ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ. ՄԱՍ Զ

Գրիգոր Խանջյան, Վարդանանք (1983)

23.05.2024

Մաս Զ. 

Հայ Առաքելական Եկեղեցու զինյալ վկայությունը

 

Նախքան Հայ Առաքելական Եկեղեցու զինյալ վկայության ճանապարհին անդրադառնալը, հարկ է նշել, որ ըստ պատմահայր Մովսես Խորենացու, հայոց պատմությունն իսկ սկսվում է չարի դեմ զինյալ պայքարից. երբ Բաբելոնում բոլոր ազգերը խոնարհվում էին չար Բելի առջև, որն աշտարակ էր շինում Աստծուն հասնելու համար (համեմատություն Աստծո գահի կողքին սեփական գահը դնելու սատանայի գայթակղության հետ, որի մասին հիշատակվում է Աստվածաշնչում), Հայկ նահապետն իր ազգակիցների հետ լքեց Բաբելոնը և հեռացավ հյուսիս։ Բելն իր զորքով հետապնդեց Հայկին և նրա զարմին, պարտություն կրեց ու սպանվեց։ Այսպիսով, հայ ժողովրդի առաջացման ու ձևավորման պատճառն, ըստ Խորենացու, չարը մերժելու անհրաժեշտությունն էր և սեփական համոզմունքները զենքով պաշտպանելու պատրաստակամությունը։ Հայկն ըմբոստություն չբարձրացրեց Բաբելոնում, այլ իր զարմով հեռացավ, բայց երբ իրեն պատերազմ պարտադրեցին, նա ընդունեց մարտահրավերը և հաղթեց։ Այդ օրվանից մենք կոչվում ենք «հայ»։

Հայ Առաքելական Եկեղեցու մոտեցումն այս հարցում լիովին համահունչ է Հայկի ընտրությանը և Աստվածաշնչին։ Հայ Առաքելական Եկեղեցին կտրականապես մերժում է ընդհանրական թշնամուն անձնական ներում շնորհելու մոլորությունը և ներման պատվիրանի նման մեկնաբանումը։ Ավելին՝ Հայ Եկեղեցին միշտ գնդերեցներ է ունեցել հայոց բանակի զորամասերում, որոնք իրենց քարոզներով ոգեշնչել և ոգեշնչում են զինվորներին և սպաներին՝ ծառայելու անձնվիրաբար և հարկ եղած դեպքում զենքով պաշտպանելու հավատն ու հայրենիքը։ Մեր հոգևորականները միշտ կռվել են հայ զինվորի կողքին, և մեր պատերազմները մեծամասամբ կրել են կրոնական բնույթ։

Այս առնչությամբ տեղին է համառոտ անդրադառնալ Հայ Առաքելական Եկեղեցու և այլ Եկեղեցիների մարտիրոսների էական տարբերությանը։ Քրիստոնեության առաջին դարերում, հայերն, ի տարբերություն Հռոմի և Բյուզանդիայի, քրիստոնեության ընդունումից ի վեր չեն ունեցել այլադավան արքաներ, որոնք կհալածեին առաքելականներին։ Քաղկեդոնի ժողովից հետո որոշ հայ կաթողիկոսներ և արքաներ փորձել են ընդհանուր եզրեր գտնել Բյուզանդիայի հետ՝ դիմակայելու համար արտաքին թշնամիներին։ Կիլիկյան շրջանում Սսի կաթողիկոսարանն ու Կիլիկիայի արքաները փորձել են փոխել անգամ Պատարագը. Ներսես Շնորհալին այն երկարացրել է, որպեսզի պաշտպանի Հայ Եկեղեցին կաթոլիկների կողմից հնչող մեղադրանքներից։ Բայց թե՛ ուղղափառների, թե՛ կաթոլիկների հետ մերձենալուն ուղղված քայլերը երբեք չեն հանգեցրել Առաքելական Եկեղեցու հալածանքներին՝ այս կամ այն հայ արքայի կողմից (բնականաբար, խոսքը պարսից մարզպանների կամ հունաց կուսակալների մասին չէ)։ Մինչդեռ, հռոմեական, ապա և՝ բյուզանդական գահերին բազմել են հեթանոս կայսրեր, որոնք անմարդկային կտտանքների են ենթարկել իրենց տերությունների քրիստոնյա քաղաքացիներին։ 

Քրիստոնյա զորավարները, զինվորներն ու իշխանները Հռոմում և Բյուզանդիայում պարբերաբար կանգնել են երկընտրանքի առջև՝ կա՛մ հավատարիմ մնալ պետությանը ենթարկվելու ավետարանական պատվիրանին (Հռոմ. 13), կա՛մ չկատարել կուռքերին զոհ մատուցելու կայսրի հրամանը և մարտիրոսական մահ ընդունել։ Քրիստոնյա զորավարներից և զինվորներից և ոչ ոք զենք չբարձրացրեց իր պետության դեմ, բայց չկատարեց նաև դավանանքն ուրանալու և կուռքերին զոհ մատուցելու իշխանների ու կայսրերի հրամանը։ Սուրբ Պաիսիոսի վկայությամբ՝ հալածանքների դարերում ընդհանուր առմամբ շուրջ տասնմեկ միլիոն քրիստոնյա է ընդունել նահատակության պսակը։

Հայերիս պարագան այլ է։ Մենք ևս ունենք «անզեն նահատակներ», ինչպես Հռիփսիմյանց կույսերը, որոնք հիմնականում հույներ էին, կամ Ստեփանոս Ուլնեցին՝ երեսուներկու վկաների հետ։ Բայց սրանք չնչին բացառություններ են։ Մեր Եկեղեցու նահատակների ճնշող մեծամասնությունը, առնվազն վաղ շրջանում և միջնադարում, «զինյալ վկաներ են»։ Նրանք իրենց հավատը վկայել են ոչ միայն սեփական արյունը հեղելով, այլև հեղելով նաև Քրիստոսի Եկեղեցու թշնամիների արյունը։ 

Հայտնության գրքում Քրիստոս պատկերվում է որպես հեծյալ ռազմիկ, Որն Իր բերանից ելնող երկսայրի սրով հարվածում ու կործանում է թշնամիներին։ Այդպես էլ հայ մարտիրոսներն իրենց հավատը վկայել են ոչ միայն խոսքով, այլև զենքով, և հաճախ սուրն է եղել նրանց լեզուն ու քարոզը թշնամիներին։

Այս իմաստով հայերիս սրբազան պատերազմի ընկալումը լիովին համահունչ է հինկտակարանյան թույլատրելի պատերազմի թեզին։ Իսլամական սրբազան պատերազմի գաղափարը ևս վերցված է Հին Կտակարանից, և Ղուրանի բազմաթիվ սուրահներում հիշատակվող «շահիդ» եզրույթը լիովին համապատասխանում է հայերիս «զինյալ մարտիրոսության» ընկալմանը, իսկ սրբազան պատերազմ համարվող «ջիհադը», իսլամի ծնունդից դարեր առաջ, անզուգական Եղիշեն բնորոշել է «Վարդանանց ուխտում»։

Հայ քրիստոնյան և Հայոց Եկեղեցին երբեք չի կանգնել հանուն հավատի սեփական պետության ու պետականության դեմ պայքարելու անհրաժեշտության առջև, ինչպես Հռոմում և Բյուզանդիայում։ Ընդհակառակը՝ մեր արքաները, սպարապետները, կաթողիկոսներն ու քահանաները ուս ուսի կռվել են առաքելական հավատի արտաքին, ընդհանուր թշնամու դեմ, ինչը որևէ աղերս չունի մեր ներսում, անձնական հարաբերություններում միմյանց ներելու, անգամ ապտակի դեպքում մյուս այտը մերձավորին պարզելու Քրիստոսի պատվիրանի հետ։ 

Ավարայրի ճակատամարտին մասնակցել են կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցին (մահ. 452), Ղևոնդ երեցը, Եղիշեն և բազում այլ հոգևորականներ։ Ճակատամարտի բոլոր նահատակները սրբացվել են մեր Եկեղեցու կողմից, իսկ դրան հետևած Վահան Մամիկոնյանի պարտիզանական պատերազմին, ձի հեծած, սուրը ձեռքին մասնակցել է մեր նշանավոր հայրապետներից սուրբ Հովհաննես Ա Մանդակունին (403-490)։

Շարունակելի…

Հեղինակ՝ © Մհեր Բեյլերյան
Գրվել է 2020 թ. հուլիս ամսին

Theme: Overlay by Kaira