«ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնն առանձնացրել է «Կենդանի աստվածաբանություն» կոմպլեքս ուղղությունը՝ ներառելով ճյուղեր, որոնց ուսումնասիրման թեման ուղղակիորեն առնչվում է մարդու առօրեական կյանքին ու գործունեությանը և որոնք ամենաարդիական ու հրատապ հարցադրումներն են քննարկում: Այս հանգամանքը կարևորելով էլ առանձնացվել է սույն խորագիրը՝ հատկապես հաշվի առնելով, որ հայ աստվածաբանական միտքը միշտ չէ, որ անդրադարձել է նման թեմաների:
Այս ընդհանուր խորագրի ներքո համախմբել ենք թե՛ արդեն հանրաճանաչ և թե՛ մեր կողմից ստեղծված ուղղություններ ու տեսություններ, որոնց հետազոտությունը մեր կենտրոնի առաջնահերթություններից է:
Ուրբաթագիրքն առաջին հայ տպագիր գիրքն է (Վենետիկ, 1512 թ.): Պատահական չէ, որ հայկական ձեռագրերից առաջինը տպագրության «պատվին» արժանացավ Ուրբաթագիրքը, ինչն ուներ իր անհրաժեշտ նախապայմանը: Ուրբաթագրքի տպագրության շրջանը` XVI դարը, հայ պատմագրության մեջ համարվում է ամլության, ավերի և օտարկերկրյա հարձակումների դառն ու դժնդակ հարյուրամյակ: Այդ ժամանակ է սկսվում հայկական սփյուռքի ձևավորումը, որի վառ վկայությունը հայ տպագրության առաջացումն էր օտար հողում: Իր դասական բնութագրիչներով սփյուռքի մեծամասշտաբ համալրումը, ըստ էության, սկսվեց Լենկ Թեմուրի արշավանքներով: