Սիրո աստվածաբանություն

«…. քանի որ Աստված սեր է» (Ա. Հովհ. 4:8)

Սերը շնորհ է, սերը քրիստոնեական ամենամեծ առաքինություններից է: Տարբեր աստվածաբաններ բոլոր ժամանակներում անդրադարձել են սիրո թեմային՝ տարբեր կոնտեքստներում՝ Աստված — արարչություն, Աստված — մարդ, մարդ — մարդ, մարդ — բնություն և այլ մակարդակներում:
Սերն է դիտվում իբրև պատճառ ոչ միայն Աստծո արարչագործության, այլև անկյալ մարդու համար Միածնի մարդեղացման, կենոսիսի: Միաժամանակ Աստվածային սերը որոշակի հարաբերակցության կամ համակցության մեջ է նաև ճշմարտության, արդարության, գեղեցկության գաղափարների հետ: Խորհրդապաշտ (միստիկ) աստվածաբանների սրտի և ուշադրության կենտրոնում էլ սերը ամենակարևոր տեղն է զբաղեցնում: Ի վերջո, Եկեղեցին՝ ինչպես Քրիստոսի Մարմին, ևս շաղախված է սիրով՝ իբրև «խմորիչ» հավատացյալների միության համար:
Մեր կայքի այս բաժնում կարող եք գտնել «ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնի անդամների հոդվածները, թարգմանությունները, գրախոսությունները՝ թարմացված եզրաբանությամբ ու թեմաների բազմազանությամբ:

«Աստվածավախ հոգիների ծածուկ աղբյուրները». Էդիթ Շթայն (Սուրբ Թերեզա Բենեդիկտա Խաչի)

Երբ Սուրբ Ծննդին նախորդող չորս յոթնյակի մոմերի մեղմիկ լույսը սկսում է շողալ դեկտեմբերյան խավար օրերում (խորհրդավոր լույս խորհրդավոր մթնշաղում), այն մեզ մոտ արթնացնում է մխիթարող միտք, որ աստվածային լույսը՝ Սուրբ Հոգին, երբեք չի դադարել լուսավորել անկյալ աշխարհի խավարը։ Նա հավատարիմ է մնացել իր արարածին՝ չնայած արարածների ողջ անհավատարմությանը։ Եվ եթե խավարը թույլատրած չլիներ, որ երկնային լույսը ներխուժեր իր մեջ, այնուամենայնիվ, կմնային որոշ անկյուններ՝ մշտնջենապես նախատեսված լույսի համար՝ բոցկլտալու։

Կարդալ ավելին…

Երբ օրերը գնալով կարճանում են, երբ նորմալ ձմռանը առաջին ձյան փաթիլներն են իջնում, Սուրբ Ծննդի մասին մտքերը սկսում են հանդարտ ու մեղմորեն դուրս սպրդել, և [Սուրբ-Ծնունդ] բառից իսկ ինչ-որ հրաշալիք է հորդում, որ դիպչում է յուրաքանչյուր սրտի։ Անգամ այլակրոնները կամ բացարձակ անկրոնները, ում համար Բեթղեհեմի Մանկան պատմությունը ոչ մի իմաստ չունի, պատրաստվում են տոնին, ու անգամ ծրագրում՝ սփռելու դրա ուրախությունն այս ու այն կողմ։ [Տոնից] դեռ ամիսներ ու շաբաթներ առաջ ողջ աշխարհի վրա սիրո աղբյուրի նման հորդում է մի ջերմություն։ Սիրո և ուրախության տոնակատարություն. սա՛ է աստղը, որ համախմբում է ողջ մարդկությանը ձմեռվա առաջին ամիսներին։

Կարդալ ավելին․․․

Էդիթ Շթայնը, նույն ինքը՝ Սուրբ Թերեզա Բենեդիկտա Խաչին, ծնվել է 1891 թ.-ին գերմանական Բրեսլաու քաղաքում (այսօր՝ Լեհաստանի Վրոքլավ քաղաքը), հրեական պահպանողական ընտանիքում։ 1904-ին թողել է հուդայականությունը, և, հակվելով աթեիզմի, զբաղվել գիտական գործունեությամբ։ Ուսանել է Էդմունդ Հուսերլին (1859-1938)՝ ֆենոմենոլոգիայի փիլիսոփայական ուղղության հիմնադրին, պաշտպանել իր ատենախոսությունը վերջինիս ղեկավարությամբ ու դարձել առաջին կին փիլիսոփա գիտաշխատողը Գերմանիայի պատմության մեջ, որն ընդունվել է ակադեմիական միջավայրում։ Երկու տարի Կարմիր Խաչում գթության քույր աշխատելուց հետո իր համար բացահայտել է կրոնը՝ որպես ֆենոմեն, ինչի արդյունքում 1922-ին ընդունել է Կաթոլիկ եկեղեցու դավանանքը, իսկ 1933-ին՝ դարձել Կարմելիտների կաթոլիկ միաբանության միանձնուհի։ Չնայած իր կրոնական պատկանելությանն ու հոգևոր կոչումին՝ որպես հրեուհի ձերբակալվել է ԷսԷս-ի կողմից և իր մահկանացուն կնքել Օսվենցիմի գազախցիկներից մեկում 1942-ին։ Սրբադասվել է 1998-ին՝ Հովհաննես-Պողոս II Պապի (1978-2005) կողմից։

Կարդալ ավելին․․․

Theme: Overlay by Kaira