Տալի՛թա, կումի՛

«Հայրոսի աղջկա հարությունը», © Վասիլիյ Պոլենով, 1871

18.01.2023

«Այդ պահից սկսած ես ուշքի չեկա և այլևս երբեք չեմ գա» (Վենեդիկտ Երոֆեև, «Մոսկվա-Պետուշկի»)
«Հավատը, որն անհուսությունն [ընդունելու] քաջությունը դարձնում է հնարավոր, լինելու ուժի ընդունումն է՝ անգամ չ-լինելու աքցանի մեջ» (Փոլ Թիլլիխ, «Լինելու քաջությունը»)

Առանց կասկածի հավատ չկա։ Կասկածը՝ մտքի պրպտում, սկիզբը՝ ճշմարտության փնտրտուքի, ճշմարտությունը գտնելու ու վերագտնելու սրտխփոցի ու սիրտմաշոցի մի ճանապարհ։ Իսկ կա՞ հավատ առանց հույսի, երբ այն մսխված է, ու խամրել են «հուսացած իրերը», որ մղեն նորից ճամփա ընկնելու, փնտրելու ու լցնելու դատարկված տիկը հույսի նոր գինով։ Կա՞ հավատ առանց հույսի։ Գուցե։ Բայց չկա առանց հույսի անհուսություն. ապրել թմբիրում, թե թմրել արթմնի՝ քաջ գիտենալով, որ սթափվելու ես, որ հնչելու է «Տալի՛թա, կո՛ւմի»-ն1, որ հիշելու ես քեզ՝ ինչպիսին որ կաս, որովհետև Աստծո «զօրութիւնը տկարութեան մեջ է ամբողջական դառնում» (2 Կորնթ. 12:9)։

«Յիշեսջիր և զմեզ առաջի Անմահ Գառինն Աստուծոյ», — ձայնում է Պատարագը մեր Եկեղեցում։ Խնդրում է քահանան Տիրոջն՝ Իրենից Իրեն առաջարկելով, թե հիշի՛ր մեզ, մեզ՝ այնպիսին, ինչպիսին որ կանք, մի՛ լքիր մեզ «չար օրում»,2 կանխի՛ր «էլի՜, էլի՜, լա՞մա սաբաքթանի»-ն3։ Այնպիսին, ինչպիսին որ կայինք՝ Դու միացրիր Քեզ, որ դառնանք այնպիսին, ինչպիսին ենք, ինչպիսին որ պետք է լինենք, ինչպիսին որ Դու ես։ «Յիշեա՛, Տէ՛ր»,- երգում է Պատարագը մեր Եկեղեցում, քանզի հավերժական Հիշողություն է Աստված, քանզի մեր լինելության գրավականն է հիշողությունը Նրա, ու Աստծո Սթափության հավերժական դաջվածքներն ենք մենք։ «Տալի՛թա, կո՛ւմի»՝ վե՛ր կաց, ուշքի ե՛կ, հիշի՛ր, թե ով ես։ Հիշի՛ր՝ քրիստոսանման ես, նոր է քո տիկը, ու լեցուն է տիկը Կենարար Գինով։ Հիշել մեզ՝ ինչպիսին որ կանք։ Թե մոռանում ենք, երբ մսխվում է հույսը, ու դատարկվում է տիկը ընդհուպ մինչ հատակ, ուրեմն մոռանում ենք մեզ՝ որպես քրիստոսանմանի, Նրան ենք մոռանում՝ Կենարար Գինուն։ Հիշել՝ մնալ սթափ, «դնել սաղավարտը փրկության հույսի» (1 Թես. 5:8)։

Ընկեցիկ է հավատն առանց կասկածի, ու որբ է անհուսությունը առանց հույսի։ Բայց անհուսությունը հղի է հույսով, ու հղի է թմբիրը գալիք սթափությամբ, ինչպես Սարայի ծիծաղն՝ Իսահակով, Աննայի աղոթքը՝ Սամուելով, Սողոսի կուրությունը՝ գալիք Պողոսով։ Անհուսությունը՝ թիլլիխյան «չ-լինելություն», անհուսությունը՝ Տալիթա. մի լարախաղաց, երկինք-երկիր միջանկյալ լարին թռչկոտող թրթիռ, մեռնելուց՝ ապրելու կոչը քունքերին տրոփող մարմին։ Անհուսությունը հղի է հույսով, թե դեռ կլսես՝ «Տալի՛թա, կո՛ւմի», լարը կկանգնի՝ անշարժ, հաստատուն. «Ամուր պահենք անխախտ հույսի դավանությունը» (Եբր. 10:23)։

Ո՛չ, կասես, անհուսությունը անապատ է մի, ուր չկա կոնստանտ (այս.՝ հաստատուն), ու կա փորձություն։ Բայց հղի է անապատը կանչողի ձայնով4, ու հղի է կանչողի ձայնը Կենարար Գինով։ «Տալիթա՛, կո՛ւմի»,- անապատում կանչողի ձայնն է։ Մարգարեական է ձայնը կանչողի. «Անհուսությունդ հույս ունի։ Ահա՛։ Ու հարթված են վաղուց Նրա շավիղները»։ Իսկ Հույսը՝ հաստատուն, հույսդ մի կոնստանտ, անապատի մեջ հույսդ մի կարոտ՝ ինքդ քեզ նորից հիշելու հանկարծ, ճամփա ընկնելու, տանելու այնտեղ, ուր եռում է Կենարար Գինին։

Անհուսությունդ լեցուն է Հույսով, կարոտ է տիկը Կենարար Գինուն, ու թմբիրը քո լիքն է սթափությամբ։ Ո՞ւր է ծվարել, ո՞ւր է ծրարվել սթափությունը քո, որտե՞ղ է մի օր՝ Միաշաբաթին ունկդ լսելու՝ «Տալի՛թա, կո՛ւմի»։ Ո՞ւր է թաքնվել, ո՞ւր է հայտնվում կանչողի ձայնը՝ այդքան սթափեցնող, որ կանչելու է ու հասանելու հիշողությանդ անհուն ջրերին, որ հիշես կրկին, ու հիշես հանկարծ, թե քրիստոսանման ես դու, ու պիտի՛ լինես, թե դաջված է սթափությունը քո Հիշողության մեջ Կենարար Գինու։ Եվ ինչպե՞ս արդյոք, ի՞նչ եղանակով… «Միջնորդութեամբ սուրբ և անմահ և Կենարար Պատարագիս»,- կանչողի ձայնն է մեր Եկեղեցում…

Էսսե #4, «Տասներկու էսսե աստվածպաշտության մասին» անտիպ ժողովածուից
© Ա.Մ.Օ.

  1. Բառացի՝ «Աղջիկ, վե՛ր կաց», Քրիստոսի արամեերեն խոսքերը Հայրոսի տասներկուամյա աղջկան հարություն տալիս (Մարկ. 5:35-43)։
  2. «Ուստի առէ՛ք Աստծու սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին» (Եփես. 6:13)։
  3. «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ ինձ լքեցիր» (Սաղմ. 21:2)։ Դավթի մարգարեությունը, որն իրականանում է Քրիստոսի շուրթերով՝ խաչի վրա, երբ կանչում է՝ «Էլի՜, էլի՜ լա՞մա սաբաքթանի, որ թարգմանվում է՝ Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մարկ. 15:34)։
  4. Անապատում կանչողի ձայնը Հովհաննես Մկրտիչն է, որ մարգարեանում է Քրիստոսի գալստի մասին, կանչելով՝ «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը, և հարթեցե՛ք մեր Աստծու շավիղները» (Ես. 40:3):
Theme: Overlay by Kaira