Կրոնագիտությունն, ինչպես ցանկացած գիտակարգ, ունի իրեն բնորոշ ուսումնասիրության մեթոդները: Ներկայացնում ենք հիմնական մեթոդները՝ համառոտ նկարագրությամբ.
- Կաուզալ վերլուծություն կամ պատճառահետևանքային վերլուծության մեթոդ – համարվում է կարևոր միջոց կրոնի տարբեր գործընթացների ու երևույթների փոխադարձ կապվածությունը ցույց տալու հարցում: Այս մեթոդը հնարավորություն է տալիս բացահայտելու կրոնի առաջացումը և զարգացումը՝ իր տարատեսակ դրսևորումներով:
- Պատմական մեթոդ – քանի որ այս մեթոդը կապված է տրամաբանության մեթոդի հետ, ապա հասկանալի է դառնում, որ այն միտված է բացահայտելու կրոն(ներ)ի ծագումն ու զարգացումը, հասկանալու կրոնի արդի վիճակն ու օբյեկտիվ վերլուծելու նախկինում տեղի ունեցած փորձերը: Այն ունի իր ենթամեթոդները՝ ուսումնասիրության գենետիկական կամ փուլայնացման մեթոդը և պատմահամեմատական մեթոդները:
- Տիպոլոգիկ վերլուծության մեթոդ – կրոնի ուսումնասիրվող նյութի այս կամ այն առանձնահատկությունից ելնելով տեսակավորում, որը հնարավորություն է տալիս կատարելու համապատասխան, անհրաժեշտ եզրահանգումներ:
- Ֆենոմենոլոգիական մեթոդ – ներառում է գործիքակազմի մի համախումբ, որի ուսումնասիրության առարկան մարդկանց հոգևոր փորձառությունը, կրոնի հոգեկան նշանակության բացահայտումն է և դրդապատճառների, գաղափարների, կրոնական և ոչ կրոնական նպատակների վեր հանումը:
- Հերմենևտիկ վերլուծության մեթոդ – ժառանգել է քրիստոնեական էկզեգետիկայի կամ սուրբգրային մեկնության մոտեցումները: Այս մեթոդում օգտագործվում են սրբազան տեքստերի մեկնության գործիքակազմը և կրոնական մշակույթի օբյեկտիվացված կամ անաչառ ֆենոմենները:
«Թեոլաբ» գիտավերլուծական կենտրոնի թիմը վերոնշյալ կրոնագիտական մեթոդները/ուղղությունները զարկ տալուն զուգահեռ միտված է կիրառելու այլ գիտակարգերի ընձեռած մեթոդաբանական գործիքակազմը՝ ստեղծելով միջառարկայական հարթակ: