Էսսե #5

«Քրիստոսը Պիղատոսի առաջ» (1555-1558), © Անդրեա Սկյավոնե (Andrea Schiavone, 1500-1563)

09.05.2023

Հարցը պետք է հնչի. «Պատրա՞ստ ես ծառայել մեկ տիրոջ»

— Ո՞ւմ ուղարկեմ, կամ ո՞վ կգնա մեզ համար։
— Ահավասի՛կ ես, ի՛նձ ուղարկիր (Ես. 6։8):

«Մարդը միավորվում է ուրիշին երկխոսության միջոցով, որտեղ կենտրոնական դերը հատկացված է հարցերին և պատասխաններին»
(Յոզեֆ Տիշներ, Դրամայի փիլիսոփայություն)

***
«Իսկ ի՞նչ է ճշմարտությունը»,-հնչում է Պիղատոսի հարցը։ «Ես եմ ճշմարտությունն ու Կյանքը»,-բացվում ու ինքնաբացահայտվում է Ճշմարտությունը։ Քրիստոս-Լոգոսը՝ Բանն Աստծո, հարց է ու պատասխան՝ ուղղված աշխարհին, այն երկխոսություն է՝ Ինքն իր մեջ ու մեզ հետ, Ճշմարտությունն է, որում է՛ Կյանքը, որ բացվում է բոլոր դարերի կասկածից ծնված հարցերի հարցում. «Ի՞նչ է ճշմարտությունը»։

***
Հարցը պե՛տք է հնչի, այն պե՛տք է հնչի միշտ, քանի որ երկխոսության մեջ է բացահայտվում ճշմարտությունն, ու բացահայտվելով՝ ճշմարտությունն ազատ է արձակում։ Հարցը պետք է հնչի, ու կարևոր էլ չէ պատասխանի իսկությունը, ճշմարտությունը միևնույն է կգտնի բացահայտվելու ուղին։ Քրիստոնեության մեծագույն պատվիրաններից մեկը՝ «սիրի՛ր մերձավորիդ», նաև երկխոսության մեջ է՝ ուրիշին ճշմարտության բացման հետ զրույցի մեջ ներգրավելը, ուրիշին ազատ լինելու ու մնալու կոչելն ու կանչելը, ուրիշին՝ ներելու ու ներված լինելու քրիստոնեական սիրո դրսևորման եզակի հնարավորություն ընձեռելը։

Հարցը պետք է հնչի։ Այն պետք է հանդիպի հասցեատիրոջն, ու կարևոր էլ չէ, թե պատասխանը լռությունն է, որովհետև հարցն արդեն հնչել է. գուցե հնչելով՝ այն դարձել է խնդրական աղոթք՝ ուղղված Աստծուն, կամ գուցե ուրիշի սրտին է դիպչել՝ սրտի ուղիներ փնտրել դրդելով, դառնացրել է խիղճը, բարձրացրել է գուցե տիշներյան ամոթի շղարշն ուրիշի դեմքից,1 բայց կարևորը՝ այն ստեղծել է աղջամուղջը, որում կարող է և պետք է բացվի ճշմարտության լույսը՝ որպես ինքդ ինքդ լինելու ու մնալու ազատության հնարավորություն։

Հնչող հարցը քրիստոնյայի պայքարն է մերձավորի համար. «Հուդա՛, համբույրո՞վ ես մատնում Մարդու Որդուն» (Ղուկ. 22:48),- հարցնում է Տերը։ Այն բացում է ճշմարտությունն ու հանդիպելով Հուդա-հասցեատիրոջը՝ ցնցում է նրա էության հիմքերը, ջնջում է պատրանքն (praestigium) ու վերադարձնում նրան ինքն իրեն։ Քրիստոնեական գթասրտության խտանյութն է հնչող հարցը՝ երկխոսության կանչող, վախը փարատող, շղարշը բարձրացնող, դիմակը հանող, ինքդ քեզ վերադարձնող, կասկածը փշրող, ճշմարտությունը՝ գերագույն իրականությունը, հաստատող։

Հարցը պետք է հնչի, ու աղջամուղջը լցվի լուսաբացով։ Գուցե թե կանչի՞ լուսաբացին աքաղաղը, գուցե թե բազմապատկվի՞ ուրացումը երեքով, բայց հարցն արդեն հնչել է, ու չկա հետդարձի ճանապարհ… առջևում է ապաշխարման ու ներման, աճի ու հասունացման, գիտակցման ու ազատագրման նեղլիկ մի կածան։ Հարցուպատասխանի մեջ է ազատագրումը, «մարդու՝ ուրիշին միավորվելը», ապրվող ու կենդանի քրիստոնեությունը։ Ապրո՞ւմ ենք արդյոք քրիստոնեությունը, թե՞ մտավարժում ենք այն, լույսի որդինե՞ր ենք իրոք, թե՞ գնոստիկներ, որ իրենց բացառիկությունն են փնտրում սեփական գրքերում,2 ու վախով, որ կառերեսվեն հարցին, վախով, որ կառերեսվեն երկխոսությանը, որ կհանդիպեն ուրիշին ու Ուրիշին։ Ապրե՛լ քրիստոնեությունը, ո՛չ թե մտավարժել այն, ցո՛ւյց տալ օրինակով, ո՛չ թե երևակայել, հարցադրո՛ւմ անել ու առերեսվե՛լ հարցին. սա՛ է կենդանի հավատը՝ «հավատը, որ սիրով է գործում» (Գաղ. 5։6)։
***
Հարցը պետք է հնչի։ Քրիստոնեության մեծագույն պատվիրանը՝ «սիրի՛ր քո Տեր Աստծուն», Նրա հարցին պատասխանելու մեջ է նաև։ Իսկ ո՞րն է հարցը դարի քրիստոնյային։ «Պատրա՞ստ ես ծառայել մեկ Տիրոջ»,- հնչում է հարցը դարում, որն անհարկի ու անիմաստ պիտակավորվել է «հետ-քրիստոնեական»։ Աղմկում է դարը բոլոր խողովակներով՝ «կարո՛ղ ես ծառայել երկու տիրոջ ու մնալ քրիստոնյա, կարո՛ղ ես», բայց ձայնում է Ավետարանը Տիրոջ շուրթերով՝ «չե՛ս կարող ծառայել երկու տիրոջ» (Ղուկ. 16:13), չունե՛ս այդպիսի պատվիրան։

Քրիստոնեությունն այսօր հարց է՝ նետված դարին՝ «պատրա՞ստ ես լինել ազատ՝ ծառայել մեկ տիրոջ՝ Ճշմարտությանը», ու միաժամանակ պատասխան է «հետ-ճշմարտության» դարում չտրվող հարցին. «Ե՛ս եմ Ճշմարտությունն ու Կյանքը»։ Ու դարձյալ, «Ո՞վ ես, Տե՛ր» պողոսյան հարցի պատասխանն է քրիստոնեությունն այսօր՝ «Նա՛ եմ, ում հալածում ես» (հմմտ. Գործք. 9:5) դարի բոլոր խողովակներով։

Քրիստոնեությունը երկխոսություն է բոլոր դարերում, Աստծո հարահունչ հարցն է մեզ. «Ո՞ւմ ուղարկեմ, կամ ո՞վ կգնա մեզ համար»,3 և մեր պատասխանն է. «Ահավասի՛կ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։8)։ Քրիստոնեությունը բացահայտ ընտրություն է բոլոր դարերում՝ ծանր, բայց սիրով, ցավոտ, բայց ազատագրող,… որովհետև՝ «չե՛ս կարող ճրագ վառել ու կաթսայի տակ թաքցնել» (Ղուկ. 8։16), որովհետև՝ «չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի» (Մատթ. 10։26), որովհետև՝ «ինչ ձեզ ասում եմ խավարի մեջ, դուք ասացեք լույսի՛ մէջ. և ինչ լսում եք ականջի մեջ փսփսուքով, հրապարակեցեք տանիքների՛ վրայից» (Մատթ. 10։27):

Էսսե #5. «Տասներկու էսսե աստվածպաշտության մասին» անտիպ ժողովածուից
© Ա.Մ.Օ.

  1. Յոզեֆ Տիշների կարծիքով հանդիպումն ու երկխոսությունն ուրիշի հետ հնարավոր է միայն, եթե դեմքը ծածկող շղարշն ընկած է, իսկ դեմքը շղարշով ծածկելը սովորաբար ամոթով է պայմանավորված, բայց ավելի վատ է, երբ դեմքը դիմակ է կրում, քանի որ շղարշն ընդամենը թաքցնում է, այնինչ դիմակը ստում է։ Տե՛ս, Józef Tischner, Filozofia dramatu (Wprowadzenie: Wydawnictwo Znak, Cracow, 2001), 31.
  2. Այս առումով կարելի է հիշել Տիրոջ խոսքերը. «Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք» (Հովհ. 5:39), «բայց գիտեմ ձեզ, որ Աստծո հանդեպ սեր չունեք ձեր մեջ» (Հովհ. 5:42):
  3. Եսայու՝ մարգարե օծվելու դրվագն է, երբ Տիրոջ Հոգին «փնտրում» էր մեկին՝ մարգարեության շնորհով օծելու և իր ժողովրդի մոտ ուղարկելու համար, և Եսային պատասխանում է Տիրոջ «ո՞ւմ ուղարկեմ, կամ ո՞վ կգնա» կանչին։ Մարգարեի առաքելությունը ծանր էր, քանի որ մարգարեները սովորաբար չէին ընդունվում ժողովրդի կողմից, տանջանքների ու կտտանքների էին ենթարկվում, բայց Եսային չի խորշում այդ առաքելությունից և իր կամքով ընդունում է մարգարեության շնորհը։
Theme: Overlay by Kaira