20.01.2025
Ծածուկ կյանք և Աստվածհայտնություն1
Երբ Սուրբ Ծննդին նախորդող չորս յոթնյակի մոմերի2 մեղմիկ լույսը սկսում է շողալ դեկտեմբերյան խավար օրերում (խորհրդավոր լույս խորհրդավոր մթնշաղում)3, այն մեզ մոտ արթնացնում է մխիթարող միտք, որ աստվածային լույսը՝ Սուրբ Հոգին, երբեք չի դադարել լուսավորել անկյալ աշխարհի խավարը։ Նա հավատարիմ է մնացել իր արարածին՝ չնայած արարածների ողջ անհավատարմությանը։ Եվ եթե խավարը թույլատրած չլիներ, որ երկնային լույսը ներխուժեր իր մեջ, այնուամենայնիվ, կմնային որոշ անկյուններ՝ մշտնջենապես նախատեսված լույսի համար՝ բոցկլտալու։
…Ինչպես որ է՛ին առաջին մարդկանց սրտերն այդքան դար առաջ, կրկին ու նորից մարդկային սրտերը կիզվեցին աստվածային շողից։ Ողջ աշխարհից թաքուն, այն լուսավորեց ու ճառագեց դրանք, թույլ տվեց, որ այս սրտերի ամուր, կարծրացած, անտաշ հումքը փափկի, և ապա արվեստագետի նուրբ ձեռքով ձևավորեց դրանք նորովի՝ որպես Աստծո պատկեր։ Այսպես, աչքին անտեսանելի ձևով կենդանի շինանյութն է՛ր և է՛ ձևավորվում և ի մի գալիս՝ որպես եկեղեցի, նախ և առաջ՝ որպես անտեսանելի [եկեղեցի]։ Այնուամենայնիվ, տեսանելի եկեղեցին աճում է այս անտեսանելիից՝ իրենց լույսը սփռող մշտապես նոր, աստվածային գործերում և հայտնություններում, այսինքն՝ մշտապես նոր աստվածհայտնություններում։ Սուրբ Հոգու լուռ ներգործությունը հոգու խորքերում նահապետներին դարձրեց Աստծո ընկերներ։ Այնուամենայնիվ, այն պահին, երբ նրանք թույլատրեցին օգտագործել իրենց որպես դյուրաբեկ գործիքներ, Նա հաստատեց նրանց արտաքին տեսանելի զորության մեջ՝ որպես պատմական զարգացման կրողների, և արթնացրեց նրանց միջից իր ընտրյալ մարդկանց։ Դրա համար էլ Մովսեսը նույնպես կրթվեց մեկուսի և ապա ուղարկվեց՝ որպես առաջնորդ և օրենսդիր։
Ոչ բոլորն, ում Աստված գործածում է որպես գործիք, պետք է այսպիսի պատրաստություն անցնեն։ Մարդիկ կարող են Աստծո գործիք լինել նաև առանց գիտակցելու կամ անգամ իրենց կամքին հակառակ, հնարավոր է՝ անգամ մարդիկ, ովքեր ո՛չ արտաքնապես, ո՛չ էլ ներքնապես չեն պատկանում եկեղեցուն։ Այդ դեպքում, նրանք կգործածվեն որպես… դանակ, որով խաղողագործն էտում է խաղողի թփերը։ Նրանց համար, ովքեր պատկանում են եկեղեցուն, դրսի անդամությունը կարող է նաև ժամանակավորապես նախորդել ներսինին, իրականում, կարող է նյութական առումով կարևոր լինել վերջինիս համար (օրինակի համար, երբ մեկը մկրտվում է առանց հավատի և ապա հավատքի է գալիս եկեղեցում՝ հասարակական կյանքին մասնակցելով)։ Սակայն, ի վերջո [այս կայացումը] հանգում է ներքին կյանքին. կայացումը շարժվում է ներքինից դեպի արտաքինը։ Որքան ավելի խորն է հոգին կապված Աստծուն, որքան ավելի ամբողջովին է այն տեղի տալիս Շնորհին, այնքան ավելի ուժեղ կլինի նրա ազդեցությունը եկեղեցու ձևի (ֆորմայի) վրա։ Եվ հակառակը, որքան ավելի է դարաշրջանը կլանված մեղքի խավարից և օտարացած Աստծուց, այնքան ավելի այն Աստծո հետ միավորված հոգիների կարիքն ունի։ Եվ Աստված պակասություն թույլ չի տալիս։ Մարգարեության և սրբության մեծագույն դեմքերը հառնում են ամենախավար գիշերի միջից։ Հիմնականում, սակայն, խորհրդավոր կյանքի կայացման աղբյուրները մնում են անտեսանելի։ Իսկապես, աշխարհի պատմության մեջ որոշիչ շրջադարձերն էականորեն համավճռվում են այն հոգիների կողմից, ում պատմության ոչ մի գիրք չի հիշատակում։ Եվ մենք էլ կիմանանք հոգիների մասին, ում պարտական ենք մեր անձնական կյանքի որոշիչ շրջադարձերի համար միայն այն օրը, երբ ամենը, որ ծածուկ է, բացահայտվի։ Որովհետև ծածուկ հոգիները չեն ապրում մեկուսի, այլ կենդանի կապերի մեջ են և դիրքավորում ունեն աստվածային կարգուկանոնում. մենք խոսում ենք անտեսանելի եկեղեցու մասին։ Նրանց ունեցած ազդեցությունն ու փոխկապերը կարող են թաքուն մնալ նրանց և ուրիշների համար իրենց երկրային ողջ կյանքի ընթացքում։ Հնարավոր է, սակայն, որ ոմանք ու որոշ բաներ այնուամենայնիվ տեսանելիություն ստանան արտաքին աշխարհում։ Ահա թե ինչպիսին էր իրադրությունը Մարդեղության խորհրդի հետ առնչակից անձանց և իրադարձությունների դեպքում։ Մարիամն ու Հովսեփը, Զաքարիան և Եղիսաբեթը, հովիվներն ու [երեք] արքաները, Սիմեոնն ու Աննան, սրանք բոլորն արդեն անցել էին Աստծո հետ մեկուսի կյանք և պատրաստվել էին իրենց յուրահատուկ առաջադրանքները կատարելու համար նախքան այն պահը, երբ իրենք իրենց գիտակցեցին որպես այդ հիասքանչ հանդիպումների և իրադարձությունների մասնակից, և հետահայաց կարողացան հասկանալ, թե վաղ անցյալում անցած կածաններն ինչպես բերեցին, հանգեցրեցին իրենց այս բարձրակետին։
…Այսօր կրկին ապրում ենք մի ժամանակում, որ հրատապ կերպով կարիքն ունի նորոգվելու Աստվածավախ հոգիների ծածուկ աղբյուրներով։ Շատերը նույնպես իրենց հույսը դնում են փրկության այս ծածուկ աղբյուրների վրա։ Սա լուրջ կոչ է. առանց նախապայմանի հանձնվել Աստծուն, ով մեզ կանչել է։ Սա է պահանջվում մեզանից, որպեսզի երկրի դեմքը նորոգվի։ Հավատքով վստահության մեջ պետք է հանձնենք մեր հոգիները Սուրբ Հոգու իշխանությանը։ Կարիք չկա, որ աստվածհայտնության փորձն ունենանք մեր կյանքում։ Մենք կարող ենք ապրել հստակ վստահությամբ, որ այն, ինչ Աստծո Հոգին գաղտնի կերպով գործում է մեր մեջ, իր պտուղներն է տալիս Աստծո արքայության մեջ։ Մենք կտեսնենք դրանք հավերժության մեջ։
«Ծածուկ կյանք» գրքից
Ի վերջո՝ Գողգոթա4
Էդիթ Շթայնի համար խաչը «խորհուրդ» է և Աստծո մաքրագործող ամենաընդգրկուն հոգևոր գործիքը։ Քրիստոնայները պետք է հանձնեն իրենց ողջ կյանքը դրա վերափոխիչ զորությանը [անգլ. թարգմ.]։
…«Եղիցին կամք քո»-ն, իր ամբողջականության մեջ, պետք է լինի քրիստոնեական կյանքի ուղեցույցը։ Այն պետք է կարգավորի օրը՝ առավոտից երեկո, տարվա ընթացքն ու ողջ կյանքը։ Դրանից հետո միայն սա՛ կդառնա քրիստոնյայի միակ մտահոգությունը։ Մյուս բոլոր մտահոգությունները Տերը կկարգավորի։ Միայն սա՛ է, այնուամենայնիվ, մնում մերը՝ քանի դեռ կանք… Եվ վաղ թե ուշ, սկսում ենք գիտակցել դա։ Հոգևոր կյանքի մանկության մեջ, երբ նոր ենք սկսում ինքներս մեզ թույլ տալ ուղղորդվել Աստծուց, այդ ժամանակ զգում ենք Նրա ուղղորդող ձեռքը բավականին ամուր ու հաստատուն կերպով։ Բայց սա միշտ չէ հենց այդպես էլ մնում։ Ով պատկանում է Քրիստոսին, պետք է անցնի ողջ ճանապարհը Նրա հետ։ Նա պետք է հասունանա՝ [հասնելու] չափահասության. նա պետք է օրերից մի օր քայլի խաչի ճանապարհով՝ դեպի Գեթսեմանի և Գողգոթա։
«Սուրբ Ծննդյան խորհուրդը» գրքից
Իմ ծրագրերն, Աստծո ծրագրերը5
Մեր սեփական կյանքի [իրադարձությունների] հաջորդականությունը թերևս ամենահարմարն է ներկայացնելու համար, թե ինչ նկատի ունենք։ Հասարակ խոսքում տարբերակում ենք «ծրագրված»-ը և «լավ ծրագրված»-ը (ինչը թվում է՝ միաժամանակ նշանակում է «իմաստալից» և «հասկանալի») լոկ «պատահաբար»-ից և նրանից, ինչը պարզապես անիմաստ ու անհասկանալի է թվում։ Օրինակի համար, ես նպատակադրվել եմ որոշակի գիտակարգեր ուսումնասիրել և այս նպատակով ընտրում եմ որևէ համալսարան, որը հատուկ քաջալերում է այդ գիտակարգերի ուսումնասիրությունը։ Այս դեպքում ունենք դրդապատճառների և հանգամանքների իմաստալից և հասկանալի հանընկնում։ Փաստը, սակայն, որ այդ համալսարանական քաղաքում ես ծանոթացա մի մարդու, որը «պատահաբար» ընդունվել էր նույն համալսարան և մի օր «պատահաբար» նրա հետ զրույցի բռնվեցի աշխարհայացքային հարցերի վերաբերյալ, առաջին հայացքից դժվար թե իրադարձությունների հասկանալի համընկնում թվա։ Այդուհանդերձ, շատ տարիներ անց, երբ մտորում եմ կյանքիս շուրջ, ինձ համար պարզ է դառնում, որ հենց այդ զրույցն էր, որ որոշիչ կարևորություն ստացավ իմ կյանքում, որ թերևս այն շատ ավելի «էական» էր, քան իմ ողջ ուսումնառությունը, այնքան, որ հիմա ես հակված եմ մտածել, որ այդ հանդիպումն էր «հենց պատճառը», թե ինչու ես «պետք է գնայի» այդ քաղաքը։ Այլ կերպ ասած, այն, ինչը չկա իմ ծրագերում, կա Աստծո ծրագրերում։ Եվ որքան ավելի շատ են այսպիսի բաներ պատահում ինձ հետ, այնքան ավելի կենսալի է դառնում համոզմունքս իմ հավատին առ այն, որ Աստծո տեսնակյունից, ոչինչ «պատահաբար» չէ, որ իմ ողջ կյանքն, անգամ ամենափոքր մանրուքներում, նախածրագրված էր Աստվածային նախախնամության ծրագրերում և այդու՝ Աստծո ամենատես աչքում իմաստի կատարյալ համընկնում է։ Այն պահին երբ սկսում եմ գիտակցել սա, սիրտս ցնծում է փառքի լույսի սպասումով, որի փայլի մեջ այս իմաստի համընկնումն ամբողջությամբ կբացահայտվի ինձ համար։
«Վերջավոր և հավերժական գոյություն» գրքից
Թարգմանությունը՝ © Աննա Մ. Օհանջանյանի
Շարունակելի…
-
- Թարգմանությունն արված է հետևյալ գրքից՝ The Hidden Life: Essays, Meditations, Spiritual Texts, edited by Dr. L. Gelber and Michael Linssen, O.C.D., translated by Waltraut Stein (Washington D.C.: ICS Publications, 2014).
- Կաթոլիկ եկեղեցում Սուրբ Ծննդի տոնին նախորդող չորս շաբաթների (Advent) ընթացքում խորհրդանշորեն վառվում են չորս մոմեր՝ յուրաքանչյուր կիրակի մեկ մոմ, որոնք հիշեցնում են, որ Քրիստոս՝ որպես Լույս ծագեց աշխարհի խավարի մեջ (Ա.Մ.Օ.)։
- Հղում է Կեղծ Դիոնիսիոսի խորհրդավոր մթնշաղի պատկերին, որում երևաց Աստծո փառքը (Ա.Մ.Օ.)։
- Թարգմանությունն արված է հետևյալ գրքից՝ Edith Stein (St.Teresa Benedicta of the Cross, O.C.D.), Essential Writings: Selected with an Introduction [by John Sullivan, O.C.D] (New York: Orbis Books, 2002), p. 125.
- Stein, Essential Writings, 70-71.