ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ. ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

10.04.2022 թ.

Ուրբաթագիրքն առաջին հայ տպագիր գիրքն է (Վենետիկ, 1512 թ.): Պատահական չէ, որ հայկական ձեռագրերից առաջինը տպագրության «պատվին» արժանացավ Ուրբաթագիրքը, ինչն ուներ իր անհրաժեշտ նախապայմանը: Ուրբաթագրքի տպագրության շրջանը` XVI դարը, հայ պատմագրության մեջ համարվում է ամլության, ավերի և օտարկերկրյա հարձակումների դառն ու դժնդակ հարյուրամյակ: Այդ ժամանակ է սկսվում հայկական սփյուռքի ձևավորումը, որի վառ վկայությունը հայ տպագրության առաջացումն էր օտար հողում: Իր դասական բնութագրիչներով սփյուռքի մեծամասշտաբ համալրումը, ըստ էության, սկսվեց Լենկ Թեմուրի արշավանքներով:
Բնականաբար, բուն Հայաստանից դուրս տարածքներում զգալի էր հայկական թեմերի և հայ հոգևորականների պակասը: Իսկ միջնադարյան մարդուն, այդ թվում և ժամանակի հայերին պետք էին հոգի և մարմին բուժող աղոթքներ, քանի որ, ըստ ժամանակի մտայնության և կրոնական պատկերացումների, բոլոր հիվանդություններն ու ցավերը չարից` սատանայից են: Իսկ ի՞նչ է Ուրբաթագիրքը. Ուրբաթագրքին՝ անգամ հարևանցի ծանոթացումը մատնանշում է այդ գրքի դիվահալած աղոթագիրք լինելուն:
Վերոգրյալի համատեքստում հարկ առաջացավ նորովի աստվածաբանական հայացքով վերլուծության փորձ կատարելու Ուրբաթագրքի ծագման ու գործառույթների շուրջ: Այսպես. Մաշտոցյան Մատենադարանի վաղագույն Ուրբաթագիրք ձեռագիրը 3248 թվահամարի 1476 թ. արտագրված ձեռագիրն է: Մատենադարանում պահվում են 40 ուրբաթագրքեր: Այդ ձեռագրերի մեծ մասը արտագրվել են XVI-XIX դարերում: Անգամ ունենք Ուրբաթագիրք՝ արտագրված 1915 թվականին: Այդ ձեռագիրը 7079 թվահամարի ձեռագիրն է, որի որոշ մասեր արտագրվել են 1790 թ., 1854 թ., 1910 թ., 1915 թ.՝ Կարինում, Ախալցխայում, Հարություն գրչի կողմից: Ազգագրագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի՝ ցեղասպանությանը նվիրված բանագիտական հավաքածուներում հաճախ կարելի է հանդիպել ժողովրդական երգերի ու պատումների, որոնք երգվել ու ստեղծվել են 1915-1923 թթ., որտեղ մեր ժողովուրդն արտահայտել է այն միտքը, որ մեր բուն թշնամին սատանան է, ով էլ ցեղասպանությունների իրական կազմակերպիչն է: Ուստի, թերևս պատահական չէ, որ Ուրբաթագրքի վերոգրյալ հատվածն արտագրվել է հենց 1915 թ.: Քննելով Մաշտոցյան Մատենադարանի Ուրբաթագիրք մատյանները՝ մի հետաքրքիր օրինաչափություն է նկատվում: Այսպես, այդ ձեռագրերի գրիչների և ստացողների 70 տոկոսն աշխարհիկ մարդիկ են: Մնացյալ ձեռագրերի դեպքում կա՛մ գրիչն է քահանա, իսկ ստացողը՝ աշխարհիկ, կա՛մ՝ հակառակը: Հայկական պետականության և տարատեսակ իշխանությունների վերացմամբ (որոնք ամեն հարցում օգնական էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն), XV-XIX դարերում սկսում են առաջ գալ աստվածաբանական գրականության որոշ նոր դրսևորումներ, որոնք կարելի է դասակարգել: Այսպես. այդ դարերում են առաջանում Ուրբաթագրքերը, Հմայիլները, Ախթարքները, Վեցհազարյակները և այլն: Զուտ ուղղադավանության տեսանկյունից դրանք կարելի է բաժանել 2 խմբի՝
ա. Եկեղեցու ուղղափառ դավանանքին չհակասող գրականություն՝ Ուրբաթագրքեր, հիմնականում նաև Հմայիլները,
բ. արդեն եկեղեցու վարդապետությանը հակասող գրականություն. օրինակ՝ Վեցհազարյակներ, Սողոմոնի իմաստության գրքեր, ախթարքներ և այլն:
Վերջին խմբի առաջացման վրա մեծ ազդեցություն է թողնում, իհարկե, Վերածնուննդի մշակույթը, ալքիմիայի զարգացումը, ինչպես նաև, առհասարակ, մերձավորարևելյան արեալի կրոնական բազմազանությունը:
Վերադառնալով Ուրբաթագրքերի ստացողների՝ մեծամասամբ աշխարհիկ կամ քահանա լինելու հանգամանքին, առաջ քաշենք հետևյալ վարկածը. այն վայրերում, որտեղ չկային հայ հոգևորականներ՝ չար ուժերից իրենց սեփական անձը պաշտպանում էին աշխարհիկ հայերը՝ իրենց հետ վերցնելով սույն աղոթագրքերը, իսկ հոգևորականի առկայության դեպքում՝ ամուսնացյալ քահանան, որովհետև ամուսնացյալ քահանան էր հիմնականում այն ծիսակատարը, ով շփվում էր աշխարհիկների հետ: Հոգևոր դասից Ուրբաթագրքերի պատրաստմանը մասնակցում էին հիմնականում հենց ամուսնացյալ քահանաներ, քանի որ վարդապետները և այլ բարձրաստիճան հոգևորականները, իրենց վանքերում, բարձր աստվածաբանական պրպտումների ոլորտից դուրս գտնվող Ուրբաթագրքերի արտագրմամբ կամ տարածմամբ զբաղվելու կարիք չէին զգում:
Բովադակությամբ ավելի հանրամատչելի գրականության, մասնավորապես Ուրբաթագրքի տպագրության փաստը, գաղթօջախների հայության հոգևոր պահանջմունքերով է բացատրում նաև թեմայի ուսումնասիրողներից Բաբկեն Չուգասզյանը: Այսպիսով, կարելի է եզրահանգել, որ ցանկացած երևույթ, անկախ ժամանակաշրջանից, չի առաջանում տվյալ հասարակության ու դարաշրջանի պահանջմունքների ու կարիքների ծիրից դուրս. բացառություն չէ նաև Ուրբաթագիրք ձեռագրատեսակի առաջացումը1:

Հեղինակ՝ Հայկ Հակոբյան

1 Ուրբաթագիրք մի ձեռագրի մասին տե՛ս նաև հետևյալ հոդվածը. Հայկ Հակոբյան, «Նորահայտ Ուրբաթագրքի փրկության պատմությունը»: (Դիտվել է 22.03.2022 թ.)

Theme: Overlay by Kaira