Ժողովականությունը և առաջնայնությունը առաջին հազարամյակի ընթացքում. դեպի ընդհանուր ըմբռնում՝ Եկեղեցու միությանն ուղղված ծառայությանը

26.02.2024

Ս․ Պետրոս և Ս․ Անդրեաս առաքյալները
Ս․ Պետրոս և Ս․ Անդրեաս առաքյալները

2016 թ․ սեպտեմբերի 21-ին Կիետիում (Իտալիա) Հռոմի Կաթոլիկ և Ուղղափառ (Օրթոդոքս) Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միասնական միջազգային հանձնաժողովը (Joint International Commission for Theological Dialogue between the Roman Catholic Church and the Orthodox Church) ընդունեց «Ժողովականությունը և առաջնայնությունը առաջին հազարամյակի ընթացքում. դեպի ընդհանուր ըմբռնում՝ Եկեղեցու միությանն ուղղված ծառայությանը» (Synodality and Primacy during the first Millennium: Towards a Common Understanding in Service to the Unity of the Church) վերնագրով փաստաթուղթ։        

Սույն հոդվածի նպատակն է՝ բովանդակային վերլուծության արդյունքում գնահատել վերոնշյալ փաստաթղթի օգտակարությունը երրորդ հազարամյակի Եկեղեցու ներքին և արտաքին կյանքում։ 

Փաստաթուղթն անդրադառնում է առաջին հազարամյակում առաջնայնություն ու ժողովականություն հասկացությունների ըմբռնմանը Արևելքում ու Արևմուտքում, ինչպես նաև դրանց գործնական կիրառմանը եկեղեցական կյանքում՝ տեղական ու ընդհանրական մակարդակում։ Հանձնաժողովը պատմական անդրադարձ է կատարում քրիստոնեության առաջին դարերում եկեղեցական հեղինակությունների կողմից ժողովականության պահմանման մեթոդին՝ ինչպես Եկեղեցու ներքին կյանքում, այնպես էլ պատրիարքական աթոռների միջև հարաբերություններում։ Եկեղեցու այս փորձառությունն առաջին հազարամյակում սահմանվում է որպես երրորդ հազարամյակում միջեկեղեցական հարաբերությունների համար ուղենիշ։         

Ժողովականությունը բնութագրվում է որպես Եկեղեցու հիմնական որակներից մեկը։ Այն բխում է Եկեղեցու՝ որպես միություն բազմազանության մեջ էությունից։ Թեև առաջին դարերում Քրիստոնեական Եկեղեցին մեկ էր, սակայն տեղական եկեղեցիների գոյությունը փաստում է զանազանության առկայությունը Եկեղեցում՝ սկսած նրա ծնունդից։ Սուրբ Հոգին առաջնորդում է Եկեղեցին դեպի ժողովականություն ու պահպանում է այն Եկեղեցում (§ 2-3):

Եկեղեցին՝ որպես ժողովական կառույց, բավականին լավ էր գործում առաջին հազարամյակում։ Բոլոր եպիսկոպոսները մասնակցում էին protos-ի (առաջինը եպիսկոպոսների մեջ) ընտրությանը։ Protos-ը Եկեղեցու ներքին կյանքը կարգավորում էր Ժողովի (sinod)-ի միջոցով։ Այսպիսով, Եպիսկոպոսական ժողովը ամբողջությամբ ներառված էր Եկեղեցու ներքին կյանքում (§ 11-14):

Պակաս կարևոր չէր առաջնայնության ճիշտ ըմբռնումը Եկեղեցու հեղինակությունների կողմից։ Առաջին հազարամյակում Եկեղեցու առաջնայնության գաղափարը բացառապես կապվում էր նրա հիմնադրի՝ Հիսուս Քրիստոսի հետ։ Եպիսկոպոսը ապահովում էր Քրիստոսի տեսանելի ներկայությունը Եկեղեցում (§ 8-10)։ Ակնհայտ է, որ առաջին հազարամյակում համայնքի և եպիսկոպոսի միջև փոխադարձ կապը բնորոշ էր տեղական եկեղեցիներին։ Այլ խոսքով, թե՛ առաջնայնությունը և թե՛ ժողովականությունը ներդաշնակորեն ապրում էին Եկեղեցու ներքին կյանքում։  

Առաջնայությունը և ժողովականությունը կարևորվում էին նաև տեղական եկեղեցիների միջև հարաբերություններում՝ այսպես ասած, Եկեղեցու արտաքին կյանքում։  Խնդիրն այն է, որ առաջին հազարամյակում եպիսկոպոսները հոգ էին տանում Եկեղեցու միության պահպանման համար, քանի որ բոլոր տեղական եկեղեցիները ընկալվում էին որպես Քրիստոսի մեկ Եկեղեցի։ Ինչպես հայտնի է, Տիեզերական ժողովների բուն նպատակը Եկեղեցու ընդհանրականությունը պահպանելն էր։ Ցավոք, այս ընկալումը աստիճանաբար սկսում է թուլանալ երկրորդ հազարամյակում, որը դառնում է Եկեղեցու նոր պառակտման պատճառ։   

Առաջնայնությունը և ժողովականությունը աստիճանաբար սկսեցին դիտվել որպես երկու տարբեր իրականություններ։ Ըստ Հռոմեական Եկեղեցու, առաջնայնությունը Եկեղեցում պատկանում է Հռոմի պապին՝ որպես Պետրոսի փոխանորդ։ Այս ընկալումը, բնականաբար, բացակայում է Արևելքի Եկեղեցում (§ 16)։ Ի տարբերություն Արևմտյան Եկեղեցու, Արևելյան Եկեղեցում առկա է պատրիարքական առաջնայնության գաղափարը։ Ունենալով առաջնայնության սեփական ըմբռնում՝ ի վերջո եկեղեցիները Արևելքում և Արևմուտքում տարաջատվեցին միմյանցից։       

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ թեև օգտակար է վերլուծել Եկեղեցու պատմական փորձը թե՛ ներքին, և թե՛ արտաքին կյանքում, սակայն հարց է ծագում՝ արդյոք հնարավո՞ր է կիրառել այն այժմյան եկեղեցական իրականության մեջ։ Խնդիրն այն է, որ առաջին հազարամյակում տեղական եկեղեցիների ներքին կյանքը միօրինակ էր, հետևաբար, ընկալել տեղական եկեղեցիները՝ որպես մեկ Եկեղեցի, բնականաբար, ավելի հեշտ էր, քան այսօր։ Եկեղեցիների միջև տարանջատումը աստիճանական գործընթաց էր, որը, ըստ իս, առաջին հազարամյակի Եկեղեցու ներքին ու արտաքին կյանքի զարգացման տրամաբանական հետևանքն էր երկրորդ հազարամյակում։ Այն հարցին, թե երրորդ հազարամյակում առաջին հազարամյակին բնորոշ առաջնայնության և ժողովականության ըմբռնումը կարո՞ղ է ծառայել երրորդ հազարամյակի Եկեղեցու համար որպես ուղղենիշ, կախված է Եկեղեցու բնականոն ընթացքից և աշխահաքաղաքական զարգացումներից։

Հեղինակ՝ Արփի Ալեքսանյան

Theme: Overlay by Kaira