Էսսե #6

Ձախից աջ՝ «Խանդաղատանք», © Վլադիմիրյան Աստվածածնի սրբապատկերը «Պետրոսի և Պողոսի հրաժեշտը», © Ալոնզո Ռոդրիգես (1578–1648), «Սրբության համբույրը (The Kiss of Peace)» (Աստվածածնի և Եղիսաբեթի նմանությամբ),  © Ջուլիա Մարգարետ Քամերոն (1815–1879)

29.04.2024

Ի՞նչ է Սրբության համբույրը Քրիստոսի Եկեղեցում

«Ողջոյն տուք (տաջիք) միմեանց ի համբոյր սրբութեան» (Հռոմ 16:16; 1 Կորնթ. 16:20; 2 Կորնթ. 13:12; 1 Թես. 5:26; 1 Պետ. 5:14)

«Գրկե՛նք իրար ամուր, 

քանի դեռ կանք»։ 

(ՄԲ., բանաստեղծություն)

 

«Ողջոոոոո՜յն տուք մի՜-մե՜-աա՜նց ի համ-բո՜-ոո՜-ոո՜յ-ր սրբութեան»,- ձայնում է Պատարագը մեր Եկեղեցում. ծլարձակում-ձգվում է Քրիստոս-Պատարագի Սրտից՝ ինչպես բոսորագույն թելի կծիկից, խուրձը թելերի՝ կապելու մկրտվածների սրտերը իրար, որ ձգվեն, հասնեն ու հպվեն միմյանց, որ կարդան Լույսը միմյանց աչքերում, որ քաշվեն, պրկվեն թելերը կարմիր, մոտեցնեն իրար՝ դեպ Գրկախառնում։

 

***

Սրբության-խաղաղության համբույրը՝ պողոսյան հնագույն ավանդույթը վաղ Եկեղեցու1, դարձել է Գրկախառնում մեր Եկեղեցում, ու մենք՝ Զինվորյալներս, մենք՝ մկրտվածներս ու Քրիստոսով զգեստավորվածներս՝ կին, թե տղամարդ (Գաղ. 3:27-28), կոչված ենք Ավետիսը Գրկախառնությամբ իրար փոխանցելու2. մեր գիրկն առնելու «մեր մէջ յայտնեցաւ»-ը՝ որպես Խանդաղատանք3 զգալու մանկացած Հինավուրցի մատների հպումը մեր սրտին ու այտին, և սիրտը մեր բերելու ուրիշի սրտին, այտը մեր՝ ուրիշի այտին, ու լինելով քրիստոսունակ4՝ կրելու ու կիսելու Նրա Տառապանքն ու Սերը։ Մանկացած Հինավուրցը գալիս, բնակվում է Պատարագի Սուրբ Բաժակի ու Հացի մեջ՝ բացվելով որպես «մարմին տէրունական և արիւն փրկչական», որ «կայ առաջի»։ Աստծո զորությամբ ու քահանայագործողի աղոթքով Քրիստոս իրապես «կայ», իրապես «ի մէջ մեր յայտնեցաւ» և «աստ բազմեցաւ», ու մենք՝ մկրտվածներս՝ կին, թե տղամարդ, Սուրբ Գլխի սուրբ անդամներս (Եփես. 4:15-16), Սուրբ Երախայրիքի սուրբ զանգվածը (Հռոմ. 11:16), զգեստավորվում ենք նրա ներկայությամբ, կիսվում ենք դրանով Եկեղեցում՝ այտ-այտի, սիրտ-սրտի, քանզի եթե «կայ» Երախայրիքը, ուրեմն «կայ» նաև Զանգվածը, ու եթե Քրիստոս իրապես է՛ Ողջույնի մեջ՝ որպես լինելության ու կյանքի շիճուկ, ապա ե՛նք և մենք, որովհետև «նրանով ենք ապրում, շարժվում ու կանք» (Գործք 17:28)։

 

Մեր Եկեղեցում ողջունում ենք միմյանց Գրկախառնությամբ. մենք՝ մկրտվածներս։ Իսկ չմկրտվածնե՞րը։ Սրբության համբույրը սուրբ է, եթե փոխանցվում է մկրտվածների՝ որպես հարազատների՝ Քրիստոսի հետ թաղված և հարություն առած մաքրագործվածների միջև։ Բայց ո՞վ է խորթը, ո՞վ է օտարը մեր Եկեղեցում. օտա՞ր է արդյոք երախան, որի համբույրը դեռևս սուրբ չէ5, օտա՞ր է արդյոք թերահավատը, որ վարանում է մոտենալ Հաղորդության բաժակին։ Չկա օտար ու խորթ Եկեղեցում, բոլորը հարազատ են. բոլորը չէ, որ անդամն են Քրիստոսի Մարմնի, բայց բոլորն են կանչված՝ լինելու այդպիսին։ Մենք՝ մկրտվածներս, «կանք» Է-ի՝ Լինելության մեջ՝ որպես Սուրբ արմատին պատվաստված սուրբ ճյուղեր (Հռոմ. 11:16-7), և մաղթում ենք իրար խաղաղություն՝ Քրիստոսինը լինելու մեր քաղցր ճաշակման, բայց ոչ դյուրին ընթացքի մեջ։ 

 

Գրկախառնումն է մեր Եկեղեցում համբույրը սրբության. իսկ ինչպիսի՞ն է սրբության համբույրը մյուս Եկեղեցիներում. համբո՞ւյր է արդյոք։ Լոկ ձեռքսեղմում, երբեմն էլ՝ ոչինչ։ Օտար ու անհարազատ ափերում մեր Եկեղեցում աշխարհականները չեն ցանկանում ողջագուրվել՝ դնելու Քրիստոսի սիրո և թողած խաղաղության (Հովհ. 14:27) կնիքը ծեսի խորքերում։ Իսկ Հայաստանում… ծաղկում է Սուրբ Ողջույնի ավանդույթը հին, ալեկոծվում է Եկեղեցին խորանի Սրտից ծլած թելերից, ու կապվում են Զինվորյալների սրտերը իրար, որ «եկեղեցին մի անձն» դառնա, մի Մարմին դառնա, դառնա Միասիրտ։ Ինչո՞ւ Ողջույն չեն տալիս իրար մկրտվածները որոշ վայրերում. օտա՞ր են նրանք, քաղաքակիրթ աշխա՞րհն է ներթափանցել Քրիստոսի Եկեղեցի՝ խորթացնելու հարազատներին, աշխարհը, որում ե՛նք, բայց որից ու որինը չե՛նք մենք՝ Քրիստոսով զգեստավորվածներս։ Քրիստոսի Եկեղեցում չկան օտարներ ու պանդուխտներ (Եփես. 2:19), Քրիստոսի Պատարագին բոլորս ենք բարեկամ, Քրիստոսի Պատարագին բոլորս ենք իրար տեսնում, Քրիստոսի Պատարագին իրար չտեսնել հնարավոր չէ։ Ուստի՝ քրիստոնյաների իրար ճանաչել-ընդունելու, իրար հարազատությունն ամրագրելու նշանն է գրկել-ողջունելը, մեր միջև «բազմած» «Կայ»-ի կնիքն է այն մեր Եկեղեցու ծեսի խորքերում։

 

***

Գրկախառնվում ենք… քանզի ներխուժելու է հավերժությունը խորհրդավոր ժամին, և մենք՝ Զինվորյալներս, կարոտելու ենք միմյանց՝ այդքան հարազատ, թեև անծանոթ։ Կարոտելու ենք հանկարծ՝ հավերժության ներխուժման պահին, որ գալու է՝ ջնջելու ամեն տեսակ կարոտ և լրմանը հասցնելու հավիտենական Խաղաղության մաղթանքը։

 

Փոխանցեցին սուրբ համբույրը Պողոսն ու Պետրոսը՝ Հավերժությանն ընդառաջ գնալիս, որպես կարոտ՝ այստեղի Եկեղեցու, որպես մաղթանք՝ այնտեղ Լինելու և հավիտենական Խաղաղության մեջ բնակություն հաստատելու։ Ուստի՝ երկրային Եկեղեցու համար մշտաներկա կարոտն է քրիստոնյաների գրկել-ողջունելը և Կենդանի Աստծո քաղաք Սաղեմին մոտենալու ու հավիտենական Խաղաղության մեջ գոյելու մաղթանքն է այն (Եբր. 12:22), քաղաք, ուր է՛լ չկա կարոտ, քաղաք, ուր Կա՛նք՝ հավերժորեն Խաղաղության մեջ, բայց չկանք այնպես, ինչպես հիմա ե՛նք։

 

…Ուստի՝ գրկե՛նք իրար, քանի դեռ հավերժությունը չի ներխուժել, գրկե՛նք իրար, քանի դեռ ունակ ենք կարոտել, «գրկե՛նք իրար ամուր, քանի դեռ կա՛նք»։

 

Էսսե #6. «Տասներկու էսսե Աստվածպաշտության մասին» անտիպ ժողովածուից, հունիս, 2023

© Ա.Մ.Օ.

 

1. Համբույրը ողջունելու, այսինքն՝ կյանք ու խաղաղություն, մաղթելու նշան էր շատ ժողովուրդների, այդ թվում՝ հրեաների մոտ, ուստի Տիրոջ հարցը Հուդային՝ «համբույրո՞վ ես մատնում Մարդու Որդուն», շեշտում է այն հանգամանքը, որ կյանքի ու ողջության մաղթանքի նշանով Հուդան մահ է գուժում Տիրոջը, այսինքն՝ փոխում, շրջում է համբույրի բովանդակությունն ու իմաստը։ Գուցե հենց սա էր պատճառը, որ հետագայում Պողոս առաքյալը է՛լ ավելի կարևորեց սուրբ համբույրը քրիստոնյաների համար՝ որպես վաղ Եկեղեցու ծեսի մաս, ու ջնջեց Հուդայի համբույրով դրա աղճատված իմաստը՝ հաստատելով արդեն ծիսականացված սուրբ համբույրը՝ որպես ողջության ու հավիտենական կյանքի մաղթանք։
2.  Ըստ Պողոս առաքյալի՝ Քրիստոսով մկրտվածների՝ Քրիստոսով զգեստավորվածների միջև այլևս չկա խտրություն, այդ թվում՝ սեռային (Գաղ. 3:28), քանի որ Եկեղեցում Քրիստոսն ամեն ինչ է ամենքի մեջ (Կող. 3:11)։ Այդ իսկ պատճառով Եկեղեցում պետք է գրկախառնումով Ավետիսը փոխանցեն, և, ընդհանրապես, գրկախառնությամբ իրար ողջունեն բոլոր մկրտվածները՝ անկախ սեռից։ Պատմականորեն, հաճախ է սեռային սահմանափակում դրվել սուրբ համբույրի հարցում (կանայք միայն կանանց են փոխանցել Ողջույնը, տղամարդիկ՝ տղամարդկանց), սակայն քսանմեկերորդ դարում, կարծում ենք, որ հարկ է հասունություն ցուցաբերել և փորձել հետևել պողոսյան անխտրության կանոնին։
3. Կանոնական սրբապատկերի տեսակներից է «Խանդաղատանքը», որը պատկերում է մանուկ Քրիստոսին՝ մորը փարված ու մատներով նրա այտը շոյելիս։
4. «Քրիստոսունակ» բառը հանդիպում է մահմեդականությունից քրիստոնեության դարձած նահատակների վկայաբանություններում, որտեղ լինել քրիստոսունակ՝ նշանակում է կարողանալ լինել քրիստոնյա և անցնել ճանապարհը՝ via dolorosa-ն, որը Տերն է անցել։
5.  Վաղ եկեղեցու կանոններով երախաները, այսինքն՝ չմկրտվածները, բայց դրան պատրաստվողները, չեն կարող մասնակցել Սուրբ Ողջույնին, քանի որ մկրտությամբ մաքրագործված չեն, սրբված չեն, ու նրանց ողջույնն էլ մաքրագործված չէ, այսինքն՝ սրբազան չէ, չի պատկանում աստվածայինի ոլորտին, դեռ պրոֆան է՝ սրբազանազերծ։
Theme: Overlay by Kaira