Ֆենոմենոլոգիա

Եթե աստվածաբանության հենման կետը աստվածային հայտնությունն է, ապա ֆենոմենոլոգիայի հենման կետը կրոնը՝ իբրև մարդուն բնորոշ երևույթի, դրա այս կամ այն դրսևորումների ուսումնասիրությունն է: Ֆենոմենոլոգիան ուսումնասիրում է ոչ թե հոգևորը՝ դրա պատմությունն ու տեսությունը, այլ տիրապետելով վերջիններիս՝ հոգևորի դրսևորումները մարդու մեջ, ուսումնասիրում է ոչ թե սակրալը կամ ծեսը, այլ ծիսականությունն ու սակրալությունը ներսից՝ իբրև մարդու կրոնականությանը բնորոշ երևույթներ՝ հաճախ դրանց հոգեբանական արտահայտումների դիրքից: Այսինքն ֆենոմենոլոգիան ոչ թե տվյալ երևույթի ծագումը, այլ դրա դրսևորումներն ուսումնասիրող կրոնագիտական ենթաճյուղ է և օժանդակող է ոչ միայն կրոնագիտությանը, այլև քրիստոնեական աստվածաբանությանը. օրինակ, այն կարող է ուսումնասիրել ոչ թե քրիստոնեությունը՝ նրա ծագմամբ ու զարգացմամբ իբրև կրոն, այլ՝ «քրիստոնեությունը քրիստոնյայի մեջ» դիտանկյունից:
Հայ աստվածաբանական միտքը երկար դարեր տվել է փայլուն պտուղներ և որոշակի անկում գրանցել XX դարում՝ Առաջին աշխարհամարտից ու Հայաստանի խորհրդայնացումից հետո և պոստմոդեռնի համապարփակ մշակութային ազդեցության ներքո: Այլ է կրոնագիտության և դրա ենթաճյուղերի դիրքը հայ գիտական մտքի ասպարեզում: Եթե փորձենք ձևակերպել այդ դիրքը, ապա կարող ենք ասել, որ այն իրենից կներկայացնի բավականին ստվար բացատի պատկեր: Ենթադրաբար դա բխում է այն իրողությունից, որ հայ աստվածաբանական միտքը առանց միտումի, անհամեմատելիորեն ավելի զարգացած լինելով և գտնվելով հայ մտքի հետաքրքրությունների առաջնագծում՝ հետին պլան էր մղել թե՛ փիլիսոփակայան միտքը, թե՛ կրոնագիտականը, որոնք հայտնի կերպով ու որոշակիորեն թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսական կայսրությունում զարգանում էին ի հակադրություն աստվածաբանության՝ աթեիստ կամ ագնոստիկ անձանց կողմից, իսկ Խորհրդային Միությունը բացահայտ հակակրոնական ու հակաքրիստոնեական գաղափարախոսության հիմքով էր գործում: Ավելին,  երբ կրոնագիտությունն իբրև գիտություն կայանում էր, հայ ժողովուրդն իր ամբողջության մեջ կա՛մ զբաղված էր իր ֆիզիկական գոյությունը պահելու պայքարով, կա՛մ կրոնագիտությանը գիտական աթեիզմի մտացածին և կոմունիստական գաղափարախոսությամբ վերհսկվող սակավախոս ու կրոնն արհամարհող փիլիսոփայության տեսք էր հաղորդվել: Գիտական աթեիզմը կրոնագիտություն չէ՛ր և չէ՛: Կրոնագիտությանն ու կրոնի ֆենոմենոլոգիային այդ տարիներին անուղղակիորեն անդրադարձողն ազգագրությունն էր, որը մինչ օրս որոշակիորեն այդ դերն է կատարում՝ տարբեր պատճառներով ակամայից նպաստելով կրոնագիտության՝ դեռևս լուսանցքում մնալուն:
Եվ ահա, «ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնը հնարավորություն է ընձեռում բոլոր հետաքրքրվողներին ու կրոնագիտությամբ լրջորեն մասնագիտացված շրջանակներին ուշադրությունը կենտրոնացնելու կրոն երևույթի վրա՝ դիտարկելով այն ներսից՝ ինչպես այն երևում է կրոնատած մարդու աչքերով, նրա կրոնական փորձառությունը դարձնելով ուսումնասիրության առարկա: Օրինակ՝ ի՞նչպիսին են սրբության ընկալումները հայ հասարակության տվյալ կրոնական համայքում/ուղղության շրջանակներում, ի՞նչպիսի ֆենոմենոլոգիկ դրսևորումներ ունի սնահավատությունը հայ հասարակության մեջ, և բազմաթիվ այլ հարցեր:
Կրոնի ֆենոմենոլոգիկ ուսումնասիրության ճյուղին հաճախ շնորհվել է քրիստոնեական աստվածաբանությունը և կրոնագիտությունը հաշտեցնող գիտական ուղղության պատիվ. հետաքրքիր կլինի այս երևույթն արձանագրել նաև Հայաստանում:

Theme: Overlay by Kaira