«ԹեոԼաբ» աստվածաբանական նախաձեռնությունը ստեղծվել է մի խումբ մասնագետների մտահղացմամբ 2018 թ. ապրիլի 17-ին Ս. Հովհան Օձնեցի հայրապետի հիշատակի օրը՝ նպատակ ունենալով խթանելու Հայաստանում աստվածաբանական և կրոնագիտական գիտակարգերի զարգացումը, կատարելու գիտական տարբեր հետազոտություններ, զբաղվելու հրատարակչական գործունեությամբ՝ միաժամանակ նպաստելով նշյալ ոլորտների մասին հասարակական իրազեկվածության բարձրացմանը:
2018 թ. լույս է տեսնում «ԹեոԼաբ»-ի երախայրիքը. նախաձեռնության անդամներից Շուշան Խաչատրյանի և Հայկ Հակոբյանի համահեղինակությամբ հրատարակվում է Ս. Հակոբ Մծբնա հայրապետին նվիրված գիտահանրամատչելի գրքույկը՝ Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցուն նվիրելու նպատակով: Դրանում աշխարհաբարով ներկայացված է սրբակենցաղ և ժողովրդի կողմից մեծ սեր վայելող սուրբ հայրապետի վարքը՝ շեշտելով գործունեության կարևոր դրվագները, հրաշքները, բժշկությունները, հակիրճ անդրադարձ կա նաև սրբի տոնին: Գրքույկի երկրորդ մասը նվիրված է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցուն. ներկայացված է եկեղեցու պատմությունը, հրատարակվել են եկեղեցու արձանագրությունները, որոնցից 18-ը շրջանառության մեջ են դրվել առաջին անգամ. գրաբարին զուգահեռ տրվել է նաև արձանագրությունների արևելահայերեն փոխադրությունը:
2019 թ. հոկտեմբերին նախաձեռնությունն արդեն պաշտոնապես գրանցվում է իբրև «ԹեոԼաբ գիտավերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպություն: «ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի հետազոտություններն ընդգրկում են աստվածաբանության և կրոնագիտության՝ այլ գիտակարգերի հետ առնչությունների ու փոխազդեցությունների վերհանումը, Հայաստանում միջգիտակարգային ուսումնասիրությունների վիճակի բացահայտումը, աստվածաբանությանը և կրոնագիտությանը վերաբերող բազմալեզու աշխատանքների հրատարակումը, ինչպես նաև նշյալ գիտակարգերի շրջանակում առանցքային տարբեր աշխատությունների թարգմանությունը: Ըստ կենտրոնի կանոնադրության՝ նրա անդամ կարող են դառնալ կրոնագիտության և աստվածաբանության ոլորտում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք. անդամակցման ընթացակարգերին մանրամասն ծանոթանալու համար պետք է կապ հաստատել «ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի հետ: