25.03.2023
2016 թվականի հունիսի 19-26-ը Կրետեում տեղի ունեցած Ուղղափառ Եկեղեցու Սուրբ և Մեծ Ժողովը (The Holy and Great Council of the Orthodox Church) ընդունեց փաստաթուղթ «Օրթոդոքս Եկեղեցու առաքելությունը այժմյան աշխարհում» (“The Mission of the Orthodox Church in Today’s world”) վերնագրով։
Փաստաթուղթը ստորագրվել է 14 Ավտոկեֆալ Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների կողմից Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի նախագահությամբ։ Փաստաթուղթը բաղկացած է վեց հոդվածից ու վավերացվել է չորս պաշտոնական լեզուներով՝ հունարեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն։
Սույն հոդվածով կքննարկենք Ժողովի որդեգրած մոտեցումը հետևյալ հարցին՝ «Ո՞րն է Եկեղեցու դերը ժամանակակից հասարակության մեջ»՝ ընդգծելով փաստաթղթի համաքրիստոնեական նշանակությունը, ինչպես նաև գնահատելով փաստաթղթի արդիականությունը։
Անհրաժեշտ է նշել, որ փաստաթուղթը բնորոշվում է որպես նախևառաջ Ուղղափառ Եկեղեցուն ծառայող, ուղղափառ աստվածաբանությանը հարազատ և Եկեղեցու առաքելությունն օրթոդոքս իրականության մեջ ներկայացնող գրություն։ Բնականաբար, այն ընկալվում է որպես ոչ էկումենիկ փաստաթուղթ։ Թեև փաստաթուղթը չի խոսում միջեկեղեցական հարաբերությունների մասին, սակայն այն ունի համաքրիստոնեական նշանակություն։
Տեքստային վերլուծության ենթարկելով փաստաթուղթը` հանգում ենք այն եզրակացության, որ Ժողովը վեր է հանում ներկայումս Եկեղեցու առջև ծառացող գլոբալ խնդիրներ և փորձում է գտնել համամարդկային լուծումներ։ Սկսենք փաստաթղթում «եկեղեցի» բառի կիրառությունից։ «Եկեղեցի» եզրը օգտագործվում է իր «տիեզերական եկեղեցի» իմաստով։ Եկեղեցին սահմանվում է որպես Քրիստոսի Մարմին (անգլ. բռց. “The Church as the Body of the incarnate Logos of God”): Ավելին, «Օրթոդոքս Եկեղեցու առաքելությունը այժմյան աշխարհում» փաստաթուղթը ներկայացնում է Եկեղեցին որպես հիմնական օղակ Աստված-մարդ-հասարակություն հարաբերության մեջ։
Ժամանակակից աշխարհում Եկեղեցին Ավետարանի պատգամը պահողն ու փոխանցողն է։ Ակնհայտ է, որ Ժողովը խնդիր ունի լուծումներ գտնելու ժամանակակից հասարակություններում քրիստոնեական արժեհամակարգի պահպանման և Եկեղեցու դերը անհատի կյանքում մնայուն դարձնելու համար։ Հայտնի, է որ սեկուլյարիզմի (հայ.՝ աշխարհիկության) դարաշրջանում եկեղեցու լուսանցքային կարգավիճակը հաղթահարելու խնդիրը քննարկվում է ոչ միայն Արևելյան, այլ նաև Արևմտյան Եկեղեցում։
Ժողովը փորձում է պատասխանել հետևյալ հարցերին «Ինչպե՞ս պետք է Եկեղեցին քարոզի Ավետարանը 21-րդ դարում», «Ո՞րն է Եկեղեցու հիմնական խնդիրը սեկուլյար աշխարհում», «Հնարավո՞ր է արդյոք ներկայումս կամուրջ ստեղծել հոգևոր և աշխարհիկ իրականության միջև»։
Ի պատասխան բոլոր հարցերի՝ Ժողովը որդեգրում է մարդու աստվածացման գաղափարը որպես սկզբունքային կետ և ուղենիշ։ Մարդու՝ որպես աստվածային արարչության պսակի աստվածացումը, պետք է լինի այժմյան հասարակության շարժիչ ուժը։ Հետևաբար փաստաթուղթը բնորոշում է Եկեղեցին որպես հասարակության մեջ կենտրոնական դեր ունեցող իրականությունը։
Ժողովի համաձայն, Եկեղեցին կարող է վերագտնել իր կարևոր դերը հավատացյալների կյանքում շնորհիվ իր ակտիվ հասարակական գործունեության։ Ակնհայտորեն սա կարևոր փորձ է Եկեղեցին եկեղեցու (որպես կառույց) պատերից դուրս բերելու, նրան ժամանակակից կյանքին հաղորդակից դարձնելու և, վերջիվերջո, հոգևոր ասպարեզում նոր մեթոդների կիրառման համար (անգլ․ բռց “the Church cannot remain indifferent to the problems of humanity in each period. On the contrary, she shares in our anguish and existential problems” (Intro.)):
Պարզ է դառնում, որ Ժողովը որդեգրում է ոչ թե մարդուն Եկեղեցի բերելու, այլ Եկեղեցին մարդուն ու հասարակությանը մոտեցնելու նոր, ոչ ավանդական գործելաոճ։ Այսուհանդերձ, անհրաժեշտ է նշել, որ թեև Ժողովը քննարկում է Եկեղեցու դերակատարության հարցը սեկուլյար աշխարհում, և, ինչպես վերը նշվեց, որդեգրում այլընտրանքային (կարող ենք ասել նաև ժամակակակից հասարակությանը հարմարվող) մոտեցում, սակայն այն հեռու է «սեկուլյար եկեղեցի» ստեղծելու գաղափարից (անգլ․ բռց․ “the Church of Christ exists in the world, but is not of the world”(Intro.))։
Ժողովը քննարկում է նաև գլոբալացման (հայ.՝ համաշխարհայնացման) բացասական ազդեցությունը մարդու հոգևոր կյանքի, Եկեղեցի-հասարակություն և Աստված-մարդ հարաբերության վրա։ Փաստաթղթի hամաձայն, այն ազգային ինքնությանը սպառնացող, ավանդական ընտանիքի մոդելը, մարդկային ազատությունը և քրիստոնեական արժեհամակարգը խաթարող հանգամանք է։ Ակնհայտորեն, փաստաթուղթը փորձում է պահել ազգային եկեղեցու գաղափարը, որն Արևելյան եկեղեցիներին բնորոշ հատկություն է։*
Փաստաթուղթն անդրադառնում է ժամանակակից գիտական նվաճումներին ևս՝ որպես դրական երևույթ հասարակության կյանքում։ Սակայն քննադատության է ենթարկում ցանկացած գիտական փորձ, որը կարող է վնասել մարդու աստվածային պատկերը, Աստված-մարդ հարաբերությունը, քրիստոնեական արժեհամակարգը (§11,12)։
Ամփոփելով կարող ենք ասել, որ փաստաթուղթն արդիական խնդիրներ շոշափող և հնարավոր լուծումներ առաջադրող գրություն է։ Ժողովը հաջող կերպով հավասարակշռություն է պահպանում Եկեղեցու ուղղափառ ավանդների և ժամանակակից հասարակական մտածողության միջև, փորձում է նորոգել եկեղեցու դերը Աստված-մարդ-հասարակություն հարաբերության մեջ։
* Անհրաժեշտ է նշել, որ ուղղափառ քրիստոնյաների կյանքում «ազգային եկեղեցու» գաղափարի աստիճանական անկումը ոչ միայն գլոբալիզացիայի, այլ նաև դեպի Արևմուտք միգրացիայի հետևանք է։ Որպես միգրացիայի արդյունք, սերնդեսերունդ քրիստոնյաները կորցնում են իրենց կապը ազգային եկեղեցու հետ։
Հեղինակ՝ Արփի Ալեքսանյան