ԿՈՆՏԵՔՍՏՈՒԱԼԻՍՏՆԵՐԻ ՌԵԼԱՏԻՎԻԶՄԸ

(թարգմանություն «Առանց արմատների. Արևմուտքը, հարաբերականությունը, քրիստոնեությունն ու իսլամը» գրքից)

26.08.2022

Նախ թույլ տվեք սկսել այն միանշանակ պնդմամբ, որ քաղաքակրթական և մշակութային համամարդկային արժեքների գոյության ժխտումը ծանրակշիռ հիմքեր չունի։

«Ռելատիվիզմ» (հարաբերականություն) կոչվող փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչները պնդում են, որ մշակույթների և քաղաքակրթությունների քննադատությունն առաջ է եկել սխալ հարցադրման արդյունքում1։ Այս դպրոցն այսօր շատ անուններով է հայտնի․ հետ-լուսավորչական մտածողություն, պոստ-մոդեռնիզմ, «թույլ միտք»2, ապակառուցողականություն։ Ինչպես տեսնում եք, անուններն են փոխվել, սական թիրախը միշտ նույնն է մնացել․ հայտարարել, որ չկա ամուր հիմք ու փաստարկ՝ պնդելու, որ մեր արժեքները համամարդկային են, կամ որ ինչ-որ մի բան ավելի լավն է, ավելի ընդունելի է, քան մյուսը։

Ռելատիվիզմը պնդում է, որ գոյություն ունի արժեքների բազմազանություն և բոլոր արժեքների համակեցությունն անհնար է։ Միշտ գոյություն ունի այնպիսի իրավիճակ, երբ արժեքներից մեկին հավատարիմ լինելն անհամատեղելի է դառնում մեկ այլ արժեքին հավատարիմ մնալու հետ, օրինակ՝ ընկերությունն ու արդարադատությունը։ Այսպիսի տանդեմի փայլուն օրինակ է, երբ ձեր ընկերը հանցագործություն է գործում ձեր աչքի առաջ։ Ինչպե՞ս վարվել․ ընկերոջը հանձնե՞լ ոստիկանությանն ու ընկերությանը դավաճանե՞լ, թե՞ հանուն ընկերության մերժել ճշմարտությունն ու հանցակից դառնալ։ Այսպիսի օրինակները հաշվի առնելով՝ ռելատիվիզմը հանգում է սխալ և կորստաբեր եզրակացությունների, այն է՝ մշակույթային և քաղաքակրթական արժեքները չեն կարող քննարկվել մեկը մյուսի հետ համեմատվելով։

Կա վերոնշյալ եզրակացությունը պաշտպանող հիմնավորումների երկու հիմնական խումբ։ Առաջին խումբն առաջ է քաշում այն տեսակետը, որ մշակույթները, տեսությունները, հայեցակարգերն ու աշխարհայացքները չեն կարող միմյանց հետ համեմատվել, քանի որ դրանք ներկայացնելու ու բացատրելու համար տարբեր մեթոդներ և եզրաբանություն է օգտագործվում։ Երկրորդը պնդում է, որ կան կոնկրետ հասկացություններ, ինչպիսիք են, օրինակ՝ պետությունը, ժողովրդավարությունն ու հավատը, որոնք ըստ էության հակասական են ու միանշանակ իմաստ չունեն։

Առաջին մոտեցման ամենահայտնի օրինակը Վիտգենշտայնի «Փիլիսոփայական ուսումնասիրություններ» աշխատությունն է։ Նրա թեզը հետևյալն է․ տերմինի նշանակությունը պայմանավորված է տվյալ լեզվում այդ բառի կիրառական  նշանակությամբ, և որ յուրաքանչյուր լեզվական խումբ ունի իրեն հատուկ կառուցվածքային կանոններ, նշանակություն ու եզրահանգում3: Այս թեզը հիմնավորող փաստարկն այն է, որ բովանդակությունը չի կարող առանձնացվել այն բնորոշող չափանիշներից։ Այսինքն՝ այն, ինչը մի համայնք համարում է իրական, գեղեցիկ և լավ, այդպիսին է միայն այն պատճառով, որ  այդ համայնքը հենց իրական, գեղեցիկ և լավ չափանիշներն է օգտագործել այդ երևույթները բնորոշելու համար: Չափանիշներն ունեն միշտ ենթամշակութային և ոչ թե միջմշակութային բնույթ։ Չկա մետաչափորոշիչ, որը կարող է ներքին ճշմարտություն, բացարձակ գեղեցկություն կամ համամարդկային բարիք սահմանել։ Բոլոր չափորոշիչները, համաձայն այս տրամաբանության, կախված են բովանդակությունից և չեն կարող գերադասվել կամ ստորադասվել մեկը մյուսին։

Այս թեզի իմ քննադատությունը ես կսահմանափակեմ դիտարկմամբ, որ դատողությունը, թե արդյոք A մշակույթն ավելի  լավն է, քան B մշակույթը, չի պահանջում, որ A և B մշակույթներն ունենան ընդհանրացնող մետաչափորոշիչ։ Միակ բանը, որ պահանջվում է, դա այն է, որ A և B մշակույթների ներկայացուցիչները պատրաստակամ լինեն միմյանց հետ երկխոսելու և երկուստեք քննադատություն ընդունելու։ Երկխոսության ընթացքում կամ ավարտին, զրուցակիցներից մեկն ավելի ու ավելի կդժվարանա սեփական տեսակետի օգտին փաստարկներ բերել, որի հետևանքով մյուսի թեզն ավելի ընդունելի կդառնա։ Չնայած, որ դրա արդյունքում մյուսի թեզը մեխանիկորեն ճիշտ չի դառնա, այնուամենայնիվ, սա, հաստատ, ավելի լավ վիճակ է, քանի որ դիմակայում է քննադատությանը, առարկություններին ու ժխտողականությանը։ Այսպիսով՝ ավելի լավն է թե՛ գիտական տեսանկյունից, եթե բանավեճի համատեքստը ճանաչողական է, թե՛ արժեքաբանական (աքսիոլոգիական) տեսանկյունից, եթե բանավեճի համատեքստն արժեքներն են և թե՛ քաղաքագիտության, եթե՝ քաղաքականությունն է։

Ոմանք կարող են հակադրվել, պնդելով, թե այն ինչ ես առաջարկում եմ Գորգիասի, Սոկրատեսի, Պլատոնի ու Արիստոտելի կողմից կիրառված հերքման և խաչաձև քննման հին դիալեկտիկական մեթոդն է, որը կոչվում է «էլենխոս» (elenchos)4։ Հետևաբար, նրանք այդ մեթոդը ընդունելի կհամարեն միայն կոնկրետ մշակույթի ներսում, մասնավորապես՝ Արևմտյան։ Այս մոտեցմանը շատ պատասխաններ կան, սակայն որոշիչ պնդումն հետևյալն է։ Եթե B մշակույթի անդամներն ակնհայտ  առավելություն են տալիս A մշակույթին, այլ ոչ թե հակառակը, ապա իրոք պատճառներ կան կարծելու, որ A-ն ավելի լավն է, քան B-ն5։

Այլք էլ կարող են առարկել, թե վերջին պնդումը սխալ է, քանի որ A-ի նախընտրումը B-ի կողմից հնարավոր է հրահանգավորման, քարոզչության կամ սխալի արդյունք լինել։ Նրանց կպատասխանեմ՝ ասելով․ «Եթե դու A մշակույթին պատկանող կոնտեքստուալ ռելատիվիզմի հետևորդ ես ու խոսում ես սխալի մասին, ապա դու հակասում ես ինքդ քեզ, քանի որ, որպեսզի ճանաչես B մշակույթում սխալը, ապա A-ն և B-ն պետք է ունենան մշակութային նույն չափորոշիչը, ինչն էլ հնարավորություն կտա երկու մշակույթներում բացահայտել իրականն ու երևակայականը»։ Իսկ եթե իսկապես երկու մշակույթներում կա ընդհանուր չափորոշիչ, ապա կոնտեքստուալիստների ռելատիվիզմը փլուզվում է։ Նրանց ռելատիվիզմն այնպիսի հիմքեր է ստեղծում այլ վարդապետությունների համար, որ խժռելով ամեն ինչ, ի վերջո, կործանում է ինքն իրեն։

(շարունակելի)
Անգլերենից թարգմանությունը՝ Ցողիկ Լայնեն-Խաչատրյանի

  1. Իսկ հարցադրումը հետևյալն է՝ A՞ մշակույթն է լավը, թե՞ B։
  2. “Pensiero debole” կամ «թույլ միտք» տերմինը 1990 թ․-ին առաջին անգամ օգտագործել է իտալացի փիլիսոփա Ջիաննի Վատտիմոն՝ նկարագրելու համար նիհիլիզմի (nihilism) իր տարբերակը, որն էլ հետագայում դարձավ իտալական պոստ-մոդեռնիստական մտածողությունը սահմանող ընդհանուր եզրույթ (մեկնաբանությունը թարգմանչի՝ Միքայել Ֆ․ Մուռի, կողմից)։
  3. Վիտգենշտայնը իսկապես ռելատիվիզմի հիմնադիրներից մեկն է, այնուամենայնիվ, նրա աշխատությանը հղում անելով նպատակ չունեմ պնդելու, որ նա առաջինն էր։ Փիլիսոփայության մեջ առաջնայնություն վերագրելն անշնորհակալ գործ է. «լեզվաբանական հեղաշրջում» ասելով մեկը կարող է նկատի ունենալ Գադամերի (Hans-Georg Gadamer) հերմենևտիկայով սկզբնավորված լեզվի անալիտիկ փիլիսոփայությունը («Լինելը կարող է հասկացվել որպես լեզու», Հանս Գեորգ Գադամեր, «Ճշմարտություն և մեթոդ» աշխատություն, երկրորդ հրատարակություն, թարգմանիչներ Ջոյել Վայնշայմեր և Դոնալդ Գ․ Մարշալ, Նյու Յորք, «Քանթինյուում» հր․, 1993, 542 էջ), կամ Հայդեգերի գոյաբանությունը («Լեզուն գոյության տունն է», Մարտին Հայդեգեր, «Նամակ հումանիզմի մասին», «Հիմնական գրվածքներ» աշխատությունից, խմբագիր Դավիդ Ֆառռել Կռել, Նյու Յորք․ «Հարպեր և Ռո» հր․, 1977, 217 էջ։ Ինչպես նաև կարող են նկատի ունենալ այլ հեղինակների, օրինակ՝ Ռիչարդ Րորթի, կողմից վերոնշյալ երկու հեղինակների գործերի մեկնաբանություններում օգտագործված իմաստները։
  4. Էլենխոսի մեթոդը, որն հաճախակի օգտագործվել է և՛ ընդհանուր, և՛ մասնագիտական փաստարկումներում, այն է, որ փորձ է արվում զրուցակցին հերքել, ով փորձում է հիմնավորել T թեզը, պնդելով, որ T-ից բխում է C-ն։ Իսկ քանի որ C-ն ճիշտ չէ, կամ հերքվել է հենց զրուցակցի կողմից կամ մեկ այլ T1 թեզով, որն ընդունել է զրուցակիցը, ուստի և զրուցակցի առաջարկած T թեզը սխալ է։ Ամեն դեպքում, պարզագույն տրամաբանության կանոնը հուշում է, որ եթե p թեզից բխում է q հետևանք, և q-ն սխալ է, ապա p-ն նույնպես սխալ է։
  5. Օրինակ՝ միգրացիոն հոսքերը մահմեդական երկրներից դեպի արևմտյան երկրներ և ոչ թե հակառակը։
Theme: Overlay by Kaira