Էսսե 2

Ջիովանի Բելինի, 1460, Տյառնընդառաջ

Domine Ivimus
Տե՛ր, մենք գնացինք…

Արթու՛ն կացեք և
աղոթեցեք

Քրիստոսի բարուրը պատանքն է Նրա, սկիզբն է ու վախճանը, ժամանակի մեջ՝ մուտք հավերժության։ Բացվում է բարուր-պատանքը շերտ առ շերտ, աստիճանաբար՝ որպես Հայտնությունն Աստծո, որպես Ծրագիրը Նրա, դառնում է սուր՝ անցնելու Աստվածածնի անարատ սրտով, ծածկվում փրկչական արյան շիթերով, որ լցվի, փքվի բարուր-պատանքը, ու դառնա վրան, դառնա մի մակույկ, տուն-տանիք դառնա՝ հանգրվանելու քրիստոնյաներին։

Domine ivimus գրված է սուրբ Վարդանի մատուռի պատի մակույկին, ասել է, թե՝ «Տե՛ր, մենք գնացինք»։ Գնում ես ամեն առավոտ այնտեղ, ուր բարուրը դառնում է պատանք, պատանքն էլ՝ բարուր` Կիրակիներին, ուր Հայտնության վերջին դրվագն է բացվել՝ որպես քողազերծված Մարմինը Նրա։ Գնում ես. շուկայի միջով Հարության տաճար, վերադառնում ես տունդ իսկական՝ Երուսաղեմի Սուրբ Եկեղեցի։ Եկեղեցին օրգանիզմն է, ուր հատվում են ժամանակն ու հավերժությունը՝ որպես նույն իրականության տարբեր երեսներ, ուր Սուրբ Երրորդությունը բոլորի վրա՝ Հայր, բոլորի հետ՝ Որդի և մեր բոլորի մեջ՝ գործող Սուրբ Հոգի, հնարավոր է դարձնում մեր վերջավոր գոյության խաչումն անվերջին, ուր աշտարակաշինությունից հետո երկար դարեր անց միության սյունն է խոյանում՝ հավաքելու, դարձնելու մեկ լեզու, մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ մարմին՝ անվերջ տրոփող, ապրող ու աճող։

Աճո՞ւմ է արդյոք եկեղեցին մեր այս օրերում։ Հորիզոնակա՞ն է, թե՞ ուղղահայաց աճը քրիստոնեության։ «Լուսավոր» դարում, ուր չկա «խավարը միջնադարի», քրիստոնյան շարունակում է հալածվել այնպես, ինչպես նախկինում, այնպես, ինչպես միշտ։ Ծաղկո՞ւմ է դեռ քրիստոնեությունն իր վկաների արյան ողոքմամբ, «զուա՞րթք են դեռ երեսք» մարտիրոսների, ինչպես Ստեփանոսինը՝ լուռ քարկոծվելիս։ Իսկ Ստեփանոսը՝ Քրիստոսի համահետևման առաջին պտուղ։

Արվեստը կրկնում է (mimesis) բնությունը, կասեր Արիստոտելը։ Քրիստոնյան համահետևում է Քրիստոսին (Imitatio Christi), կասեր «հետամնաց» դարի վանական Թովմա Գեմբացին (Thomas à Kempis)։ Իսկ ի՞նչ ենք անում մենք «առաջադեմ» դարում, երբ մեր արվեստը չի կրկնում բնությունը էլ, իսկ աշխարհիկացած քրիստոնյաները փորձում են քայլել դարին համընթաց։

Բարդ է համահետևման ճանապարհն այսօր, ավելի քան երբևէ քարքարոտ է այն, աշխարհիկ քրիստոնեության դարում անհնար է հետևել Նրան ամենում։ Ինչպե՞ս լինել «իդիոտիս»՝ (ἰδιώτης, անհատ) ու չհամարվել ապուշ, ինչպե՞ս մնալ ինքնիշխան հոգով, ու ապրել սպառող, իբր աչքաբաց, բայց թմբիրի մեջ սուզվող մարդկանց մեջ։ Ինչպե՞ս մնալ արթուն, երբ կյանքի ամեն ոլորտում քեզ են հրամցնում թմրեցնող թուրմեր։ «Ազատության» տեսակների հսկա շուկայում ինչպե՞ս դառնալ ազատ, իսկապես ազատ։ Ընտրություն է դա. Ճշմարտությունն է՝ ընդդեմ պատրանքի (praestigium), ընդդեմ պրեստիժի։ Ի՞նչ է Ճշմարտությունը, ճանաչո՞ւմ եք այն։ Ճանաչել ենք Նրան՝ ընդդեմ պատրանքի, ազատել է մեզ։

Պոկվել է պորտալարը մորից ծնվելիս, որպեսզի հետո ջրով ավազանի ու մյուռոնով խիտ քարկապվի այն տուն-տանիք դարձած բարուր-պատանքին, որ սնենք ու սնվենք մեկ օրգանիզմից, որ արթուն մնանք, չքնենք հանկարծ, որ չգա հանկարծ գողը գիշերով ու չկորցնենք Շնորհով ձեռք բերված ազատությունը մեր. «Հոգին մի՛ հանգցրեք»։

***

Domine ivimus — «Տե՛ր, մենք գնացինք» :

Երգում է ասորի քահանան Հարության տաճարի հայկական մատուռում, ու ձայնը նրա փոխվում է սրի, գալիս ու անցնում քո սրտի միջով՝ հիշեցնելու քեզ «առաջադեմ» դարում Մերձավոր Արևելքում ամեն օր ու ժամ հալածվող, խեղվող ու մարտիրոսվող քրիստոնյաներին: Իսկ դարը դիտում է, դարը ակն ունի։

«Մեծ է Աստվածպաշտության խորհուրդը», քանզի անվերջ տառապում են վկաները նոր, որ նրանց արյամբ «կերպարանվի Քրիստոսը մեր մեջ»։ Նմանվել Նրան, համահետևել, լինե՛լ այդպիսին, ոչ թե երևալ, ու ոչ էլ՝ թվալ։ Գոյել՝ մնալով Ճշմարտության մեջ, ոչ թե պրեստիժի։ Ծանր է համահետևումը Քրիստոսի, մերօրյա մարդուն հեշտ է ավելի կապկելը Նրան։

Domine ivimus, ասել է թե՝ «Տե՛ր, մենք գնացինք»։ Նրա հետքերով, մեր պորտալարով հետ ենք դառնում մենք՝ հասնելու հունին, ակունքին Տիրոջ, ուր ավազանն է։ Ավանդույթն է ակունքը, Պատարագը մեր՝ հին Եկեղեցու։ Եկեղեցին նավ, ուղղությունը՝ վեր, խորանին էլ Պատարագը՝ Սեր։

Մեծ է Աստվածպաշտության խորհուրդն իրոք, որ Եկեղեցու հավաքական հիշողության մեջ պահվում, հիշվում ու հիշել է տալիս, թե գիտե՛նք Ճշմարտությունը, ճանաչո՛ւմ ենք Նրան, թե այսուհետև ու գուցե ընդմիշտ ազատներ ենք մենք։

Պատարագն արթնությունն է մեր, սթափությունն է մեր պրեստիժի դարում, պատարագը՝ Imitatio Christi —սկզբից մինչև վերջ, բարուրից պատանք ու՝ հավերժություն։ Համահետևո՛ւմ, ո՛չ նմանակում, ո՛չ երբեք կապկում։ Համահետևո՛ւմ, գոնե ծեսի մեջ ու ծեսի ուժով, Աշխարհգալոցից մինչև Արձակում, որ… մնանք արթուն։

© Ա.Մ.Օ.

Theme: Overlay by Kaira