Էսսե 3

Հատվածներ «Տասներկու էսսե աստվածպաշտության մասին» անտիպ ժողովածուի Էսսե #3-ից

14.04.2022

Քրիստոսի եռօրյա մահը՝ հապաղում

Հանս Հոլբայն Կրտսեր, «Մեռած Քրիստոսը», 1520-1522

«…մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին» (Ա Կորնթ. Ա 23)

Ավագ Ուրբաթ եկեղեցիներում խորհրդանշորեն կատարվում է Քրիստոսի Թաղման Կարգը, ու թափորով ուղեկցում ենք Տիրոջը դեպի…

Հապաղե՛նք մի պահ։ Ո՞ւր ենք ուղեկցում։ Ո՞ւմ ենք ուղեկցում։ Ինչո՞ւ։ Ուղեկցում ենք մեռած Քրիստոսին, երեք օր հետո Նրան նորից ողջերի մեջ դիմավորելու համար։ Դիմավորելու ենք այնպես, ինչպես դիմավորեցինք Ծննդին։ «Քրիստոս ծնվո՜ւմ է», ասաց Գրիգոր Աստվածաբանը. անընդհատ, հարատև, հավերժական Ծնունդ է Սուրբ Երրորդության Անձի Ծնունդը։ Բայց չասաց. «Քրիստոս մեռնո՜ւմ է», այլ՝ «Քրիստոս մեռա՛վ խաչի վրա», քանզի հավերժական չէր Նրա մահը։

Ավագ Ուրբաթ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու ծեսի, լալիս է Մայրը ու կանչում է Որդին. «Ո՞ւր ես, մա՜յր իմ»։ Ըստ Ասորի Ուղղափառ Եկեղեցու ծեսի՝ խաչափայտն էլ է լալիս. «Ինչո՞ւ, ի՞նչ մեղք էի գործել, որ Աստծո Որդին մեռավ ինձ վրա»։ Ծիսական այս խոսքերը բացատրում են, թե ծառը ի զորու չէր կրել մահը՝ կյանքի ամենաողբերգական պահը, Աստծո Որդու մահը՝ առավել ևս։ Մահը կրել ի զորու էր միայն Որդին, ու ոչ միայն կրել, այլև փոխարկել կյանքի, բայց մինչ այդ… հապաղեց Գեթսեմանիում։

Ի՞նչ էր եռօրյա մահը Քրիստոսի։ Չեմ հարցնի՝ ինչո՞ւ էր, «ինչուն» մենք, թերևս, գիտենք։ Գիտենք նաև «ինչպեսը», գոնե կարծում ենք այդպես։ Դարեր շարունակ միջդավանական վեճերում չարչրկվել, մաշվել ու դեռ չի սպառվել այդ «ինչպեսը». արդյոք մարմնո՞վ միայն մեռավ, թե՞ ոչ, արդյոք չարչարվե՞ց խաչի վրա, թե՞ ոչ, եթե չարչարվեց, ապա մարմի՞նը միայն, թե՞ նաև հոգին, թե՞ նաև աստվածությունը, եթե աստվածությունն էլ չարչարվեց, ուրեմն չարչարվեց նաև Հա՞յրը, իսկ եթե չչարչարվեց բնավ, ուրեմն երևութակա՞ն էր ամեն բան, եթե երևութական էր, ուրեմն փրկագործությունը թերի՞ է։ Ավագ Ուրբաթ արժե, որ ոչ պակաս կարևոր «ինչպես»-ից անցնենք այն հարցին, թե ի՞նչ էր եռօրյա մահը Քրիստոսի։ Ի՞նչ էր, եթե ոչ հապաղում։

Այս հարցում օգնության է գալիս Վերածնունդը։ Ո՛չ, Վոլտերը չէ, ո՛չ էլ Ռուսոն, ո՛չ էլ մյուս կարկառուն թեիստ ու աթեիստ մտածողները։ Թերևս, Շեքսպիրը միայն՝ իր հայտնի մարդ-հապաղողի ոչ պակաս չարչրկված հարցով՝ «լինե՞լ, թե՞ չլինել»։ Ինչպես հայր Ֆլորենսկին էր պնդում, շեքսպիրյան հերոսը հապաղում էր, քանի որ քայլ պետք է արվեր՝ հնի՝ Ամլետի, ու նորի՝ Համլետի դարերի միջև, պետք էր ընտրել դրանց միջև, և ընտրության պահից սկսած իրականությունը հավետ փոխվելու էր։

Անտոնելո դա Մեսինա, «Ավետում», 1475:

Քրիստոսի եռօրյա մահը հապաղում էր՝ դարակազմիկ փոփոխությունից առաջ, լռություն էր՝ խոսքի ու Խոսքի միջև, Օրենքի և Ավետարանի միջև։ Վերջակետից հետո «մի մատ խորքիցն» է հապաղումը, մի մատ խորքից նոր պատմություն գրելու ակնթարթն է, ակնթարթ է ու հավերժություն, ներկան է՝ անցյալի ու ապագայի միջև, վիտգենշտենյան մեկ վայրկյանով արթնությունն է քնից, «լինելու» հրամայականի ընկալման ընթացքն է, խո՜րը շունչ քաշելն է՝ մինչև կարտաշնչես փոփոխությունից, լուռ համաձայնությունից, «թո՛ղ Քո կամքը լինի»-ից առաջ։ Ուրեմն, փրկագործության տնօրինությունը հապաղումի, խոնարհման ու լուռ համաձայնության դինամիկան է։

Ու էլի Վերածնունդն՝ իր պատկերներով ու նշաններով։ Անտոնելո դա Մեսինան պատկերեց Աստվածածնին՝ Ավետիսն ստանալիս, Հոլբայն Կրտսերը՝ մեռած Քրիստոսին։ Հապաղեց Մարիամը լուրն առնելիս, ապա՝ խո՜րը շունչ, լուռ համաձայնություն ու՝ «թո՛ղ Քո կամքը լինի»։ Հապաղեց նաև Քրիստոսը Գեթսեմանիում, երբ արտաբերեց՝ «թե կարող ես, հեռու տա՛ր այս բաժակն ինձանից», ապա՝ խո՜րը շունչ ու՝ «թո՛ղ Քո կամքը լինի», թող լինի Իմ կամքը։

Քրիստոսի մահը՝ հապաղում, մեզ համար՝ սպասում, դանդաաա՜ղ ձգվող երեք օր։ Հոլբայն Կրտսերի «մեռած Քրիստոսը» ցնցեց Դոստոևսկուն և շատ ուրիշների. այնքան բնական էր պատկերված Մարդու Որդու մահն այստեղ-ու-հիմա։ Արվեստաբանների բույլը պնդեց՝ Հոլբայնի «մեռած Քրիստոսի» միջնամատը, որ դուրս է գալիս մահճից, Նրա կիսաբաց աչքերը՝ երկնքին հառած, խորհրդանշում են գալիք Հարությունը։ Այո՛, թերև՛ս։ Իսկ ի՞նչ է խորհրդանշում մեռած Քրիստոսի կիսաբաց բերանը…

Խոոո՜րը շունչ, դանդաաա՜ղ սահող երեք օր, երբ Տերը մեռած է, երբ Տերը մարդկանց աչքում հապաղում է։ Քրիստոսի մահը՝ հապաղում, անշարժություն՝ դիտորդի համար, իրականում՝ վերափոխիչ գործողություն։ Ահա մեռած պառկած է Աստված, բայց ի հեճուկս Նիցշեի, Աստված չի մեռել, պարզապես հապաղում է՝ եղածի և Լինելու միջև։ Խոոո՜րը շունչ, և ո՛չ թե անշունչ։ Անշնչությունը մի քանի վայրկյանով խորը պահած շունչն է ի վերջո, երեք օրով, որոնց ընթացքում խռովվում է Տերը, ու Իր խռովքում՝ ավերում է դժոխքն ու հաստատում Երկնային Երուսաղեմը։

Խոոո՜րը շունչ՝ մինչև Հարություն, մինչև հավերժական վերափոխում, մինչև մահվան վերջնական փոխարկումը կյանքի։

Ավագ Ուրբաթ Քրիստոսի Թաղման Կարգի ժամանակ թափորով ուղեկցում ենք Տիրոջը դեպի Հապաղում, դեպի Սպասում, դեպի Լինելը, որից հետո աշխարհը այլ է ու այլևս երբեք անՔրիստոս չի մնա։ Ավագ Ուրբաթ, ուրեմն, խոոո՜րը շունչ՝ երեք օրով, ու հետո՝ «Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց»։

© Ա.Մ.Օ.

Theme: Overlay by Kaira