Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն՝ ըստ Աստվածաշնչի
Մաս Դ-Ե

17.04.2023

Մաս Դ

Եկեղեցին՝ ներող և բանադրող

Հարի՞ր է արդյոք նզովքն Աստծուն, Որը Սեր է։ Կարո՞ղ է Սերը նզովել։ Թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններում Աստված բազմիցս նզովում է և սպառնում։ Արդյոք նզովելը միայն Աստծո՞ մենաշնորհն է, թե՞ նման իրավունք տրված է նաև Եկեղեցուն։ Կարո՞ղ է արդյոք Եկեղեցին նզովել։ Միանշանակ՝ այո՛։ Ընդհանրական Եկեղեցու դավանանքը ձևավորվել և կայացել է հենց հերետիկոսական ուսմունքներին հակադրվելու և դրանք նզովելու ճանապարհով։ Առաջին Տիեզերաժողովների սահմանած դավանանքը, որպես կանոն, ավարտվում և ընդհանրացվում էր մի շարք նզովքներով։ Պատարագի ժամանակ արտասանվող Նիկեայի «Հավատո հանգանակ»-ը ևս ավարտում ենք նզովքով՝ «իսկ որք ասեն, թէ է՛ր երբեմն որ չէր…»։
Լեռան քարոզում Քրիստոս քարոզում էր ներել թշնամիներին, աղոթել նրանց համար, ապտակին պատասխանել՝ մյուս այտը պարզելով, իսկ առաքյալներին և առաքյալների միջոցով ողջ Ընդհանրական Եկեղեցուն ինչպես ներելու, այնպես էլ չներելու իշխանություն է տալիս.

«Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի» (Հովհ. 20։23):

Այսպիսով, Աստվածաշունչը հորդորում է ներել կենցաղային վեճերը, անձնական թշնամանքը, սակայն մեզ իրավասություն չի տալիս ներելու կամ չներելու Եկեղեցու թշնամիներին, Աստծո թշնամիներին։ Հավատին ու դավանանքին առնչվող բոլոր հարցերում ներել-չներելու իշխանությունը Քրիստոս տվել է Եկեղեցուն, և մեզանից ոչ մեկ չի կարող լուծարել ո՛չ Եկեղեցու օրհնանքը, ո՛չ Եկեղեցու նզովքը։

«…այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում» (Մատթ. 16։18-19):

Եկեղեցու թշնամիները՝ տարաբնույթ գնոստիկներ, աթեիստներ ու այլադավաններ, հաճախ մեղադրում են քրիստոնյաներիս, ասելով՝ հապա էլ ո՞ւր մնաց ձեր սերը, ինչո՞ւ չեք ներում ձեր թշնամիներին և ինչո՞ւ չեք պարզում նրանց ձեր մյուս այտը, երբ ապտակում են ձեզ, ինչո՞ւ եք հակադրվում մեզ, ինչո՞ւ եք մերժում այլակարծությունը և բանադրում դավանանքին վերաբերող հարցերում այլ տեսակետներ ունեցող մարդկանց և նրանց ստեղծած ուսմունքները։
Աստվածաշունչը մեկ պատասխան է հուշում. չենք ներում, որովհետև չունենք նրանց ներելու պատվիրան ո՛չ Հին, ո՛չ Նոր Կտակարանում։ Չունենք եկեղեցու թշնամիներին ներելու պատվիրան։ Հակառակը, Հովհաննու Հայտնությունից մեջբերված հատվածները վկայում են, որ Քրիստոս ամենայն խստությամբ է վերաբերվում Եկեղեցու թշնամիներին և հավաստիացնում է, որ տարաբնույթ աղետներ է բերելու նրանց վրա այս կյանքում, իսկ գալիք կյանքում գցելու է «դժոխքի հրի մեջ», եթե չապաշխարեն, քանի դեռ ողջ են։ Ընդ որում, հաճախ երկրային պատիժներն ու արհավիրքները մարդու կյանքում նրան ապաշխարության բերելու և հավիտենական տառապանքից փրկելու համար են, և Եկեղեցին, ի թիվս այլոց, կիրառել է նաև ժամանակավոր բանադրանքներ՝ հեռացնելով ոմանց Սուրբ Հաղորդությունից, որպեսզի ստիպի նրանց ապաշխարել և խոստովանել մեղքերը։ Այս առնչությամբ Պողոս առաքյալն գրում  է կորնթացիներին.

«Ներկայումս լսում ենք, թէ պոռնկութիւն կայ ձեր մէջ, եւ այնպիսի պոռնկութիւն, որ հեթանոսների մէջ իսկ չկայ, որպէս թէ մէկն ապրի իր հօր կնոջ հետ… յանուն մեր Տէր Յիսուս Քրիստոսի, երբ դուք եւ իմ հոգին միասին կը հաւաքուէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեամբ հանդերձ, մատնեցէ՛ք այդպիսի մէկին սատանային՝ նրա մարմնի կորստեան համար, որպէսզի նրա հոգին ապրի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրում» (1 Կորն. 5։5)։

Տեղեկանալով, որ տվյալ մեղավորը զղջացել և ապաշխարել է, հաջորդ նամակում Պողոսը հորդորում է Կորնթոսի քրիստոնյաներին հետ ընդունել նրան։
Եկեղեցին պաշտպանում է իր զավակներին ամենայն չարից, բայց եթե մկրտված անձն իր վարքով ու խոսքով արատավորում է Եկեղեցին, ծանակում է այն և չի ապաշխարում, Եկեղեցին իրավասու է զրկել նրան հաղորդությունից, ավետարանական լեզվով ասած՝ «հանձնել սատանային», մինչև չխոստովանի իր մեղքն ու չապաշխարի։

Մաս Ե

Ինչպե՞ս սիրել Աստծուն, մեր անձը և մերձավորին

Եկեղեցին, ըստ Ավետարանի, իրավասու է ներել ու չներել, օրհնել ու բանադրել, մինչդեռ մենք ունենք իրավունք ներելու միայն մեր անձնական թշնամիներին, ներել այն թշնամանքը, որն առաջացել է կենցաղային վեճից և անգամ հանգեցրել ապտակի։ Անձնական թշնամիները մեր մերձավորն են, այլապես նրանց հետ հնարավոր չէր լինի անձնական շփում ունենալ, և այսպիսի ներողամտությունը լիովին համապատասխանում է մերձավորին սիրելու պատվիրանին։ Լեռան քարոզում Քրիստոսի կողմից թվարկվող ներելու բոլոր դեպքերն առնչվում են անձնական հարաբերություններին՝ «եթե մեկը քո աջ ծնոտին ապտակի…», «եթե մեկը կամենա քեզ բռնադատել…», «եթե մեկը քեզ հարկադրի…», «տո՛ւր նրան, ով քեզանից խնդրում է…», «սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին… բարություն արե՛ք ձեզ ատողներին…», «աղոթե՛ք նրանց համար ովքեր չարչարում են ձեզ», և այլն։ Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ բոլոր այս պատվիրանները բխում են մերձավորի հանդեպ սիրո պատվիրանից, իսկ «մերձավոր» բառն իսկ ենթադրում է անհատական կապ, անձնական շփում, ծանոթություն։ Մենք անձամբ չգիտենք ո՛չ Արիոսին, ո՛չ Նեստորին, ո՛չ մյուս հերձվածողներին և նրանց հետևորդներին, որոնց բանադրել է Եկեղեցին։ Սակայն, եթե անգամ ապրեինք նրանց դարաշրջանում և անձամբ ճանաչեինք նրանց, եթե նրանք լինեին մեր մերձավորը կամ հարևանը, միևնույն է, Ավետարանը մեզ թույլ չէր տա ներել նրանց, քանզի ոչ թե մեր անձնական թշնամին են, թեև մեր մերձավորն են, այլ Եկեղեցու և Աստծո թշնամին են, ուստի, նրանց ներել-չներելը որոշում է Եկեղեցին՝ Քրիստոսից տրված իշխանությամբ։
Լեռան քարոզի բոլոր պատվիրանները բխում են մերձավորին սիրելու պատվիրանից։ Իսկ կա՞ արդյոք ավելի կարևոր պատվիրան, քան մերձավորին սիրելն է։ Լսե՛նք, թե այս կապակցությամբ ինչ է ասում Ավետարանը.

«Եւ ահա օրինականներից մէկը վեր կացաւ, փորձում էր նրան եւ ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: Եւ նա նրան ասաց. «Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում»: Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տուեցիր, այդ արա՛ եւ կը փրկուես» (Ղուկ. 10։25-28)։

Այսպիսով, Աստծո հանդեպ սերը միանշանակ ավելի կարևոր ու առաջնային է, քան մերձավորի հանդեպ սերը։ Իսկ ինչպե՞ս վարվել մերձավորի հետ, երբ նա ոչ թե մեզ վիրավորում, ապտակում կամ անիծում է, այլ փորձում է հեռացնել մեզ Աստծուց և մեր հավատից։ Մի՞թե Քրիստոս այս դեպքում ևս հորդորում է մեզ ներել նրան ու խաղաղություն պահպանել նրա հետ։ Լսե՛նք Քրիստոսին.

«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր սկեսուրից: Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն: Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի: Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին: (Մատթ. 10։34-40)։

Այս դրվագում ևս հաստատվում է Աստծո հանդեպ սիրո պատվիրանի գերակայությունը՝ մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի նկատմամբ։
Քրիստոս ոչ միայն վկայում է, որ աշխարհին պատերազմ է բերել (նման պատերազմների մասին բազում վկայություններ կան նաև Հին Կտակարանում), այլ հավելում է, որ իր ուսմունքը ոչ միայն ազգամիջյան կամ միջկրոնական պատերազմի, այլև ներընտանեկան թշնամանքի ու հակամարտության սկիզբ է՝ «մարդու թշնամիներն իր տնեցիները կլինեն»։
Հապա ո՞ւր մնաց թշնամուն ներելը և նրա համար աղոթելը, ապտակի դեպքում մյուս այտը նրան պարզելը։ Եթե Քրիստոս հորդորում է ներել մեզ անիծողներին ու հալածողներին, ինչո՞ւ է նա մեզ թշնամացնում մեր տնեցիների հետ, որոնք մեզնից տարբերվող համոզմունքներ ունեն։ Մի՞թե Քրիստոս «լայնախոհ» չէ։ Մեղքի ու ճշմարտության հարցում՝ թերևս ոչ։
Ոտնլվա, Երևան, ՄՄ 5786, թ. 106ա, Արքունական Ավետարան, 1336 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ
Մի՞թե ավելի կարևոր բան կա, քան մերձավորի հանդեպ սերն է, անգամ եթե նա Քրիստոսի թշնամին է։ Աստծուն սիրելու պատվիրանն առաջնային է և գերակայություն ունի մերձավորին սիրելու պատվիրանի նկատմամբ, և երբ մերձավորը հայհոյում ու անարգում է Աստծուն, փորձում է մեզ կտրել Եկեղեցուց և շեղել Աստծո պատվիրանների կատարումից, Ավետարանը մեզ կոչում է ընտրություն կատարել Աստծո և մերձավորի միջև, անգամ եթե մերձավորը մեր զավակն է կամ ծնողը։
Իսկ եթե մեր դավանանքից ու հավատից մեզ փորձում են կտրել թշնամի ազգերն ու պետություննե՞րը, ոչ թե «տնեցինե՞րը»։ Ինչպե՞ս վարվել այդ դեպքերում։ Ազգամիջյան և միջկրոնական պատերազմները կարգավորվում են Հին Կտակարանի պատվիրաններով, որոնք հաստատվում են Հայտնության գրքում Քրիստոսի կողմից գուժվող տարաբնույթ աղետներով։
Ընդհանրացնենք։ Մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի համաձայն պետք է ներել մերձավորին անգամ, եթե նա անիծում, ատում կամ ապտակում է քեզ։ Աստծո հանդեպ սիրո պատվիրանի համաձայն, պետք է չներել, պայքարել և պատերազմել Քրիստոսի թշնամիների դեմ, անկախ այն բանից՝ մեր մերձավորն են, թե՝ օտարներ։
Ինչո՞ւ այդքան կտրուկ և խիստ։ Մի՞թե հնարավոր չէր ավելի մեղմ լինել։ Աստվա՛ծ գիտե։ Հատկանշական է, որ Եկեղեցու թշնամիները մե՛րթ մեղադրում են Քրիստոսին չափից ավելի մեղմ լինելու մեջ, իբրև թե Նա պատվիրել է չպատերազմել թշնամու դեմ, մե՛րթ մեղադրում են Նրան և Եկեղեցուն չափից ավելի կոշտ ու անզիջում դիրքորոշման մեջ։ Ինչ էլ լինի, դատելով Ավետարանից՝ Քրիստոս երբեք չի փորձել որևէ մեկին «հաճոյանալ», ինչը հատկապես ընդգծված է Հովհաննու Ավետարանում։
Փորձենք, Աստվածաշնչի վրա հենվելով, պարզաբանել, թե ինչո՞վ է տարբերվում Աստծո հանդեպ սերը մերձավորի հանդեպ սիրուց։ Փորձենք պարզել, թե ինչո՞ւ Աստծո հանդեպ սիրուց իրավունք ունենք զոհել մերձավորին։ Տեսնենք, թե ինչպե՞ս է բնորոշվում Աստծո հանդեպ սերն Ավետարանում.

«Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով» (Ղուկ. 10։27)։

Իսկ ինչպե՞ս է Ավետարանը պատվիրում սիրել մերձավորին.

«Եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (նույն տեղում)։

Ինչպե՞ս ենք մենք սիրում մեր անձը։ Մենք հոգ ենք տանում մեր անձի մասին, կերակրում ենք մեր անձը, ջերմացնում ենք ցրտի ժամանակ, հանգիստ ենք տալիս մեր անձին, աշխատանքից հետո, տապ արևին հով տեղ ենք փնտրում մեր անձի համար։ Բայց մեր անձը միայն մարմինը չէ։ Մեր անձի նախասիրություններին հետևելով՝ ընկերներ ենք ընտրում։ Մեր անձը զերծ ենք պահում չարախոսությունից ու բամբասանքից։ Մեր անձի հանդեպ սերը բնորոշվում է նաև մեր տեսակին խորթ երևույթները մերժելով։ Ուրեմն, այդ ամենը պարտավոր ենք անել նաև մերձավորի հանդեպ՝ հոգ տանել նրա մասին, կերակրել, տաքացնել, պաշտպանել, չհալածել, չբամբասել և այլն։
Սեփական անձը կամ մերձավորին «ամբողջ սրտով, հոգով, զորությամբ և մտքով» սիրելու պատվիրան չկա ո՛չ Հին, ո՛չ Նոր Կտակարաններում։ Նման սերն Աստծո մենաշնորհն է։ Մերձավորի համար բավական է նրա մարմնի և հոգու նկատմամբ այն հոգածությունը, որ մատուցում ենք մեր մարմինին ու հոգուն։ Այսպիսին է Աստծուն և մերձավորին սիրելու պատվիրանների տարբերությունն՝ ըստ Աստվածաշնչի։
Եթե հարցը կրոնական չէ, չի առնչվում մեր հավատին ու Եկեղեցուն, ապա՝ ներել, աղոթել, տալ ավելին, քան խնդրում են։ Եթե անձնական վեճի կամ ազգամիջյան հակամարտության առիթը կրոնական է և առնչվում է Եկեղեցուն ու տեսակին, ապա՝ պատերազմել ու, հարկ եղած դեպքում, մեռնել հանուն հավատի։

«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր» (Մատթ. 10։34)։ «Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի» (Ղուկ. 12։49):

Այս առումով, ժամանակակից որոշ աղանդներ կոչ են անում զենք չվերցնել՝ հաճախ թաքնվելով թշնամուն սիրելու և ներելու Քրիստոսի պատվիրանի հետևում, ինչով իրականում փորձ են անում կենցաղային, անհատական վեճի ու թշնամանքի դրսևորումը համարժեք դարձնել ու հավասարեցնել դավանական կամ համազգային պատերազմի անհրաժեշտությանը։

Հեղինակ՝ © Մհեր Բեյլերյան
Շարունակելի…

Theme: Overlay by Kaira