ԹեոԼաբ

Սողոմոնը տաճարում

ՍՈՂՈՄՈՆԸ ՏԱՃԱՐՈՒՄ կամ ԿԵՆԴԱՆԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ

(ալեգորիկ-ռեալիստական էսսե)

1915 թ., Վարդանանց տոնի օրերն էին… Վարդապետը շտապ դուրս եկավ Ազգային ժողովասրահի շենքից. երգչախումբը «Նորահրաշ»-ը կատարեց, գոհ էր: Ինչ-որ ներքին մղում նրան անհապաղ ուղղորդում էր իր տուն: Նրա մտքերը վերջերս տեղատարափ էին հիշեցնում. անընդմեջ մտովի վերադառնում էր իր նախկին հանդիպումներին՝ Թուրք օջախի երևելիների հետ ու մտաբերում նրանց խոսքերը.


“Tanrı şeytanın gözlerinden korusun Gomidas’ı”
(«Աստված Կոմիտասին թող սատանայի աչքից հեռու պահի»)

Ուրեմն այդ կինը… խորաթափանց աչքերով, ծանծաղ ատամնաշարով, առաջնորդի կամ գուցե դերվիշի կեցվածքով քայլող ու տղամարդկանց միջավայրում իր խոսքն ունեցող այդ կինը…. ի՞նչ առաքելություն ուներ քաղաքական վերնախավի այդ շրջանակներում և ինչո՞ւ էր նա առանձնանում Պոլսի մյուս՝ եվրոպական առաջադիմության հետևից վազող, սակայն չհասնող փոքրաթիվ թուրք գրագիտուհիներից: Իսկ նրա շրջապատն ու ծանոթությունները…. Ախր ինքը մարդկանց բնավորությունների հիանալի գիտակ էր, չէ՞ որ որբ էր մեծացել՝ զգայուն ու նկատող… Բայց չէ՞ որ այդ կինն էլ մորից որբ էր մեծացել…. գուցե խորքում այդ ընդհանրությունն էր նրանց շփվելու, զրուցելու առանցքը: Տարօրինակ էր նրա հետաքրքրությունը հայերով ու հայ մշակույթով.


– … երաժշտութեան վերածա՞ծ եք որևէ սաղմոս:
–Այո՛, 101-րդը…

1914 թ. նոյեմբերն էր, երբ «ազատագրող» ջիհադի մասին խոսակցություններն ամենուստ ծակում էին լսելիքը։ Մի անգամ, շուկայի խաժամուժը՝ ծնծղաներով, թմբուկներով ու աղաղակներով, սրբազան պատերազմի ճիչերով քիչ էր մնում հասներ իրեն։ Փոխեց ճամփան, որպեսզի սքեմավոր քրիստոնյա հոգևորական տեսնելուց է՛լ ավելի չբորբոքվեին: Այդ կարճ րոպեների ընթացքում, երբ խումբը հեռանում էր, նա հասցրեց տեսնել մի քանի մանուկների, որոնք մեծահասակներից ոչ պակաս ոգևորված էին, որ պիտի պայքարեին «անհավատների» դեմ…


– Փանո՛ս, տեսնես ե՞րբ կգա ժամանակը,
որ նրանք էլ ընդունեն ազատարար ճշմարտությունը
ու դադարեն լինել իժերի զավակներ,
հրաժարվեն հայի արյան հոտից արբելու
գիշատիչ գործից, հը՞։

Փութալով հասավ տուն ու դուռը փակեց. դեռ ցերեկ էր, փետրվարյան օր և երկար մթագնած եղանակից հետո՝ փոքր-ինչ արևոտ: Օրը թելադրում էր արթուն լինել, վայելել ձմռան արևի ժլատ ջերմությունը, սակայն նրան տուն էր բերել տարօրինակ կերպով քնելու խորը ցանկությունը: Նա անմիջապես քնով անցավ:

Եվ ահա հասավ Երուսաղեմ…

Քրիստոսի նման՝ ավանակի ու ավանակի ձագի վրա նստած մտնում էր Ոսկե դարպասներից ներս, նրան մարդիկ ողջունում էին, իսկ հետևից գալիս էին բազում մանուկներ՝ շապիկ հագած: Ամոթ էր զգում. այդ ինչպիսի՞ մեծամտություն էր ստիպել նրան նմանակելու Օծյալին և ինչու՞ էր դա անում… Հանկարծ սև ձեռքեր հայտնվեցին՝ սրերով, ու սրախողխող արեցին երեխաներին, որից նրանց մարմինը վերափոխվեց. մանուկները սպիտակ զգեստներ հագան ու ուժգին, երկինք հասնող ձայնով սկսեցին երգել իր մշակած «Սուրբ, սուրբ, սուրբ…»-ը.


– Սուրբ սուրբ սուրբ Տէր զօրութեանց։
Լի են երկինք եւ երկիր փառօք Քո…

Տարօրինակ է, որ ինքը կանգ չառավ, այլ նրանց երգերից զորանալով՝ ընթացավ առաջ ու գտավ իրեն Սողոմոնի տաճարում՝ զգեստավորված: Փայտիկը ձեռքը վերցրեց ու սկսեց չափ տալ: Առջևը դրված էին Տաճարի երգերի նոտագրությունները, որն ինքն իբրև թե վերծանել էր արդեն: Տաճարի որմնազարդ պատերից նրան էին նայում հազարավոր աչքեր: Հանկարծ ամենամեծ աչքից դուրս եկավ մի սև ձեռք ու խլեց նրանից նոտաները….

Սրտի զարկերից արթնացավ. տագնապը մի կարճ տևողությամբ շարունակվեց արթմնի. այդ մանուկները, ինչպես և ինքը, որբ էին, չհասկացավ՝ նրանք մահացա՞ծ էին, թե՞ կենդանի, գո՞ւցե՝ և՛ կենդանի, և՛ մահացա՞ծ… այդպես լինո՞ւմ է… ավելի ճիշտ՝ կենդանի, բայց մահացած, գո՞ւցե նահատակ… ԿԵՆԴԱՆԻ ՆԱՀԱՏԱ՞Կ… իսկ գո՞ւցե նահատակներ կան, որ շարունակում են կենդանի մնալ…


– Հա՛յր սուրբ, հայոց մեջ կենդանի նահատակներ են լինում. որքան էլ
խստապարանոց ազգ լինենք, միևնույն է՝ մեր ազգը տալիս է կենդանի
նահատակներ. իմ մեծ պապը ենիչերի է եղել, բայց նա երբեք չդարձավ
մահմեդական, իսկ նրա թոռը դարձավ հոգևորական: Հա՛յր սուրբ, հայոց մեջ
կան կենդանի նահատակներ… Հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի նման․․․

Մոտեցավ գրասեղանին, հայացք գցեց իր վերծանումներին, թերթեց  դրանք ու շունչ քաշեց. բոլորը տեղում էին.


– Պետք է դրանց կրկնօրինակը պատրաստել…

***

Երբ մայիսի կեսերին Վարդապետը վերադառնում է աքսորից, Պոլսի իր տանը չի գտնում իր աշխատություններն ու նոտաները. դրանք գողացել էին: Հերթական անգամ գնալով այդ տհաճ կնոջ տուն՝ նրանից և իրեն ընկերակցող երաժիշտներից հետ պահանջելու իր նոտաները, պարտեզում նրա ուշադրությունը գրավում են երեխաներ, որոնք իբրև աղախին ծառայում էին նրա տանը: Շանթահարվում է… այդ աչքե՜րը. դրանք ո՛չ մի այլ աչքերի հետ չէր կարելի շփոթել՝ աշխարհի ցանկացած անկյունում…


– Անունդ ի՞նչ է…
– …
-… Հադիջե՛…
– Ճի՛շտն ասա, անունդ ի՞նչ է, հայերեն խոսո՞ւմ ես…
– …Ազատուհի՛, Ազատուհի՛ է անունս…


Շուշան Խաչատրյան, 2020 թ.

Theme: Overlay by Kaira