«Հայոց նոր վկաները» — 120

14.12.2023

Միաբան
Գալուստ Տեր-Մկրտչյան (Միաբան)
նոր վկաներ
Հակոբ Մանանդյան և Հրաչյա Աճառյան

Ուշմիջնադարյան և նոր ժամանակների հայոց վկաների, այսինքն՝ հանուն իրենց քրիստոնեական հավատի նահատակվածների և նրանց վկայաբանությունների ուսումնասիրման ու հրատարակման գործում դժվար է թերևս գերագնահատել երիտասարդ հայագետներ, այն ժամանակ Գևորգյան ճեմարանի դասախոսներ՝ պատմաբան Հակոբ Մանանդյանի (1873-1952 թթ.) և լեզվաբան Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ.) կողմից հրատարակված, «Հայոց նոր վկաները» խորագիրը կրող կոթողային ժողովածուի արժեքը: Նրանց 1899 թ. ճեմարանում դասավանդելու էր հրավիրել Ամենայն Հայոց Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսը (1820-1893-1907 թթ.): Ինչպես նկատում է նշանավոր պատմաբան, աղբյուրագետ Պետրոս Հովհաննիսյանը, «ԺԹ դարի վերջին Գևորգյան Ճեմարանը դարձել էր արևելահայ գիտական, աստվածաբանական մանկավարժական, հասարակական-քաղաքական կյանքի կենտրոն… Այս միջավայրում էին, որ աշխատում և ստեղծագործում էին ժամանակի հայ մտավոր կյանքի բազմաթիվ նշանավոր դեմքեր, այդ թվում նաև երիտասարդներ Հակոբ Մանանդյանն ու Հրաչյա Աճառյանը» (էջ 5)։

1903 թվականին՝ ուղիղ 120 տարի առաջ, նրանք լույս ընծայեցին «Հայոց նոր վկաները» խորագրով ժողովածուի գիտական հրատարակությունը: Այս ձեռնարկումի իրագործման հատկապես սկզբում (1900 թ.) մեծ ներդրում էր ունեցել հայագիտության մեկ այլ երախտավոր ևս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հայագետ և աստվածաբան Գալուստ Տեր-Մկրտչյանը (հայտնի նաև «Միաբան» մականունով): Նա ինքն էր սկսել հավաքել տարբեր վկայաբանություններ, որոնցից մի քանիսը հասցրել էր հրատարակել «Արարատ» ամսագրի էջերում: Սակայն զբաղված լինելով գիտական այլ գործերով՝ նա առաջարկեց երիտասարդ, բայց արդեն խոստումնալից գիտնականներին ձեռնամուխ լինելու նոր վկաներին նվիրված ժողովածուն կազմելու աշխատանքներին: Նա ոչ միայն խորհուրդներով ուղղորդեց Հ. Մանանդյանի և Հր. Աճառյանի հետաքրքրությունները, այլև նրանց տրամադրեց իր հավաքած վարքագրական և վկայաբանական հարուստ նյութերը:

Շուրջ երկու տարի անց աշխատանքներն ավարտվեցին, և ժողովածուն ունեցավ երկու հրատարակություն.

ա. «ժողովրդական»-ը (առանց բնագրային տարընթերցումների, կազմողների ծանոթագրությունների, ցանկերի և այլն)՝ երկհատոր, թեև ամփոփված մեկ գրքում, «Քրիստոնէութեան եւ Ս. Էջմիածնի հաստատութեան 16-րդ եւ գրերի գիւտի 15-րդ դարդարձի առթիւ», որը լույս տեսավ 1902 թ.,

բ. «գիտական»-ը, իրենց իսկ բնորոշմամբ՝ «գիտական հրատ., բազմաթիւ ձեռագրերի համեմատութեամբ, ընդարձակ տեղեկութիւններով եւ ծանօթագրութիւններով, եւ ձեռագրերի, նահատակների, յատուկ անունների ու օտար բառերի մանրամասն ցուցակներով եւ ցանկերով», որը լույս տեսավ 1903 թվականին:

1903 թ. հրատարակության մեջ աշխատասիրողները տպագրեցին 1155-1843 թթ. ընթացքում նահատակված նոր վկաների 140 վկայաբանություն, որոնցից 45-ը (մոտ 1/3-ը) մինչ այդ անտիպ էր. 26 արձակ վկայաբանություն, 17 վկայաբանական տաղ և 2 տապանագիր: Մնացած՝ նախապես արդեն տպագրված 95 վկայաբանական նյութերը դարձյալ մանրազնին ուսումնասիրության են ենթարկվել, և պատրաստվել են դրանց համեմատական բնագրերը: Հ. Մանանդյանը ժողովածուի առաջաբանում նշում է. «Նոր նահատակների արձակ վկայաբանությունները և վկայաբանական տաղերը գլխաւորապէս գտնւում են Յայսմաւուրքներում, Ճառընտիրներում, Գանձարաններում, Տաղարաններում, Աղօթագրքերում և ձեռագիր ժողովածուներում… թէ պր. Աճառեանը և թէ ես թերթել և նայել ենք Մայր Աթոռի մատենադարանում մօտ 2000 ձեռագիր, և դոցանից միայն երկուսում (պր. Աճառեանի նայած ձեռագրերում) գտնուեցին վկայաբանական նոր նիւթեր…» (Յառաջաբան, էջ II):

Ընդհանրապես, վկայաբանություններն արժեքավոր սկզբնաղբյուր են տարբեր գիտակարգերի հետազոտողների համար, և Հ. Մանանդյանի գնահատմամբ՝ «Նախ և առաջ վկայաբանական այս հատուածները խիստ թանկագին նիւթ են Հայոց եկեղեցական պատմութեան համար և միանգամայն վստահելի աղբիւր են, որովհետև ժամանակակիցների ձեռքով են գրուած…» (Յառաջաբան, էջ I): Դրանց միջոցով կարող ենք տեղեկանալ ժամանակի կենցաղի, ազգամիջյան, միջկրոնական և միջդավանական հարաբերությունների, տիրապետող պետությունների դատական համակարգերի և կյանքի այլ ասպեկտների մասին: Ըստ այդմ, Հ. Մանանդյանի և Հր. Աճառյանի կողմից այս ժողովածուի հրատարակությունը կարևոր էր տարբեր պատճառներով: Նախ՝ որ վկայաբանություններում ներկայացված են հանուն հավատի նահատակված մարտիրոսները, որոնք հաճախ արժանցել են ժողովրդական պաշտամունքի ու պատվվել իբրև նահատակ-սրբեր, թեև Տոնացույցում կամ Պատարագամատույցում նրանց անունը տեղ չի գտել, այլ կերպ ասած՝ եկեղեցու կողմից պաշտոնապես չեն սրբադասվել: Ժողովածուն, թեև ամբողջապես չի ներառում նշյալ դարերի բոլոր վկաներին, այնուամենայնիվ թույլ է տալիս ընդհանուր պատկերացում կազմել քրիստոնյաների՝ թյուրք-սելջուկների, թաթար-մոնղոլների, թեմուրիդների, թուրքմենական ցեղերի կողմից և առհասարակ Օսմանյան կայսրությունում ու Սեֆյան Իրանում շուրջ 700-ամյա շրջան ընդգրկող հալածանքների մասին: «Ահա թե ինչու այդ վկայաբանությունների ուսումնասիրությունը կարևոր է, արդիական և ուսանելի նաև համաքրիստոնեական արժեհամակարգի տեսանկյունից», – նկատում է Պ. Հովհաննիսյանը (էջ 8):

Աշխատասիրողների սպասումները, սակայն, վկայաբանական նոր նյութերի հայտնաբերման ծավալի իմաստով ավելին էին, քան արդյունքում դրանք ստացվեցին. «… իմ գլխաւոր նպատակն է եղել ծանօթանալ այնպիսի պատմական աղբիւրների, որոնց միջոցով հնարաւոր լինէր վաւերական փաստեր ունենալ Հայոց ներքին կեանքի մասին մահմետականների տիրապետութեան շրջանում: Պէտք է խոստովանիլ, որ մեր յոյսերն այդ տեսակէտից աւելի մեծ էին, և արդիւնքներն այնքան էլ գոհացուցիչ չեղան» (Յառաջաբան, էջ I): Այնուամենայնիվ, նրանք իրավացիորեն ենթադրում էին, որ իրենց կողմից չհրատարակված բնագրերի պակասը մեծ մասամբ ԺԸ. և հաջորդ դարերից է լինելու:

Ըստ այդ պակասը լրացնելուն միտված, դեռևս ընթացող հետազոտության նախնական արդյունքների՝ իրոք, կան վկայաբանություններ, որոնք տպագրվել են «Հայոց նոր վկաները» ժողովածուի հրատարակությունից հետո, իսկ որոշներն էլ մինչ օրս անտիպ են: Վերջինների հրատարակումը և գիտական շրջանառության մեջ դրվելը, հուսով ենք՝ կօգնի ուշմիջնադարյան վկայաբանական գրականության ամբողջացման գործին և ժանրի հետագա հետազոտությանը: Դա էլ, իր հերթին, կնպաստի վաղ արդի շրջանի հայ սբրախոսական գրականության ավելի համապարփակ հետազոտությանը:

 

Գրականություն

1. Հայոց նոր վկաները (ժողովրդական հրատ.), հտ. Ա. (1155-1485), հտ. Բ. (1486-1843), կազմեցին Յ. Մանանդեան եւ Հ. Աճառեան, Վաղարշապատ, 1902,

2. Հայոց նոր վկաները (1155-1843), գիտական հրատ., բազմաթիւ ձեռագրերի համեմատութեամբ, ընդարձակ տեղեկութիւններով եւ ծանօթագրութիւններով, եւ ձեռագրերի, նահատակների, յատուկ անունների ու օտար բառերի մանրամասն ցուցակներով եւ ցանկերով, աշխատութեամբ Յ. Մանանդեանի եւ Հ. Աճառեանի, Վաղարշապատ, 1903,

3. Պ. Հովհաննիսյան, Հայ մարտիրոսագրության ուղիներում, Հայոց նոր վկաները (1155-1843), գրաբարից թարգմ.՝ Գ. Թոսունյանի, խմբ.՝ Շ. վրդ. Անանյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2015, էջ 5-8:

 


Գառնիկ Հարությունյան

 

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ (թեմայի ծածկագիր՝ 22YR-6D018):


Theme: Overlay by Kaira