Ֆենոմենոլոգիա

Եթե աստվածաբանության հենման կետը աստվածային Հայտնությունն է, ապա ֆենոմենոլոգիայի հենման կետը՝ կրոնը՝ իբրև մարդուն բնորոշ երևույթի, դրա այս կամ այն դրսևորումների ուսումնասիրությունն է: Ֆենոմենոլոգիան ուսումնասիրում է ոչ թե հոգևորը՝ դրա պատմությունն ու տեսությունը, այլ տիրապետելով վերջիններիս՝ հոգևորի դրսևորումները մարդու մեջ, ուսումնասիրում է ոչ միայն սակրալը կամ ծեսը, այլ ծիսականությունն ու սակրալությունը ներսից՝ իբրև մարդու կրոնականությանը բնորոշ երևույթներ՝ հաճախ դրանց հոգեբանական արտահայտումների դիրքից: Այսինքն, ֆենոմենոլոգիան ոչ թե տվյալ երևույթի ծագումը, այլ դրա դրսևորումներն ուսումնասիրող կրոնագիտական ենթաճյուղ է և օժանդակող է ոչ միայն կրոնագիտությանը, այլև քրիստոնեական աստվածաբանությանը։ Այսպես՝ այն կարող է ուսումնասիրել ոչ թե քրիստոնեությունը՝ նրա ծագմամբ ու զարգացմամբ իբրև կրոն, այլ՝ «քրիստոնեությունը քրիստոնյայի մեջ» դիտանկյունից:

«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնը ֆենոմենոլոգիայի շրջանակներում ձգտում է հետաքրքրվողների ու մասնագիտացված շրջանակների ուշադրությունը կենտրոնացնել կրոն երևույթի, մասնավորապես, քրիստոնեության՝ որպես երևույթի, դրա բաղադրիչների և արտահայտչաձևերի վրա՝ դիտարկելով այն ներսից՝ ինչպես այն երևում է կրոնատած մարդու աչքերով՝ նրա կրոնական փորձառությունը դարձնելով ուսումնասիրության առարկա: Այս առումով այն քաջալերում է միջգիտակարգային ուսումնասիրությունները, ինչը թույլ է տալիս «ԹեոԼաբ»-ին հրավիրելու տարբեր ոլորտների մասնագետների՝ հանդես գալու դիտարկումներով, առաջարկելու նոր ու նորարար տեսություններ, հայտնագործումներ, մասնակցելու նորանոր մեկնությունների, արժևորումների ու քննարկումների ստեղծմանը:

Սույն աշխատանքում ես դիտարկում եմ մարդուն իրադարձությունների աշխարհում։ Թատերական ներկայացումները, պերֆորմանսներն, ինստալյացիաներն՝ այս ամենը, վերափոխելով մեզ մասնակցի, ներգրավում են գործողության մեջ, ինչի արդյունքում ստանում ենք որոշակի մարդկային, մշակութային և հոգևոր փորձ։ Ես ընկալում եմ աշխարհիկ աշխարհը (իրադարձությունների աշխարհ) և Պատարագի աշխարհը (Իրադարձության աշխարհ) որպես հարազատ, սակայն բաժանված և առանձնացած եղբայրների։ Կարո՞ղ են վերամիավորվել Հովսեփը և իր եղբայրները մարդկային փորձում՝ մեկ ընդհանուր աշխարհում։ Կարծում եմ՝ հնարավոր է այս երկու աշխարհների միացումը անհատի կյանքում։ Բայց արդյոք հնարավո՞ր է մերձեցում իրադարձությունների և Իրադարձության միջև։ Սա բաց և խնդրահարույց հարց է, թեպետև, մարդկային աշխարհն իր ակունքում չգիտեր մշակույթի և կրոնի բաժանում։

Կարդալ ավելին…

Theme: Overlay by Kaira