Էսսե 1

eucharist-print-on-board-by-father-rupnik-20x30-cm

Խճանկար՝ Հ. Մարկո Իվան Ռուպնիկի ©
Mosaic by Fr. Marco Ivan Rupnik ©

Ո՞ւմ համար է հնչում երախայից լիթանիան 21-րդ դարում

Որովհետև կանչվածները չուզեցին գալ…

«Առե՛ք, կերե՛ք, ա՛յս է մարմին իմ… արբե՛ք ի սմանէ ամենեքեան, ա՛յս է արյուն իմ…». այս խոսքերի մեջ լցվում ու հասունանում է Սուրբ Պատարագն ամեն կիրակի, հորդում եկեղեցու խորանից դեպի հավաքվածների տառապած սրտեր…

***

… Օտար ու հարազատ դարձած երկրներում գոյաբանական կարոտը Կյուրակէի հրում, տանում է Առաքելական եկեղեցի, որ բերես սիրտդ անհարազատ, բայց ճանաչելի սրտերի կողքին՝ ճաշակելու Միածնի տառապանքից, խցելու ժամանակի հոսքը, որ առնի քեզ Խորհուրդը խորին հավերժության մեջ՝ որում է կյանքը՝ բաբախող մի սիրտ, մշտնջենական շարժում-պերիխորեսիս Սուրբ Երրորդության…

Ու հանկարծ՝ «մի՛ ոք յե-րա-խա-ա-ա-յի՜ց, մի՛ ոք ի թերա-հաւա-ա-տի՜ց և մի՛ ոք յա-պաշ-խա-րո-ղա՜ց և յան-մաք-րի՜ց, մերձեսցի յաստուածային խո-որ-հուու՜րդս»։

Ո՞ւմ համար է հնչում երախայից լիթանիան Առաքելական եկեղեցում քսանմեկերորդ դարում։ …. Ո՞ւմ համար է հնչում Միածնի չարչարանքին անարժանների չմերձենալու կոչը Հայաստանից դուրս, ուր առանց այդ էլ բազմաթիվներից միայն երեք-չորսն է մերձենում Բաժակին, ուր ունկնդիրն է լցնում եկեղեցին՝ վայելելու իր քաղաքակիրթ հոգին ալեկոծող շարականի ելևեջները, ունկնդիր, բայց ոչ մասնակից, ոչ ապրումակից։ …

***

… Կասկածի դարում հայկական Սփյուռքում, ուր եկեղեցին լցրել է ունկնդիրը, բայց ոչ մասնակիցը, երեք-չորս, երբեմն ավելի դավանակիրներով է՛լ կասկած չունենք. հարատևորեն ծեսի խորքերում, վաղ Եկեղեցու ավանդույթի մեջ երախայից լիթանիան գծել է սահմանը, ամեն կիրակի այն հատելն ենք ընտրում։

Թե բաշխվում է Սերն ամեն կիրակի, ու թե «առե՛ք, կերեք…, արբե՛ք ի սմանէ ամենեքեան…», բաշխվում է այն մեզ համար, ու քանի բաշխվում է Սուրբ Պատարագը Կյուրակէին, ուրեմն պիտի՛ լինենք և մենք՝ ստացողներս։ Հայաստանից դուրս Առաքելական Եկեղեցում մատուցվում է Պատարագը քաղաքակիրթ ունկնդրի հայացքի ներքո։ Մշակույթ է այլևս ծեսը եկեղեցին լցնող քաղաքակիրթ բազմության համար, խորհրդազերծված իրականության մաս է դարձել «Խորհուրդը խորին, անհաս ու անսկիզբ»…

Չլինի՞ թե օրերից մի օր բաշխվի Սերն ու չգա ընդունողը, չլինի՞ թե կանչվենք ու չգնանք հարսանիքին, չլինի՞ թե գնանք, բայց մնանք անհաղորդ, մոռանանք Բաժակը, հարատև շարժումը Սուրբ Երրորդության, չլինի՞ թե արժանի-անարժան պայքարի բովում ընկրկենք հանկարծ, դառնանք… ունկնդիր …

Հատվածներ «Տասներկու էսսե աստվածպաշտության մասին» անտիպ ժողովածուի Էսսե #1-ից

© Աննա Մ. Օհանջանյան
12 մարտի, 2018թ.​

Theme: Overlay by Kaira