ԹեոԼաբ

Եզրաբանական դիտարկումներ

«ՍԵԿՈՒԼՅԱՐԻԶԱՑԻԱ», «ՍԵԿՈՒԼՅԱՐԻԶՄ». ԵԶՐԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Սեկուլյարիզացիա» և «սեկուլյարիզմ» եզրերը մինչ օրս էլ հայալեզու գրականության մեջ հաճախ թարգմանված չեն կիրառվում, իսկ թարգմանվելու դեպքում տարբեր կերպ են հանդես գալիս. այստեղ գործ ունենք, իհարկե, նաև արևելահայերեն ու արևմտահայերեն ավանդույթների տարբերությունների հետ: Հետաքրքրական է սակայն, որ ի տարբերություն սրանց, «սեկուլյար»-ը ավելի շատ է թարգմանված կիրառվում՝ հիմնականում մեկ տարբերակով՝ «աշխարհիկ» (ինչպես, օրինակ, վերջերս շատերն են սիրում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ երկիր է):

Վերոհիշյալ երկու եզրերն արևելահայերենում հանդիպում են հիմնականում համապատասխանաբար՝ «աշխարհիկացում» և «աշխարհիկություն» համարժեքներով: Մինչդեռ արևմտահայերենում, մասնավորապես՝ երջանկահիշատակ Գարեգին Ա. հայրապետի գործերում, նշված եզերերին որպես հայերեն համարժեք օգտագործված ենք տեսնում «աշխարհականացում»-ը և «աշխարհականություն»-ը, թեև նա կիրառում է նաև իմաստով դրանց շատ մոտ այլ հոմանիշներ ևս՝ «աշխարհայնական», «աշխարհայնամտութիւն», «աշխարհայնանալ», «աշխարհայնապաշտ», «աշխարհայնապաշտական», «աշխարհայնապաշտութիւն», «աշխարհայնացում»: Ակնհայտ է, որ Վեհափառը բավականին ազատ է եղել՝ ստեղծելու տարբերվող ու իմաստային տարբեր նրբերանգներ ունեցող եզրեր (որոնք հարստացրել են լեզուն), մանավանդ որ նա զուտ գիտական հրապարակումներում չէ միայն, որ անդրադարձել է նշյալ հարցերին: Մեր հոդվածներից մեկում էլ, և՛ հոդվածի խորագրում, և՛ տեքստում, կիրառել ենք երջանկահիշատակ հայրապետի նախընտրած «աշխարհականացում», «աշխարհականություն» եզրերը՝ ավելի հարազատ համարելով իր շարադրանքին ու լեզվամտածողությանը:

Մյուս կողմից, ուսումնասիրողներից շատերը նախընտրում են կիրառել եզրերի՝ հենց միջազգային համարժեքները, թեև զուգահեռ կիրառում են նաև հայերեն համարժեքները (օրինակ՝ Արման սրկ. (այժմ՝ Գրիգորիս վրդ.) Շողիկյանի հոդվածը՝ «Ի՞նչ է սեկուլյարիզացիան», Էջմիածին, 2010, Թ., էջ 32-42: Այս հոդվածում նախապատվություն տրվել է միջազգային եզրերին, թեև զուգահեռ հիմնականում կիրառվել են «աշխարհականացում» և «աշխարհականություն» տարբերակները, իսկ մեկական անգամ օգտագործվել են նաև «աշխահիկացում» և «աշխարհիկություն» ձևերը): Սակայն, կարծում եմ, որ մեր լեզվի ընձեռած հնարավորությունները թույլ են տալիս սկզբնական շրջանում թեկուզ զուգահեռաբար կիրառել հայերեն թարգմանությունները (նշելով օրինակ փակագծում), իսկ ապագայում, ճանաչելի դարձնելով հայերեն եզրերը, պարզապես թարգմանել միջազգային եզրերը, ինչպես դա արվել է ու արվում է փիլիսոփայական և աստվածաբանական բազմաթիվ եզրերի դեպքում:

Ի՞նչն է ուրեմն խնդրահարույց այս եզրերի դեպքում:

Ակնհայտ է, որ արդի արևելահայ միջավայրում որոշակի «շփոթ» կա «աշխարհիկ» եզրի հետ կապված. այն երկու՝ գրեթե հավասարաչափ կիրառվող իմաստ է ստացել.
ա. կիրառվում է որպես «սեկուլյար» եզրի համարժեք, այսինքն՝ իբրև հականիշ «կրոնական»-ի, ինչը, կարծում եմ՝ լիովին տեղին է,
բ. այս բառով հաճախ բնորոշվում է Եկեղեցում աշխարհականների դասը, այսինքն՝ «աշխարհիկ»-ը դարձել է «աշխարհական»-ի հոմանիշ, կարելի է ասել՝ նույնիսկ դուրս մղել վերջինիս, և հաճախ նաև հոգևորականների կողմից է կիրառվում:

Ակնհայտ է, որ «սեկուլյար» եզրի համարժեքն արևելահայերենում հստակ է՝ «աշխարհիկ» (և ոչ թե «աշխարհական»)՝ ի հակադրություն կրոնականի: Իսկ «աշխարհական» ասելով՝ նկատի պետք է ունենալ Եկեղեցու անդամների մեկ դասը՝ տարբերակելու նրանց հոգևորականներից. «Եկեղեցու անդամները բաժանվում են երկուսի՝ աշխարահականների եւ հոգեւորականների…» (Ն. վրդ. Մելիք-Թանգյան, Հայոց եկեղեցական իրավունքը, վերահրատարակություն, Ս. Էջմիածին, 2011, էջ 635): Ակնհայտ է, որ ներկայում լեզվամտածողական այս տարանջատումը աշխարահական դասի դեպքում չկա, ուստի և հաճախ աշխարհականները կոչվում են աշխարհիկներ:

Ըստ այսմ՝ վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված, որոշակի հստակեցման կարիք է զգացվում, այսինքն՝ հայալեզու (արևելահայերեն) գրականության մեջ նշյալ եզրերի ճշտում: Այլապես մեկ եզրի համար հայերեն երկու համարժեքի կիրառումը ոչ թե հարստացնում է լեզուն, այլ, թերևս, ծանրաբեռնում, երբեմն էլ շփոթ է առաջացնում:

Եթե
Սեկուլյար (secular) = աշխարհիկ
Ապա
Սեկուլյարիզմ (secularism) = աշխարհիկություն /աշխարհականության փոխարեն/
Սեկուլյարիզացիա (secularization) = աշխարհիկացում /աշխարհականացման փոխարեն/
Իսկ
Աշխարհական = lay, laic /և ոչ աշխարհիկ/

Կարծում եմ՝ այս հպանցիկ անդրադարձն առիթ կդառնա շոշափված թեմայով հնարավոր այլ կարծիքների արտահայտման ու քննարկումների համար, ինչն էլ, գուցե կնպաստի ապագայում եզրերի որոշակի տարբերակմանը և ճշգրտմանը, հատկապես հայախոս աստվածաբանների, կրոնագետների, փիլիսոփաների, սոցիոլոգների և այլ մասնագետների բառապաշարում, և առահասարակ՝ հասարակության շրջանում:

Հեղինակ՝ Գառնիկ Հարությունյան

Theme: Overlay by Kaira