ՀՌՈՄԵԱՑԻ ՊԱՏՄԻՉ ՏԱԿԻՏՈՍԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ
ՆԵՐՈՆՅԱՆ ՀԱԼԱԾԱՆՔԻ ՄԱՍԻՆ

15.01.2022

Հենրիկ Սեմիրադսկի, «Ներոնի ջահերը» կամ՝ «Քրիստոնեության ջահակալները», 1876 թ., յուղաներկ, կտավ, 385 սմ × 705 սմ, Ազգային թանգարան, Կրակով (Լեհաստան)

Ներոն կայսեր կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացված հալածանքի մասին խոսում է Հռոմի ամենահայտնի պատմիչներից մեկը՝ Կոռնելիոս Տակիտոսը (Քհ. մոտ 55-120): Նա զբաղեցներով մի շարք պետական պաշտոններ՝ լինելով կոնսուլ ու Ասիայի պրոկոնսուլ, ինչպես և՝ կայսերական գրադարանի կուրատոր, նաև անձամբ տիրապետելով քաղաքական անցուդարձին, իր «Տարեգրություններ»-ում խոսում է Հոռմեական կայսրության Քհ. 14-96 թթ. պատմական անցքերի մասին:

Հատվածը, որտեղ նա պատմում է, թե ինչպես քրիստոնյաներին պետության ու ժողովրդի թշնամի, քավության նոխազ հայտարարեցին, խոսում Քրիստոսի ու հռոմեական պրոկուրատոր Պոնտացի Պիղատոսի մասին (ինչպես շատ այլ հատվածներ, որտեղ քրիստոնյաների հալածանքների մասին անդրադարձ կա), քննադատությունների ու թիրախավորումների նյութ է դարձել: Առանձնահատուկ ուշադրության արժանի է այն, որ քրիստոնյաների հալածանքերն իրագործվում էին ամենադաժան մեթոդներով, և ապա՝ ժխտման ենթարկվում, ընդ որում տարբեր ժամանակաշրջաններում ու պետություններում իրագործված քրիստոնյաների հալածանքները ժխտող հեղինակների կարելի է հանդիպել մինչ օրս. մեկը ժխտում է Հռոմում առաջին դարերում, մյուսը՝ Հեռավոր Արևելքի երկրներում, մեկ ուրիշն Օսմանյան կայսրությունում և այլ վայրերում իրագործված հալածանքները: Ավելի պատկերավոր կասենք. սույն մոդելը ոչնչով չի տարբերվում Հայոց ցեղասպանության ժխտողականության մոդելից. հանցանքը կատարվում է, ծրագրողներն իրենց նպատակին հասնում են, և ապա գալիս է վերջին փուլը. իրենց հանցանքի ժխտումն ու այդ ժխտողականությանը սպասարկու «գիտնականների» կողմից այդ հանցանքի իբր թե գիտականացումն ու հանրայնացումը: Ժխտումը ցեղասպանագիտության մեջ ընդունված է համարել ցեղասպանության վերջին փուլ:

Տակիտոսի սույն տեքստի պարագայում էլ ժխտողական հեղինակները վստահ են, որ քրիստոնյաների հալածանքների մասին պատմող դրվագներն իրենք իսկ քրիստոնյաներն են կեղծել հետագա դարերում: Հարկ չհամարելով հալածանքները ժխտող հեղինակներին անդրադառնալ, մանավանդ վերջիններիս գիտական ապարատի աղքատիկության պատճառով, ստորև կներկայացնենք Տակիտոս-հեթանոս հռոմեացու վկայության արևելահայերեն թարգմանությունը՝ մեր կողմից կատարված:

Ներոն կայսեր ժամանակ եղած հալածանքները կապվում են Ք. հ. 64 թ. Հռոմի ահեղ հրդեհի հետ: Թեև հետագայում ուսումնասիրությունները պարզեցին, որ հրդեհը նույն Ներոնի ձեռքի գործն էր, սակայն այդ հրդեհի պատասխանատուների ու քավության նոխազի փնտրտուքը կանգնեց հասարակական մեկ միավորի վրա՝ սեփական շարքերն անընդհատ բազմացնող քրիստոնյաների ու նորաստեղծ քրիստոնեական համայնքների: Բացի Հռոմին պատուհասած այդ աղետի համար քավության նոխազ փնտրելուց՝ հռոմեական հեթանոս միտքը ձգտում էր մեղմել չաստվածներին. չէ՞ որ նրանց վերաբերյալ տիրում էր այն մտայնությունը, որ նրանք պատժող էին ու անողոք. ահա թե ինչու քրմերն ու մատրոնները (տիկնայք) փորձում էին գուշակել ու հայտնաբերել մեղավորներին: Իսկ դիցերի գութը շարժելու, ներման ու բարեհաճության արժանանալու, հետագա հնարավոր պատիժներից խույս տալու լավագույն տարբերակն այդ նույն դիցերին չպաշտող, կամ նրանց պաշտելուց հրաժարվող մարդկանց պատժելն ու զոհաբերելն էր, քանի որ նրանց պաշտամունքը վտանգավոր ու վնասակար էր՝ սպառնալիք Հռոմի հովանավոր գերբնական ուժերի բարեհաճության նկատմամբ:

Ահա խնդրո առարկա այդ տեքստի արևելահայերեն թարգմանությունը, որը կատարել ենք լատիներեն բնագիրը,1 համեմատելով ու համադրելով գրաբար2, իտալերեն3 և ռուսերեն4 թարգմանությունների հետ:

Կոռնելիոս Տակիտոս, Տարեգրություններ, Մաս II
(XV, 44)

[…] «Սկսեցին մտածել, թե ինչպես մեղմեն աստվածներին և դիմեցին Սիբիլլայի գրքերին, որոնց հիման վրա աղոթասացություններ հղեցին Վուլկանոսին ու Ցերերային՝ Պրոզերպինայի հետ, իսկ մատրոնները [տիկնայք-ՇԽ] զոհեր մատուցեցին Յունոնային՝ սկզբում Կապիտոլիումի վրա, ապա ամենամոտը գտնվող ծովափին, որտեղից վերցված ջրով ցողեցին տաճարն ու այդ դիցուհու արձանը: Իսկ այդ ընթացքում ամուսնացած կանայք սելիստերնիաներ [դիցուհիներին մատուցվող զոհաբերություններ-ՇԽ] ու պերվիջիլիաներ [գիշերային հսկումներ-ՇԽ] էին կատարում դիցուհու պատվին: Բայց և՛ մարդկային միջոցներով, և՛ պրինցեպսի [Ներոնի-ՇԽ] շռայլ ջանքերով, և՛ աստվածներին մատուցված հաշտարար պաշտամունքով հնարավոր չեղավ լռեցնել այն ահագնացող կասկածները, որ հրդեհը նրա [Ներոնի-ՇԽ] հրամանով էր բռնկվել: Եվ ահա Ներոնը, որպեսզի իր վրայից թոթափի ասեկոսեները, գտավ մեղավորներին ու մատնեց գերտանջալի խոշտանգումների՝ նրանց, որոնք իրենց աղտեղություններով իրենց վրա էին կուտակել բոլորի ատելությունը, և որոնց ռամիկը կոչում է քրիստոնյա: Քրիստոսը, որից ծագում է նրանց անվանումը, մահապատժի է ենթարկվել Տիբերիոսի ժամանակ՝ Պոնտացի Պիղատոս պրոկուրատորի կողմից: Սրանց առժամանակ ճնշված վնասակար սնահավատությունը նորից սկսել է գլուխ բարձրացնել՝ ոչ միայն Հուդայում, որտեղից այդ չարիքը սկիզբ առավ, այլև Հռոմում, ուր ամեն կողմից հորդում ու հավաքվում է ամենագարշելին և որտեղ այդ ամենը գտնում է իր հետևորդներին: Այսպես. սկզբում բռնեցին նրանց, ովքեր բացեիբաց իրենց կոչում էին քրիստոնյա, և ապա՝ վերջիններիս ցուցմունքով [կտտանքների միջոցով՝ վստահաբար-ՇԽ]՝ նաև շատ ուրիշների, որոնք մեղադրվեցին ոչ այնքան հրդեհի, որքան մարդկային ցեղի հանդեպ ունեցած նրանց ատելության համար: Մահվան դատապարտվածների մահն ուղեկցվում էր ծաղրով. մի մասին հագցնում էին գազանների մորթիներ, որ շները հոշոտեն նրանց, այլոց խաչում էին խաչերի վրա, և, երբ մթնում էր, ողջ-ողջ այրում էին, որ գիշերը լույս տան: Այդ տեսահանդեսների համար Ներոնը բացեց իր պարտեզները, կրկեսային ներկայացումներ տվեց, որի ժամանակ նա մե՛րթ ամբոխի մեջ էր նստում` կառապանի հագուստով, մե՛րթ մասնակցում էր կառամարտին: Եվ չնայած քրիստոնյաները մեղավոր էին ու այդպիսի հատուկ դաժան պատիժների էին արժանի, այդ դաժանությունները նրանց հանդեպ կարեկցանք ծնեցին, քանի որ թվում էր, որ նրանց զոհում են ոչ թե հանուն հասարակական շահի, այլ մասնահատուկ մեկի [Ներոնի-ՇԽ] վայրագություններին հագուրդ տալու համար»:

Հեղինակ և թարգմանիչ՝ Շուշան Խաչատրյան

Theme: Overlay by Kaira