«Աշխարհի կյանքի համար». Էդիթ Շթայն (Սուրբ Թերեզա Բենեդիկտա Խաչի)

06.07.2023

Edith_Stein_(ca._1938-1939)
Էդիթ Շթայնի անձնագրի նկարը, Կոլոն, Կարմել, մոտ. 1938-1939թթ.

Նախաբան

Էդիթ Շթայնը, նույն ինքը՝ Սուրբ Թերեզա Բենեդիկտա Խաչին, ծնվել է 1891 թ.-ին գերմանական Բրեսլաու քաղաքում (այսօր՝ Լեհաստանի Վրոքլավ քաղաքը), հրեական պահպանողական ընտանիքում։ 1904-ին թողել է հուդայականությունը, և, հակվելով աթեիզմի, զբաղվել գիտական գործունեությամբ։ Ուսանել է Էդմունդ Հուսերլին (1859-1938)՝ ֆենոմենոլոգիայի փիլիսոփայական ուղղության հիմնադրին, պաշտպանել իր ատենախոսությունը վերջինիս ղեկավարությամբ ու դարձել առաջին կին փիլիսոփա գիտաշխատողը Գերմանիայի պատմության մեջ, որն ընդունվել է ակադեմիական միջավայրում։ Երկու տարի Կարմիր Խաչում գթության քույր աշխատելուց հետո իր համար բացահայտել է կրոնը՝ որպես ֆենոմեն, ինչի արդյունքում 1922-ին ընդունել է Կաթոլիկ եկեղեցու դավանանքը, իսկ 1933-ին՝ դարձել Կարմելիտների կաթոլիկ միաբանության միանձնուհի։ Չնայած իր կրոնական պատկանելությանն ու հոգևոր կոչումին՝ որպես հրեուհի ձերբակալվել է ԷսԷս-ի կողմից և իր մահկանացուն կնքել Օսվենցիմի գազախցիկներից մեկում 1942-ին։ Սրբադասվել է 1998-ին՝ Հովհաննես-Պողոս II Պապի (1978-2005) կողմից։

Էդիթ Շթայնը միստիկոս-միանձնուհի էր, բայց միևնույն ժամանակ կարծում էր, որ քրիստոնյաները, լինելով թթխմոր կամ խմորիչ (Մատթ. 13:33, Ղուկ. 13:20-21), չպետք է մեկուսանան, այլ պետք է գործեն աշխարհիկ աշխարհում, ու այդպիսով ներմուծեն աստվածային կյանքն աշխարհի մեջ։ Շթայնի վերջին գործը՝ «Խաչի գիտությունը»՝ նվիրված միջնադարյան միստիկոս Խուան դե լա Կրուսին (Հովհաննես Խաչի), համարվում է նրա հետազոտական աշխատանքի պսակը, թեև մինչ այդ արդեն գրվել էին քրիստոնեական ապրումակցմանը, Սուրբ Ծննդյան խորհրդին և այլ հարցերի վերաբերող իր երկերը։

Կիսելով Էդիթ Շթայնի պատկերացումները քրիստոնյաների՝ որպես թթխմորի, կամ, Քրիստոսի խոսքով՝ երկրի աղի (Մատթ. 5:13-16) վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրն ունի առաքելություն աշխարհիկ աշխարհում գործելու՝ աշխարհը Քրիստոսով ներթափանցված դարձնելու համար, պարբերաբար ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնելու Շթայնի երկերից ընտրված կարևոր հատվածների թարգմանությունը։

Աննա Մ. Օհանջանյան

* * *

[Հոգևոր] «Էքստասիսի»՝ [ինքն իրենից դուրս գալու]1 Շթայնի [պատկերացրած] յուրօրինակ տեսակը2

Շթայնը կարծում էր, որ Աստծո հետ սերտ հաղորդակցությունը, բացարձակապես չլինելով փախուստ իրականությունից, դրդում է մարդուն անխուսափելիորեն կիսել Աստծո հոգածությունը բոլոր արարածների համար։ Արարչի հետ սիրով լեցուն այսպիսի հաղորդակցության արդյունքում ծնվում է ցանկություն՝ «տարածելու» ինքն իրեն դեպի ուրիշները՝ փոխանակման գթասիրտ գործողության միջոցով։ Շթայնը ժամանակի ընթացքում էր սովորել այս դասը, ինչպես որ ինքն է բացատրում իր դավանակից ընկերուհուն գրած նամակում [անգլ. թարգմ.]

Սուրբ Մագդալենա, Սպեյեր, 12-ը փետրվարի, 19283

Սիրելի քույր Կալիստա,

Ես կուզեի շատ ավելի շուտ պատասխանել Աստվածածնի Մաքրագործման տոնի4 կապակցությամբ հղածդ բարեմաղթանքներին, բայց դա անհնար էր։ Եվ քանի որ գիտեմ, որ շուտով ինձ ընդհատելու են, անմիջապես կանցնեմ նամակիդ բուն նյութին ու կպատասխանեմ հիմնական հարցիդ։
Անշուշտ, կրոնը մի բան չէ, որը պետք է սահմանափակվի լուռ մի անկյունով կամ մի քանի տոնական ժամով, այն ավելի շուտ, ինչպես դու ինքդ ես ընկալում, պետք է լինի արմատն ու հիմքը ողջ կյանքի, և ոչ լոկ մի քանի ընտրյալների, այլ բոլոր իսկական քրիստոնյաների համար (թեև սրանցից էլ մնացել է ոչ ավելին, քան մի «փոքրիկ հոտ»)։ Այն, որ հնարավոր է պաշտել Աստծուն գիտահետազոտական աշխատանք անելով, ես հասկացա, իրականում, միայն այն ժամանակ, երբ զբաղված էի Սուրբ Թովմայով5։ (Փոքրիկ գրքույկում, որը քույրերն այստեղ կիրառում են Թովմասի Կիրակիների6 համար, գեղեցիկ մի խոհածություն կա այդ մասին)։ Միայն դրանից հետո ես որոշեցի վերականգնել լուրջ գիտահետազոտական աշխատանքս։
Իմ դարձից [ու կրոնափոխությունից] անմիջապես առաջ և դրանից հետո էլ բավական ժամանակ ես այն կարծիքին էի, որ կրոնական կյանք վարելու համար մարդը պետք է թողնի բոլոր աշխարհիկ իրերը և ապրի՝ ամբողջովին կլանվելով Աստվածայինի մասին խոհածություններով։ Աստիճանաբար, սակայն, ես հասկացա, որ այս աշխարհում ուրիշ մի բան է մեզնից պահանջվում, և որ անգամ խոհածական կյանքում մարդը չպետք է խզի կապն աշխարհի հետ։ Ես անգամ հավատում եմ, որ որքան ավելի խորն է մարդը խորամուխ Աստծո մեջ, այնքան ավելի նա պետք է «ինքն իրենից դուրս գա»7, այսինքն՝ պետք է մտնի աշխարհ, որպեսզի ներկրի աստվածային կյանքը դրա մեջ։
Միակ կարևոր բանն այն է, որ մարդը նախ և առաջ գտնի լուռ մի անկյուն, որտեղ կարող է հաղորդակցվել Աստծո հետ այնպես, կարծես դրանից զատ ուրիշ ոչինչ գոյություն չունի, և սա պետք է արվի ամենօրյա կտրվածքով։ Ինձ թվում է՝ լավագույն ժամանակը առավոտյան ժամերն են, մինչ մենք կսկսենք մեր առօրյա աշխատանքը։ Ավելին, կարևոր է նաև, որ մարդը գիտակցի իր հատուկ առաքելությունն այդտեղ, գերադասելի է՝ յուրաքանչյուր օրվա համար, և չհասկանա դա որպես իր սեփական ընտրություն։ Վերջապես, մարդը պետք է դիտարկի ինքն իրեն ամբողջովին որպես գործիք, մասնավորապես, այն կարողությունների առումով, որոնք նա կիրառում է՝ կատարելու համար իր առջև դրված հատուկ առաջադրանքները, մեր դեպքում՝ ինտելեկտուալ առաջադրանքները։ Մենք պետք է դիտարկենք դրանք որպես մի բան, որ կիրառվում է ոչ թե մեր կողմից, այլ մեր մեջ՝ Աստծո կողմից։
Սա է, ուրեմն, իմ բաղադրատոմսը, և ենթադրում եմ, որ քույր Դոլորոսայինը սրանից շատ տարբեր չի լինելու. մինչ օրս ես երբեք չեմ խոսել նրա հետ այս մասին։ Իմ կյանքն ամեն օր սկսվում է նորովի և ավարտվում է ամեն երեկո։ Դրանից անդին ես չունեմ ո՛չ ծրագրեր, ո՛չ հեռանկարներ, այսինքն՝ նախապես ծրագրելը կարող է լինել մարդու առօրյա պարտականությունների մի մասը, օրինակի համար, դպրոցում դասավանդելն առանց դրա հնարավոր չի լինի, բայց դա երբեք չպետք է վերածվի գալիք օրվա համար «անհանգստության»։
Այս ամենից հետո դու կհասկանաս, թե ինչու ես չեմ կարող համաձայնվել, երբ դու ասում ես, թե ես «դարձել եմ» ինչ-որ մեկը։ Իրոք որ, ստացվում է, որ իմ առօրյա պարտականությունների շրջանակը լայնացել է, սակայն, իմ կարծիքով, դա ինձ չի փոխել։ Դա պահանջվել է ինձանից, և ես ստանձնել եմ, թեև ինքս դեռևս չգիտեմ, թե որքան ընդգրկուն դա կլինի և ինչ սահմանված կարգ կունենա։ Ես կմտածեմ քո մասին ամսի 15-ին։
Շնորհակալ կլինեմ, եթե թույլ տաս, որ քույր Անջելան [Շթադմյուլլեր] կարդա այս նամակը, քանի որ չեմ կարող հիմա մեկ ուրիշ նամակ էլ իրեն գրել։ Բայց վարվիր այդպես, միայն եթե հավանում ես գաղափարը։ Այլապես՝ պարզապես փոխանցիր իմ ջերմ ողջույններն ու «մինչ հանդիպում»-ը երկու քույրերին։ Ի վերջո նրանք բոլորը շուտով գալու են այստեղ։
Սրտանց,
Էդիթ Շթայն
 
«Ինքնանկար՝ նամակներով» գրքից
Աշխարհում՝ առանց խոչընդոտների8

Էդիթ Շթայնն ընկալում էր աշխարհը՝ որպես Աստծո փրկչական գործի թատերաբեմ, որովհետև նա զգում էր, որ մենք բոլորս պատկանում ենք Աստծուն և փոխադարձաբար կապված ենք միմյանց։ Խոչընդոտներն, որոնցից մենք պետք է վախենանք, նրանք են, որոնք ինքներս ենք ստեղծում [անգլ. թարգմ.]։

Մեկություն Աստծո հետ… Եթե Քրիստոս Գլուխն է, և մենք անդամները Խորհրդավոր Մարմնի, ապա մենք կապված ենք միմյանց՝ որպես անդամն անդամի, և բոլորս մեկ ենք Աստծո մեջ. աստվածային մի կյանք [է սա]։ Եթե Աստված մեր մեջ է, և եթե նա սեր է, ապա չի կարող այլ կերպ լինել, քան սիրել միմյանց։ Դրա համար, մեր սերը մեր եղբայրների և քույրերի նկատմամբ չափորոշիչն է Աստծո նկատմամբ մեր սիրո։ Բայց այն տարբեր է բնական, մարդկային սիրուց, որը ներազդում է մեկի կամ մյուսի վրա, ով կարող է մեզ հետ կապված լինել, կամ մտերիմ լինել մեզ հետ՝ նման խառնվածքի կամ ընդհանուր հետաքրքրությունների բերումով։ Մնացածը «օտարներ» են, որոնք մեզ չեն մտահոգում, գուցե անգամ իրենց ներկայությամբ ձանձրացնում են մեզ, այդու՝ սերն այնքան է հեռանում, որքան հնարավոր է։ Քրիստոնյայի համար չկա «օտար մարդ»։ Բոլոր դեպքերում նա «մերձավոր» է, որը մեզ մոտ է, և մեր կարիքն ամենից շատն ունի։ Տարբերություն չկա, թե արդյոք նա կապվա՞ծ է մեզ հետ, թե՞ ոչ, արդյոք մենք «հավանո՞ւմ» ենք նրան, թե՞ ոչ, արդյոք նա «բարոյապես արժանի՞» է օգնության, թե՞ ոչ։ Քրիստոսի սերը կապանքներ չի ճանաչում, այն երբեք չի դադարում, այն երբեք չի կորչում՝ ատելության կամ խարդախ խաղի հանդիպելիս։ Նա եկավ մեղավորների և ոչ թե արդարների համար։ Եթե Քրիստոսի սերն ապրում է մեր մեջ, ապա մենք վարվում ենք այնպես, ինչպես Ինքն արեց, և փնտրում ենք կորած ոչխարին։
Բնական սերը ձգտում է տիրանալ սիրեցյալին ամբողջությամբ և, որքանով հնարավոր է, չկիսել նրան [ուրիշների հետ]։ Քրիստոս եկավ Հոր համար հետ նվաճելու կորուսյալ մարդկությանը. ով սիրում է Նրա սիրո հետ մեկտեղ՝ կցանկանա [ունենալ] մարդկանց Աստծո համար, ոչ թե իր։ Անշուշտ, դա նրանց հավերժ տիրանալու ամենավստահելի ձևն է, քանզի եթե մենք մեկին վստահենք Աստծուն, ապա մեկ ենք նրա հետ՝ Աստծո մեջ, քանզի հաղթելու ու տիրանալու տենչը վաղ թե ուշ հանգեցնում է կորստի։ Սա ճշմարիտ է ուրիշի հոգու համար ճիշտ այնքան, որքան մարդու սեփականի համար և ամեն տեսակի արտաքին տիրապետման համար։ Ով ակնհայտորեն գործում է հաղթելու և տիրանալու համար՝ կորցնում է, ով հանձնում է Աստծուն՝ հաղթում է։
«Սուրբ Ծննդյան խորհուրդը» գրքից
Պայքարել… ուրիշների համար9
Ցանկանալով լինել թթխմոր աշխարհում՝ Շթայնն իր բառապաշարի բառերից էր դարձրել «համար» բառը։ Քրիստոսի օրինակով, նա պետք է ապրեր՝ աշխարհի կյանքի «համար»։ Աշխարհականի կարգավիճակում իր վերջին Սուրբ Ծննդյան տոներին գրած նամակում նա որդեգրում է եզրույթներ, որոնք մոտ են Հովհաննու Ավետարանի եզրերին (Հովհ. 6:51) [անգլ. թարգմ.]10

Դորսթեն, Սուրբ Ծննդյան երկրորդ օր, 1932

Սիրելի Աննելիզ,
…Նախ և առաջ, կուզեմ պատասխանել հարցիդ։ Կա կոչում Քրիստոսի հետ տառապելու և այդպիսով Նրա հետ իր փրկչական գործում համագործակցելու։ Երբ մենք միավորված ենք Տիրոջը, մենք անդամներն ենք Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի. Քրիստոս շարունակում է ապրել իր անդամների մեջ և շարունակում է տառապել նրանց մեջ։ Տիրոջ հետ միության մեջ ծնված տառապանքը Նրա՛ տառապանքն է՝ ներդրված փրկչական մեծ գործում, ու դրանով իսկ՝ արգասաբեր է։ Սա՛ է հիմնարար նախադրյալը յուրաքանչյուր կրոնական կյանքի, մասնավորապես, Կարմելի11՝ դառնալ միջնորդ մեղավորների «համար»՝ կամավոր և ուրախությամբ ընդունած տառապանքի միջոցով, և համագործակցել մարդկության փրկության գործում։
Սրտագին մաղթանքներով և ողջույններով,
Քո՝ Էդիթ Շթայն
 
«Ինքնանկար՝ նամակներով» գրքից
Դաշտի շուշանները12

Դաշտի շուշանների և երկնքի թռչունների աստվածաշնչային պատկերը Էդիթ Շթայնը համադրում է ժամանակակից ապահովագրական երաշխիքի հետ՝ դրանով իսկ ներարկելով չափազանց արդիական մի նկատառում Աստծո նախախնամության նկատմամբ վստահության մասին մտածումներում։

Աստծո զավակը լինել՝ նշանակում է Աստծուն համընթաց շարժվել, կատարել նրա կամքը, ոչ թե սեփականը, հանձնել մեր բոլոր հույսերն ու մտահոգությունները Նրա ձեռքը և չմտահոգվել այլևս սեփական անձի կամ ապագայի համար։ Սրա վրա են խարսխված Աստծո զավակի ազատությունը և ուրախությունը։ Այդուհանդերձ, որքան քչերն են իսկական հավատացյալներից կամ անգամ հիրավի հերոսական [քրիստոնյաներից] և զոհաբերության ընդունակներից, որ ունեն այդ [ազատությունն ու ուրախությունը]: Նրանք մշտապես շրջում են՝ իրենց հոգսերի ու պարտականությունների ծանր բեռի տակ կքած։ Նրանք ծանոթ են երկնքի թռչունների և դաշտի շուշանների առակին (Մատթ. 6:26-34, Ղուկ. 12:24-31), սակայն երբ հանդիպում են մեկին, ով չունի միջոցներ, եկամուտ, ապահովագրություն, բայց միևնույն ժամանակ մտահոգված չէ ապագայով, նրանք շփոթմունքի մեջ՝ թափ են տալիս իրենց ձեռքը… Վստահությունն Աստծո նկատմամբ անսասան ու հաստատուն է, միայն եթե այն ուզում է Հոր ձեռքից ընդունել յուրաքանչյուր բան ու ամեն ինչ։ Նա [Հայրը] միակն է, որ գիտի, թե որն է բարին մեզ համար… Եթե հնարավոր լինի սա անել, ապա մարդը կարող է շարունակել ապրել ներկայի և ապագայի համար։
«Սուրբ Ծննդյան խորհուրդը» գրքից

Թարգմանությունը՝ Աննա Մ. Օհանջանյանի

Շարունակելի…

  1. Էդիթ Շթայնը յուրօրինակ բացատրություն էր տալիս հոգևոր «էքստասիսի» վիճակին՝ համարելով այն «ինքն իրենից դուրս գալու» գործողություն, այսինքն՝ Աստվածային սիրով ու շնորհով լցված քրիստոնյան ոչ թե պետք է մեկուսանար իր աստվածպաշտության մեջ, այլ գործեր աշխարհիկ աշխարհում, որպեսզի աստվածային կյանքը ներկրեր աշխարհ (Ա.Մ.Օ.)։
  2. Թարգմանությունը կատարվել է հետևյալ գրքից՝ Edith Stein (St. Teresa Benedicta of the Cross, O.C.D.), Essential Writings: Selected with an Introduction [by John Sullivan, O.C.D] (New York: Orbis Books, 2002).
  3. Stein, Essential Writings, 37–38.
  4. Նույն Տյառնընդառաջի անշարժ տոնն է, որը կաթոլիկները կոչում են նաև Աստվածածնի Մաքրագործման տոն և նշում փետրվարի 2-ին՝ ի տարբերություն հայերի, որոնք նշում են Տյառնընդառաջը փետրվարի 14-ին (Ա.Մ.Օ.)։
  5. Խոսքը Թովմա Աքվինացու «Հարցեր ճշմարտության մասին» երկի մասին է, որը Շթայնը լատիներենից գերմաներենի էր թարգմանում (անգլ. թարգմ.)։
  6. Նոր Կիրակին կամ Կրկնազատիկն է, որը Սուրբ Հարության կամ Զատկի տոնի հաջորդ կիրակին է (Ա.Մ.Օ.)։
  7. Ակնարկում է հոգևոր «էքստասիս»-ը կամ հափշտակությանը, որի մասին կեղծ-Դիոնիսիոս Արիոպագացին խոսում է իր «Աստվածային անուններ» երկում (անգլ. թարգմ.)։
  8. Stein, Essential Writings, 42– 43.
  9. Stein, Essential Writings, 60.
  10. Հովհաննու Ավետարանի «Էջմիածին» հայերեն թարգմանության մեջ այս համարը թարգմանվել է «այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա», սակայն հունարենն ունի «ὑπὲρ τῆς τοῦ κόσμου ζωῆς», որ բառացի թարգմանվում է՝ «աշխարհի կյանքի համար» (Ա.Մ.Օ.)։
  11. Նկատի ունի իրեն՝ որպես ապագա կարմելիտուհու, այն է՝ Կարմելիտների կամ Բոկոտն Կարմելիտների միաբանությանը միացած միանձնուհու, որոնք իրենց հիմնադրումից ի վեր համարվում էին ողորմություն հավաքող և դրանով ապրող միաբաններ (Ա.Մ.Օ.)։
  12. Stein, Essential Writings, 62.