ՆԻԿՈԼԱՅ Ա. ԲԵՐԴՅԱԵՎ.
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՆԱՐԺԱՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
04.03.2023
Երբ հարձակվում են միջին դարերի քրիստոնեական հավատքի վրա՝ նսեմացնելով այն ինկվիզիցիայի խարույկներով, խղճի հանդեպ բռնությամբ, մոլեռանդությամբ, անհանդուրժողականությամբ ու մարդու հանդեպ դաժան վերաբերմունքով, ապա հարցն ինքնին սխալ են դնում և պարզապես բավարար չափով չեն գիտակցում՝ ինչից են խոսում։ Միջնադարյան քրիստոնեության վրա հարձակումը, անկասկած` հիմնավորված փաստերով, չնայած երբեմն՝ չափազանցված, ամենևին էլ քրիստոնեության վրա հարձակում չէ, այլ հարձակում է միջնադարյան մարդկանց՝ քրիստոնյաների վրա։ Արդյունքում՝ մարդիկ իրենք իրենց վրա են հարձակվում։ Միջնադարյան կաթոլիկությանը հատուկ էր կեղծ աստվածապետական սկզբունք, ըստ որի՝ Եկեղեցին հասկացվում էր պետության խիստ նմանողությամբ և պապերին վերագրվում էր աշխարհակալ իշխանություն։ Այդուհանդերձ, ոչ թե Կաթոլիկ եկեղեցին էր մեղավոր միջնադարյան դաժանության և անհանդուրժողականության համար այլ մարդու բարբարոս բնությունը։ Միջնադարյան աշխարհը բարբարոս էր, լի՝ դաժանությամբ և արյունարբու բնազդներով։ Եկեղեցին փորձում էր կարգավորել այդ բարբարոս աշխարհը, որ հակված էր անարխիայի, մեղմացնել նրա դաժան բնազդներն ու քրիստոնեացնել այն։ Բայց այդ ամենը Եկեղեցուն միշտ մասնակի էր հաջողվում, քանի որ չափազանց մեծ էր խավարը, որով պարուրված էր մարդկային բնությունը։
Միջնադարյան աշխարհը պաշտոնապես համարվում էր քրիստոնյա, մինչդեռ իրականում կիսով չափ էր քրիստոնյա և կիսով չափ էլ՝ հեթանոս։ Այդտեղ չկար քրիստոնեության մեղավորությունը, չէ՞ որ նա չէր կարող բռնի կերպով աշխարհը դարձնել քրիստոնեական։ Եկեղեցական հիերարխիան էլ, իր հերթին, մեղքերով ծանրաբեռնված, Եկեղեցու կյանք էր ներմուծում մարդկային կրքեր և լինելով իշխանատենչ՝ պակաս չէր աղավաղում Քրիստոսի ճշմարտությունը։ Բայց այստեղ էլ Քրիստոսի ճշմարտությունը մեղավոր չէր, մեղավոր էին քրիստոնյաները բայց ոչ՝ քրիստոնեությունը։ Եկեղեցու աստվածային հիմքը մնում էր անաղարտ և չէր աղավաղվում մարդկանցով, այլ լուսավորում էր նրանց։ Քրիստոսի ավետարանական ձայնը հնչում էր միևնույն մաքրությամբ։
Առանց Եկեղեցու, առանց քրիստոնեության, միջնադարյան բարբարոս ու դաժան աշխարհը կխեղդվեր արյան մեջ, իսկ հոգևոր մշակույթը վերջնականապես կկործանվեր։ Չէ՞ որ անտիկ, հունահռոմեական մշակույթն իր բարձրագույն ձեռքբերումներով պահպանվել է հենց Եկեղեցու կողմից և փոխանցվել նոր ժամանակներին։ Այսպիսին է Կաթոլիկ եկեղեցու վերաբերյալ ճշմարտությունը, չնայած այն հանգամանքին, որ Եկեղեցու կազմակերպվածության և աստվածաբանական ուսմունքի մեջ, ըստ ուղղափառության, սխալներ և աղճատումներ են թույլ տրվել։
Ինչ վերաբերում է Ուղղափառ եկեղեցուն, ապա նրա համար խորթ է եղել ինկվիզիցիան, խղճի և հավատքի հարցերում նմանօրինակ բռնություններ չեն եղել, նրան հատուկ չի եղել նաև մոլեռանդությունը։ Բռնությունը մեր պարագայում պետական իշխանության կողմից է կիրառվել։ Այդուհանդերձ, մարդկային այլասերություններն ու մեղքերը տեղ են ունեցել և՛ Կաթոլիկ, և՛ Ուղղափառ Եկեղեցում։ Քրիստոնեության թերություններն աշխարհում միշտ եղել են քրիստոնյաների թերությունները, դրանք մարդկային թերություններ էին, այլ ոչ թե աստվածային։ Քրիստոնեության չհաջողելը մարդկային անհաջողություն էր։ Եթե դուք ճշմարտությունն իրականություն չեք դարձնում և աղավաղում եք այն, մեղավորը դուք եք, այլ ոչ թե ճշմարտությունը։
Մարդիկ ազատություն են պահանջում և չեն կամենում, որ իրենց ստիպողաբար դրդեն բարիք գործելու, սակայն այդ անսահման ազատության արդյունքում, որ տրված է իրենց Աստծո կողմից, մեղադրում են հենց Աստծուն։ Ի վերջո ո՞վ է մեղավոր, որ մարդկային կյանքը լի է չարությամբ։ Արդյո՞ք մեղավոր է քրիստոնեությունը։ Քրիստոս երբեք չի սովորեցրել այն ամենը, ինչի համար քննադատում են քրիստոնեությունն ու վանում իրենցից։ Եթե մարդիկ հետևեին Քրիստոսի խոսքերին, ապա քրիստոնեական աշխարհում չէր լինի այն, ինչն այսօր օգտագործում են ընդդեմ քրիստոնեության։
Ուելսի մոտ մի երկխոսություն կա մարդկանց և Աստծո միջև։ Մարդիկ բողոքում են Աստծուն, որ կյանքը լի է չարիքով ու տառապանքով, պատերազմներով, բռնություններով և այլն, ու գնալով դառնում է անտանելի։ Աստված պատասխանում է մարդկանց. «Եթե դա ձեզ դուր չի գալիս, ուրեմն մի՛ արեք այդ ամենը»։ Այս՝ զարմանալիորեն պարզ զրույցը բավական ուսուցանող է։ Քրիստոնեությունն աշխարհում գոյատևում է չարի սարսափելի դիմադրության ներքո, այն գործում է մութ տարերքի մեջ։ Ոչ միայն մարդկային, այլև վերմարդկային չարն է դիմադրություն ցուցաբերում քրիստոնեությանը։ Քրիստոսի և Նրա Եկեղեցու դեմ հառնում են դժոխքի ուժերը, և այդ ուժերը գործում են ոչ միայն Եկեղեցուց ու քրիստոնեությունից դուրս, այլև դրանցից ներս, որպեսզի քայքայեն Եկեղեցին և այլասերեն քրիստոնեությունը։ Եթե, սակայն, մարդիկ հոգևոր տեսողություն ունենային, հավանաբար կտեսնեին, որ քրիստոնեությունն աղճատելով, դավաճանելով ու անիծելով այն ամենի համար ինչում քրիստոնեությունը մեղավոր չէ, դրանով խաչն են բարձրացնում Քրիստոսին։ Քրիստոս հավիտենապես Իր Արյամբ քավում է աշխարհի մեղքերը, քավում է նրանց մեղքերը, ովքեր Նրան մերժում ու խաչում են։
Ճշմարտության մասին չի կարելի դատել մարդկանցով, այն էլ մարդկանցից վատագույններով։ Անհրաժեշտ է Ճշմարտության ուղիղ աչքերի մեջ նայել և տեսնել նրանից բխող լույսը։ Մարդկային արտացոլումների մեջ Ճշմարտության մասին անհրաժեշտ է դատել լավագույններով, քրիստոնեության մասին պետք է դատել առաքյալներով ու մարտիրոսներով, ճգնավորներով ու սրբերով, այլ ոչ թե կիսաքրիստոնյա, կիսահեթանոս հսկայական զանգվածով, որոնք ամեն ինչ անում են քրիստոնեության պատկերն աղճատելու համար։
Քրիստոնյա մարդկությանն աշխարհում երկու մեծ փորձություն է բաժին ընկել․ հալածանքների փորձությունն ու հաղթության փորձությունը։ Առաջինը՝ հալածանքի փորձությունը, քրիստոնյաները հաղթահարեցին և տվեցին մարտիրոսների ու հերոսների կերպարներ։ Նրանք հաղթահարեցին այդ փորձությունը քրիստոնեության գոյության սկզբնական ժամանակաշրջանում, երբ հետապնդվում էին հռոմեական կայսերության կողմից, նրանք մեր օրերում ևս հաղթահարում են այս փորձությունը, երբ Ռուսաստանում կոմունիստական իշխանության կողմից ենթարկվում են հալածանքների։ Սակայն շատ ավելի դժվար է դիմանալ հաղթության փորձությանը։ Երբ Կոստանդին կայսրը խոնարհվեց Խաչի առջև, և քրիստոնեությունն իշխող, պետական կրոն դարձավ, այդժամ սկսվեց հաղթության փորձության երկար ընթացքը։ Եվ այդ փորձությունը քրիստոնյաները չկարողացան հաղթահարել այնպես, ինչպես հալածանքների դեպքում։ Եվ կրկին քրիստոնեությունը մեղավոր չէ, որ մարդիկ չդիմացան աշխարհում հաստատած նրա հաղթանակին, և արդյունքում՝ աղճատեցին քրիստոնեության դիմագիծը։ Եվս մեկ անգամ Քրիստոս խաչվեց նրա՛նց կողմից, որոնք իրենց համարում էին Նրա ծառաներն այս աշխարհում և չէին հասկանում, թե ինչ ոգուց էին իրենք։
Ժամանակակից մարդիկ, ովքեր բավականին հեռացած են քրիստոնեությունից, հաճախ մտածում են, որ քրիստոնեական Եկեղեցին պետք է կազմված լինի բացառապես կատարյալ մարդկանցից ու սրբերից, և մեղադրում են Եկեղեցուն այն բանում, որ նրա մեջ ընդգրկված են բավականին մեծ թվով մեղավոր, անկատար և վատ քրիստոնյաներ: Սակայն դա Եկեղեցու բնույթը չհասկանալու, նրա իրական էությունը չըմբռնելու արդյունք է: Եկեղեցին գոյություն ունի նախ և առաջ մեղավորների, անկատարների, կործանվողների համար: Եկեղեցին իր ծագումով աստվածային է, իր հիմքում` հավիտենական, բայց նա գործում է երկրի վրա, ժամանակի մեջ, չմնալով բարձրության վրա` հեռու տանջանքներից ջղաձգվող մեղսավոր աշխարհից: Նա ամենից առաջ պետք է օգնի այդ աշխարհին, փրկի հավիտենական կյանքի համար, բարձրացնի նրան մինչև երկինք: Քրիստոնեության էությունը միավորումն է հավիտենականի և ժամանակի, երկնքի ու երկրի, աստվածայինի ու մարդկայինի, այլ ոչ թե բաժանումը` ժամանակից, աշխարհից ու մարդուց: Ժամանակավորը, մարդկայինը չպետք է լինեն ժխտված ու մերժված, այլ պիտի լուսավորվեն ու վերափոխվեն:
Քրիստոնեության առաջին դարերում Եկեղեցում գոյություն ուներ աղանդավորական շարժում` մոնտանականությունը, ըստ որի՝ Եկեղեցին կազմված է բացառապես կատարյալներից ու սրբերից, և այնտեղից պետք է վռնդել մեղավորներին ու անկատարներին: Մոնտանականների համար Եկեղեցին մարդկանց այն համայնքն էր, որոնք հատուկ շնորհ էին ստացել Սուրբ Հոգուց: Դրա հետևանքով քրիստոնյա մեղավոր մարդկության զգալի մասը փաստացիորեն դուրս էր մնում Եկեղեցուց: Սակայն ճշմարիտ եկեղեցական գիտակցությունը դատապարտեց մոնտանականությունը և հաստատեց Եկեղեցին՝ որպես մեղավորներին փրկող: Սրբերը Եկեղեցու վարձքն ու հիմքն են, սակայն Եկեղեցին միայն նրանցից չէ բաղկացած: Եկեղեցին երկրի վրա մարտնչող է, պայքարող` չարի և մեղքի դեմ: Քրիստոս Ինքը աղքատների և մեղավորների հետ էր, ինչի համար մեղադրվում էր փարիսեցիների կողմից: Իսկ Քրիստոսի Եկեղեցին պետք է նման լինի Նրան: Այն չի կարող լինել միայն անաղարտների ու սրբերի հետ, Եկեղեցին նախ և առաջ պետք է կործանվողների ու մեղավորների հետ լինի: Միայն անմեղներին և կատարյալներին ընդունող քրիստոնեությունը կլիներ փարիսեցիների քրիստոնեություն: Կարեկցանքը, հանդուրժողականությունն ու բարեսրտությունը` մեղքերով ու թերություններով լի մերձավորի հանդեպ, քրիստոնեական սիրո գործառույթն է և քրիստոնեական կատարելության պահանջը:
Մոնտանականությունը կեղծ մաքսիմալիզմ էր քրիստոնեության մեջ, որն ի հայտ էր բերում իր ոչքրիստոնեական էությունը: Դա սիրո բացակայություն էր և կեղծ բարոյականություն: Մաքսիմալիզմի կեղծիքը նրանում էր, որ հսկայական պահանջներ էր դնում ոչ թե իր, այլ՝ ուրիշների առջև: Մեղադրում էին մարդկանց նրա համար, որ վերջիններս չեն կարողացել լիարժեք մաքուր, կատարյալ ու սուրբ լինել: Սակայն իրենք՝ մաքսիմալիսները, այդպիսին չէին և ոչ էլ մտածում էին լինել այդպիսին: Նրանք, ովքեր իրապես հասել են բացարձակ կատարելության ու սրբության աստիճանի, սովորաբար չեն էլ մեղադրում ուրիշներին: Սրբերն ու հայրերը չափազանց ներողամիտ են մարդկանց հանդեպ: Իսկ բարձր պահանջները մարդն առաջին հերթին պետք է իր առջև դնի, այլ ոչ թե ուրիշների, հակառակ դեպքում` դա ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն և փարիսեցիություն: Քրիստոնեությունը սիրո կրոն է. այն իր մեջ միավորում է սեփական անձի հանդեպ խստություն ու պահանջկոտություն, և հանդուրժողականություն, կարեկցանք ու խղճմտանք ուրիշների նկատմամբ:
Նրանք, ովքեր դատապարտում են քրիստոնեությունը քրիստոնյաների մեղքերի հիման վրա, ամենևին էլ չեն ցանկանում անձամբ իրականացնել քրիստոնեության բարձր պահանջները, նույնիսկ չեն էլ փորձում դա անել: Ժամանակակից մարդկանց համար այդպիսի մեղադրանքները պարզապես առիթ են, որպեսզի արտահայտեն իրենց թշնամանքը քրիստոնեության հանդեպ և արդարացնեն սեփական կրոնը դավաճանելու թուլակամությունը: Այդպիսիները թաքնվում են կեղծ բարոյականության քողի տակ:
Այս առումով քրիստոնեությունը շատ է տարբերվում տոլստոյականությունից, որը վերացական բարոյականություն է: Լ. Տոլստոյը վճռականորեն և դաժանորեն քննադատում էր այսպես կոչված պատմական քրիստոնեությունը: Նրա համար քրիտոնեությունն ավարտվում էր Քրիստոսի բարոյական ուսմունքով և պատվիրաններով, իսկ քրիստոնեության առեղծվածային, ծածուկ կողմը Տոլստոյի համար անընդունելի էր և անհաճո: Նա կարծում էր, որ ամեն ինչ կախված է ճշմարիտ գիտակցությունից, և հեշտ է իրականացնել այն, ինչը հասկանալի և ընդունելի է: Տոլստոյը չէր ընդունում մարդու ազատությունը և չէր զգում չարը, որն առկա է նրա բնության մեջ: Չարի աղբյուրը նա տեսնում էր գիտակցության, այլ ոչ թե կամքի և ազատության մեջ: Այդ պատճառով չարի դեմ հաղթանակ տանելու համար նա Աստծո օգնության ու շնորհի կարիքը չէր զգում, այլ համարում էր, որ բավական է միայն վերափոխել սեփական գիտակցությունը: Տոլստոյի համար Հիսուս Քրիստոս Քավիչ և Փրկիչ չէր, այլ կյանքի մեծագույն ուսուցիչ, բարոյականության օրենսդիր: Եվ Տոլստոյին թվում էր, որ շատ հեշտ է քրիստոնեությունն իրականացնել կյանքում, քանի որ հեշտ է ապրել սիրո օրենքով, որը պարզ է, ձեռնտու և խելամիտ, ի տարբերություն ատելության օրենքի, որով ապրում է աշխարհը: Նա ասում էր, որ քրիստոնեությունը չիրագործվեց կյանքում, և Քրիստոսի պատվիրանները չկատարվեցին, քանի որ խանգարում էր կեղծ աստվածաբանական ուսմունքը, որը շեշտը դնում էր Նրա փրկագործության և աստվածային շնորհի վրա, և Տոլստոյը կոպտորեն հարձակվում էր եկեղեցական քրիստոնեության վրա:
Անշուշտ, նա իրավացի է, երբ պահանջում է անկեղծ վերաբերմունք քրիստոնեության հանդեպ, երբ կոչ է անում կյանքում ի կատար ածել Քրիստոսի պատվիրանները, սակայն խորապես սխալվում էր, երբ կարծում էր, թե դրանք հեշտ է իրականացնել, որ անհրաժեշտ է միայն հաստատուն գիտակցություն և այդ ամենը՝ առանց Քրիստոս-Փրկչի և Սուրբ Հոգու շնորհաբաշխության: Տոլստոյը շատ հեշտությամբ էր մարդկանցից պահանջում մաքսիմալիզմ ու Աստծո պատվիրանների իրագործում և ընկնում էր կեղծ բարոյական մաքսիմալիզմի մեջ: Անձամբ նրան ամենևին էլ հեշտ չի եղել իրականացնել կյանքում այն ուսմունքը, որը դավանում էր: Նա մինչև վերջ էլ չկարողացավ դա անել: Մահվան շեմին հեռացավ սեփական ընտանիքից և միայն մի քանի օրով դարձավ ուխտավոր:
Տոլստոյի ուսմունքը և նրա կյանքի ուղին շատ ուսանելի է մեր թեմայի համար: Նրա մոտ շատ մեծ քննադատական ճշմարտություն կար: Նա բավականին ճշգրիտ մտքեր է արտահայտել քրիստոնեական աշխարհում տեղ գտած մեղքերի վերաբերյալ և արդար կերպով մերկացրել հասարակության ու մշակույթի ոչքրիստոնեական բնույթը: Սակայն այդ քրիստոնյաների թիկունքում Տոլստոյն այդպես էլ չտեսավ բուն քրիստոնեությունը, չնկատեց այն` քրիստոնյաների մեղքերի և թերությունների պատճառով: Գիտակցության հպարտությունը խանգարեց նրան դառնալ ներքուստ քրիստոնյա, և նա իր մեջ չընդունեց Քրիստոսին: Տոլստոյի համար Քրիստոս մնաց միայն կյանքի ուսուցիչ:
Տոլստոյը հանճարեղ մարդ էր և նրանում շատ մեծ էր աստվածային Ճշմարտությունը գտնելու ձգտումը: Սակայն զգալի թվով մարդիկ, որոնք օժտված չեն ո՛չ նրա հանճարեղությամբ, ո՛չ էլ աստվածային ճշմարտությունը փնտրելու ձգտումով, քննադատում են քրիստոնեությունը` չփորձելով իրենց կյանքում իրականացնել ոչ մի կատարելություն և չձգտելով փնտրել կյանքի իմաստն ու նպատակը:
Անշուշտ, քրիստոնեական պատվիրաններն ամենևին էլ հեշտ չէ իրագործել կյանքում և մտածել, որ քրիստոնեությունը ճշմարիտ կրոն չէ, քանի որ քրիստոնյաները չեն հետևում սեփական կրոնի պատգամներին` մեծ մոլորություն է: Սակայն շատ ավելի մեծ մոլորություն է մտածելը, որ առհասարակ պետք չէ իրականացնել քրիստոնեությունը կյանքում և ձգտել կատարելության, ինչպիսին է Երկնավոր Հայրը, քանի որ, միևնույն է, ադամական մեղքը թույլ չի տա հասնել կատարելության: Ճշմարիտ քրիստոնյան իր կյանքի յուրաքանչյուր պահի պետք է ձգտի կատարելության` ինչպիսին Տիրոջ կատարելությունն է և ձգտի Աստծո Արքայությանը: Սա պիտի լինի նրա կյանքի ուղենիշը: «Նախ խնդրեցէք Աստուծո Արքայությունը, և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6:33): Չի կարելի ջլատել կամքը, որը ձգտում է կատարելության, միայն այն պատճառով, որ մարդկային բնությունը մեղսավոր է, և որ կատարելությունը երկրի վրա անհասանելի է: Մարդը պետք է իրականացնի Աստծո Ճշմարտությունն անկախ ամեն ինչից: Թեկուզ և քչերն են իրագործում Քրիստոսի Ճշմարտությունը, թեկուզ և մարդն իրականացնում է այն իր կյանքի միայն մեկ ժամվա մեջ, այդուհանդերձ, այն պետք է ի կատար ածվի:
Քրիստոնեական կրոնը կոչ է անում նախ և առաջ փնտրելու Աստծո Արքայությունը և աստվածային կատարելությունը, սակայն քրիստոնեությանը խորթ են ուտոպիզմն ու կեղծ մաքսիմալիզմը: Քրիստոնեությունը ռեալիստական է և սուրբ հայրերը միշտ հոգևոր սթափության են կոչել: Քրիստոնեությունը մշտապես ոգեկոչում է ներքինից գալ արտաքինին, այլ ոչ թե հակառակը: Ոչ մի արտաքին ստիպողական միջոցներով հնարավոր չէ անձնական կամ հասարակական կյանքում հասնել կատարելության: Անհրաժեշտ է ներքին հոգևոր վերածնունդ, իսկ դա կարող է լինել միայն ազատությամբ: Անհնար է կատարյալ քրիստոնյա և քրիստոնեական հասարակություն ստեղծել որևէ պարտադրողական միջոցով: Անհրաժեշտ է մարդկանց հոգիների իրական վերափոխում: Միայն այն պատճառով, որ մարդիկ քրիստոնյայի անուն են կրում և քրիստոնեություն դավանում, դեռևս չի նշանակում, որ նրանք հասել են կատարելության. դա անվերջանալի ու դժվար գործընթաց է: Քրիստոնյաների անկատար ու բացասական հատկությունների հիման վրա քրիստոնեությունից երես թեքելն իրականում ադամական մեղքը չհասկանալու և չըմբռնելու արդյունք է: Սկզբնական մեղքի էությունն ընկալող մարդկանց համար պարզ է, որ քրիստոնյաների թերությունները կարող են միայն հաստատել, այլ ոչ թե հերքել քրիստոնեության արժանավորությունը: Քրիստոնեությունը մեղքերի քավության և հոգու փրկության կրոն է: Նա բարձրացնում է այն ճշմարտությունը, որ աշխարհը թաղված է չարի մեջ, և մարդը մեղավոր է:
Քրիստոնեական աշխարհը ճգնաժամի մեջ է, որը ցնցում է նրա ողջ հիմքերը: Արտաքին, ձևական-հռետորական քրիստոնեությունն այլևս չի կարող գոյատևել, այն ավարտում է իր դարը: Մարդկային հոգին ձգտում է թափանցել կյանքի խորքերը, հասկանալ էականն ու անհրաժեշտը, ապրել ճշմարիտ ու իրական կյանքով: Մարդը հոգնել է ստից ու պայմանականություններից, կյանքի իրականությանը փոխարինող արտաքին նշաններից ու ձևերից: Մարդկային հոգին ցանկանում է տեսնել քրիստոնեության Ճշմարտությունն առանց ստի ուղեկցության, ցանկանում է մերձենալ անձամբ Քրիստոսին: Քրիստոնեության վերազարթոնքը կլինի նախ և առաջ առ Քրիստոս դարձով, գալով քրիստոնեական ճշմարտությանը` ձերբազատված մարդկային բոլոր աղավաղումներից: Ադամական մեղքը չհաղթահարելու զգացումը չպետք է թուլացնի մարդու գիտակցության մեջ Քրիստոսի գործը շարունակելու պատասխանատվությունը և չպետք է կաթվածահար անի այդ գործին ծառայեցնելու ուժն ու էներգիան: Քրիստոնեության, Քրիստոսի պատվիրանների ու ճշմարտության իրագործումը երբեմն մարդկանց համար թվում է ուժերից վեր, անլուծելի մի խնդիր: Սակայն չէ՞ որ հենց քրիստոնեությունն է մեզ սովորեցնում, որ միայն մարդկային ուժերով այն չի կարող իրագործվել կյանքում: Մարդու համար անհնարինը՝ հնարավոր է Աստծո համար: Քրիստոսին հավատացողը գիտի, որ նա միայնակ չէ, որ Ինքը` Քրիստոս, նրա հետ է, և որ Տիրոջ Ճշմարտությունը մարդը կոչված է իրականացնել իր Փրկչի հետ միասին:
Թարգմանությունը ռուսերենից՝ Սոֆյա Առուշանյանի