Հանրահայտ փաստ է, որ քրիստոնյաների հալածանքներն անբաժան են քրիստոնեության պատմությունից՝ սկսվելով առաքյալներից ու առաջին քրիստոնեական համայնքներից շարունակվելով մինչ օրս:
Պատմությանն առավել հայտնի առաջին զանգվածային հալածանքները փաստված են Հռոմեական կայսրության աշխարհակալության ժամանակաշրջանով և տեղի են ունեցել մի քանի փուլերով. ա. Ներոն կայսեր (64-68 թթ.) կառավարման ժամանակ սկսված քրիստոնյանների մասսայական մահապատիժները (որոնց ժամանակ մյուսների հետ միասին նահատակվեցին նաև Պետրոս ու Պողոս առաքյալները), բ. Դիոկղետիանոսյան հալածանքները (284-311 թթ.) և գ. Հուլիանոս Ուրացողի ժամանակ, երբ վերջինս փորձ կատարեց վերանորոգելու հեթանոս պաշտամունքի նախկին ազդեցությունը:
Քրիստոնյաների հալածանքներ տեղի ունեցան նաև միջնադարյան Եվրոպայում. մասնավորապես Անգլիայում՝ տեղի հեթանոսների կողմից, և իսլամ դավանող արաբների կողմից, երբ նրանք գրավեցին քրիստոնյա Իսպանիան (VIII-IX դդ.): Քրիստոնյաները, ինչպես այսօր, այնպես էլ նախկինում, հալածվել են ու շարունակվում են հալածվել համաշխարհային կրոնների բնօրրանում՝ Մերձավոր Արևելքում:
Իսլամ-քրիստոնեության հակադրության հետևանքով XIV-XX դդ. քրիստոնյա ազգերը հալածվեցին Օսմանյան կայսրության ողջ տարածքով՝ ի վերջո հանգեցնելով Հայոց ցեղասպանությանն ու Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա ազգերի ցեղասպանությանը, որը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում: Տեղական, ազգային արժեքները պահելու պատրվակով հազարավոր քրիստոնյաների մահապատժի են ենթարկել Ճապոնիայում (XVII դ.), ինչպես և՝ Չինաստանում (XIX դ.), որտեղ այդ հալածանքները շարունակվում են նաև այսօր՝ աթեիստական վարչակարգի կողմից: XX դարում կոմունիստական վարչակարգերի (ԽՍՀՄ, Չինաստան, Վիետնամ, Կուբա և այլն) կողմից ծրագրվող ու իրականացվող հետապնդումներն ու ցեղասպան քաղաքականությունն ուղղվեցին հատկապես քրիստոնյաների դեմ:
«Թեոլաբ» գիտավերլուծական կենտրոնը քրիստոնյաների հալածանքների հանրայնացումը, ուսումնասիրումն ու ուժերի ներածին չափով՝ կանխարգելումը դիտարկում է իբրև իր գործունեության կարևորագույն նպատակներից մեկը: «Թեոլաբ»-ն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու և ուսումնասիրելու վերոնշյալ թեման՝ ոչ միայն անցյալի պատմական իրադարձությունների վերլուծությամբ, այլ նաև արդի շրջանին բնորոշ առանձնահատկությունների վեր հանմամբ ու մշտադիտարկմամբ:
Սույն թեմայի նպատակը Հովհաննես Ավետարանչի Հայտնության գրքում Զմյուռնիայի եկեղեցու պատգամի ներկայացումն է, քաղաքի, որ միջնադարում արժանացել է «Արևելքի աստղ», «Արևելքի փոքր Փարիզ», «Հոնիական ծովի թագուհի» և այլ կոչումների, ինչպես նաև այդ պատգամը քսաներորդ դարի քեմալական քաղաքականության համատեքստում նորովի արժևորելը: Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջումից և նրանց թաղամասերի հրկիզումից մեկ դար է անցել, սակայն այս ողբերգությունն առ այսօր շարունակում է իր վրա սևեռել բազմաթիվ ուսումնասիրողների ուշադրությունը։ Այդ իսկ պատճառով, նախ հակիրճ անդրադառնանք Զմյուռնիայի հայերի ու հույների համայքների պատմությանը, ապա՝ տեսնենք, թե ինչպես է կապվում Հովհաննես Ավետարանչի պատգամում ամփոփված մարգարեությունը քեմալական կառավարության՝ այս համայնքների բնաջնջման հետ։
Ուշմիջնադարյան և նոր ժամանակների հայոց վկաների, այսինքն՝ հանուն իրենց քրիստոնեական հավատի նահատակվածների և նրանց վկայաբանությունների ուսումնասիրման ու հրատարակման գործում դժվար է թերևս գերագնահատել երիտասարդ հայագետներ, այն ժամանակ Գևորգյան ճեմարանի դասախոսներ՝ պատմաբան Հակոբ Մանանդյանի (1873-1952 թթ.) և լեզվաբան Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ.) կողմից հրատարակված, «Հայոց նոր վկաները» խորագիրը կրող կոթողային ժողովածուի արժեքը: Նրանց 1899 թ. ճեմարանում դասավանդելու էր հրավիրել Ամենայն Հայոց Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսը (1820-1893-1907 թթ.): Ինչպես նկատում է նշանավոր պատմաբան, աղբյուրագետ Պետրոս Հովհաննիսյանը, «ԺԹ դարի վերջին Գևորգյան Ճեմարանը դարձել էր արևելահայ գիտական, աստվածաբանական մանկավարժական, հասարակական-քաղաքական կյանքի կենտրոն… Այս միջավայրում էին, որ աշխատում և ստեղծագործում էին ժամանակի հայ մտավոր կյանքի բազմաթիվ նշանավոր դեմքեր, այդ թվում նաև երիտասարդներ Հակոբ Մանանդյանն ու Հրաչյա Աճառյանը» (էջ 5)։
Ներոն կայսեր կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացված հալածանքի մասին խոսում է Հռոմի ամենահայտնի պատմիչներից մեկը՝ Կոռնելիոս Տակիտոսը (Քհ. մոտ 55-120): Նա զբաղեցներով մի շարք պետական պաշտոններ՝ լինելով կոնսուլ ու Ասիայի պրոկոնսուլ, ինչպես և՝ կայսերական գրադարանի կուրատոր, նաև անձամբ տիրապետելով քաղաքական անցուդարձին, իր «Տարեգրություններ»-ում խոսում է Հոռմեական կայսրության Քհ. 14-96 թթ. պատմական անցքերի մասին: