Մկրտիչ Ա. Խրիմյան հայրապետը և նրա գրական ժառանգությունը

07.06.2022

Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսը (1820-1907 թթ.) պատմական այն դեմքերից էր, որ շատերի համար դարձավ խորհրդանիշ, օրինակ և ուղեցույց։ Նրա կյանքն անմնացորդ նվիրում եղավ հայրենիքին, նրա մշտական հոգսն ու մտասևեռումը՝ հարազատ ժողովրդի բարօրությունը։ Նա ապրեց իր ժողովրդի հետ, ժողովրդի ցավով և ժողովրդի համար։ Մկրտիչ Խրիմյանին կարելի է համարել XIX դարի ամենաերևելի դեմքերից մեկը, ով կարողացավ հանդես գալ բարենորոգչական գործունեությամբ և իր բազմաչարչար ու բազմակողմանի գործունեության շնորհիվ  ժամանակակիցների և ժողովրդի կողմից մեծարվեց «Հայոց Հայրիկ» պատվանունով։ Պատվանուն, որ ցույց է տալիս ժողովրդի մեծ սերն ու երախտագիտությունը նրա անձի նկատմամբ։
Մկրտիչ Խրիմյանը շատ հմուտ էր խոսքարվեստի մեջ և, մասնավորապես, կենդանի խոսքի վարպետ էր։ Ինչպես Հիսուս Քրիստոսն էր խոսում ժողովրդի հետ նրա համար պարզ ու հասկանալի լեզվով, այնպես էլ Խրիմյանի խոսքն՝ ուղղված ժողովրդին, պարզ էր ու անզարդ, զուրկ խոսքարվեստին բնորոշ բոլոր ճոխություններից, սակայն, առանց այդ խոսքային, երբեմն անբնական ճոխությունների էլ, նրա խոսքը, քարոզն ու ճառը մարդկանց մոտ արթնացնում էին մի շարք մտքեր, որոնք ալեկոծում, փոթորկում էին նրանց սրտերն ու հոգիները։ Խրիմյանը շատ լավ գիտեր, որ խոսքն ազդեցիկ է այն դեպքում, երբ այն ճշմարիտ է, սրտաբուխ ու անկեղծ։ Հասկանալով, որ միայն քարոզները բավարար չեն ժողովրդի գիտակցությունն արթնացնելու համար, նա սկսեց գրել հոդվածներ։ 1855-ի հունիսին Կ. Պոլսում նրա խմբագրությամբ լույս է տեսնում «Արծուի Վասպուրական» (Կ. Պոլիս, 1855-1856, Վարագ (Վան), 1858-1864) հանդեսը, որում տպագրված հոդվածների մեծ մասի հեղինակն ու խմբագիրն էր1։ Այդ հոդվածների միջոցով նա բարձրացնում էր մի շարք հարցեր, ինչպես օրինակ՝ Արևմտահայաստանի հայ բնակչության շահերի պաշտպանությունը, «Ազգային սահմանադրություն»-ն Արևմտահայաստանում կիրառելու ուղեգծի առաջադրումը և այլն։ Քիչ չէին նաև այն գործերը, որտեղ անդրադառնում էր Հայ Առաքելական Եկեղեցուն, պատմության ու մշակույթի մեջ նրա ունեցած դերին, այդ պատմության ու մշակույթի կարկառուն ներկայացուցիչներին։
Մկրտիչ Խրիմյանն անհաշտ պայքար մղեց իշխող խավարի ու հետամնացության դեմ, նա անձնուրացաբար աշխատեց գյուղացիների լուսավորության համար, պայքարեց անմարդկային անարդարությունների դեմ՝ հանուն Խաչյալ ճշմարտության և արդարության։
1857 թ. Մկրտիչ Խրիմյանը Վարագա վանքում հիմնեց ժառանգավորաց վարժարանը2, որտեղ ուսանելու էին գալիս ոչ միայն Արևմտյան Հայաստանի քաղաքներից ու գավառներից, այլև Արևելյան Հայաստանից, Պարսկաստանից և այլ վայրերից։ Ժառանգավորաց վարժարանը տվել է այնպիսի անվանի մտավորականների և հոգևորականների սերունդ, ինչպիսիք են Գ. եպս. Սրվանձտյանցը, Ա. Թոխմախյանը, Տ. Ամիրջանյանը, Հ. Սևիկյանը և ուրիշները։
Մկրտիչ Խրիմյանը լի էր ավյունով, իրատես էր, հավատում էր մարդուն և արդարության հաղթանակին ու այս ամենի հետ մեկտեղ՝ զերծ էր հոռետեսությունից։ Նա կարծում էր, որ այս կյանքում չպետք է ուրիշների հետ հույսեր կապենք. «Այն ազգը և աշխարհը, որ Հայ չէ, մեզ հետ չի լար»3։ Թերևս այս էր պատճառը, որ նա սկսեց անմիջական օժանդակություն ցույց տալ Արևմտյան Հայաստանում գործող գաղտնի խմբակներին («Պաշտպան հայրենյաց», «Սև Խաչ»)։
Ինչպես իր բանավոր խոսքում, այնպես էլ գրավոր խոսքում նա հարազատ մնաց իր ոճին և գրեց ժողովրդին հասկանալի ու պարզ լեզվով։ Նրա գործերը միտված էին ժողովրդի կրթությանն ու զարգացմանը. դրանք յուրօրինակ ուղեցույցներ էին, որոնց մեջ ամեն մարդ կարող էր գտնել իր համար շատ արժեքավոր գաղափարներ ու խորհուրդներ։ Որպես գրող՝ նա անկեղծ էր իր ընթերցողի հետ և երբեք չվախեցավ ճշմարտությունն ասելուց. այսպես, օրինակ՝ իր «Մարգարիտ արքայութեան երկնից» (1866 թ.) իմաստաբանական երկը դաս էր իր ժամանակի այն հոգևորականներին, որոնք շեղվել էին քրիստոնեական ճշմարիտ ուղուց, իսկ «Վերջին շաբաթ և խաչի ճառ» (1876 թ.) աշխատության մեջ նա ստեղծում է կատարյալ հոգևորականի բարձր կերպարը։ 1876-ին Վանի հրդեհի ու կողոպուտի կապակցությամբ Հայրիկը հեղինակեց «Վանգոյժը», իսկ երբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, գրեց «Հայգոյժը»4։ Իր աշխատություններում նա պատմում է հայ իրականության մեջ առկա արատավոր երևույթների մասին՝ ներկայացնելով դրանց պատճառներն ու տալով լուծումներ։ Բացի վերը հիշատակվածներից, Խրիմյան Հայրապետը գրել է հրապարակախոսական-պատմական հոդվածներ («Ժամանակ և խորհուրդ յուր», «Թագաւորաց ժողով», «Ծրագիր բարենորոգմանց» և այլն), պոեմներ («Հրաւիրակ երկրին Արարատեան», «Հրաւիրակ երկիրն Աւետեաց»), բանաստեղծություններ, որոնք ամփոփված են «Վերջալոյսի ձայներ» ժողովածուի մեջ, «Ողբացող Խորենացին» քերթվածը, կրոնաբարոյախոսական, իմաստասիրական երկեր («Պապիկ և թոռնիկ», «Դրախտի ընտանիք», «Սիրաք և Սամուել») և այլն5։
Մկրտիչ Ա. Խրիմյանը թե՛ իր գործունեությամբ, թե՛ իր խոսքով և թե՛ իր գրվածքներով պայքարեց անարդարության, խավարամիտ մտածելակերպի, ստի ու կեղծիքի դեմ։ Չնայած իր հակառակորդների ջանքերին6, նա երբեք չշեղվեց իր ընտրած ճանապարհից և չդավաճանեց այն ճշմարիտ գաղափարներին, որոնք ընտրել էր իր կյանքի սկզբում։ Խրիմյան Հայրիկի նվիրական իղձն էր հայրենի երկրում տեսնել հարազատ ժողովրդին միակամ ու միասնական, և նա պայքարեց հանուն իր երազանքի, հանուն հայ մարդու փրկության ու բարօրության,  հանուն իր հայրենիքի շենացման…

Հերիքնազ Գրիգորյան

  1. Ամենայն Հայոց կաթողիկոսներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2008, էջ 171։
  2. 1862 թ. Տարոնի Սուրբ Կարապետ վանքում ևս բացվեց ժառանգավորաց վարժարան, որի տնօրենն էր Գարեգին վարդապետ Սրվանձտյանցը։
  3. Խրիմյան Հայրիկ, Երկեր, ԵՊՀ հրատ., Երևան, 1992, էջ 8։
  4. Նույն տեղում, էջ 9:
  5. Նույն տեղում, էջ 15-16:
  6. Նրան երկու անգամ փորձել են սպանել, ինչպես նաև աքսորել են Երուսաղեմ:
Theme: Overlay by Kaira