ՔԼԱՅՎ ՍԹԵՅՓԼԶ ԼՅՈՒԻՍ, ԽԱՌՆԱԿՉԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

18․03․2024

VII

 

Իմ թանկագի՛ն Գարշելիկ,

Ինձ զարմացնում է քո այն հարցը, թե արդյո՞ք էական է հոգացյալիդ պահել անտարբեր քո գոյության կամ չգոյության առնչությամբ: Այս հարցը, համենայն դեպս մեր պայքարի ներկա փուլում, ունի Ստորին հրամանատարությունից եկող մեկ պատասխան: Մեր քաղաքականությունը դրա շուրջ հետևյալն է. թաք-նը-վել: Իհարկե, իրավիճակը միշտ չէ, որ այսպիսին է եղել, և հիմա մենք կանգնած ենք մեզ տանջող երկընտրանքի առաջ: Երբ մարդիկ չեն հավատում մեր գոյությանը, մենք չենք վայելում ուղիղ հարձակման ողջ հաճույքը և չենք կարողանում զբաղեցնել նրանց մոգությամբ: Մյուս կողմից, երբ նրանք մեզ հավատում են, մենք չենք կարողանում նրանց վերածել սկեպտիկների ու մատերիալիստների. hամենայն դեպս, առայժմ չենք կարողանում: Ես ահռելի հույսեր ունեմ, որ ժամանակի ընթացքում մենք կսովորենք՝ ինչպես զգայականացնել ու միֆականացնել նրանց գիտությունն այն աստիճան, որ արդյունքում հավատը (իհարկե, այլ անվանումով) մեր հանդեպ ներս կսողոսկի նրանց մեջ, մինչ մարդու միտքը փակ կլինի Թշնամու հավատի նկատմամբ: «Կենսական ուժի», սեքսի պաշտամունքի և հոգեվերլուծության1 որոշ դրույթների հանդեպ հավատը միանգամայն օգտակար կարող են լինել այս հարցում: Բավական է մեկ անգամ գոյության կոչենք մեր գերագույն աշխատանքը՝ Մատերիալիստ մոգին, մի մարդու, որը ոչ թե կօգտագործի, այլ ճշմարիտ ձևով կերկրպագի այն, ինչն ինքը կկոչի «ուժեր»՝ ուրանալով «ոգիների» գոյությունը, հենց այնժամ տեսանելի կլինի պատերազմի ավարտը: Բայց միաժամանակ մենք պետք է ենթարկվենք մեզ տրված հրամաններին: Չեմ կարծում, թե քեզ համար դժվար կլինի անգիտության խավարի մեջ պահել հոգացյալիդ: Ժամանակակից երևակայության մեջ տարածում գտած փաստն այն մասին, որ «սատանաները» կոմիկ կերպարներ են, քեզ կօգնի: Եթե հանկարծ ամենաթույլ կասկածն իսկ սկսի ծագել նրա մտքում քո գոյության առնչությամբ, նրա մտքին բեր մի որևէ կարմիր սեղմիրան հագած զվարճալի բանի մտապատկեր և համոզիր նրան, որ, քանի որ նա չի կարող հավատալ դրան (սա նրանց խճճելու դասագրքային հին մեթոդ է), հետևաբար, նա չի էլ կարող հավատալ քո գոյությանը:

Ես չեմ մոռացել քեզ տված խոստումս և ծանրութեթև եմ արել այն հարցը, թե արդյոք մենք հոգացյալիդ պիտի դարձնենք ծայրահեղ հայրենասե՞ր, թե՞ ծայրահեղ խաղաղասեր: Բոլոր ծայրահեղությունները, բացառությամբ Թշնամուն ծայրաստիճան նվիրվելը, պետք է մեծապես ողջունել: Թեև ոչ միշտ, իհարկե, միայն այս փուլում: Կան գաղջ ու կան բարենպաստ ժամանակներ, և այս ընթացքում մեր գործը նրանց թմբիրը շոյելն է: Կան այլ ժամանակներ, որոնց թվում՝ ներկա ժամանակը, որ անհավասարակշիռ ժամանակներ են ու պառակտումների միտված, և մեր գործն այստեղ կրակը բոցավառելն է: Ցանկացած փոքրիկ ընկերակցական խմբավորում՝ իրար կապված մեկ ընդհանուր հետաքրքրությամբ, որ ուրիշներն արհամարհում են կամ անտեսում, հակված է իր ներսում զարգացնել փոխադարձ, ներփակ ինքնահիացում: Իսկ դրսի աշխարհի նկատմամբ զարգացնում է առանց ամոթի ինքնադրսևորվող մեծ հպարտություն ու ատելություն, քանի որ դրա հովանավորն է «Գործը», որը նաև անձնականությունից անդին է: Ասածս ճիշտ է անգամ այն դեպքում, երբ մի փոքրիկ խումբ սկզբնապես գոյության է կոչվել Թշնամու սեփական նպատակների համար: Մենք կամենում ենք, որ Եկեղեցին փոքր լինի ոչ միայն այն պատճառով, որ ավելի քիչ մարդ ճանաչի Թշնամուն, այլ նաև այն պատճառով, որ ովքեր Թշնամուն ճանաչում են, ներփակվեն, ձեռք բերեն ներքին ծանրակիր լարում, պաշտպանողական, ինքնահռչակ ուղղադավանություն՝ գաղտնի ընկերակցություններին ու խմբերին բնորոշ: Եկեղեցին, իհարկե, ծանրորեն պաշտպանված է, և մենք մինչ օրս բավականաչափ չենք հաջողել նրան օժտել ընկերակցության բոլոր գծերով, սակայն որոշ խմբավորումներ նրա ներսում ցուցաբերել են հիացմունքի արժանի արդյունքներ՝ սկսած Կորնթոսում Պողոսի ու Ապողոսի խմբերից մինչև Անգլիկան եկեղեցու «Վերին» ու «Ստորին» ուղղությունները2:

Եթե հնարավոր լինի հոգացյալիդ վերածել խղճամիտ խաղաղարարի3, նա ինքնաբերաբար իրեն կգտնի մի որևէ փոքր, ամպագոռգոռ, համակարգված և հանրությանը ոչ հասու ընկերակցության մեջ, ինչը նորադարձ քրիստոնյայի վրա, իհարկե, համարյա լավ ազդեցություն կգործի: Բայց, իհարկե, «համարյա» լավ: Արդյոք մինչև ներկայիս պատերազմն սկսելը նա լուրջ կասկածներ ունեցե՞լ է արդար պատերազմի մեջ իր մասնակցության օրինավոր լինելու ուղղությամբ: Արդյոք նա այն աստիճան արիության տեր մա՞րդ է, որ կիսագիտակցված կասկածներ չունենա իր խաղաղասիրության իրական դրդապատճառների շուրջ: Ինքն իր հետ առավելագույնս ազնիվ լինելուն մոտ պահերին (քանի որ ոչ մի մարդ արարած շատ մոտ չի լինում դրան) արդյոք նա լիովին համոզված կլինի՞, որ իր գործելու խթանը Թշնամուն հնազանդվելու ցանկությունն է: Եթե նա այսպիսի մարդկանցից է, նրա խաղաղասիրությունը մեզ օգուտ չի բերի, և Թշնամին էլ, հավանաբար, նրան կպաշտպանի այն օրինաչափ արդյունքից, որն է՛ պատկանելությունը մի որևէ աղանդի: Այս դեպքում քո լավագույն անելիքը կլինի փորձել նրա մեջ առաջացնել հանկարծահաս, խճճող զգայական ճգնաժամ, որի շնորհիվ նա կարող է վերածվել հուզախառն հայրենասերի: Այս ամենը հաճախ է հնարավոր լինում գլուխ բերել: Բայց եթե նա իրոք այն մարդն է, որ ես եմ կարծում, ավելի լավ է փորձես խաղաղասիրությունը:

Ինչ էլ որ նա ընդունի, քո գերնպատակը նույնն է լինելու: Թույլ տուր նրան սկսել հայրենասիրությունից կամ խաղաղասիրությունից՝ իբրև իր կրոնի մի մաս: Ապա թույլ տուր նրան, պարտիզանական ոգու ազդեցությամբ, դա դիտարկել որպես խիստ էական մի բան: Ապա զգուշորեն և աստիճանաբար նրան սնուցելով՝ կանգնեցրու այն աստիճանի վրա, որ նա կրոնը դարձնի իրական «գործի» մի մասը, որտեղ նա հիմնականում կարժևորի քրիստոնեությունը այնքանով, որքանով որ այն հանդես կգա կամ ի նպաստ բրիտանական ռազմական գործողություններին, կամ խաղաղասիրության դիրքերից: Միայն թե աչալո՛ւրջ եղիր, որ կենսական հարցերը չդիտարկի որպես Թշնամուն հնազանդվելու միջոց: Բավական է, որ դու Աշխարհը դարձնես վերջնանպատակ, իսկ հավատքը՝ միջոց, դու գրեթե կհաղթես քո մարդուն, և բացարձակ տարբերություն էլ չի լինի՝ ինչպիսի աշխարհային վերջնարդյունք նա հետապնդելիս կլինի: Միայն թե հանդիպումները, գրքույկները, ռազմավարությունները, շարժումները, պատճառները և արշավներն ավելի մեծ կարևորություն ունենան նրա համար, քան աղոթքները, եկեղեցական խորհուրդներն ու բարեգործությունը, ու պըրծ՝ նա մերն է: Եվ որքան ավելի «կրոնական» լինի (վերը նշված իմաստով), այնքան ավելի հաստատուն կերպով մերը կլինի: Կարող եմ քեզ ցույց տալ նման շատերին այստեղ՝ ցածում:

 

Քո սիրապանծ հորեղբայր՝

ԽԱՌՆԱԿԻՉ

 

 

 1   Նկատի ունի հոգեբանական գիտության համապատասխան տեսությունների համախումբ-ուղղությունը՝ անգլ. Psychoanalysis, որի ենթաուղղությունների առավել ազդեցիկ հիմնադիրներն են Զիգմունդ Ֆրոյդը, Կառլ Յունգը, Էրիխ Ֆռոմմը [անգլ. թարգմ.]:
2 Անգլիկան եկեղեցու «Վերին» ու «Ստորին» ուղղություններ (անգլ. High and Low parties in the Church of England) – Անգլիկան եկեղեցու երկու ուղղություններ: “High church” “high churchman” ասելով՝ XVII դարի վերջերին հասկացվում էին այն գծի ներկայացուցիչները, ովքեր հակադրվում էին անգլիկան եկեղեցում ի հայտ եկած կալվինիստա-պուրիտանական ուղղությանը, իսկ XIX դարում հասկացությունը ներառեց նաև անգլոկաթոլիկ մտածողությունը, որի կարկառուն ներկայացուցիչը Ջոն-Հենրի Նյումանն էր: “Low church”/”Low churchman” հասկացությունն անգլոկաթոլիկ գծին հակադրվող գիծն է, շրջանառության մեջ է դրվել վաղ XVIII դարում: Այս ուղղությունն ընդգծում է քարոզի, անձնական սրբակեցության և Սուրբ Գրքի բացարձակ հեղինակության հարցերը: Ներկայում այս բաժանումները բացասական իմաստ են կրում և հազվադեպ են գործածվում:
3 Անգլ.՝ conscientious objector —  Հասկացությունը թարգմանվում է որպես «քաղաքական կամ կրոնական շարժառիթներով զինվորական ծառայությունից հրաժարվող անձ» (Անգլերեն-հայերեն բառարան, Հ. Ա. Ասմանգուլյան եւ Մ. Ի. Հովհաննիսյան, «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1984, էջ 635-636):
 

VIII

 

Իմ սիրասո՛ւն Գարշելիկ,

Փաստորեն դու ասում ես «մեծ հույսեր ունեմ, որ հոգացյալիս կրոնատած փուլն անկման է գնում», չէ՞: Ես միշտ մտածել եմ, որ Փորձչական դպրանոցի տված կրթությունը խիստ աղճատվեց՝ սկսած այն պահից, երբ դրա ղեկը հանձնվեց պառավ Մորթալափին: Քեզ երբևէ մեկը չի՞ ներկայացրել Ալեծփման օրենքը:

Մարդիկ երկկենցաղ են՝ կիսահոգի-կիսակենդանի: (Թշնամու՝ այսպիսի նողկալի խառնածին ստեղծելու մտադրությունն այն դրդապատճառներից էր, որ Մեր Հորը դրդեցին հետ կանգնել Նրան [այսինքն՝ Աստծուն-թարգմ.] աջակցելու հարցից): Իբրև հոգի՝ նրանք պատկանում են հավիտենական աշխարհին, բայց իբրև կենդանի՝ ապրում են ժամանակի մեջ: Սա նշանակում է, որ մինչ նրանց հոգին կարող է ուղղվել դեպի հավիտենություն, նրանց մարմինը, կրքերը և երևակայությունը շարունակական փոփոխության մեջ են, քանի որ լինել ժամանակի մեջ՝ ենթադրում է փոփոխվել: Հետևաբար, նրանց կողմից հաստատունին առավելագույնս մոտենալն ալեծփում է, այսինքն՝ կրկնաբար իրականացվող վերադարձ այն մակարդակին, որից նրանք կրկնաբար անկում են ապրում. վերելքների ու վայրէջքների մի շարան: Եթե դու ուշադիր հետևելիս լինեիր քո հոգացյալին, դու տեսած կլինեիր այս ալեծփումը նրա կյանքի ցանկացած ոլորտում՝ թե՛ կատարած գործի հանդեպ հետաքրքրության, թե՛ ընկերների նկատմամբ կապվածության, և թե՛ ֆիզիկական ձգտումների մեջ. ամենն անկում է ու վերելք: Քանի դեռ նա ապրում է երկրի վրա, զգայական ու մարմնավոր լիության և աշխուժության փուլերը կզուգակցվեն ընդարմացման ու խղճուկության փուլերին: Այն ամլությունն ու տաղտկությունը, որ քո հոգացյալն այժմ ապրում է, քո հմտությունների արդյունքը չեն, ինչպես որ դու ես դյուրահավատ ցնծությամբ երևակայում: Դրանք բնական բաներ են, որոնք հօգուտ մեզ չեն ծառայի, եթե դու դրանք հօգուտ մեզ չծառայեցնես: 

Որպեսզի հասկանաս, թե ինչ օգուտ կարելի է քաղել դրանցից, դու պետք է ինքդ քեզ հարցնես, թե ինչ օգուտ է ուզում քաղել դրանցից Թշնամին ու անես ճիշտ հակառակը: Հիմա քեզ կարող է զարմացնել այն, որ հոգին հավիտենապես ստանալու ուղղությամբ Նրա կատարած ջանքերի մեջ Նա ավելի մեծ տեղ է տալիս անկումներին, քան վերելքներին: Նրա առանձնահատուկ սիրելիների մեջ կան այնպիսիք, ովքեր անցել են երկար ու խոր անկումների միջով՝ ավելի, քան որևէ մեկը: Սրա պատճառը հետևյալն է. մեզ համար մարդն առաջին հերթին սնունդ է, մեր նպատակը նրա կամքը մեր կամքով կլանելն է, նրա ես-ի հաշվին մեր ես-ի տիրույթն ավելացնելը: Սակայն այն հնազանդությունը, որը Թշնամին պահանջում է մարդկանցից, մեկ այլ խնդիր է: Պետք է ըստ արժանվույն դիմադարձենք այն փաստին, որ մարդու հանդեպ Նրա սիրո մասին զրույցները և այն, որ Նրան ծառայելը կատարյալ ազատություն է պարգևում, ընդամենը քարոզչություն չէ (ինչպես ուրախ կլինեինք հավատալ), այլ զարհուրելի ճշմարտություն: Նա իրոք ցանկանում է տիեզերքը լցնել Իր անթիվ-անհամար զազրելի կրկնօրինակներով՝ արարածներով, որոնց կյանքն իրենց մանրապատկերով որակապես նման կլինի Իրենին և ոչ թե այն պատճառով, որ Նա կլանել է նրանց, այլ որովհետև նրանց կամքը ազատորեն ձայնակցում է Իր կամքին: Մենք ցանկանում ենք նախիր, որն ի վերջո կդառնա սնունդ, Նա ցանկանում է ծառաների, որոնք ի վերջո կարող են դառնալ որդիներ: Մենք ցանկանում ենք կուլ տալ, Նա ցանկանում է օժտել: Մենք դատարկ ենք և ուզում ենք լիանալ, Նա լիություն է ու ցանկանում է հորդեցնել այն: Մեր պատերազմի նպատակն աշխարհն այնպիսին դարձնելն է, որում մեր Սանդարամետական Հայրը բոլոր արարածներին կներքաշի իր մեջ: Իսկ Թշնամին կամենում է աշխարհ՝ լի արարածներով, որոնք միավորված կլինեն Իր մեջ, բայց կպահպանեն Իրենից տարբեր լինելու իրենց յուրահատկությունը:

Դե իսկ հիմա պատմեմ անկումների մասին: Դու պետք է որ հաճախ զարմացած լինեիր, թե ինչու Թշնամին ավելի շատ չի օգտագործում իր Ուժը, որպեսզի շոշափելի կերպով ներկա լինի մարդկանց հոգիներում՝ Իր ընտրած չափով և ցանկացած պահի: Բայց հասկանո՞ւմ ես՝ Նրա երկու զենքերը՝ Անդիմադրելին ու Անառարկելին4 Նրան արգելում են դա անել՝ Իր իսկ բնույթը լինելու պատճառով: Մարդկային կամքը կլանելը լոկ (ինչպես որ Նրա թեթև իսկ ներկայությունը զգալը որևէ մեկի մեջ դա անպայմանորեն կանի) Նրա համար անօգուտ է: Նա չի կարող հափշտակել: Նա կարող է միայն սիրով շահել: Քանի որ Նրա խայտառակ գաղափարն է մի ձեռքով երկու ձմերուկ բռնել. արարածները պետք է Նրա հետ մեկ լինեն, բայց նաև լինեն իրենք իրենցով էլ, քանի որ մարդկանց պարզապես զանց առնելը կամ բռնի Իրեն ձուլելը չլինող բան են Նրա համար: Նա սկզբում մի փոքր խստացում է մտցնում. նրանց դնում է Իր ներկայությունից զուրկ վիճակում՝ զգայական քաղցրությամբ ուղեկցվող ու փորձությունը հեշտությամբ հաղթահարելով համեմված, որը, չնայած թույլ մի բան է լինում, բայց մեծագույն կարևորության բան է թվում է նրանց: Բայց Նա երբեք թույլ չի տալիս, որ այդ վիճակները երկար տևեն: Վաղ թե ուշ Նա դուրս է մղում բոլոր օգնություններն ու քաջալերանքները, եթե ոչ փաստացիորեն, ապա գոնե նրանց գիտակցական փորձառության ոլորտից: Նա արարածին թողնում է ինքնուրույն կանգնելու սեփական ոտքերի վրա՝ իրագործելու միայն մարդկային կամքից բխող պարտականություններ, որոնք կորցրած են լինում իրենց հաճելի համը: Այսպիսի անկման շրջանում՝ շատ ավելի, քան վերելքի շրջանում, այն դառնում է մի արարած, որ Նա է կամենում, որ այն լինի: Եվ ուրեմն, հոգևոր ամլության շրջանում բարձրացված աղոթքներն այն աղոթքներն են, որ ամենից շատ են Նրան գոհացնում: Իսկ մենք կարող ենք առաջ մղել մեր հոգացյալներին շարունակական փորձություններով, քանի որ մենք նրանց պատկերացնում ենք միայն սեղանի համար, և որքան շատ նրանց կամքին միջամտենք, այնքան լավ: Նա չի կարող «մղել» նրանց դեպի առաքինություն այնպես, ինչպես մենք ենք մղում նրանց դեպի արատ: Նա ցանկանում է, որ նրանք սովորեն քայլել և, հետևաբար, հեռացնում է Իր ձեռքը, և եթե գեթ իսկ քայլելու կամքը կա, այդ դեպքում Նա գոհանում է նույնիսկ նրանց սայթաքումներից: Չխաբվե՛ս, Գարշելի՛կ։ Մեր գործը երբեք ավելի վտանգված չէ, քան երբ մարդը, այլևս չցանկանալով, բայց դեռևս մտադրված լինելով կատարել մեր Թշնամու կամքը, նայում է շուրջբոլորը, որտեղից Նրա ամեն հետք կարծես թե անհետացել է, և հարցնում է, թե ինչո՞ւ է Նա իրեն լքել, ու դեռ հնազանդվում էլ է դրանից հետո:

Բայց, իհարկե, անկումները հնարավորություններ են ընձեռում նաև մեր կողմին։ Հաջորդ շաբաթ քեզ կտամ որոշ ակնարկներ, թե ինչպես շահագործես դրանք:

 

Քո սիրակիրք հորեղբայր՝

ԽԱՌՆԱԿԻՉ

 
4 Անգլ.՝ the Irresistible and the Indisputable:

Անգլերենից թարգմանությունը՝ Շուշան Խաչատրյանի

Theme: Overlay by Kaira