Սուրբ Բարդուղիմեոս առաքյալն ու հայերը

«Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»… Թվում է, թե առաջին հայացքից խոսքը զուտ հոգեբանական ու հոգևոր բնորոշման մասին է, սակայն, աստվածաբանական միտքը սովոր է հարցադրումները կատարել՝ հենվելով միջավայրի և բնորոշումն անողի անձի վրա. այս բնորոշումն անողը ոչ այլ ոք էր, քան Աստված ինքը: Ուստի օրինաչափ է մեզ համար փորձել հասկանալ այն առաքյալի ընդհանրական կերպարը, որին ուղղվեց այս խոսքը՝ իբրև բնորոշիչ և իբրև աստվածային խանդաղատանք և որին վիճակն ընկավ ի թիվս այլ վայրերի քարոզել Հայաստանում՝ այն էլ ամբողջական ութ տարիներ…

Աստվածաշնչագիտական ուսումնասիրությունները հակվում են այն մտքին, որ Նաթանայելը, որը նրա իրական անունն է, իսկ Բարդուղիմեոսը՝ Բար Թողոմե՝ Թողոմեի որդի լինելն է մատնանշում, Փիլիպոս առաքյալի ընկերն էր, երկուսն էլ գրագետ իսրայելացիներ էին՝ հավանաբար տիրապետում էին ժամանակի աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող լեզուներին՝ լատիներենին, հունարենին, խոսում էին արամերենով ու եբրայերենով, գուցե նաև միասին սերտողություններ էին կատարում: Վերջինի օգտին է խոսում այն հանգամանքը, որ Ավետարաններից երկուսում նրանք միասին են թվարկվում, ինչը թույլ է տալիս եզրահանգելու, որ նրանք բեյթ միդրաշի ընկերներ էին, եղբայրներ ի Սուրբ Գիրք ու Սուրբ Գրքի սերտողություն:

Հարցադրումը, որ նա անում է Փիլիպոսին. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ» — խոսում է այն բանի մասին, որ նա այն հրեաներից էր, որ քաջածանոթ էր գրավոր և բանավոր սուրբգրային ավանդույթին, համաձայն որի էլ կասկած է հայտնում Նազարեթից ելած մարգարեի ինքնության շուրջ, քանի որ Նազարեթը մի քաղաք էր, որը որոշակի վերաբերմունք էր ձևավորել իր շուրջն իբրև օրթոպրակսիայից շեղված մարդկանց հանրույթ, որոնք կարծում էին, թե Օծյալն իրենց միջից դուրս պիտի գա, այնինչ գրված էր, որ Օծյալը Բեթղեհեմից պիտի լինի… Նաթանայելը, այդուհանդերձ, գալիս է՝ տեսնելու նոր մարգարեին, որի մասին այդքան խոսվում էր, և հենց ամենասկզբից էլ նրանց հանդիպումն առանձնանում է մնացած առաքյալների հետ Քրիստոսի հանդիպումից. Քրիստոս նրան «գովաբանում է», եթե մի պահ պատկերացնենք, որ կարող ենք այդպես ասել Նրա պարագայում, և կարծես թե առանձնացնում մյուսներից և ընդհանրապես բոլոր իսրայելացիներից… Ապա և՝ պարզվում է, որ իրականում Քրիստոսի և Նաթանայելի «հանդիպում» տեղի է ունեցել՝ թզենու տակ… Այս խոսքի վրա՝ նախապես կասկածող Բարդուղիմեոսն արագ արձագանք է տալիս և ցնցող հայտարարություն անում՝ նույնիսկ առաջ ընկնելով հախուռն Պետրոսից, որը համանման հավատո բանաձև պիտի հնչեցներ քիչ ավելի ուշ. նա ասում է՝ «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը»: Սա հավատո բանաձևում է՝ դեռևս Հարությունից առաջ, դեռևս Քրիստոսի գործերը տեսնելուց առաջ ու գուցե թե՝ բոլորից առաջ, համենայն դեպս, բոլոր առաքյալներից առաջ… Ահա և հայոց դարձը՝ իր մեջ քրիստոնեություն քարոզած առաքյալի նման՝ ազգերի մեջ, այդպիսի մի նշանակություն ունի՝ մյուս ազգերի և պետությունների շարքում, որն առաջ է ընկնում բոլոր մնացած, այդ թվում նաև շատ ավելի ազդեցիկ տերություններից էլ, մշակույթ ու նիստուկաց թելադրող տերություններից՝ հայտարարելու «Դո՛ւ ես Աստծո Որդին», «Դո՛ւ ես Հայաստանի թագավորը»…

Ի՞նչ էր Քրիստոսի և Նաթանայելի խորհրդավոր «հանդիպում»-ը թզենու տակ… Արդյո՞ք մենք երբևէ՝ աստվածաբանելով, կհասկանանք, թե ո՛րն էր այդ տեսակցության բնույթը՝ Նաթանայելի կյանքի ո՛ր հատվածում էր տեղի ունեցել, արդյո՞ք Աստծո Որդին նրան երևացել էր Իր մարդացումից առաջ՝ իբրև ապագայի մարգարեական հայտնություն, թե՞ եղել էր մարդեղությունից հետո: Նաթանայելի ռեակցիան հուշում է, որ այն ենթադրաբար գերմարդկային և առօրյայից դուրս, նյութական օրենքներից վեր մի հանդիպում էր եղել: Իսկ որտեղի՞ց նա գիտեր, որ նրան պիտի կոչի «Աստծո Որդի», չէ՞ որ այդ խոսքն առաքյալներն սկսեցին հասկանալ ու օգտագործել, երբ արդեն երկար ժամանակ քայլում էին Նրա հետ, երբ հասել էին Նրա վարդապետության որոշակի խորքի և ստացել էին տարատեսակ բժշկություններ անելու շնորհք, ընդ որում՝ ոչ միշտ ընկալելով այդ խոսքի ողջ տարողությունն ու մանրամասները, քանի դեռ Նա հարություն չէր առել: Ուրեմն ինչո՛ւ հենց Նաթանայել-Բարդուղիմեոսը, ինչո՛ւ ամենասկզբում, ինչո՛ւ թզենու տակ, ինչո՛ւ կայծակնային հավատք ու համոզվածություն՝ օգտագործելով այն բանաձևումը, որը պիտի վերջնականապես սեպվեր Եկեղեցում մի քանի դար անց:

Եվ ի վերջո՝ Հայաստանը․․․ Կարծես երևում է մի պատկեր՝ դարերի խորքից եկած․ նենգություն չունեցող այրը կանգնած է հեթանոս արքայի դստեր առջև ու հատու նայելով աղջկա աչքերի մեջ՝ դիվահալածություն է կատարում․․․ Աղջկա աչքերից դուրս են գալիս մեհենագրեր հիշեցնող նշաններ, նա ազատվում է շղթաներից, նրա դրոշմված շուրթերը բացվում են՝ վկայելու Քրիստոսին․․․

Իսկ նենգություն չունեցող այրը Չորացած թզենուց հետո գտավ Նոր թզենի ու օթևանեց նրա տակ։ Տերն Իր հայացքն ուղղեց Նոր թզենուն, և Նոր թզենու ճյուղերը պտղաբերեցին ու կերակրեցին՝ իբրև Նոր Իսրայել, ու կկերակրեն քանի դեռ նենգություն չունեցողներ կհանգրվանեն դրա տակ։

Հեղինակ՝ Շուշան Խաչատրյան

Theme: Overlay by Kaira