25.02.2025
2016 թվականի հունիսի 20-26-ը երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո Կրետեում կայացած Օրթոդոքս եկեղեցիների «Սուրբ և Մեծ Ժողովը» ընդունեց փաստաթուղթ՝ Օրթոդոքս Եկեղեցու հարաբերությունները մնացյալ քրիստոնեական աշխարհի հետ (Relations of the Orthodox Church with the Rest of the Christian World) վերնագրով:
Ինչպես Օրթոդոքս Եկեղեցու առաքելությունը այժմյան աշխարհում, այնպես էլ Օրթոդոքս Եկեղեցու հարաբերությունները մնացյալ քրիստոնեական աշխարհի հետ փաստաթղթերը ստորագրվել են տասնչորս ավտոկեֆալ օրթոդոքս եկեղեցիների ներկայացուցիչների կողմից, Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի նախագահությամբ։ Փաստաթուղթը վավերացվել է չորս պաշտոնական լեզուներով՝ հունարեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն։
Փաստաթուղթն ունի ուրույն կառուցվածք։ Այն անդրադառնում է միջեկեղեցական հարաբերություններում ամենից շատ քննարկվող հիմնական հարցերին և տալիս օրթոդոքս աստվածաբանությանը հարազատ սպառիչ պատասխաններ։ Փաստաթուղթը սահմանում է Քրիստոսի մեկ Եկեղեցի հասկացությունը՝ ըստ Օրթոդոքս Եկեղեցու վարդապետության, վեր է հանում միջեկեղեցական հարաբերություններում առկա խնդիրները, ինչպես նաև արտահայտում էկումենիկ շարժման նկատմամբ Օրթոդոքս Եկեղեցու ուրույն դիրքորոշումը։ Սույն հրապարակմամբ կանդրադառնանք փաստաթղթում քննարկվող վերոհիշյալ երեք կետերին։
Ժողովը սահմանում է եկեղեցու միություն եզրը հետևյալ կերպ․ Եկեղեցու բնությունը մեկ է, քանզի մեկ է նրա հիմնադիրը` Հիսուս Քրիստոս։ Մինչ օրս Եկեղեցու միությունը պահվում է Եկեղեցում Սուրբ Հաղորդության և Սրբազան Խորհուրդների շնորհիվ։ Այն փոխանցվում է Առաքելական հաջորդականության և Սրբազան Ավանդության միջոցով (§ 2)։ Միության այսպիսի սահմանումից բխում է փաստաթղթում միջեկեղեցական բնույթի այլ հարցերին տրվող հնարավոր պատասխանների բովանդակությունը։
Մինչ անդրադառնալը Օրթոդոքս Եկեղեցու հարաբերություններին մնացյալ քրիստոնեական աշխարհի հետ, ժողովը մատնացույց է անում Օրթոդոքս Եկեղեցու ներսում առկա միջեկեղեցական խնդիրները։ Ժողովականները չեն շրջանցում այն հանգամանքը, որ փաստաթղթի «համաուղղափառյան բնույթը» հեշտությամբ կարող է կասկածի տակ դրվել, քանզի այն չի ստորագրվել բոլոր անդամ եկեղեցիների ներկայացուցիչների կողմից։ Այսուհանդերձ, փաստաթղթում պարզորոշ կերպով նշվում է, որ Միացյալ աստվածաբանական հանձնաժողովը (Joint Theological Commission) բացառում է պարտադրանքը որևէ տեղեկան եկեղեցու նկատմամբ՝ Ժողովին մասնակցելու կամ փաստաթուղթը ստորագրելու հարցում։ Ավելին, փաստաթուղթն ընդգծում է, որ պետք է ձեռք առնվեն նոր մեթոդներ օրթոդոքս եկեղեցիների միջև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ (§ 9, 10)։
Անդրադառնալով էկումենիկ շարժման նկատմամբ Օրթոդոքս եկեղեցու դիրքորոշմանը և մասնակցությանը միջեկեղեցական հարաբերություններին՝ ժողովականները շեշտադրում են այն հանգամանքը, որ տեղական օրթոդոքս եկեղեցիների մասնակցությունը տարաբնույթ էկումենիկ կառույցների աշխատանքներին և նրանց ակտիվությունը էկումենիկ շարժման մեջ չի կարող սահմանել Օրթոդոքս Եկեղեցու դիրքորոշում էկումենիկ շարժման նկատմամբ կամ գնահատել Օրթոդոքս Եկեղեցու մասնակցությունը էկումենիկ շարժմանը։ Որպես օրինակ Ժողովը նշում է Վրաց և Բուլղար եկեղեցիների անդամակցության խզումը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին (ԵՀԽ)։ Այդ է պատճառը, որ փաստաթղթում հատկապես ընդգծվում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տեղական եկեղեցի ունի իր ուրույն կարծիքը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի աշխատանքների և ընդհանրապես էկումենիկ երկխոսության նկատմամբ (They [Local Churches] have their own particular opinion on the work of the World Council of Churches) (§ 16)։
Ժողովն Օրթոդոքս Եկեղեցու համագործակցությունը ԵՀԽ-ի հետ գնահատում է բավականին արդյունավետ։ Մատնանշելով Օրթոդոքս Եկեղեցու կողմից Հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որի առաքելությունն է ապահովել Օրթոդոքս Եկեղեցու մասնակցությունը ԵՀԽ-ի աշխատանքներին, ժողովականներն ընդգծում են, որ Օրթոդոքս Եկեղեցին աջակցում է միջեկեղեցական հարաբերությունների ամրապնդմանը։ Ավելին, փաստաթուղթը բացատրում է Օրթոդոքս Եկեղեցու՝ ԵՀԽ-ի անդամ լինելու հանգամանքը․ Օրթոդոքս Եկեղեցին անդամակցում է ԵՀԽ-ին, քանի որ նրա անդամ եկեղեցիները հավատում են Հիսուս Քրիստոսին, որպես Աստված և Փրկիչ՝ հիմնված Ս. Գրքի վրա, և դավանում են Ս․ Երրորդությունը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն՝ ըստ Նիկեա-Կոստանդնուպոլսյան հավատամքի (§ 16-18)։
Լինելով ԵՀԽ-ի անդամ՝ Օրթոդոքս Եկեղեցին, սակայն, չի ընդունում «դավանանքների հավասարությունը»։ Պատահական չէ, որ խոսելով Քրիստոսի մեկ եկեղեցու մասին, փաստաթուղթը երկու անգամ մատնանշում է առաջին յոթ տիեզերեկան ժողովները՝ որպես դոգմատիկ հիմք եկեղեցիների միջև էկումենիկ երկխոսության (§ 5)։ Ակնհայտ է, որ դոգմատիկ հիմքի վրա միջեկեղեցական հարաբերությունները դեռևս առաջնային են Օրթոդոքս Եկեղեցու համար։ Ավելին, փաստաթուղթը պարզորոշ կերպով ընդգծում է, որ եկեղեցիների միություն ասելով, Օրթոդոքս Եկեղեցին չի հասկանում «փոխզիջում եկեղեցիների միջև» (§ 18):
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Ժողովը փորձ է անում ցույց տալ, որ չնայած այն հանգամանքին, որ Օրթոդոքս Եկեղեցին էկումենիկ տարաբնույթ կառույցների անդամ է, այն ունի ուղղափառ աստվածաբանությանը հարազատ «Քրիստոսի մեկ Եկեղեցի» գաղափարի իր ընկալումը և իր ուրույն դիրքորոշումն էկումենիկ շարժման նկատմամբ։ Ակնհայտորեն Համաուղղափառ ժողովը մի կողմից ողջունում է եկեղեցիների միության գաղափարը, մյուս կողմից, ընդունելով Օրթոդոքս Եկեղեցու վարդապետությունն ու Սրբազան Ավանդությունը որպես ուղենիշ Օրթոդոքս Եկեղեցու և մնացյալ քրիստոնեական աշխարհի հետ հարաբերություններում՝ սահմանափակում է միջեկեղեցական երկխոսություններն Օրթոդոքս Եկեղեցու հետ։
Հեղինակ՝ Արփի Ալեքսանյան