ԷԿՈՒՄԵՆԻԿ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ (ՄԻՆՉԵՎ 1960 Թ.)

Մասն Ա․

1 դեկտեմբերի, 2021 թ․

Ներկայում հաճախ ԶԼՄ-ներով հնչող կամ սոցիալական մեդիայում հանդիպող «էկումենիզմ» եզրը կիրառվում է տարբեր իմաստներով և կոնտեքստներում: Եզրը ծագում է հունարեն οἰκουμένη բառից, որը բառացի նշանակում էր «բնակեցված երկիր»: Քրիստոնեական գրականության մեջ «էկումենիկ» են կոչվում ամենակարևոր ժողովները, որոնք հայերենում անվանվում են «տիեզերական» (տարբեր եկեղեցիներ տարբեր թվով ժողովներ են համարում այդպիսին): Սակայն սա եզրի իմաստներից միայն մեկն է:
Այժմ այն կիրառվում է շատ ավելի լայն իմաստով և տարբեր իմաստներով, որոնցից են.
ա. Ամենահաճախն «էկումենիզմ»-ի կամ «էկումենիկ շարժման» տակ հասկացվում է քրիստոնեական տարբեր եկեղեցիների ու հարանվանությունների միջև ծավալված երկխոսությունը և համագործակցությունը, որն ավելի գործնական և ինստիտուցիոնալ տեսք ստացավ Երկրորդ աշխարհամարտից հետո:
բ. «Էկումենիզմ» ասելով հասկացվում է նաև քրիստոնեական եկեղեցիների միավորմանն ուղղված շարժումը:
գ. Եզրը կարող է գործածվել նաև տարբեր կրոնների երկխոսության և համագործակցության համատեքստում:

Ստորև կներկայացնենք էկումենիկ շարժման (վերը նշված առաջին իմաստով)՝ մինչև XX  դար 60-ական թթ. տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների, հանդիպումների տարեթվերը, ինչն օգտակար կլինի ընդհանուր պատկերացում կազմելու համար շարժման մասին. շեշտենք, որ «էկումենիզմ»-ի տակ նկատի ենք ունեցել ավելի լայն իմաստ, քան միայն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) կամ նման կառույցների գործունեությունն է: Այստեղ ներառվել և հատկապես շեշտադրվել են Հայ առաքելական եկեղեցու՝ էկումենիկ շարժմանը մասնակցության հետ կապված իրադարձությունները:

1. 1844 – Անգլիայում Ջորջ Ուիլյամի կողմից հիմնադրվում է Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ընկերությունը (Young Men’s Christian Association — YMCA)։
2. 1855
• Անգլիայում հիմնադրվում է Երիտասարդ կանանց քրիստոնեական ընկերությունը (Young Women’s Christian Association-YWCA)։
• Փարիզում տեղի է ունենում Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ընկերության առաջին համաշխարհային կոնգրեսը։
3. 1885 – Հիմնվում է Գերմանական միսիոներական խորհուրդը։
4. 1905 – Հիմնվում է Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների դաշնությունը։
5. 1908 – Հիմնվում է ԱՄՆ բողոքական եկեղեցիների միությունը։
6. 1910 – Էդինբուրգում (Շոտլանդիա) տեղի է ունենում Միսիոներական համաշխարհային կոնֆերանսը. երբեմն սա համարվում է էկումենիկ շարժման սկիզբն ազդարարող իրադարձությունը։
7. 1912 – Հիմնվում է Բրիտանական միսիոներական խորհուրդը։
8. 1920
• Կոստանդնուպոլսի տիեզերական աթոռի պատրիարքական տեղապահ Գենադիոս մետրոպոլիտը հրապարակում է շրջաբերական՝ դիմելով «Քրիստոսի եկեղեցիներին ամենուր» (“Koinonia ton Ekklesion”)։
• Ժնևում գումարվում է «Հավատք և կարգ» կոնֆերանսի նախնական հանդիպումը։
9. 1921 – Նյու Յորքում ստեղծվում Միջազգային միսրոներական խորհուրդը։
10. 1923 – Կոստանդնուպոլսում տեղի է ունենում համաուղղափառ հավաք, որը որոշում է անցնել նոր՝ Գրիգորյան տոմարի։
11. 1925 – Ստոկհոլմում (Շվեդիա) գումարվում է «Կյանք և գործ» շարժման կոնֆերանսը։
12. 1927 —  Լոզանում (Շվեյցարիա) գումարվում է «Հավատք և կարգ» հանձնախմբի առաջին կոնֆերանսը: Հայ եկեղեցին ունեցել է դիտորդ։
13. 1933 – “YMCA-PRESS” հրատարակչությունը լույս է ընծայում «Քրիստոնեական վերամիավորումը. Էկումենիկ խնդիրն օրթոդոքս գիտակցության մեջ» ժողովածուն, որի հեղինակներից էին հ. Սերգիյ Բուլգակովը, Նիկոլայ Բերդյաևը և ուրիշներ։
14. 1937
• Օքսֆորդում գումարվում է «Կյանք և գործ» շարժման կոնֆերանսը՝ «Եկեղեցին, համայնքը և պետությունը» խորագրով։
• Էդինբուրգում իր աշխատանքներն է սկսում «Հավատք և կարգ»-ի երկրորդ միջազգային կոնֆերանսը: Հայ եկեղեցին ունեցել է դիտորդ։
15. 1938
• Սկսվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ստեղծման ուղղությամբ աշխատանքը: Այն, սակայն ընդհատվում է Երկրորդ աշխարհամարտի պատճառով։
• Հնդկաստանում գումարվում է Միջազգային միսիոներական խորհրդի երրորդ կոնֆերանսը։
16. 1946 – Հոլանդացի նշանավոր էկումենիստ Վիսերտ Հուֆտը (Willem Adolph Visser’t Hooft) Բոսսեում (Շվեյցարիա) հիմնում է Էկումենիկ համալսարան։
17. 1947 – հիմնադրվում է Համաշխարհային լյութերական ֆեդերացիան։
18. 1948
• Օգոստոսին Ամստերդամում (օգոստոսի 22-սեպտ. 4-ը տեղի ունեցած համաժողովի ընթացքում) հիմնադրվում է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ), Վիսերտ Հուֆտն ընտրվում է գլխավոր քարտուղար: Ըստ էության ԵՀԽ-ն պիտի ձևավորվեր «Հավատք և կարգ» և «Կյանք և գործ» շարժումների միաձուլման արդյուքնում, ինչը, սակայն, վերջնականապես տեղի ունեցավ 1950 թ., Լունդում: Հայ եկեղեցին այս համաժողովին մասնակցել է դիտորդի կարգավիճակով։
• Մոսկվայում գումարվում է օրթոդոքս (ուղղափառ) 8 եկեղեցիների պետերի ժողովը՝ Մոսկվայի և համայն Ռուսիո Ալեքսիյ Ա (Սիմանսկի) պատրիարքի գլխավորությամբ, որն, ըստ էության, բացասական վերաբերմունք է արտահայտում ԵՀԽ-ի՝ որպես կառույցի հանդեպ: Մասնակցում է նաև Ամենայն Հայոց Գևորգ Զ. Չորեքչյան կաթողիկոսը, և Հայ եկեղեցին միանում է այդ որոշմանը։
19. 1950 – ԵՀԽ Կենտրոնական կոմիտեն Տորոնտոյում (Կանադա) գումարված նիստի ժամանակ հաստատում է «Տորոնտոյի հռչակագիրը», որի դրույթներից էր անդամ յուրաքանչյուր եկեղեցու ինքնուրույնության ընդունումը և ազատությունը՝ մերժելու ԵՀԽ կողմից արտահայտված ցանկացած հայտարարություն։
20. 1951 – Կոստանդնուպոլսի Աթենագորաս Ա պատրիարքը կոչ է անում երկխոսություն սկսել ոչ քաղկեդոնական եկեղեցիների հետ։
21. 1952 – Լունդում (Շվեդիա) գումարվում է «Հավատք և կարգ»-ի երրորդ միջազգային կոնֆերանսը։
22. 1954 – օգոստոսի 15-31-ին Էվանստոնում (ԱՄՆ) գումարվում է ԵՀԽ երկրորդ համաժողովը:  Հայ եկեղեցին այս համաժողովին մասնակցել է դիտորդի կարգավիճակով։
23. 1955 – Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Աթենագորաս Ա-ն մշտական ներկայացուցչություն է հիմնում Շամբեզիում (Շվեյցարիա)՝ ԵՀԽ-ում։
24. 1957
• ԱՄՆ Հայոց Արևելյան թեմն անդամակցում է ԱՄՆ Քրիստոսի եկեղեցիների ազգային խորհրդին։
• Հնդկաստանում հիմնվում է Արևելյան Ասիայի քրիստոնեական եկեղեցիների կոնֆերանսը։
25. 1958
• Ուտրեխտում (Հոլանդիա) հանդիպում են ԵՀԽ-ի և Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները։
• Հիմնվում է Համայն Աֆրիկայի եկեղեցիների կոնֆերանսը։
26. 1959
• ԵՀԽ գլխավոր քարտուղար Վիսերտ Հուֆտի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանում է ԽՍՀՄ՝ Մոսկվա, ապա նաև Ս. Էջմիածին։
• Կոստանդնուպոլսի Աթենագորաս Ա պատրիարքը հայտնի էկումենիստ Հակոբոս արքեպիսկոպոսին հանձնարարում է բանակցել Հովհաննես ԻԳ. պապի հետ. ընդունելությունը կայանում է 1959 թ. մարտի 17-ին, որը նման առաջին հանդիպումն էր 1547 թվականից հետո։
• Նյուբորգում (Դանիա) հիմնվում է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը։

Բնականաբար, այստեղ ներկայացված են ոչ բոլոր տարեթվերը, և ցանկն ընթացքում կհամալրվի: 1960-ական թվականների սկզբից էկումենիկ շարժումը նոր շունչ ստացավ, որը պայմանավորված էր տարբեր գործոններով. այդ իրադարձությունների ժամանակագրությունը կներկայացնենք հաջորդիվ:

(շարունակելի)
Կազմող՝ Գառնիկ Հարությունյան

Theme: Overlay by Kaira