Մաս Ա

ՆԻԿՈԼԱՅ Ա. ԲԵՐԴՅԱԵՎ.
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՆԱՐԺԱՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.06.2022

Նիկոլայ Բերդյաև

Ջովաննի Բոկաչչոն մի պատմվածք ունի հրեայի մասին, որի քրիստոնյա ընկերը հորդորում էր նրան՝ընդունել քրիստոնեություն։ Հրեան ինքն էլ հակված էր, բայց վերջնականապես որոշելու նպատակով ցանկանում է մեկնել Հռոմ, ծանոթանալ պապի ու կարդինալների կենսակերպին, տեսնել, թե ինչպիսին է այն մարդկանց կյանքը, որոնք գլխավորում են Եկեղեցին: Քրիստոնյային վախեցնում է ընկերոջ մտադրությունը․ նա հասկանում է, որ իր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ հրեան, իհարկե, կհրաժարվի քրիստոնեությունից, երբ տեսնի այն ողջ այլանդակությունը, որ կատարվում է Հռոմում:

Հրեան մեկնեց ու տեսավ երեսպաշտություն, պղծություն, որկրամոլություն, շահամոլություն, որոնք այդ ժամանակներում տիրում էին պապական արքունիքում` հռոմեական հոգևորականության շրջանակներում, և այդ փորձությունը բավականին անսպասելի արդյունք տվեց։ Երբ վերադարձավ՝ քրիստոնյա ընկերը վախը սրտում հարցրեց Հռոմից ստացած տպավորությունների մասին: Պատասխանն իսկապես անսպասելի էր, և շատ խորը իմաստ էր կրում: Եթե քրիստոնեական հավատքը կարողացել է դիմակայել այն ողջ այլադակությանն ու գարշելիությանը, որ նա տեսել էր Հռոմում և, չնայած այդ ամենին, նույնիսկ ամրապնդվել ու ընդլայնվել է, նշանակում է դա ճշմարիտ հավատք է: Հրեան մկրտվեց և դարձավ քրիստոնյա:

Անկախ այն բանից, թե անձամբ Բոկաչչոն ինչ նկատի ուներ այս պատմվածքում, այնուամենայնիվ, այստեղ ցույց է տրվում քրիստոնեությունը պաշտպանելու իրական ճանապարհը: Քրիստոնեության դեմ ամենամեծ առարկությունը հենց իրենք` քրիստոնյաներն են: Նրանք գայթակղություն են այն մարդկանց համար, որոնք ցանկանում են քրիստոնեություն ընդունել: Մեր ժամանակներում հատկապես այս փաստն են շահարկում քրիստոնեության դեմ:

Ներկայիս համատարած անհավատության շրջանում քրիստոնեության մասին դատողություններ են անում բացառապես քրիստոնյաներով, մինչդեռ հնում, հավատի ժամանակներում, այդ դատողությունները նախ և առաջ պայմանավորված էին նրա անմահ ճշմարտությամբ, նրա ուսմունքով ու պատգամներով: Սակայն մեր դարաշրջանը չափազանց տարված է մարդու և մարդկային գործոնով։ Վատ քրիստոնյաներն իրենցով ստվերել են քրիստոնեությունը: Նրանց ճղճիմ գործերը, նրանց կողմից քրիստոնեության խեղաթյուրումը, բռնությունները շատ ավելի են հետաքրքրության արժանանում, քան բուն քրիստոնեությունը, շատ ավելի են աչքի զարնում, քան քրիստոնեության մեծագույն ճշմարտությունը: Քրիստոնեությունը սիրո կրոն է, սակայն նրա մասին դատում են քրիստոնյաների գործած չարությամբ ու ատելությամբ: Քրիստոնեությունն ազատության կրոն է, բայց նրա մասին դատում են բռնությամբ, որ կատարել են քրիստոնյաները պատմության ընթացքում: Այդպիսիք են վարկաբեկել քրիստոնեական կրոնն ու գայթակղություն դարձել շատերի համար:

Հաճախ է մատնանշվում, որ այլ կրոնների ներկայացուցիչներ, ինչպիսիք են` բուդդիստները, մուսուլմանները, հրեաները, քրիստոնյաներից ավելի լավն են, շատ ավելի բարեպաշտ են ու հետևում են իրենց կրոնի պատվիրաններին: Մատնանշում են նաև բացարձակ անհավատներին, անգամ՝ աթեիստներին ու նյութապաշտներին, որոնք, ի տարբերություն քրիստոնյաների՝ իդեալիստներ են կյանքում և ավելի պատրաստ են զոհողությունների: Սակայն, բազմաթիվ քրիստոնյաների անարժան ու անազնիվ լինելը պայմանավորված է հենց այն բանով, որ նրանք առհասարակ չեն հետևում քրիստոնեական պատվիրաններին, ավելին` դավաճանում ու աղավաղում են դրանք: Ինչպե՞ս կարելի է քննադատել քրիստոնեությունը քրիստոնյաների անարժան լինելու պատճառով, երբ այդ նույն մարդկանց մեղադրում են քրիստոնեության արժեհամակարգին չհամապատասխանելու համար: Սա բացահայտ հակասություն է:

Եթե այլ կրոնների հետևորդները հաճախ ավելի բարեպաշտ են, ապա պատճառն այն է, որ նրանց կրոնների պատվիրաններն ավելի դյուրին են, քան քրիստոնեական պատվիրանները, որոնց նշաձողն անհամեմատ բարձր է:

Չափազանց բարդ է կյանքում իրագործել սիրո կրոնը, սակայն դրանից այն չի դառնում պակաս հզոր և ճշմարիտ: Քրիստոնեությունը մեղավոր չէ, որ նրա ճշմարտությունը չեն իրագործում և կյանքի չեն կոչում։ Քրիստոս մեղավոր չէ, որ Իր պատգամները ոտնատակ են անում: Հավատացյալ հրեաները սիրում են մատնանշել, որ իրենց կրոնի մեծագույն առավելությունն այն է, որ իրենք կատարում են նրա բոլոր պատվիրանները: Իրականում հրեական կրոնը հնարավորինս հարմարեցված է մարդկային բնությանը, ավելի հեշտ իրագործելի է, ավելի քան համապատասխանում է աշխարհիկ կյանքի նպատակներին և աննշան զոհողություններ է պահանջում: Քրիստոնեական կրոնն ամենաբարդն է, ամենից անիրագործելին, այն հնարավորինս հակազդում է մարդկային բնությանը և անասելի զոհաբերություններ է պահանջում մարդուց: Հուդայականության ներկայացուցիչների համար քրիստոնեությունն անուրջների կրոն է, որը կյանքի համար պիտանի չէ, ուստի և վնասակար է։

Մենք հաճախ ենք մարդկանց բարոյական արժանիքները չափում ըստ իրենց կրոնի և իդեալների։ Եթե նյութապաշտն իր աշխարհայեցողությանը համապատասխան լավ մարդ է, նվիրված՝ սեփական գաղափարներին, պատրաստ դրանց համար զոհողությունների գնալու, ապա նա շշմեցնում է իր վեհությամբ ու նրան որպես օրինակ են բերում։

Քրիստոնյայի համար անսահման դժվար է սեփական հավատի բարձունքին լինել, քանի որ դրա համար նա պետք է սիրի թշնամուն, կրի իր խաչը, հերոսաբար դիմակայի կյանքի բազմաթիվ գայթակղություններին, ինչը չպետք է անի ո՛չ հավատացյալ հրեան, ո՛չ մուսուլմանը, և ո՛չ էլ նյութապաշտը: Քրիստոնեությունն ուղղորդում է մեր կյանքն ամենամեծ դիմադրության շավիղով․ քրիստոնյայի կյանքը ինքնախաչելություն է։

Հաճախ է ասվում, որ քրիստոնեությունը ձախողվել և չի իրագործվել պատմական գոյատևման ընթացքում։ Դա դիտարկվում է որպես քրիստոնեության դեմ հիմնավոր փաստարկ։ Միայն քրիստոնյաները չեն, որ վարկաբեկում են քրիստոնեությունը, այն վարկաբեկվում է նաև քրիստոնեության պատմության ու Եկեղեցու պատմության կողմից։ Եվ հանուն ճշմարտության պետք է ասել, որ Եկեղեցու պատմության գրքերի ընթերցանությունը կարող է գայթակղություն դառնալ նրանց համար, որոնց հավատքը երերուն հիմքերի վրա է։ Այդ գրքերը պատմում են քրիստոնեական աշխարհում մարդկային կրքերի ու հետաքրքրությունների մասին, մեղավոր մարդու գիտակցության մեջ քրիստոնեական ճշմարտության խեղաթյուրման ու աղավաղման մասին։ Դրանք հաճախ պատկերում են եկեղեցական պատմությունը պետության պատմության նմանողությամբ, որտեղ կան դիվանագիտական հարաբերություններ, պատերազմներ և այլն։

Եկեղեցական կյանքի արտաքին կողմն աչքի է զարնում և շատ հեշտությամբ ենթարկվում շարադրանքի․ դրա մասին կարելի է պատմել բոլորին հասանելի ձևով։ Ինչ վերաբերում է ներքին կողմին՝ Եկեղեցու հոգևոր կյանքին, մարդկանց առ Աստված դարձին, սրբության հասնելուն, ապա դա այնքան էլ տեսանելի չէ և դժվար է դրա մասին պատմել, այդ ներքին կողմը մնում է թաքնված արտաքին պատմության ստվերում։ Վատ բաները մարդիկ ավելի հեշտ են նկատում, նրանք ավելի հակված են տեսնելու կյանքի արտաքին, քան ներքին կողմը։ Մենք հեշտությամբ ենք մարդկանց մասին ինչ-որ բան իմանում նրանց արտաքին կյանքից, օրինակ՝ ինչպես են առևտրային գործունեություն ծավալում, զբաղվում քաղաքականությամբ, ինչպիսին են ընտանեկան կամ հասարակական կյանքում։ Բայց արդյո՞ք հաճախ ենք մտածում, թե ինչպես են այդ մարդիկ աղոթում Աստծուն, ինչպես է ընթանում նրանց ներքին, հոգևոր կյանքը, պայքարը սեփական մեղսավոր բնության դեմ։ Սովորաբար այդ մասին մենք ոչինչ չգիտենք, անգամ չենք էլ ենթադրում մեզ հանդիպած մարդկանց հոգևոր կյանքի գոյության մասին, կամ գիտենք միայն այն մարդկանց պարագայում, որոնց սիրում ենք և որոնց հանդեպ առանձնահատուկ ուշադիր ենք։ Բոլորին հասու արտաքին կյանքի մեջ հեշտությամբ ենք նկատում մեղսավոր կրքերի ազդեցությունը, իսկ թե ոգու ինչպիսի մաքառումներ են թաքնված այդ արտաքին կյանքի հետևում, առ Աստված ինչպիսի վերելքներ, Քրիստոսի ճշմարտությունն իրագործելու ինչպիսի տանջալից ջանքեր են գործադրվում, մենք չգիտենք, կամ չենք ուզում իմանալ։ Մեզ պատվիրված է չդատել մերձավորին, բայց մենք մշտապես դատում ենք նրանց արտաքին գործերով, դեմքի արտահայտությամբ, առանց ներթափանցելու ներքին աշխարհի մեջ։ Նույնկերպ էլ քրիստոնյա մարդկության պատմության մասին չի կարելի դատել արտաքին գործերով ու մեղքերով, որոնք աղավաղում են քրիստոնեության դիմագիծը։

Մենք մշտապես պիտի հիշենք, թե ինչեր են ստիպված եղել հաղթահարել քրիստոնյա ժողովուրդներն իրենց պատմության ընթացքում, ինչպիսի տանջալից պայքար է տարվել սեփական մեղսավոր բնության, վաղեմի հեթանոսության ու հնամենի բարբարոսության դեմ։ Քրիստոնեությունը ստիպված է եղել վերափոխել մատերիան, որը սարսափելի դիմադրություն էր ցուցաբերում քրիստոնեական ոգուն։ Անհրաժեշտ էր սիրո կրոնը դաստիարակել մի այնպիսի հասարակարգի մեջ, որը լի էր բռնությամբ ու դաժանությամբ։ Քրիստոս եկել էր փրկելու ոչ թե առողջներին, այլ՝ հիվանդներին, ոչ թե արդարներին, այլ՝ մեղավորներին։ Եվ մարդկային ցեղը, որն ընդունեց քրիստոնեությունը, հիվանդ ու մեղսավոր ցեղ էր։

Քրիստոսի Եկեղեցին ամենևին էլ կոչված չէ կյանքի արտաքին կազմակերպման համար և ոչ էլ կոչված է չարին արտաքուստ, բռնությամբ հաղթահարելուն։ Նա ամենն ակնկալում է ներքին, հոգևոր վերածննդից, մարդկային ազատության ու աստվածային շնորհի փոխազդեցությունից։ Իր բնույթով քրիստոնեությունը չի կարող բռնի կերպով ոչնչացնել արմատական չարը մարդկային բնությունից․ այն ընդունում է մարդու ազատությունը։

Սոցիալիստ-նյութապաշտները սիրում են ասել, որ քրիստոնեությունը ձախողվել է և չի կարողացել իրականություն դարձնել Աստծո արքայությունը երկրի վրա: Արդեն 2000 տարի է անցել, ինչ Փրկիչն աշխարհ է եկել, բայց չարը շարունակում է գոյատևել և նույնիսկ ավելի է շատացել: Աշխարհը թաղված է տանջանքների մեջ, կյանքի տառապանքն ամենևին էլ չի նվազել այն բանից, որ իրականացվել է փրկությունը: Սոցիալիստ-նյութապաշտները խոստանում էին առանց Աստծո և Քրիստոսի իրականացնել այն, ինչը չհաջողվեց քրիստոնեությանը. այն է` մարդկանց միջև եղբայրություն, ճշմարտություն և խաղաղություն` հասարակական կյանքում, այլ կերպ ասած` «Աստծո արքայություն» երկրի վրա:

Նյութապաշտական սոցիալիզմի իրականացման միակ փորձը, որը մենք գիտենք, ռուսների փորձն էր, սակայն այն իրեն չարդարացրեց: Աշխարհում ճշմարտություն հաստատելու, չարն ու տառապանքը վերացնելու նյութապաշտական սոցիալիզմի խոստումը պետք է իրականացվեր ոչ թե մարդկային ազատության միջոցով, այլ նրա հանդեպ բռնությամբ, սոցիալական կազմակերպմանմիջոցով, որը պարտավոր էր չարը արտաքուստ դարձնել անհնարին: Անհրաժեշտ էր հասարակական պարտադրանքով մարդկանց դրդել բարեգործության, դրդել դեպի լավը, ճշմարիտը: Ահա սրանում էր սոցիալիզմի մեծագույն տարբերությունը քրիստոնեությունից:

Այսպես կոչված` «քրիստոնեության ձախողումը պատմության մեջ» ձախողում է՝ կապված մարդկային ազատության հետ, այն դիմադրության հետ, որ ցուցաբերում է մարդկային ազատությունն ընդդեմ Քրիստոսի ճշմարտության, չար կամքի դիմադրության հետ, որն արտաքուստ սանձահարել ու ստիպել հակվել առ բարին քրիստոնեական կրոնը հնարավոր չի համարում: Այն չի ուզում բռնություն կիրառել, քանի որ քրիստոնեական ճշմարտությունն ազատության մեջ է, որով էլ պետք է իրականանա ներքին հոգևոր հաղթանակը չարի հանդեպ: Պետությունը կարող է արտաքուստ և ստիպողաբար սահման դնել չար կամքի արտահայտման վրա․ նա դրա համար էլ կոչված է, սակայն այդ ճանապարհով չեն հաղթահարվում արմատական չարն ու մեղքը: Մատերիալիստական սոցիալիզմն իր առջև նման խնդիր չէր դրել, քանի որ նրա համար առհասարակ գոյություն չուներ չարի, մեղքի, ներքին հոգևոր կյանքի խնդիր, նրա համար կար զուտ տառապանքի հարց, սոցիալական անարդարության և հասարակության արտաքին կազմակերպման խնդիր։

Աստված չի ցանկանում բռնանալ, Նա չի ուզում ճշմարտության արտաքուստ հաղթանակ, Նա ցանկանում է, որ մարդն ազատ լինի։ Ուստի, կարելի է ասել, որ Աստված հանդուրժում է չարը և բռնի կերպով այն չի վերացնում, այլ ծառայեցնում է բարի նպատակների համար։ Հատկապես Քրիստոսի ճշմարտությունը չի կարող իրականացվել բռնությամբ: Կոմունիզմն ուզում է հաստատել իր ճշմարտությունը բռնության ճանապարհով, հերքում է կամքի ազատությունը, քանի որ չի ընդունում հոգու գոյությունը և այդ պատճառով էլ նրա համար հեշտ է իրագործել այդ ճշմարտությունը։

Ահա, թե ինչու է քրիստոնեության դեմ փաստարկը, իբրև թե այն ձախողվել է պատմության մեջ, այդքան թույլ և անկարող։ Աստծո արքայությունը չի կարելի ստիպողաբար ընդունել, այն հնարավոր չէ իրականացնել առանց հոգևոր վերածննդի, որը մշտապես ենթադրում է ոգու ազատություն: Քրիստոնեությունը Խաչի կրոն է, այն ընդունում է տառապանքի իմաստը։ Քրիստոս հորդորում է մեզ վերցնել սեփական խաչն ու տանել այն, կրել մեղսավոր աշխարհի բեռն ու լուծը։ Երկրի վրա Աստծո արքայության իրականացումը, երկրային երջանկությունն ու արդարությունն առանց խաչի ու տառապանքի մեծագույն կեղծիք է քրիստոնեական գիտակցության համար։ Դա այն գայթակղություններից մեկն է, որից հրաժարվեց Քրիստոս անապատում, երբ նրան ցույց տրվեց այս աշխարհի արքայությունն ու առաջարկվեց երկրպագել այն։ Քրիստոնեությունն ամենևին էլ չի խոստանում, որ անպայմանորեն հաղթանակ կտանի այս աշխարհում։ Քրիստոս անգամ կասկածում է, թե երկրի վրա հավատք կգտնի, երբ ժամանակների լրմանը վերադառնա, և կանխատեսում է, որ սերը կցամաքի։

Լև Տոլստոյը գտնում էր, որ հեշտ է իրագործել Քրիստոսի պատվիրանները, որ դրա համար բավարար է միայն գիտակցել դրանց ճշմարտացիությունը։ Սակայն դա նրա չափից դուրս տրամաբանական մտածողության արդյունքն էր, որի համար փակ էր թե՛ ազատության, թե՛ շնորհի խորհուրդը։ Դա լավատեսություն էր, որ հակասում էր կյանքի խորը լրջությանն ու ողբերգականությանը։ Պողոս առաքյալն ասում է․ «Որովհետև ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում։ Իսկ եթե անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլևս ես չեմ, որ անում եմ այն, այլ՝ իմ մեջ բնակվող մեղքը» (Հռոմ․ 7:19-20): Ահա քրիստոնյաներից մեծագույնի վկայությունը, որը բացում է մեզ համար մարդկային սրտի խորությունը։ Այսպիսով, հասկանում ենք, որ «քրիստոնեության ձախողումը» մարդկային ձախողում է, այլ ոչ թե աստվածային։

Քրիստոնեության աստվածային ճշմարտությունն ընկալվում է մարդկանց կողմից և բեկվում նրանց մեղսավոր բնության, սահմանափակ գիտակցության մեջ։ Քրիստոնեական հայտնությունն ու կրոնական կյանքը, ինչպես և ցանկացած հայտնություն ու ցանկացած կրոնական կյանք, ենթադրում է ոչ միայն Աստծո, այլև մարդու կեցություն։ Եվ ահա մարդը, չնայած լուսավորվում է Աստծուց բխող շնորհով, այդուհանդերձ, Աստծո լույսն ընկալում է իր հոգևոր տեսողությանը համապատասխան, և Աստվածային հայտնության վրա իր բնության ու գիտակցության սահմաններն է դնում։

Աստված հայտնեց Իրեն հրեա ժողովրդին, և այդ մասին ասված է Սուրբ Գրքում, բայց զայրույթը, խանդն ու վրեժխնդրությունը, որոնք արտահայտում է Յահվեն Աստվածաշնչում, Աստծո հատկանիշները չեն՝ վերցված Նրա բնությունից, այլ ներկայացնում են Աստծո կերպարը հրեական ժողովրդի գիտակցության պրիզմայով։ Դա էր ժողովրդի կողմից Աստծուն ընկալելու միջոցը․ այն ժողովրդի, որին հատուկ էր զայրույթը, խանդն ու վրեժխնդրությունը։

Քրիստոնեական ճշմարտությունը ոչ միայն սահմանափակ կերպով է ընկալվել մարդկանց կողմից, այլև աղճատվել է։ Աղճատվել է թե՛ Աստծո մասին ուսմունքը, որին հաճախ պատկերացնում էին որպես արևելյան բռնապետ ու ինքնակալ միապետ, թե՛ քավության մասին ուսմունքը, որը հասկանում էին ինչպես դատական մի գործընթաց, որը նեղացած ու զայրացած Աստված հարուցել էր մարդու դեմ՝ Իր կամքը չկատարելու համար։ Եվ, այդպիսով, քրիստոնեական դավանանքի այդ աղճատված, մարդկայնորեն սահմանափակ ըմբռնումը քրիստոնեությունից հեռացման պատճառ դարձավ։

«Եկեղեցի» հասկացությունը ևս աղավաղված էր։ Եկեղեցին ընկալում էին արտաքին գործոններով՝ ասոցացնելով հիերարխիայի, ծեսերի, եկեղեցի հաճախող քրիստոնյաների մեղքերի հետ և դիտարկում էին այն որպես ինչ-որ հաստատություն։ Եկեղեցու ավելի խորն ու ներքին ընկալումը, որպես հոգևոր օրգանիզմ՝ որպես Քրիստոսի խորհրդավոր մարմին (ըստ Պողոս առաքյալի սահմանման) մղվում էր երկրորդ պլան, և քչերին էր հասու։ Ս․ Պատարագը, խորհուրդներն ընկալվում էին որպես արարողություն և արարողության պես էլ մոտենում էին դրանց։ Պատարագի իրական, խորհրդավոր իմաստը ծածուկ էր մնում նրանցից, ովքեր արտաքուստ էին քրիստոնյա։ Այդ պատճառով էլ նրանք հեշտությամբ էին լքում Եկեղեցին՝ գայթակղվելով հոգևորականության արատներից, եկեղեցական հաստատությունների թերություններից, որոնք այնքա՜ն նման էին պետական հաստատությանը՝ իրենց ձևական մոտեցմամբ ու կեղծ բարեպաշտությամբ։

Մինչդեռ անհրաժեշտ է մշտապես հիշել, որ Եկեղեցում կա և՛ աստվածային, և՛ մարդկային կողմ, և որ Եկեղեցու կյանքն աստվածամարդկային կյանք է, դա Աստվածության ու մարդկության փոխազդեցություն է։ Եկեղեցու աստվածային հիմքը հավերժ է և անսխալական, սուրբ և մաքուր, այն չի կարող աղճատվել։ Եկեղեցու աստվածային կողմը Քրիստոս Ինքն է՝ Եկեղեցու գլուխը, ավետարանական բարոյական ուսմունքն է, մեր հավատքի հիմնական սկզբունքները, խորհուրդները, Սուրբ Հոգու շնորհի ազդեցությունը Եկեղեցում։ Իսկ նրա մարդկային կողմը մեղսավոր է և փոփոխական, եկեղեցական համայնքում կարող են լինել խեղաթյուրումներ, ախտեր ու անկումներ, սակայն կարող է լինել նաև ստեղծագործ շարժում, զարգացում, բարգավաճում ու վերածնունդ։ Եկեղեցական համայնքի, Եկեղեցու հիերարխիայի մեղքերը Եկեղեցու մեղքերը չեն ու չեն բխում նրա աստվածային էությունից և ամենևին էլ չեն նսեմացնում Եկեղեցու սրբությունը։ Քրիստոնեությունը դիմադրություն է ցույց տալիս մարդկային բնությանը, պահանջում է, որ այն լուսավորվի ու վերափոխվի։ Մարդկային բնությունը ևս դիմադրություն է ցուցաբերում քրիստոնեությանը՝ փորձելով աղավաղել այն։ Տեղի է ունենում մշտական պայքար աստվածայինի ու մարդկայինի միջև, որտեղ մե՛կ աստվածայինն է լուսավորում մարդկայինը, մե՛կ մարդկայինն է աղավաղում աստվածայինը։

Քրիստոնեությունը վեր է հանում մարդուն՝ դնելով նրան աշխարհի կենտրոնում։ Աստծո Որդին մարդ դարձավ և դրանով սրբացրեց մարդկային բնությունը։ Քրիստոնեությունը մարդուն ցույց է տալիս կյանքի բարձրագույն նպատակը, խոսում է մարդու գերագույն ծագման ու առաքելության մասին։  Սակայն, ի տարբերություն շատ այլ ուսմունքների, այն չի շողոմում մարդկային բնությանն իր մեղսավոր, անկյալ վիճակում, այլ պահանջում է մարդուց հերոսական ինքնահաղթահարում։

Մարդկային բնությունը՝ խոցված ադամական մեղքով, չափազանց փոքր տարողունակություն ունի․ այն մի կերպ է տեղավորում քրիստոնեության աստվածային ճշմարտությունը, դժվարությամբ է հասկանում աստվածամարդկային իրողությունը, որն արտահայտվեց Աստվածամարդ Քրիստոսի վեհ հայտնությամբ։ Քրիստոս սովորեցնում է սիրել Աստծուն և սիրել մերձավորին՝ մարդուն։ Աստծո հանդեպ սերն ու մարդու հանդեպ սերը կապված են միմյանց անքակտելի կապերով։ Աստծո՝ Ճշմարիտ Հոր հանդեպ սիրո միջոցով ենք մենք սիրում մերձավորին, մեր եղբայրներին, և մերձավորի հանդեպ սիրո միջոցով է մեզ համար բացահայտվում առ Աստված սերը։ «Եթե միմյանց սիրենք, Աստուած բնակվում է մեր մեջ․ և նրա սերը մեր մեջ կատարյալ է» (1 Հովհ. 4:12)։ Քրիստոս և՛ Աստծո Որդին էր, և՛ մարդու որդի էր ու Նա բացահայտեց մեզ համար Աստծո և մարդու կատարյալ միավորումը, բացահայտեց Աստծո՝ մարդկային և մարդու՝ աստվածային լինելը։ Սակայն մարդն ի բնե դժվարությամբ է ըմբռնում աստվածային-մարդկային սիրո այդ կատարելությունը։ Ճշմարտությունը նա ընկալում է մաս-մաս, շրջադարձներով։ Մե՛կ շրջվում է դեպի Աստված՝ երես թեքելով մարդուց, պատրաստակամ՝ Աստծուն սիրելու, բայց մարդուն վերաբերվում առանց սիրո՝ անտարբերությամբ ու դաժանությամբ․ այդպես էր միջին դարերում, մե՛կ շրջվում է դեպի մարդը և ծառայում նրան, սակայն երես դարձնում Աստծուց ու պայքար տանում Աստծո գաղափարի դեմ, որպես վնասակար ու մարդկանց բարօրությանը դեմ գաղափարի․ այդպես էր նոր ժամանակներում, հումանիզմի և հումանիստական սոցիալիզմի մեջ։ Ասպիսով, մասնատելով աստվածամարդկային ճշմարտությունը, պոկելով մարդու հանդեպ սերն առ Աստված սիրուց, մարդիկ հարձակվում են քրիստոնեության վրա և մեղադրում այն բանի համար, ինչի համար հենց իրենք են մեղավոր։

Անհանդուրժողականությունը, մոլեռանդությունն ու դաժանությունը, որոնք բազմիցս կիրառել են քրիստոնյաները պատմության մեջ, արդյունքն էր նրա, որ մարդկային բնությունն ի վիճակի չի եղել իր մեջ տեղավորել քրիստոնեական սիրո և ազատության լիությունը։ Մարդը յուրացրել է քրիստոնեական ճշմարտության մի մասը և խախտվել է դրա վրա, մինչդեռ ճշմարտության, լույսի ամբողջությունը շատ քչերին հասու դարձավ։ Մարդուն հատուկ է ամեն ինչ աղավաղել, անգամ ամենավեհ ճշմարտությունը և այն դարձնել գործիք՝ սեփական կրքերի համար։ Անգամ առաքյալները, որոնք անմիջապես գտնվում էին Աստվածային Ուսուցչի, Նրա էությունից բխող լույսի շողի ներքո, անգամ նրա՛նք էին աղավաղում քրիստոնեությունն ու Քրիստոսի ճշմարտությունն ընկալում չափից դուրս կրքոտ, չափից դուրս մարդկային ձևով՝ ամենուր տարածելով իրենց հրեական աշխարհայացքի սահմանափակությունը։

(շարունակելի)
Թարգմանությունը ռուսերենից՝ Սոֆյա Առուշանյանի

Theme: Overlay by Kaira