«Աստվածային կյանքը, որ բռնկվում է հոգում, Լույսն է, որ եկավ խավարի մեջ». Էդիթ Շթայն (Սուրբ Թերեզա Բենեդիկտա Խաչի)

05․01․2024

Հատված Իվան Մարկո Ռուպնիկի խճանկարից, (CAPPELLA DELLE SUORE ADORATRICI DEL SS. SACRAMENTO A LENNO (CO) [2007]) https://www.centroaletti.com/opere/cappella-delle-suore-adoratrici-del-ss-sacramento-lenno-co-2007/
Հատված Իվան Մարկո Ռուպնիկի խճանկարից. CAPPELLA DELLE SUORE ADORATRICI DEL SS. SACRAMENTO A LENNO (CO) [2007]
[Էդիթ Շթայնը հաճախ էր անդրադառնում Հովհաննու Ավետարանին՝ կիրառելով վերջինիս եզրաբանությունը։ Այստեղ, հղելով Հովհաննու Ավետարանի առաջին գլխին, Շթայնն այն նրբորեն կապում է Կեղծ Դիոնիսիոսի «խորհրդավոր մթնշաղի» և Հովհաննես Խաչիի «հոգու խավար գիշերվա» պատկերների հետ (Ա.Մ.Օ.)]։

Երբ օրերը գնալով կարճանում են, երբ նորմալ ձմռանը առաջին ձյան փաթիլներն են իջնում, Սուրբ Ծննդի մասին մտքերը սկսում են հանդարտ ու մեղմորեն դուրս սպրդել, և [Սուրբ-Ծնունդ] բառից իսկ ինչ-որ հրաշալիք է հորդում, որ դիպչում է յուրաքանչյուր սրտի։ Անգամ այլակրոնները կամ բացարձակ անկրոնները, ում համար Բեթղեհեմի Մանկան պատմությունը ոչ մի իմաստ չունի, պատրաստվում են տոնին, ու անգամ ծրագրում՝ սփռելու դրա ուրախությունն այս ու այն կողմ։ [Տոնից] դեռ ամիսներ ու շաբաթներ առաջ ողջ աշխարհի վրա սիրո աղբյուրի նման հորդում է մի ջերմություն։ Սիրո և ուրախության տոնակատարություն. սա՛ է աստղը, որ համախմբում է ողջ մարդկությանը ձմեռվա առաջին ամիսներին։

…Անկասկած, մեզնից յուրաքանչյուրն արդեն ապրել է սուրբծննդյան այսպիսի երանություն։ Եվ դրանով հանդերձ՝ երկինքն ու երկիրը դեռ միավորված չեն։ Այսօր էլ Բեթղեհեմի աստղը մնում է աստղ՝ խավար գիշերվա մեջ։ Սուրբ Ծննդի հաջորդ օրը Եկեղեցին հանում է իր սպիտակ զգեստները և զգեստավորվում արնագույն հագուստով, իսկ չորրորդ օրը [հագնում] է սգո մանուշակագույնը. Ստեփանոսը՝ առաջին մարտիրոսը, առաջինը, որ հետևեց Տիրոջը՝ մինչև մահ, և Բեթղեհեմի ու Հրեաստանի մանուկները, որ դաժանաբար կոտորվեցին անողոք կամակատարների ձեռքով, բոլորն էլ իրենց տեղն ունեն Մանկան շուրջը՝ սուրբծննդյան մսուրում։ Ո՞րն է ասելիքի իմաստը։ Որտե՞ղ են հիմա երկնային երգչախմբի ցնծագին ելևեջները։ Ու՞ր է Սուրբ Գիշերվա խաղաղարար երանությունը։ Որտե՞ղ է խաղաղությունը երկրի վրա։ Խաղաղություն՝ նրանց համար, որ բարի կամք ունեն։ Բայց ո՛չ բոլորն են, որ բարի կամք ունեն։ Այդ պատճառով էլ հավերժական Հոր Որդին պետք է լքի երկնքի ճոխությունը, որովհետև չարի խորհուրդը պարուրել է երկիրը՝ խավար գիշերում։

…Մարդեղության խորհուրդն ու չարի խորհուրդը կապված են միմյանց։ Մեղքի խավար գիշերը կտրուկ ու չարագույժ հակադրվում է Լույսին, որ եկավ երկնքից։ Մանուկը մսուրում կարկառում է իր փոքրիկ ձեռքերը, ու Նրա ժպիտը կարծես խոսում է այն, ինչը հետագայում հնչելու էր Մարդու շուրթերից. «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ»: …«Հետևի՛ր ինձ», ասում են փոքրիկ ձեռքերը. բառեր, որ հետագայում հնչելու էին Մարդու շուրթերից։

… Եկե՛ք դնենք մեր ձեռքերը աստվածային Մանկան ձեռքերի մեջ, եկե՛ք ասենք մեր «այո՛»-ն նրա «հետևի՛ր ինձ»-ին։ Այդպիսով, մենք կլինենք Նրանը, և կբացվի ուղի՝ Նրա աստվածային կյանքի՝ մեզ վրա տարածվելու համար։ …Սա է սկիզբը մեր մեջ հավիտենական կյանքի։ Սա դեռ երանելի մուտքը չէ փառքի լույսի մեջ։ Սա դեռևս հավատի խավարն է, բայց այլևս այս աշխարհինը չէ. սա արդեն իսկ դիրքավորում է Աստծո արքայության մեջ։ Երբ միշտ երանելի Կույսն արտաբերեց իր «Fiat»-ը [«Թող այդպես լինի»-ն], դա՛ եղավ Աստծո արքայության սկիզբը երկրի վրա, ու նա դարձավ [դրա] առաջին սպասուհին։

…Յուրաքանչյուր ոք, ով հետևել է Տիրոջն, իր մեջ անտեսանելիորեն կրել է Նրա երկնային գանձը։ Նրա [Տիրոջ] ժամանակավոր բեռնավորվածությունը չի վերցվել Նրանից [մարդեղության ընթացքում], հակառակը, շատ ավելին է հավելվել։ Այնումանայնիվ, այն, ինչ Նա կրեց Իր մեջ, բերկրալի՛ մի զորություն էր, որ մեղմացրեց լուծը և թեթևացրեց բեռնավորվածությունը։ Այսօր սա ճշմարիտ է Աստծո յուրաքանչյուր զավակի առնչությամբ։ Աստվածային կյանքը, որ բռնկվում է հոգում, Լույսն է, որ եկավ խավարի մեջ՝ Սուրբ Գիշերվա խորհուրդը։ Բոլոր նրանք, որ կրում են այն իրենց մեջ, հասկանում են դրա իմաստը։ Մյուսների համար, հակառակը, անկախ որևէ բացատրությունից՝ այն մնում է առեղծված։ Սուրբ Հովհաննու ողջ Ավետարանը հավիտենական Լույսի մասին, որը Սերն է ու Կյանքը, սրա՛ն է վերաբերում։ Աստված մեր մեջ է, և մենք Նրա մեջ. սա՛ է Մարդեղությամբ հաստատված Աստծո արքայության մեր բաժինը։

«Սուրբ Ծննդյան խորհուրդը» գրքից1 

Թարգմանությունը՝ © Աննա Մ. Օհանջանյանի

Շարունակելի…

1 Թարգմանությունն արվել է հետևյալ գրքից՝ Edith Stein, The Mystery of Christmas: Incarnation and Humanity (1931), trans. by Sr. Josephine Rucker SSJ (1950).

Theme: Overlay by Kaira