ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՐԿԱԿԻ ԿԱԹՎԱԾԸ

767965

(թարգմանություն «Առանց արմատների. Արևմուտքը, հարաբերականությունը, քրիստոնեությունն ու իսլամը» գրքից)

Չնայած որ փիլիսոփաներն ու գիտնականները տարիներ շարունակ իրականացվող իրական և հեռահար մարդաբանական ուսումնասիրությունների միջոցով փորձում էին հիմնավորել, որ մշակույթները դասակարգման ենթակա չեն, իսլամի օրինակն ակնհայտորեն հակառակն է ապացուցում։

1992թ․ իսլամի ֆրանսիացի փորձագետ Օլիվեր Ռոյը գրել էր․ «Քաղաքական իսլամը չի կարող դիմադրել ուժի փորձությանը․․․Իսլամիզմը ձևափոխվել է նեոֆունդամենտալիզմի, որի նպատակը միայն իսլամական օրենքի՝ շարիաթի վերահաստատումն է՝ առանց քաղաքական որևէ նոր կառույցներ ստեղծելու»։1 Որպես ապացույց վերոնշյալի՝ նա վկայակոչել էր բազմաթիվ թերություններ ու սխալներ, օրինակ այն, որ իսլամը չի ստեղծել իր սեփական քաղաքական մոդելը, տնտեսական համակարգը, ինքնավար հասարակական կառույցները, չի լուծել ընտանիքի և պետության միջև բաժանման խնդիրը, չի սահմանել կանանց համար հավասար իրավունքներ կամ չի ստեղծել պետությունների համախումբ, որ հիմնված չլինի կրոնի վրա։ Այլ կերպ ասած՝ Ռոյն իսլամը համարում էր ձախողում։ Նոր հեռանկարներին ընդառաջ գնալու փոխարեն, «իսլամական կարծրատիպերը փակեցին դուռը՝ իսլամական պետությունը հեղափոխելու հնարավորության դուռը»։2

Հետաքրքիր է՝ արդյոք Օլիվեր Ռոյի և նրա նման մտածող շատ արևմուտքցիների թեզը ճի՞շտ է, թե՞ սխալ։3 Եթե ճիշտ է, ապա կարո՞ղ է արդյոք ինչ-որ մեկն ասել, որ Արևմտյան մոդելն ավելի լավն է, քան իսլամականը։

Առաջին հարցի պատասխանը հիմնված է բացառապես էմպիրիկ ուսումնասիրության և վերլուծության վրա։ Երկրորդ հարցի պատասխանը հիմնված չէ էմպիրիկ հիմքի վրա, քանի որ այն հիմնականում գնահատական է արտահայտում (այդ գնահատականն է՝ ավելի լավ)։ Այս առումով օգտակար կլինի նախնական տարբերակում անել «դատողություն անելու» և «որոշում ընդունելու» միջև։ Այլ կերպ ասած՝ թեզ առաջ քաշելու (այս դեպքում հետևյալ տիպի արժեքային թեզ՝ «A-ն ավելի լավն է, քան B-ն») և որոշում կայացնելու միջև (այս դեպքում քաղաքական բնույթի որոշում՝ «հետևի′ր A-ին», «պայքարի′ր B-ի դեմ»)։ Երկու հարցերն էլ կապակցված են, բայց ոչ տրամաբանական, դեդուկտիվ ձևով։ Գործնական ապացույցների կարիք չկա պնդելու համար, որ արևմտյան ժողովրդավարական մոդելն ավելի լավն է, քան իսլամականը։ Մեկը կարող է ասել՝ Արևմուտքն ավելի լավն է քան իսլամը, բայց, ի թիվս բազմաթիվ այլ դիրքորոշումների, միաժամանակ շարունակել հանդուրժել ու հարգել իսլամը, երկխոսել իսլամի հետ, մերժել իսլամը, նույնիսկ խոչընդոտել իսլամին, բախվել իսլամի հետ։ Հին ասացվածքն ասում է՝ մի բան է ասելը, մեկ այլ բան՝ անելը։ Այս պնդումը տրամաբանական տեսանկյունից վերաձևակերպելիս պարզվում է, որ չկա ֆորմալ առնչություն «է»-ի և «պետք է»-ի միջև (ինչպես լատիներենում է ասվում՝ ab esse ad oportere non valet consequentia)4։

Արևմուտքում գերիշխող մշակույթի կրողներն, այնուամենայնիվ, հակառակն են կարծում և մի շարք պատճառաբանություններ ներկայացնելով բացահայտում իրենց նախապաշարմունքները։ Նրանք կարծում են, որ «պետք է»-ն բխում է «է»-ից։ Դիցուք, եթե մեկը պնդի, որ Արևմուտքն ավելի լավն է, քան իսլամը, կամ, ավելի ճշգրիտ, որ ժողովրդավարությունն ավելի լավն է, քան աստվածապետությունը, լիբերալ սահմանադրությունն ավելի լավն է, քան շարիաթը, խորհրդարանական որոշումն ավելի լավն է, քան սուրահը, քաղաքացիական հասարակությունն ավելի լավն է, քան ումման, անկախ դատարանում մեղադրանքն ավելի լավ է, քան ֆաթվան, քաղաքացիությունն ավելի լավ է, քան դհիմման և այլն, ապա նա պետք է բախվի իսլամի հետ։ Սա սխալ տրամաբանություն է, որը բխում է այն սխալ համոզմունքից, որ մեր կառույցներն ոչ մի իրավունք ու հիմք չունեն համամարդկային հռչակվելու։5

Այս երկու սխալների պատճառով Արևմուտքն այսօր գտնվում է երկակի կաթվածահար վիճակում։ Նախ, այն կաթվածահար է, քանի որ չի հավատում, որ, այնուամենայնիվ, կա հիմնավոր պատճառ ասելու, թե Արևմուտքն ավելի լավն է, քան իսլամը։ Եվ կաթվածահար է, քանզի հավատում է, որ այդպիսի պատճառի առկայության դեպքում Արևմուտքը պետք է պայքարի իսլամի դեմ։

Ես անձամբ մերժում եմ «պետք է»-ն բխում է «է»-ից մոտեցումը։ Ես մերժում եմ այն միտքը, որ չկա կառույցները, սկզբունքներն ու արժեքները համեմատելու և դատելու հիմնավոր պատճառ։ Ես մերժում եմ այն, որ այսպիսի համեմատությունը չպետք է հանգեցնի այն մտքին, որ արևմտյան կառույցներն ավելի լավն են, քան դրանց իսլամական տարբերակները։ Եվ, ես մերժում եմ այն, որ համեմատությունն անհրաժեշտաբար հանգեցնելու է ընդհարման։ Այնուամենայնիվ, ես չեմ մերժում այն, որ եթե երկխոսության առաջարկին պատասխանեն ընդհարումով, ապա ընդհարումից պետք է խուսափել։ Ինձ համար հակառակն է ճիշտ։ Ես հաստատում եմ հանդուրժողականության, խաղաղ համակեցության և հարգանքի սկզբունքները, որոնք այսօր բնորոշ են Արևմուտքին։ Այնուամենայնիվ, եթե մեկը մերժում է այս սկզբունքներն ու թշնամանք կամ ջիհադ է հայտարարում մեր դեմ, ապա ես համոզված եմ, որ մենք պետք է ընդունենք նրան որպես թշնամի։ Կարճ՝ ես մերժում եմ Արևմուտքի ինքնագրաքննությունը. ինքնագրաքննություն, որն արևմտյան կառույցների համամարդկային լինելու պնդումների վերաբերյալ Հանթինգտոնի քննադատությունից անդին է, չհիմնավորված ու վտանգավոր։

Պալմա իլ Ջիովանե, Քրիստոս բժշկում է Բեթհեզդայի անդամալույծին, 1592 թ․

(շարունակելի)
Անգլերենից թարգմանությունը՝ Ցողիկ Լայնեն-Խաչատրյանի

  1. Oliver Roy, The Failure of Political Islam, trans. Carol Volk, (Cambridge: Harvard University Press, 1996), 9.
  2. Ibid., 11․
  3. Այսպես մտածողներից Գիլլես Կեպելը, թերևս, ամենալավատեսն է, սակայն նույնքան էլ արմատական է իր վերլուծության մեջ։ «Իսլամական դարաշրջանից «հետ-իսլամական»-ի անցման եղանակների կապակցությամբ անորոշությունները հիշեցնում են խորհրդային հասարակություններում հետ-խորհրդային ժամանակաշրջանի բանավեճերը։ Երկու դեպքում էլ, անկախ առաջարկված լուծումներից, իրավիճակն այսօր արձանագրում է մի մոդելի բարոյական ձախողումը, որը կապված է մի ժամանակաշրջանի հետ, որը պատմականորեն հնացած էր, հաղթահարված և մերժված, ինչպես նաև կապ չուներ այն ուտոպիստական գաղափարի հետ, համաձայն որի այդ մոդելն ապագայի կրողն է: Այս պարտությունն անցնում է Իրանի և շիա աշխարհի սահմաններն ու բախվում իսլամիստական գաղափարախոսության հետ ընդհանրապես՝ ներառելով նաև սուննի աշխարհը»։ Gilles Kepel, Jihad: The Trail of Political Islam, trans. Anthony F. Roberts (Cambridge, Mass.: Belknap Press, 2003), 415.
  4. Ab esse ad oportere non valet consequentia-լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ Եթե «իրականություն է», ապա «պետք է» եզրահանգումը սխալ է (լրց․ թարգմանչի կողմից)։
  5. Այսպիսի սխալներ (անցումը նկարագրականից հրահանգչականի), թույլ են տվել Հանթինգտոնի հայտնի գրքի մի քանի քննադատներ, որոնք ոչ թե քարոզում, այլ կանխատեսում են ապագա բախումները քաղաքակրթությունների միջև։ Ջոն Լ․ Էսպոզիտոն, օրինակ, մեջբերելով Հանթինգտոնի այն թեզը, որ մոտ ապագայում բախման կենտրոնական կետը լինելու է արևմուտքի և իսլամա-կոնֆուցիական պետությունների միջև, հետևյալ կերպ է այն մեկնաբանել․ «Այս տեսակետը հանգեցնում է մշակութային վտանգի ռասիստական ընկալման»։ (The Islamic Threat , Myth or Reality (Oxford: Oxford University Press, 1999), 226)։
Theme: Overlay by Kaira