ԷԿՈՒՄԵՆԻԿ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ (1960-1980 ԹԹ.)

Մասն Բ․

27.12.2022 թ.

Նախորդիվ ներկայացրել էինք Էկումենիկ շարժման սկզբնավորման և մինչև XX  դարի կեսերը տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների, հանդիպումների տարեթվերը՝ ընդհանուր պատկերացում ձևավորելու համար քրիստոնեության տարբեր ուղղությունների՝ այդ շարժման հանդեպ դիրքորոշման և մասնակցության մասին:
ԽՍՀՄ տարածքում գործող օրթոդոքս (ուղղափառ) եկեղեցիների հետ կապված՝ հատկանշական է 1948 թ. Մոսկվայում գումարված  8 եկեղեցիների պետերի ժողովը՝ Մոսկվայի և համայն Ռուսիո Ալեքսիյ I (Սիմանսկի) պատրիարքի գլխավորությամբ, որն, ըստ էության, բացասական վերաբերմունք արտահայտեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ)՝ որպես կառույցի հանդեպ (որը հենց նույն թվականին էր հիմնվել): Այս ժողովին մասնակցեց նաև Ամենայն Հայոց Գևորգ Զ. Չորեքչյան կաթողիկոսը (1868-1945-1954), և Հայ եկեղեցին Վեհափառ հայրապետի ստորագրությամբ միացավ այդ որոշմանը:
Միևնույն ժամանակ էկումենիկ շարժման սկզբնավորումից ի վեր Հայ եկեղեցին պատվիրակներ է ուղարկել տարբեր կոնֆերանսների, համագումարների և որոշակի մասնակցություն ունեցել այդ գործընթացներում: ԽՍՀՄ տարածքից դուրս ևս՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության արտասահմանյան թեմերը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տարբեր ձևաչափերով մասնակցել են էկումենիկ շարժմանը: ԽՍՀՄ ղեկավարության կողմից վերաբերմունքի որոշակի փոփոխություն է նկատվում 1950-ական թվականների վերջերին, երբ 1959 թ. ԵՀԽ գլխավոր քարտուղար Վիսերտ Հուֆտի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանում է ԽՍՀՄ՝ Մոսկվա, ապա նաև Ս. Էջմիածին: Դրանից հետո փոփոխվում է նաև օրթոդոքս եկեղեցիների դիրքորոշումը ԵՀԽ նկատմամբ:
Էկումենիկ շարժման և մասնավորապես ԵՀԽ-ի հանդեպ դիրքորոշման նույնպիսի դրական փոփոխություններ են նկատվում նաև Կաթոլիկ եկեղեցում, հատկապես՝ Վատիկանի II ժողովից (1962-1965 թթ.) հետո, ինչը շարունակվում է հետագա տասնամյակներում ևս:
Ստորև ներկայացնում ենք XX դարի 60-ական թվականներից մինչև 1980-ականներն էկումենիկ շարժման և ավելի լայն իմաստով՝ քրիստոնեության տարբեր ճյուղերի միջեկեղեցական, ինչպես նաև տարբեր կրոնների փոխհարաբերությունների շրջանակում տեղի ունեցած կարևոր հանդիպումները, իրադարձությունները: Ինչպես Ա. մասում, այստեղ ևս ներառվել և հատկապես շեշտադրվել են Հայ Առաքելական եկեղեցու՝ էկումենիկ շարժմանը մասնակցության հետ կապված իրադարձությունները:

1. 1960
• Հունիսի 5-ին Հռոմի Հովհաննես XXIII պապը հիմնում է Քրիստոնեական միասնության ուղղությամբ համագործակցության քարտուղարությունը (հետագայում՝ Խորհուրդ)՝ կարդինալ Օգոստինոս Բեայի (1881-1968) գլխավորությամբ:
• Նոյեմբերին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական գրասենյակում (Ժնև) ԵՀԽ գլխավոր քարտուղար Վիսերտ Հուֆտը (1948-1966) հանդիպում է Ռուս ուղղափառ եկեղեցու Նիկոդիմ մետրոպոլիտի (Ռոտով, 1929-1978) հետ՝ նախապատրաստելու համար Ռուս ուղղափառ եկեղեցու անդամակցումը ԵՀԽ-ին:

2. 1961
• Հուլիսի 18-ին Ռուս ուղղափառ եկեղեցու արտահերթ եպիսկոպոսաց ժողովում մետրոպոլիտ Նիկոդիմը (Ռոտով) ներկայացնում է զեկույց՝ ԵՀԽ-ին անդամակցելու անհրաժեշտության և արդիականության մասին:
• Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 5-ը Նյու Դելիում գումարվում է ԵՀԽ III համաժողովը՝ 197 անդամ-եկեղեցիների մասնակցությամբ: Ռուս եկեղեցին ընդունվում է իբրև ԵՀԽ անդամ, իսկ Նիկոդիմ մետրոպոլիտն ընտրվում է Կենտրոնական կոմիտեի անդամ: Որպես դիտորդ՝ ժողովին մասնակցում է նաև Գարեգին վրդ. Սարգիսյանը (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն):
• Դեկտեմբերի 25-ին Հռոմի Հովհաննես XXIII պապը հայտարարում է Վատիկանի II ժողովի հրավիրման մասին:
• Մալուայում (Արևմտյան Սամոա) հիմնվում է Օվկիանիայի Եկեղեցիների Կոնֆերանսը:

3. 1962
• Ապրիլի 26-ին Ամենայն Հայոց Վազգեն Ա. կաթողիկոսը դիմում է ԵՀԽ-ին՝ Հայ Առաքելական եկեղեցու անդամակցության հարցով:
• Օգոստոսի 7-17-ը ԵՀԽ Կենտրոնական վարչության՝ Փարիզի նստաշրջանում (օգոստոսի 11-ին) Հայ Առաքելական եկեղեցին ընդունվում է իբրև ԵՀԽ անդամ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա. Պալճյանի՝ ն. թ. ապրիլի 26-ի դիմումի համաձայն:
• Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ևս՝ առանձին անդամակցում է ԵՀԽ-ին. պատգամավորության ղեկավարն էր Գարեգին վրդ. Սարգիսյանը:
• Հոկտեմբերի 10-ին Ռուս ուղղափառ եկեղեցու սուրբ սինոդն ընդունում է Կաթոլիկ եկեղեցու հրավերը՝ դիտորդներ ուղարկելու Վատիկանի II ժողովին:
Հոկտեմբերի 11-ին սկսվում է Վատիկանի II ժողովը: Քրիստոնեական միասնության ուղղությամբ համագործակցության խորհրդի հրավերով որպես դիտորդ հրավիրել էին հ. Ալ. Շմեմանը, հ. Ն. Աֆանասևը և այլք:

4. 1963
• Հունիսի 3-ին վախճանվում է Հովհաննես XXIII պապը: Հունիսի 21-ին նոր պապ է ընտրվում Պողոս VI-ը (կարդինալ Մոնտինի):
• Հուլիսի 12-26-ը Մոնրեալում (Կանադա) գումարվում է «Հավատք և կարգ» հանձնախմբի IV համաշխարհային կոնֆերանսը:

5. 1964
Հունվարի 6-ին Երուսաղեմում շուրջ հազարամյա դադարից հետո հանդիպում են Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Աթենագորաս I-ը և Հռոմի պապ Պողոս VI-ը:
• Նոյեմբերի 4-ին Վիեննայի կաթոլիկ արքեպիսկոպոս, կարդինալ Ֆրանց Քյոնիգի նախաձեռնությամբ հիմնվում է “Pro-Oriente” եկեղեցական հիմնադրամը (կենտրոնական գրասենյակը՝ Վիեննա):
• Դանիայի Օրհուս քաղաքում Օրթոդոքս և Արևելյան ուղղափառ (ոչ քաղկեդոնական) եկեղեցիների միջև սկսվում են ոչ պաշտոնական խորհրդակցությունները:
• Նոյեմբերի 21-ին Պողոս VI-ի կողմից հաստատվում է էկումենիզմին վերաբերող “Unitatis redintegratio” (թրգմ.՝ «Միության վերանորոգում») դեկրետը՝ ժողովականների (Վատիկանի ժողովի) կողմից հաստատվելուց հետո (կողմ՝ 2137 մասնակից, դեմ՝ 11):

6. 1965
• Հունվարին Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեի հրավերով գումարվում է Արևելյան ուղղափառ (ոչ քաղկեդոնական) եկեղեցիների (Հայ Առաքելական, Եթովպիայի Թևահեդո, Ղպտի, Ասորի Հակոբիկյան, Հնդիկ Մալաբար կամ Մալանկարա) գահակալների համաժողովը: Համարվում է, որ 431 թվականի Եփեսոսի ժողովից հետո այն առաջին նման հանդիպումն էր: Ժողովին մասնակցում է Ամենայն Հայոց Վազգեն Ա. կաթողիկոսը:
• Հոկտեմբերի 28-ին Պողոս VI պապը հաստատում է մինչ այդ Վատիկանի ժողովում քննարկված և ընդունված ոչ քրիստոնեական կրոնների հետ Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունների մասին “Nostra Aetate” (թրգմ.՝ «Մեր ժամանակներում») դեկրետը:
• Դեկտեմբերի 7-ին Կոստանդնուպոլսի Աթենագորաս I պատրիարքը և Հռոմի Պողոս VI պապը հայտարարում են 1054 թ. փոխադարձ նզովքների չեղարկման մասին:
Դեկտեմբերի 8-ին ավարտվում են Վատիկանի II ժողովի աշխատանքները:
• Սերբ ուղղափառ եկեղեցին ընդունվում է ԵՀԽ կազմ:

7. 1966
• ԵՀԽ հովանու ներքո Ժնևում գումարվում է «Եկեղեցին և հասարակությունը» խորագրով համաշխարհային կոնֆերանսը:
• Շամեբեզիում (Շվեյցարիա) հիմնվում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության Օրթոդոքս կենտրոնը:
• Հիմնվում է Եկեղեցիների Խաղաղօվկիանոսյան Կոնֆերանսը:

8. 1967
• Մայիսին Վատիկանում հանդիպում են Հռոմի Պողոս Զ. պապը և Մեծի Տանն Կիլիկիո Խորեն Ա. Բարոյան կաթողիկոսը:
• Հուլիսի 11-ին Ամենայն Հայոց Վազգեն Ա. կաթողիկոսն այցելում է Ժնև՝ ԵՀԽ կենտրոնական գրասենյակ:
• ԵՀԽ գլխավոր քարտուղար դոկտ. Է. Կ. Բլեյքն (1966-1972) այցելում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
• Բրիստոլում (Անգլիա) շարունակվում են Օրթոդոքս և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև ոչ պաշտոնական խորհրդակցությունները:

9. 1968
• Հուլիսի 4-20-ը Ուփսալայում (Շվեդիա) գումարվում է ԵՀԽ 4-րդ համագումարը՝ 235 անդամ-եկեղեցիների մասնակցությամբ: Մասնակիցների թվում էին Ռուս եկեղեցու մետրոպոլիտներ Նիկոդիմը (Ռոտով) Անտոնին (Սուրոժսկի), ինչպես նաև Կոստանդնուպոլսի ապագա (ներկայիս) Բարդուղիմեոս պատրիարքը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից Գարեգին եպս. Սարգիսյանն ընտրվում է ԵՀԽ կենտրոնական և գործադիր կոմիտեների անդամ։
• Կաթոլիկ եկեղեցին անդամակցում է «Հավատ և կարգ» հանձնախմբին։

10. 1969
• Օգոստոսի 13-22-ը Քենթրբերիում իր տարեկան նստաշրջանն է անցկացնում ԵՀԽ Կենտրոնական կոմիտեն՝ մասնակցությամբ կոմիտեի 120 անդամների, ինչպես նաև տարբեր կառույցների ներկայացուցիչների, դիտորդների. ընդհանուր թվով՝ շուրջ 250 հոգի: Մայր Աթոռից մասնակցում են Ներսես ծ. վրդ. Պոզապալյանը՝ որպես կոմիտեի անդամ, և Պարգև Շահբազյանը՝ որպես դիտորդ:
• Հունիսի 21-26-ը Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսը Բեռլինում մասնակցում է Խաղաղության համաշխարհային համագումարին. համագումարին մասնակցող 102 երկրներից եկած հոգևորականների հանձնաժողովում Հայոց Հայրապետը հանդես է գալիս խոսքով՝ ի պաշտպանություն աշխարհի խաղաղության դատին, ինչպես նաև ոգեկոչելով հիշատակը 2 միլիոն հայ քրիստոնյաների, որոնք Արևմտյան Հայաստանում 1915 թ. զոհը եղան ցեղասպանության:
• Հուլիսի 1-4-ը Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսը Մոսկվայի և Համայն Ռուսիո Ալեքսիյ Ա. պատրիարքի հրավերով Զագորսկում մասնակցում է քրիստոնեական եկեղեցիների և մահմեդականների, հրեական ու բուդդայական կրոնական կազմակերպությունների համագումարին:
• Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվում է եպիսկոպոսաց ժողով, որի VI նիստն ամբողջությամբ նվիրված էր Միջեկեղեցական հարաբերություններին: Թորգոմ արքեպ. (հետագայում Երուսաղեմի հայոց պատրիարք) Մանուկյանը զեկուցում է «Հայաստանյայց Եկեղեցին և էկումենիզմը» թեմայով, իսկ Հայկազուն արքեպս. Աբրահամյանը` «Հայաստանյայց Եկեղեցին և աշխարհի խաղաղության ամրապնդումը» թեմայով:

11. 1970
• Մայիսի 8-12-ը Վազգեն վեհափառն այցելում է Վատիկան՝ Հռոմի Պողոս Զ. քահանայապետին: Մայիսի 12-ին հրապարակվում է Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի Պողոս Զ. պապի համատեղ հայտարարությունը, որով նրանք հրավեր էին ուղղում բոլոր քրիստոնյաներին և հատկապես երկու եկեղեցիների զավակներին՝ «առավել հավատարմությամբ պատասխանելու Սուրբ Հոգու կոչին, որը մղում է նրանց դեպի առավել խոր միություն, մեր բոլորի Փրկչի կամքի համաձայն, և որը առավել բեղմնավոր կդարձնի քրիստոնյաների ծառայությունը աշխարհին»: Գահակալները կոչ են ուղղում նաև բոլոր նրանց, ովքեր ազդեցություն ունեն ազգերի և ժողովուրդների կյանքի վրա՝ ջանալու վերջ տալ պատերազմներին, ատելությանը, ֆիզիկական և բարոյական բռնությանը և այլն:  
• Օգոստոսի 16-21-ը Ժնևի Սենագլ կրոնական կենտրոնում տեղի է ունենում Օրթոդոքս և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև երրորդ խորհրդակցությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ներկայացնում էին Մ. ծ. վրդ. Գրիգորյանը և Ն. ծ. վրդ. Պոզապալյանը:  

12. 1971
• Ադիս-Աբեբայում (Եթովպիա) շարունակվում են Օրթոդոքս և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև ոչ պաշտոնական խորհրդակցությունները:
• “Pro-Oriente” եկեղեցական հիմնադրամի ջանքերով Վիեննայում սկսվում են Կաթոլիկ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև ոչ պաշտոնական խորհրդակցությունները:

13. 1972
• Փետրվարի 1-4-ը ԵՀԽ գլխավոր քարտուղար դոկտ. Էժեն Կարսոն Բլեյքն այցելում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին. սա նրա երկրորդ այցելությունն էր Մայր Աթոռ: Փետրվարի 2-ին Մայր տաճարում, մասնակցությամբ Մայր Աթոռի ողջ միաբանության և ճեմարանի ուսանողության, երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում համատեղ էկումենիկ աղոթք, ինչպես նաև հոգևոր համերգ:
• Հունիսի 16-20-ը Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հյուրընկալվում է Հռոմեակաթոլիկ եկեղեցու պատվիրակությունը՝ Վատիկանում Քրիստոնյաների միության քարտուղարության նախագահ կարդինալ Ժան Վիլլբրանդսի գլխավորությամբ:  

14. 1973
• Շարունակվում են Կաթոլիկ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև ոչ պաշտոնական խորհրդակցությունները:
• Ջամայկայում հիմնվում է Կարիբյան Եկեղեցիների Կոնֆերանսը:

15. 1974
• Մայիսի 10-15-ը Մայր Աթոռ Ս. Էջմածնին պաշտոնական այց է ունենում Բուլղարական ուղղափառ եկեղեցու Մաքսիմ Պատրիարքը: Մայիսի 14-ին Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսը և Բուլղարական ուղղափառ եկեղեցու Մաքսիմի պատրիարքն ընդունում են հայտարարություն, որով պատրաստակամություն էին հայտնում շարունակել «միմյանց ճանաչել էկումենիկ ոգով , որոնել այն ուղիները, որոնք ծառայում են խաղաղության և փոխադարձ համագործակցությանը և վկայեն աշխարհի առջև իրենց սերը և հավատքը ի Քրիստոս Հիսուս»:  
• Հունիսի 4-8-ը Բուխարեստի Չեռնիկա վանքում ԵՀԽ «Համաշխարհային առաքելություն և ավետարանչություն» հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունենում օրթոդոքս եկեղեցիների խորհրդակցություն՝ նպատակ ունենալով պատրաստել հուշագիր «Խոստովանել Քրիստոսին այսօր» թեմայով՝ ներկայացնելու ԵՀԽ սպասվող համաժողովին (նախատեսված էր 1975-ին, Ջակարտայում):
• Հուլիսի 23-26-ը Զագորսկի Սուրբ Սերգեյի վանքում տեղի է ունենում սոցիալիստական երկրների եկեղեցիների և կրոնական համայնքների ներկայացուցիչների միջև խորհրդակցական հանդիպում՝ նվիրված էկումենիզմի և խաղաղարարական գործունեության հարցերին: Մայր Աթոռի կողմից մասնակցում էին Պ. եպս. Գևորգյանը, Ա. եպս. Բերբերյանը, Պ. Շահբազյանը:
• Սեպտեմբերի 16-19-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պիմեն պատրիարքն այցելում է ժնև՝ ԵՀԽ կենտրոնակայան:
• Հոկտեմբերի 3-ին Դալայ Լաման այցելում է ԵՀԽ՝ Ժնևի կենտրոնակայան:
• Նոյեմբերի 19-26-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Ս. Էջմիածին է ժամանում Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի հունաց պապ և պատրիարք Նիկոլաոս Զ.-ն: Նոյեմբերի 25-ին Վազգեն Ա.-ի և Նիկոլաոս Զ.-ի համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Երկու Հայրապետները քաջալերում են հետզհետե առավել մերձեցումը և աստվածաբանական դիալոգը օրթոդոքս եկեղեցիների և արևելյան հին եկեղեցիների միջև՝ առավել ամրապնդելու համար երկու եկեղեցիների միջև քրիստոնեական եղբայրության և միության ոգին»:  
• Կիպրոսում հիմնվում է Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Կոնֆերանսը:

16. 1975
• Փետրվարի 24-28-ը Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվում է Խաղաղության համաքրիստոնեական կոնֆերանսի միջազգային քարտուղարության 1975 թ. առաջին նստաշրջանը:
• Մարտի 7-14-ը Կրետեում գումարվում է օրթոդոքս եկեղեցիների աստվածաբանների խորհրդակցական ժողով՝ պարզաբանելու համար ԵՀԽ Նայրոբիում կայանալիք 5-րդ համագումարում քննվելիք մի շարք հարցեր:
• Հունիսի 5-20-ը Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելում է Լոնդոն և Փարիզ: Հունիսի 11-ին Հայոց Հայրապետն այցելում է Լամբերթ պալատ՝ Քենթրբերի արքեպիսկոպոս դոկտ. Ֆրեդերիկ Դոնալդ Կոգանին, կրկին շնորհավորում վերջինիս Քենթրբերիի արքեպիսկոպոս ընտրվելու առիթով: Լամբերթ պալատի եկեղեցում տեղի է ունենում էկումենիկ արարողություն:
• Հունիսի 11-15-ը Զագորսկի աստվածաբանական ճեմարանում գումարվում է ԵՀԽ «Եկեղեցիների մասնակցությունը մարդկության զարգացման գործին» հանձնախմբի հերթական՝ 6-րդ ժողովը: Մայր Աթոռից մասնակցում էր Գրիգորիս վրդ. Բունիաթյանը:
• Հուլիսի 23-ին Ակրակում (Գանա) գումարվում է ԵՀԽ «Հավատք և կարգ» հանձնախմբի հերթական նստաշրջանը՝ շուրջ 130 անդամների և 50 խորհրդականների մասնակցությամբ:  
• Սեպտեմբերի 16-21-ը ԵՀԽ «Համաշխարհային առաքելություն և ավետարանչություն» հանձնաժողովի նախաձեռնությամբ և Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվում է Համաօրթոդոքս խորհրդակցություն, որին մասնակցում էին Օրթոդոքս և Արևելյան ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև ԵՀԽ Ժնևի կենտրոնի ղեկավար կազմի 33 ներկայացուցիչներ:
• Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 10-ը Նայրոբիում (Քենիա) գումարվում է ԵՀԽ VI համաժողովը՝ 285 անդամ-եկեղեցիների մասնակցությամբ: Գարեգին արք. Սարգիսյանն (հետագայում՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոս) ընտրվում է փոխատենապետ (մինչև 1983 թ.)։

17. 1976
• Հոկտեմբերի 11-15-ին սկսվում են Կաթոլիկ և Օրթոդոքս եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության հանձնախմբի աշխատանքները:
• Շարունակվում են Կաթոլիկ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև ոչ պաշտոնական խորհրդակցությունները:

18. 1977
• Մարտին տեղի է ունենում հուդայականության և քրիստոնեության միջև երկխոսության նստաշրջան Լյուցերնում (Շվեյցարիա):
• Հունիսի 20-25-ին սկսվում է Կաթոլիկ և Օրթոդոքս եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության հանձնաժողովի՝ օրթոդոքս կողմի նստաշրջանը Շամբեզիում (Շվեյցարիա), որը նախագահում էր Կարթագենի Պարթենոս եպիսկոպոսը:
• Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Քենթրբերիի արքեպիսկոպոսն առաջին անգամ հյուրընկալվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Հոկտեմբերի 3-ին հրապարակվել է Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի և Քենթրբերիի արքեպիսկոպոս և համայն Անգլիայի առաջնորդ մետրոպոլիտ դոկտոր Ֆրեդերիկ Դոնալդ Կոգանի համատեղ հաղորդագրությունը, որում մասնավորապես նշվում է.  «Երկու եկեղեցիների միջև հարաբերությունները կարող են զարգանալ նաև նրանց ներկայացուցիչների պարբերական հանդիպումներով՝ աստվածաբանական դիալոգների համար: Գործակցությունն ավելի լայն ձևով կարող է զարգանալ նույնպես Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի էկումենիկ մարմիններից ներս, որոնց գործուն անդամներն են երկու եկեղեցիները»: Քենթրբերիի արքեպիսկոպոսը նաև Վազգեն վեհափառին հրավիրում է հաջորդ տարի կայանալիք Անգլիկան եկեղեցու Լամբերթի ժողովին:
Հայ Առաքելական եկեղեցին (Ամենայն Հայոց կաթողիկոսություն) անդամակցում է Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսին:

19. 1978
• Մարտի 29-ից ապրիլի 1-ը տեղի է ունենում Կաթոլիկ և Օրթոդոքս եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության հանձնախմբի նախապատրաստական նիստը: Համանախագահում էին Կարթագենի Պարթենոս եպիսկոպոսը և Ռամոն եպս. Տորելլան:
• Մայիսի 19-22-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում է գտնվում Եթովպիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Աբբա Թեքլե Հայմանոթը. սա Եթովպական եկեղեցու պատրիարքի առաջին այցելությունն էր Էջմիածին: Մայիսի 22-ին հրապարակվում է Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի և Եթովպական ուղղափառ եկեղեցու պատրիարք Աբբա Թեքլե Հայմանոթի համատեղ հաղորդագրությունը, որում ասվում էր  «Խորհրդակցության ընթացքում ցանկություն հայտնվեց, որ երկու եկեղեցիների միջև հետզհետե զարգանան գործակցության կապերը՝ փոխայցելություններով և դասախոսների ու ուսանողների փոխանակումներով: Երկու Հայրապետները իրենց իղձը հայտնեցին մոտ ապագայում հարաբերության մեջ մտնել արևելյան ուղղափառ դավանակից մյուս երեք եկեղեցիների՝ ղպտական, ասորական և մալաբար եկեղեցիների Պետերի հետ՝ կազմակերպելու համար նոր հանդիպում վերոհիշյալ քույր եկեղեցիների Հայրապետների հետ»:
• Շարունակվում են Կաթոլիկ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև ոչ պաշտոնական խորհրդակցությունները:
• Պանամայում հիմնվում է Եկեղեցիների Լատինամերիկյան Խորհուրդը:

20. 1979
• Սեպտեմբերի 24-ին հույն օրթոդոքս եկեղեցու Շամբեզի կենտրոնի հրավերով մի խումբ օրթոդոքս աստվածաբաններ Արևմտյան Գերմանիայից մեկնում են Ժնև՝ ծանոթանալու ԵՀԽ աշխատանքներին: Նրանց թվում էր Արևմտյան Գերմանիայի հայոց հոգևոր հովիվ Հակոբ աբղ. Գըլընճյանը:
• Հոկտեմբերի 16-ին Բեռլինի էկումենիկ խորհրդի և ավետարանական համայնքի հրավերով Արևմտյան Բեռլին է այցելում Սովետական Միությունից եկեղեցական պատվիրակություն՝ Օդեսայի և Խերսոնի մետրոպոլիտ Սերգեյ արքեպ.-ի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հակոբ աբղ. Գըլընճյանը:
• Հոկտեմբերի 29-31-ը գումարվում է հուդայականության և քրիստոնեության միջև երկխոսության նստաշրջան Բուխարեստում (Ռումինիա), որի մասնակիցների թվում էր Ռումինական ուղղափառ եկեղեցու պատրիարք Հուստինիանոսը (կամ Ժուստինիան, 1901-1948-1977):

Բնականաբար, վերը ներկայացված են ոչ բոլոր տարեթվերը, և ցանկն ընթացքում կհամալրվի:

(շարունակելի)
Կազմող՝ Գառնիկ Հարությունյան

Theme: Overlay by Kaira