝ թարմացում։

Այս առումով այսօր «ԹեոԼաբ»-ի թիմը աշխատում է Սիրո, Պոլեմոսի, այն է՝ հակադրության և կոնֆլիկտի, և Ցեղասպանության աստվածաբանության մշակման ուղղությամբ։3

(շարունակելի)
© Ա.Մ.Օ.

  1. «Դավանաշինություն» (konfessionsbildung; confession-building) եզրույթը շրջանառության մեջ է դրվել XX դարի 70-80-ական թվականներին գերմանացի պատմաբաններ Զիդինի, Հանս Շիլինգի և Վոլֆգանգ  Ռահների կողմից։ «Դավանաշինություն» կոչվեց բողոքականության առաջացումից և Տրենտի ժողովի (1545–1563) որոշումներից հետո՝ քրիստոնեական տարբեր եկեղեցիների կողմից իրենց դավանանքի սահմանների վերագծման գործընթացը։ Տե՛ս Konfessionsbildung: Studien zur Reformation, Gegenreformation und katholischen Reform. (Stuttgart: Klett-Cotta, 1985); Wolfgang Reinhard, “Reformation, Counter-Reformation, and the Early Modern State. A Reassessment,” Catholic Historical Review 75, no. 3 (July 1989): 383–404; Heinz Schilling, “Confessionalization: Historical and Scholarly Perspective of a Comparative and Interdisciplinary Paradigm,” in Confessionalization in Europe, 1550-1700, ed. John M. Headley, et. al. (Aldershot: Ashgate, 2004), 21–36.

  2. «Լուսաւորչադաւան» եզրույթն առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրվել մեր կողմից, տե՛ս Anna Ohanjanyan, “Gēorg Mxlayim Ōłli: An Overlooked Agent of Armenian Apostolic Confession-Building in Ottoman Constantinople,” (Gorgias Press, 2021, forthcoming).

  3. Տե՛ս Vigen Guroian, “Armenian Genocide and Christian Existence,” CrossCurrents 41, no. 3 (1991), 322-342; Shushan Khachatryan, “Some Aspects of Theology and Religious Studies of Genocides: The Armenian Case,” Eurasiatica 2. Dal Paleolitico al Genocidio Armeno Ricerche su Caucaso e Asia Centrale (2015), Edizioni Ca’ Foscari, Venezia, 109-116.

Theme: Overlay by Kaira