Դեռևս 301 թվականին Հայաստանն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ դառնալով այս հարցում առաջին երկիրը: Այն շատ կարճ ժամանակահատվածում՝ հայոց գրերի գյուտով (405 թ.), Աստվածաշնչի (405-420/30-ական թթ.) և այլ եկեղեցական ծիսական, աստվածաբանական գրականության թարգմանությամբ, ազգայնացվեց, ազգային եկեղեցու կարգավիճակն ամրապնդեց իր ոչ քաղկեդոնական դիրքորոշմամբ, ու արդեն այդ ժամանակներից ի վեր կայացած պետք է դիտարկել «հայ քրիստոնեություն» հասկացությունը:
Ինչպես Հայաստանը, այնպես էլ հայ քրիստոնեությունը եղել են ու կան տարբեր կրոնական ու աշխարհքաղաքական խաչմերուկներում, քաղաքակրթական ու մշակութային արեալների քառուղիներում: Սկզբում քրիստոնյա Հայաստանը եղել է հեթանոսական դավանանք ունեցող Հռոմեական կայսրության (միայն 311 թ. Միլանի էդիկտով Կոստանդիանոս Մեծը թույլատրեց մյուս կրոններին զուգահեռ ազատ դավանել նաև քրիստոնեությունը) և զրադաշտական Իրանի միջև, ապա քրիստոնյա Հռոմի ու Իրանի, հետագայում իսլամ դավանող տարատեսակ տերությունների ու զավթիչների (Արաբական խալիֆաթ, սելջուկներ, Մոնղոլական կայսրություն, Լենկ-Թեմուրի պետություն, կարակոյունլուներ և ակկոյունլուներ, Օսմանյան կայսրություն ու Սեֆյան Իրան և այլն) տիրապետության տակ հայտնվելով, հայ քրիստոնեությունը անցել է զարգացման համապատասխան էտապները, որոնք իրենց կնիքն են թողել Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքի, նրա մշակութաստեղծ, ազգապահպան առաջնակարգ դերակատարության մեջ:
«Թեոլաբ» գիտավերլուծական կենտրոնը նպատակ ունի իր գիտական ուսումնասիրությունն առաջարկել գիտական հանրությանը, փորձելով համաշխարհային պատմության համատեքստում և ներազգային մշակույթի մեջ «Հայ քրիստոնեության» քննությամբ նպաստել պատմական և արդի գործընթացների տարբեր՝ քիչ լուսաբանված իրադարձությունների համակողմանի պարզաբանմանը, որը նպաստ կբերի ոչ միայն հայագիտությանը, այլև համաշխարհային գիտությանը: