Աստվածաբանե՞լ, թե՞ աստվածաբանական ուսումնասիրություն անել
Այսօր ակադեմիական աստվածաբանության հետ կապված հայաստանյան գիտական հանրությանը հուզող հարցերից է աստվածաբանի և աստվածաբանության ուսումնասիրողի տարբերակման հարցը, քանի որ դրանք իրար շատ մոտ, բայցևայնպես, տարբեր բաներ են։ Ըստ իս, կարևոր է ոչ թե աստվածաբանի և աստվածաբանության ուսումնասիրողի միջև տարբերությունը գտնելն ու մատնանշելը (ինչը որոշ դեպքերում բարդ է անել), այլ աստվածաբանելու և աստվածաբանական հետազոտություն կատարելու միջև եղած տարբերությունը բացատրելը։
Աստվածաբանել նշանակում է բացատրել քրիստոնեական հավատքը՝ այն է խոսել Աստծո և նրա գործերի մասին և բացատրել Աստծո խոսքն Իր մասին՝ հենվելով Սուրբ Գրքի, ապա նաև Ավանդության (Եկեղեցու հայրերի գործերի) վրա։ Աստվածաբանական հետազոտություն կատարել նշանակում է ուսումնասիրել եղած բացատրությունները՝ կիրառելով պատմական, համեմատական, քննական, ամբողջական (հոլիստիկ) և այլ մեթոդներ կամ կիրառելով այս կամ այն պատմագիտական հարացույցը, և վերլուծության միջոցով գալ որոշակի եզրակացության այն մասին, թե ի՞նչ եղանակով, ի՞նչ գրական և փիլիսոփայական ազդեցություններով, ի՞նչ լսարանի, ի՞նչ պատմադավանական համատեքստում է բացատրվել քրիստոնեական հավատքը այս կամ այն աստվածաբանի, Եկեղեցու հոր կամ ուսուցչի կողմից, ինչո՞ւ է հենց այդպես բացատրվել, և ոչ թե այլ կերպ, ի՞նչ նպատակ է հետապնդել, և այլն։
Օրինակներն անհամար են, բայց կբերենք մի քանիսը՝ ընթերցողին չձանձրացնելու, միաժամանակ նրա հետաքրքրությունը շարժելու և երևակայությունը սնելու համար։
Այսպես, վաղ Եկեղեցու թերևս ամենից հայտնի հայրերից Գրիգոր Նազիանզացին IV դարում Կլեդոնիոս քահանային ուղղած իր նամակում ընդդեմ Ապոլինարի մտորում է Քրիստոսի բնության մասին՝ հենվելով բացառապես Սուրբ Գրքի տեքստի վրա։ Նազիանզացին խոսում է Քրիստոսի կատարյալ աստվածային և մարդկային բնությունների միության ձևի մասին՝ կոչելով դրանք «այլ և այլ» մեկ Քրիստոսի մեջ։ Ստացվում է, որ Նազիանզացին բացատրում է Աստծո Որդու մասին հայտնված ճշմարտությունը, այն է՝ քրիստոնեական հավատքի կարևոր մի սկզբունքը՝ զուգահեռաբար տալով որոշակի սահմանում, ստեղծելով նաև աստվածաբանական տերմին, այսինքն՝ աստվածաբանում է1։
Աստվածաբանություն ուսումնասիրողը կամ հետազոտողն իր հերթին կարող է ուսումնասիրել Նազիանզացու նամակի գրության ժամանակը, հանգամանքները, լեզուն, ոճը, սուրբգրային համարները, որոնց վրա Նազիանզացին խարսխում է իր բացատրությունը, կարող է ուսումնասիրել պատմական, փիլիսոփայական կոնտեքստը, այլ լեզուներով թարգմանությունն ու ադապտացիան, թարգմանական եղանակը, կարող է փնտրել և գտնել նոր աղբյուրներ, որոնք նոր տվյալներ կտան Նազիանզացու տվյալ գործի կամ դրա գրության հանգամանքների մասին, կարող է հակիրճ վերաշարադրել նամակի բովանդակությունը և այլն։ Առավել ժամանակակից աստվածաբան- հետազոտողներ էլ կարող են է՛լ ավելի առաջ գնալ և փորձել կամրջել Նազիանզացու աստվածաբանությունը ժամանակակից նյարդաբանության հետ2։
Մի բան հստակ է. աստվածաբանություն ուսումնասիրողն արդյունքում մեծ հաշվով փորձում է բացատրել Գրիգոր Նազիանզացու բացատրությունը Քրիստոսի բնության մասին՝ այս կամ այն տեսանկյունից, այս կամ այն փաստի, փաստաթղթի լույսի ներքո, այս կամ այն նպատակով։
Բերենք մի ուրիշ օրինակ քրիստոնեական հակաճառաբանության տիրույթից։ 1690-ականներին հայ առաքելականների և կաթոլիկների միջև օրթոպրաքսիայի (պաշտամունքային ճիշտ ձևի) տեսանկյունից ընդգծված խնդիր է դառնում Հայ եկեղեցում Նիկիական հավատո հանգանակի վերջում ընթերցվող նզովքը, որի վերջում 17-18-րդ դարերում ավելացվում է Լևոն I պապի անունը 3։ Կաթոլիկ եկեղեցին թույլ էր տալիս հայ կաթոլիկներին մասնակցել Հայ եկեղեցու Պատարագին և ծեսերին, բայց չարտաբերել «հերետիկոսական» նզովքը։ Երկու կողմի աստվածաբաններն էլ, հենվելով Եկեղեցու նախորդ աստվածաբանների կարծիքների և եկեղեցական ժողովների պատմության վրա, սկսում են բացատրել նզովքն ասելու կամ չասելու իրենց դիրքորոշման իրավացիությունը։ Օրինակի համար, հայ առաքելականները ցույց են տալիս, թե նզովքը ուղղված է ոչ միայն չորրորդ դարի հերետիկոսների դեմ, այլ ընդհանրապես բոլոր դարերում հակաերրորդաբանական և Քրիստոսի մարդեղության ոչ ուղղադավան մեկնության դեմ, և որ Հայ եկեղեցին ավանդաբար ասել է այն, քանի որ Նիկիական նզովքը ընդունվել է դեռ 325 թ.-ին Նիկիայի տիեզերաժողովում։ Կաթոլիկներն իրենց հերթին փորձում են ցույց տալ, որ սույն նզովքը հանվել է կիրառությունից արդեն 381 թ.-ին՝ Կոստանդնուպոլսի տիեզերաժողովի ժամանակ, և այլն։ Այսինքն՝ աստվածաբանում են։
Աստվածաբանություն ուսումնասիրողն այս պարագայում կուսումնասիրի, օրինակ, ժամանակաշրջանի պատմա-դավանական դինամիկան և քաղաքական անցուդարձը՝ նզովքի շուրջ ստեղծված վեճի պատճառները հասկանալու համար, կամ կպրպտի Հռոմի կուրիայի Հավատաքննության (Sanctum Officium) նամակագրությունը հարցի վերաբերյալ, կուսումնասիրի հայ ծպտյալ կաթոլիկների՝ առաքելադավանների հետ Հայ եկեղեցու Պատարագին մասնակցելու (communicatio in sacris) հանգամանքները, կամ կհամեմատի մի քանի աստվածաբանների բացատրությունները նույն հարցի վերաբերյալ՝ հասկանալու համար ընդհանուր միտումը յուրաքանչյուր կողմի շրջանում, կփորձի պարզել, թե Տրիդենտի ժողովից հետո Կաթոլիկ եկեղեցու վարած կրոնական քաղաքականությունն ազդեցություն ունեցե՞լ է այս խնդրի վրա, և այլն։ Այսինքն՝ կկատարի համալիր հետազոտություն։
(շարունակելի)
© Ա.Մ.Օ.
- Տե՛ս, On God and Christ: The Five Theological Orations and Two Letters to Cledonius (Popular Patristics Series), (New York: St Vladimir’s Seminary Press, 2011).
- Mark Harris, “When Jesus Lost his Soul: Fourth-century Christology and Modern Neuroscience,” Scottish Journal of Theology, 70:1 (2017), 74-92.
- Anna Ohanjanyan, “Creedal Controversies among Armenians in the Seventeenth-Century Ottoman Empire: Eremia Čʻēlēpi Kʻēōmiwrčean’s Polemical Writing against Sukʻias Prusacʻi”, JSAS 27:1 (2021), 7-69, https://brill.com/view/journals/jsas/27/1/article-p7_4.xml