Պոլեմիկ գոյության կյերկեգորյան տեսությունը

ՊՈԼԵՄԻԿ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՅԵՐԿԵԳՈՐՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Kierkegaard

XIX-XX դարերում ոչ միայն փիլիսոփայության, այլ նաև քրիստոնեական աստվածաբանության մեջ գոյության խնդիրը քննարկման կարևոր հարցերից էր: Այս շրջանում գոյության երևույթի ուսումնասիրությունը դառնում է էքզիստենցիալ (գոյաբանական) աստվածաբանության լրջագույն խնդիրներից մեկը: Էքզիստենցիալիզմի հայր է համարվում դանիացի աստվածաբան — փիլիսոփա Սյորեն Կյերկեգորը (1813-1855 թթ.): Անհրաժեշտ է նշել, որ Կյերկեգորը միայն քրիստոնեական էքզիստենցիալիզմի հիմնադիրը չէ: Մի շարք էքզիստենցիալիստ փիլիսոփաներ իրենց գոյության փիլիսոփայությունը ձևավորեցին՝ հիմնվելով Կյերկեգորի գոյաբանության վրա:

Շատերը Կյերկեգորի գոյաբանությունը համարում են ինքնին պոլեմիկ: Նման տեսակետի գլխավոր պատճառն այն է, որ Կյերկեգորի գոյաբանության առանցքը մարդու ինքնության գաղափարն է, որը հիմնված է օտարման գիտակցության ու վախի կամ անհանգստության զգացողության վրա: Կյերկեգորի համար գոյությունը հիմնված է ինքնության գաղափարի վրա. նա, ով ընկալում է իր ինքնությունը կարող է վստահորեն պնդել իր գոյությունը:

Լինելով քրիստոնյա աստվածաբան՝ Կյերկեգորի մոտ ակնհայտ է մարդու հոգու առաջնայնության գաղափարը: Կյերկեգորն ինքնությունը նույնացնում է հոգու հետ1: Ըստ Կյերկեգորի՝ մարդը հասնում է սեփական ինքնության գիտակցության, երբ ընկալում է սեփական ինքնությունը որպես հոգի2: Մարդու մոտ այս գիտակցությունը ծնվում է օտարման ու վախի զգացողության արդյունքում: Իսկ այս զգացողությունը բխում է ներքին հակամարտությունից3. երկու հակադիր բևեռներ՝ մարմինը և հոգին, մարդու մեջ մշտապես հակադրության մեջ են:

Հակադրությունը ծնում է օտարում: Օտարումը Կյերկեգորի մեկնաբանմամբ գոյաբանական կատերգորիա է4: Օտարում ասելով՝ չպետք է հասկանալ այլություն, այլ բաժանում կամ խզում: Այն չի ենթադրում միայն տարածական բաժանում: Օտարումը նախևառաջ ներքին գործընթաց է և վերաբերում է մարդու ներաշխարհին: Այն մարդու ներաշխարհում դրսևորվում է մարմնի և հոգու առկայությամբ, երբ վերջիններս հակադրվում են միմյանց:

Մարդը զգում է նաև խզում իր ու արտաքին աշխարհի միջև: Վախի ներքին զգացումը մղվում է արտաքին աշխարհ, իսկ ներքին օտարումն ուղղվում է դեպի շրջապատող իրականություն: Այլ խոսքով ասած, Կյերկեգորն արտաքին բախումը՝ պոլեմոսը, բխեցնում է ներքին պոլեմոսից: Օտարման շնորհիվ է, որ մարդը չի նույնացնում հոգին ու մարմինը կամ իրեն ու արտաքին աշխարհը:

Անկման հետևանքով տեղի ունեցավ խզում մարդու ներաշխարհում,  մարդ-Աստված հարաբերություններում, ինչպես նաև մարդու և նրան շրջապատող աշխարհի միջև: Ուստի, անհանգստության զգացումը մշտապես մարդու մեջ է, իսկ բաժանումն՝ ամենուր: Անհանգստության զգացումը, որն արդյունքն է ադամական մեղքի, նույն ինքը՝ վախն է գլխավորապես մահվան հանդեպ: Վախի և անհանգստության զգացումը, ինչպես նաև օտարումը, մարդուն տանում են սեփական գոյության գիտակցմանը և դրա պաշտպանությանը: Այստեղ ակնհայտ են կյերկեգորյան գոյաբանության պոլեմիկ տարրերը:

Կյերկեգորի կարծիքով վախի զգացումը կամ օտարումը կործանարար չեն: Դրանք տանում են ինքնության գիտակցության պահպանման, այլ խոսքով ասած՝ մարդու մոտ առաջացնում են պաշտպանական ֆունկցիա: Վախի զգացողության ու օտարման արդյունքում է մարդը տարբերակում իրեն ուրիշներից: Ձգտելով պաշտպանել մարդու՝ հոգի լինելու գաղափարը, Կյերկեգորն օտարման գիտակցումը և անհանգստության զգացումն որակում է որպես հոգու հատկանիշներ5, քանի որ հոգին մարդու բանականն ու զգացականն է6:

Ինքնության գիտակցումը վերագրելով հոգուն, Կյերկեգորը ձգտում է ընդգծել մարդու ինքնության հավերժականությունը: Եթե մարդու հոգին (ինքնությունը) հավերժ է, ապա հավերժ է նաև մարդու գոյությունը: Կյերկեգորն ակնհայտ կերպով նույնացնում է ինքնությունը, հոգին ու գոյությունը:

Կյերկեգորյան գոյաբանության մեջ օտարման ու վախի առկայությունը և դրանից բխող ներքին ու արտաքին բախումը ցույց են տալիս, որ Կյերկեգորի գոյաբանական տեսությունը պոլեմիկ է: Իհարկե, Կյերկեգորը չի գործածում «պոլեմոս» բառը, սակայն անժխտելի է մեկ կարևոր հանգամանք. XIX դարից սկսած՝ փիլիսոփայական — աստվածաբանական միջավայրում զարգացող գոյության պոլեմիկ գաղափարը բխում է Կյերկեգորի գոյության տեսությունից:

Արփի Ալեքսանյան, Աստվածաբանության մագիստրոս Երևանի պետական համալսարան Լյուվենի կաթոլիկ համալսարան (Բելգիա)

  1. Yagi B. T., Beyond Subjectivity: Kierkegaard’s Self and Heidegger’s Dasein, 71, accessed on 19.04.15.
  2. Նույն տեղում, 27-39:
  3. Kierkegaard S., The Sickness Unto Death, New Jersey, 1941, 24.
  4. Rempel G., Sören Kierkegaard and Existentialism, 1, accessed on 18.04.15.
  5. “The Concept of Dread”  և “Fear and Trembling” աշխատությունների մեջ հանդիպում ենք հոգու վախի կամ անհանգստության զգացողությանն, իսկ “The Sickness Unto Death” գործում Կյերկեգորն անհանգստության կամ վախի փոխարեն օգտագործում է հուսահատություն բառը:
  6. Kierkegaard S., The Sickness Unto Death, 23-25.
Theme: Overlay by Kaira