ԷԿՈՒՄԵՆԻԿ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ (1980-1987 ԹԹ.)

Մասն Գ․

1983 թ․ հուլիսի 24-ից օգոստոսի 10-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում գումարված ԵՀԽ VI համաժողովի տարբերանշանը

09.04.2024

Նախորդիվ ներկայացրել էինք XX դարի 60-ական թվականներից մինչև 1970-ականների վերջն ընկած ժամանակահատվածում էկումենիկ շարժման և ավելի լայն իմաստով՝ քրիստոնեության տարբեր ճյուղերի միջեկեղեցական, ինչպես նաև տարբեր կրոնների փոխհարաբերությունների շրջանակում տեղի ունեցած կարևոր հանդիպումները, իրադարձությունները: Ինչպես հոդվածաշարի Ա. և Բ. մասերում, այստեղ ևս ներառվել և հատկապես շեշտադրվել են Հայ Առաքելական եկեղեցու՝ էկումենիկ շարժմանը մասնակցության հետ կապված իրադարձությունները:

Այս անգամ մեր կազմած նյութն ընդգրկում է Ամենայն Հայոց Վազգեն Ա. Պալճան (1908-1955-1994 թթ.) կաթողիկոսի գահակալության շրջանը՝ 1980-1987 թթ. տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները: Այս ընթացքում՝ ԽՍՀՄ գոյության վերջին տասնամյակում, կրոնին վերաբերող հարցերի նկատմամբ սկսված մեղմացումը որոշակի ակտիվություն մտցրեց նաև միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններում, միջեկեղեցական մակարդակում սկսվեց նաև ազգային հարցերի քննարկումը. օրինակ` Վազգեն Ա. հայրապետը տարբեր առիթներով և ձևաչափերով անդրադառնում է Մեծ եղեռնի միջազգային ճանաչման խնդրին:

Ստորև ներկայացվում են 1980 թվականից մինչև 1987 թվականը ներառյալ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք մեծամասամբ քաղվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ամսագրի՝ «Էջմիածնի» համապատասխան համարներից:

1.  1980

• Ապրիլի 11-15-ը համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա Բ.-ի և Վրաստանի հայոց թեմակալ առաջնորդ Գևորգ եպս. Սերայդարյանի հրավերով Վազգեն Ա. կաթողիկոսը հովվապետական այցով լինում է Վրաստանում:

Մայիսի 12-25-ը Ավստրալիայի Մելբուռն քաղաքում գումարվում է ԵՀԽ «Առաքելություն և Ավետարանչություն» հանձնաժողովի նստաշրջանը: Հայոց եկեղեցին ներկայացնում էին Շահե արքեպ. Աճեմյանը, Գարեգին արքեպ. Գազանճյանը, Աղան ծ. վրդ. Բալիոզյանը և Անանիա վրդ. Արաբաջյանը:

Օգոստոսի 14-22-ը գումարվում է Եկեղեցիների համաշխարհային խորհդի (ԵՀԽ) խորհրդի Կենտրոնական կոմիտեի (ԿԿ) տարեկան նստաշրջանը Ժնևի էկումենիկ կենտրոնում: Մայր Աթոռ Ս. Էջմիածնից մասնակցում է դիվանապետ Արսեն եպս. Բերբերյանը՝ որպես ԵՀԽ ԿԿ անդամ:

Սեպտեմբերի 13-15-ը Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղար դոկտ. Գլեն Գարֆիլդ Վիլիամսը պաշտոնական այցով տիկնոջ հետ գտնվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

2.  1981

• Մարտի 29-30-ը Մայր Աթոռում են հյուրընկալվում ԵՀԽ «Աստվածաբանական կրթության բաժանմունք»-ի տնօրեն վերապատվելի Ահարոն Սափազյանը և նույն բաժանմունքի կոմիտեի նախագահ դոկտ. Հովարդ Միլսը:

• Ապրիլի 22-ին, Նորին Սրբություն Տ. Տ. Վազգեն Ա. վեհափառ հայրապետը Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա իր հովվապետական ուղևորության շրջանակում Վիեննայում այցելում է «Պրո Օրիենտե» կազմակերպություն: Հանդիպմանը ներկա էին տարբեր եկեղեցիների ներկայցուցիչներ: Հաջորդ օրը վեհափառ հայրապետն այցելում է նաև Վիեննայի Մխիթարյան վանք:

• Ապրիլի 25-ին Վազգեն Ա.-ն իր շքախմբով այցելում է Քլոստերնոյբուրգի վանք, որտեղ արժանանում է ջերմ ընդունելության միաբանների կողմից: Մայր տաճարում կատարվում է նաև էկումենիկ աղոթք:

• Մայիսի 2-ին Մյունխենի արքեպիսկոպոս կարդինալ Ժոզեֆ Ռացինգերը հյուրընկալում է Վազգեն Ա. հայրապետին: Նույն օրը Մյունխենի կաթոլիկ եկեղեցու Ս. Աննա տաճարում վեհափառ հայրապետի նախագահությամբ կատարվում է հանդիսավոր ժամերգություն, որին ներկա էին տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ:

• Մայիսի 6-ին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Հեսընի նահանգի լյութերական եկեղեցու նախագահ դոկտ. Հիլդի հրավերով Վազգեն Ա.-ն Ֆրանկֆուրտի «Քրիստ» եկեղեցում մասնակցում է էկումենիկ աղոթքի արարողության:

• Օգոստոսի 11-12-ին ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում գումարվում է Ուսանողների Միջազգային Քրիստոնեական ժողովը, որին, ի թիվս աշխարհի 76 երկրի շուրջ 200 մասնակիցների, որպես դիտորդ մասնակցում է նաև Մայր Աթոռի ներկայացուցիչ Տիրան վրդ. Կյուրեղյանը:

• Հոկտեմբերի 25-28-ը Մայր Աթոռում հյուրընկալում են Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Օրթոդոքս եկեղեցու պատրիարք Իգնատիոսին:

3.  1982

• Հունվարին Պերուի մայրաքաղաք Լիմայում ընդունվում է ԵՀԽ «Հավատք և եկեղեցական կարգ» հանձնախմբի «Մկրտություն, հաղորդություն և ծառայություն» փաստաթուղթը («Լիմայի փաստաթուղթ»):

• Հունիսի 30-հուլիսի 6-ին Կաթոլիկ և Օրթոդոքս եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային հանձնախումբն ընդունում է «Եկեղեցու և Հաղորդության խորհուրդը՝ Սուրբ Երրորդության լույսի ներքո» փաստաթուղթը (Մյունխեն):

• Հոկտեմբերի 17-ին Ավստրիայի Սենտ-Պյոլտեն քաղաքում տեղի է ունենում Եվրոպայի երիտասարդ քրիստոնյաների էկումենիկ խորհրդի տարեկան հաշվետու ժողովը: Մայր Աթոռից մասնակցում էր Տիրան վրդ. Կյուրեղյանը:

• Հոկտեմբերի 29-ին Պրո-Օրիենտե կազմակերպության պատվիրակությունը պաշտոնական այցով լինում է Երուսաղեմի հայոց Սրբոց Հակոբյանց վանքում: Նոյեմբերի 2-ին Վիեննայի արքեպիկոպոս, կարդինալ Ֆրանց Քյոնիգը այցելում է Հայոց պատրիարքարան և հանդիպում Եղիշե պարտրիարքին:

• Հրատարակվում է ԵՀԽ-ի՝ Մկրտությանը, Հաղորդությանը և Ձեռնադրությանը նվիրված ուսումնասիրությունը:

4.  1983

Հունվարի 10-21-ը Բրիտանական Եկեղեցիների Խորհրդի հրավերով ԽՍՀՄ-ում գործող քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներից (թվով 11 հոգի) բաղկացած պատվիրակություն է մեկնում Մեծ Բրիտանիա, որտեղ ընդունելության է արժանանում նաև Քենթրբերիի արքեպ. Ռոբերտ Ռընսի կողմից: Պատվիրակները, որոնց թվում՝ Մայր Աթոռի ներկայացուցիչ Ներսես եպս. Պոզապալյանը, մասնակցում են տարբեր խորհրդակցությունների, հանդիպումների, զրույցների, մեկնումից առաջ՝ նաև էկումենիկ աղոթքի:

Մարտի 31-ից ապրիլի 7-ը, Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով, Հայ եկեղեցու կյանքին ծանոթանալու և զատական տոները Ս. Էջմիածնում անցկացնելու համար Մայր Աթոռում են գտնվում Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանի աստվածաբանության դասախոս և Խաղաղության Քրիստոնեական Կոնֆերանսի (ԽՔԿ) փոխնախագահ դոկտ. Գերհարդ Բասարակը, Ավետարանական Եկեղեցիների Ֆեդերացիայի (ԱԵՖ) նախագահության ատենապետ դոկտ. Քրիստոֆ Դեմկեն և ԱԵՖ մամուլի բաժնի վարիչ, ԽՔԿ-ի աշխատանքները շարունակող կոմիտեի անդամ Ռոլֆ-Դիտեր Գյունտերը:

Հուլիսի 24-ից օգոստոսի 10-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում գումարվում է ԵՀԽ VI համաժողովը, որին մասնակցում էին 301 անդամ-եկեղեցիների 847 պատվիրակներ: Այն անցակցվում է «Հիսուս Քրիստոս՝ Կյանքն աշխարհի» նշանաբանի ներքո: Ընտրվում է ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի նոր կազմ. անդամների թվում՝ Կիրիլ եպս. Գունդյաևը (ներկայում՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ): Համաժողովին հանուն Հայ Առաքելական եկեղեցու Վազգեն Ա. կաթողիկոսի հրամանով մասնակցում են Թորգոմ արքեպ. Մանուկյանը, Շահե արքեպ. Աճեմյանը, Վաչե արքեպ. Հովսեփյանը, Ներսես եպս. Պոզապալյանը, Տիրան վրդ. Կյուրեղյանը, Եզնիկ քհն. Պետրոսյանը, տիկ. Լուիզ Սիմոնյանը և տիկ. Լուիզ Գալեմքերյանը: Մայր Աթոռի պատվիրակության առաջարկով ԵՀԽ Մարդկային իրավունքների Հանձնաժողովը բանաձև է քննարկում հայերի դեմ կատարված ցեղասպանության պատմական իրականության մասին:

5.  1984

Հունվարի 11-ին Վեհարանում գումարված տարվա առաջին միաբանական հավաքույթի ընթացքում Շահե արքեպ. Աճեմյանը ներկաների ուշադրությանն է հանձնում ԵՀԽ-ի կողմից մշակված ծրագիրը «Մկրտություն», «Հաղորդություն» և «Ձեռնադրություն» խորհուրդների մասին:

• Ապրիլի 2-4-ը Մոսկվայում տեղի է ունենում «Տիեզերքն առանց զենքի» թեմայով խաղաղությանը նվիրված միջազգային կոնֆերանս՝ աշխարհի 26 երկրներից ժամանած տարբեր կրոնների շուրջ 60 ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայ եկեղեցին որպես հյուր ներկայացնում էր Ադրբեջանի հայոց թեմի առաջնորդ Անանիա եպս. Արաբաջյանը:

• Մայիսի 15-17-ը Էստոնական ՍՍՀ-ում Պյուխտիցի ռուսական Ս. Աստվածածին վանքում տեղի է ունենում Սովետական Միությունում գործող Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) անդամ և գործակից եկեղեցիների ներկայացուցիչների հերթական II խորհրդակցությունը՝ նախապատրաստվելու համար 1986 թ. Շոտլանդիայում կայանալիք ԵԵԿ IX համաժողովին: Հայ եկեղեցին ներկայացնում էր Շիրակի թեմի առաջնորդ Նարեկ եպս. Շաքարյանը:

• Հունիսի 13-15-ը Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսը և Գարեգին Բ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը եղբայրական և անձնական հանդիպումներ են ունենում Փարզում՝ ըստ նախապես կայացած համաձայնության: Վազգեն Ա.-ն Փարզում էր հունիսի 2-16-ին՝ Լատինական Ամերիկա կատարած իր այցերից հետո դեպի Մայր Աթոռ վերադարձի ճանապարհին:

Հուլիսի 18-ին Ամենայն Հայոց Վազգեն Ա. կաթողիկոսը շնորհավորական հեռագիր է ուղարկում դոկտ. Էմիլիո Կաստրոյին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առթիվ: Վերջինս օգոստոսի 13-ին շնորհակալական նամակով պատասխանում է Հայոց վեհափառին:

• Հոկտեմբերի 12-15-ը Ամենայն Հայոց հայրապետի հրավերով Մայր Աթոռում է հյուրընկալվում Լատվիայի Ավետարանական-լութերական եկեղեցու պետ Յանիս արքեպ. Մատուլիսը: 

Նոյեմբերի 24-27-ը Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսը Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա Բ.-ի հրավերով հովվապետական այցելությամբ լինում է Թբիլիսիում: Նորին Սրբությանն ուղեկցում էին Ադրբեջանի հայոց թեմի առաջնորդ Անանիա եպս. Արաբաջյանը և Մայր Աթոռի միաբան Ասողիկ աբղ. Արիստակեսյանը:

6.  1985

Հունվարի 18-ն Ամենայն Հայոց Վազգեն Ա. կաթողիկոսը գրությամբ դիմում է ԵՀԽ-ին և քույր եկեղեցիներին՝ Մեծ եղեռնի 70-ամյակի ոգեկոչման առթիվ: Ստացվում են պատասխան նամակներ Հռոմի պապից, Մոսկվայի և համայն Ռուսաստանի, Աթենքի և համայն Հելլադայի, Անտիոքի և համայն Արևելքի մարոնիտների պատրիարքներից, Քենթրբերիի արքեպիսկոպոսից:

• Հունիսի 13-ին Մայր Աթոռ են ժամանում Ժնևի էկումենիկ կենտրոնում Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարքության մշտական ներկայացուցիչ և պատրիարքի նվիրակ, Ժնևի հույն համայնքի մետրոպոլիտ Դամասկինոսը՝ ընկերակցությամբ պրոֆ. Պետրոս Պերտիկիսի: Հունիսի 14-ին Վեհափառի հետ հանդիպման ընթացքում Դամասկինոս մետրոպոլիտը պաշտոնապես Հայոց Հայրապետին է ներկայացնում Դիմիտրիոս պատրիարքի հրավերը՝ մասնակցելու Արևելյան ուղղափառ հին եկեղեցիների և օրթոդոքս եկեղեցիների ներկայացուցիչների՝ նույն թվականի հոկտեմբերին Ժնևում (պատրիարքական կենտրոն Շամբեզիում) տեղի ունենալիք երկխոսությանը: Ամենայն Հայոց կաթողիկոսը սկզբունքով իր համաձայնությունը հայտնեց ներկայացված առաջարկությանը:

• Հունիսի 11-ից 18-ը ԱՄՆ-ի Բրակլայն քաղաքում գտնվող Հույն ուղղափառ աստվածաբանական դպրոցում տեղի է ունենում Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների համաժողով՝ Մկրտության, Հաղորդության և Ձեռնադրության խորհուրդների մասին: 1982 թ. Լիմայում ԵՀԽ-ի կազմակերպած ժողովում «Հավատո և կարգի» հանձնախմբի մշակած փաստաթուղթը քննարկվում է, և մասնակիցները նշում են, որ այն դեռևս իր վերջնական վիճակում չէ, հետևաբար չի կարող ընդունելի լինել ԵՀԽ անդամ եկեղեցիների կողմից: Հայ եկեղեցին ներկայացնում են Մայր Աթոռից Ներսես եպս. Պոզապալյանը և Եփրեմ քհն. Գալաճյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից՝ Մեսրոպ արքեպ. Աշճյանը:

• Հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի է ունենում ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի հերթական նստաշրջանը, որի ընթացքում ԵՀԽ-ի կազմում ընդունվում են 5 նոր եկեղեցիներ՝ իբրև լիիրավ և 2 եկեղեցիներ՝ իբրև թղթակից անդամներ: Մայր Աթոռից նստաշրջանին մասնակցում էր ԵՀԽ ԿԿ անդամ Ներսես արքեպ. Պոզապալյանը:

Հոկտեմբերի 7-11-ը Անգլիկան Խորհրդակցական Կոմիտեի հրավերով Անգլիայի Ս. Ալբանս քաղաքում գումարվում է Անգլիկան (13 հոգի) և Արևելյան ուղղափառ եկեղեցիների (7 հոգի) ներկայացուցիչների հավաք: Մայր Աթոռից իր մասնակցությունն է բերում Ներսես արքեպ. Պոզապալյանը:

Դեկտեմբերի 10-15-ը Շամբեզիում (Շվեյցարիա) մոտ երկու տասնամյակ (1964-85) տևած ոչ պաշտոնական հանդիպումներից հետո առաջին անգամ էկումենիկ երկխոսության նպատակով հանդիպում են Ուղղափառ եկեղեցիների երկու ընտանիքների (Արևելյան ուղղափառ և Օրթոդոքս) ներկայացուցիչները: Պաշտոնական աստվածաբանական երկխոսությանը մասնակցում էին նաև Ներսես արքեպ. Պոզապալյանը և Մեսրոպ ծ. վրդ. Գրիգորյանը: Ժողովը որդեգրեց մեթոդաբանական հատուկ ձև. կազմվում է 6 աստվածաբաններից կազմված մի ենթահանձնախումբ՝ 3-ական հոգի յուրաքանչյուր կողմից:

7.      1986

Փետրվարի 1-3-ը Պրագայում (Պրահա) Քրիստոնեական խաղաղության կոնֆերանսի ղեկավարության նախաձեռնությամբ տեղի է ունենում Քրիստոնեական-Մահմեդական երկխոսություն՝ նվիրված Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման հարցերին: Մասնակցում էին 12 հոգի, այդ թվում՝ Ադրբեջանի հայոց թեմի առաջնորդ Անանիա եպս. Արաբաջյանը:  

Մայիսի 21-23-ը Մայր  Աթոռում են հյուրընկալվում Բրիտանական եկեղեցիների խորհրդի (Անգլիկան, Կաթոլիկ, Ռեֆորմիստ, Մկրտչական, Մեթոդիստ) ներկայացուցիչների մի խումբ (ԽՍՀՄ այցելած մեծ խմբի կազմից): Այցելության նպատակն էր շփումը աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիների միջև և միատեղ աղոթքը հանուն աշխարհի խաղաղության և ժողովուրդների բարեկամության:

• Հունիսի 14-17-ը Էստոնիայում տեղի է ունենում Եվրոպական եկեղեցիների համաժողովի (ԵԵՀ) անդամների IX գլխավոր նիստի խորհրդակցություն՝ Պյուխտիցայի Ուսպենսկի կուսանոցում: Հայ եկեղեցին ներկայացնում էր Տիրան վրդ. Կյուրեղյանը:

• Հունիսի 18-27-ի ընթացքում Մայր Աթոռում էկումենիկ այցով հյուրընկալվում են ԱՄՆ-ի «Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհրդի» (ՔԵԱԽ) ներկայացուցիչների երկու խմբեր: Մինչ այդ՝ ապրիլի 10-24-ը ԱՄՆ-ում հյուրընկալել էին Սովետական Միության եկեղեցիների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Մայր Աթոռը ներկայացնող Տիրան վրդ. Կյուրեղյանին:

• Հուլիսի 16-19-ը Գանայում, Լեգոնի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում տեղի է ունենում ԵՀԽ Աստվածաբանական կրթության հանձնաժողովի տարեկան ժողովը, որին մասնակցում է նաև հանձնաժողովի գործադիր կոմիտի անդամ Եզնիկ քհն. Պետրոսյանը:

Սեպտեմբերի 4-11-ը Շոտլանդիայի Ստերլինգ քաղաքում տեղի է ունենում Եվրոպական եկեղեցիների համաժողովի 9-րդ նստաշրջանը՝ շուրջ 800 հոգու մասնակցությամբ, այդ թվում՝ Հայ եկեղեցին ներկայացնող Ոսկան եպս. Գալփաքյանի, Անանիա եպս. Արաբաջյանի, Տիրան վրդ. Կյուրեղյանի:

Հոկտեմբերի 26-31-ը Իտալիայի Ասիզի քաղաքում անցկացվում է համատեղ աղոթք՝ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Հովհաննես-Պողոս Բ. պապի նախաձեռնությամբ: Համատեղ աղոթքին հրավիրված էին բազմաթիվ կրոնների (բահայի, բուդդիստ, հինդու, մովսիսական, մուսուլման, շինդո, սիկխ, զրադաշտական, անիմիստ և ամերիկյան հնդկացիական կրոնների) և քրիստոնեական քույր եկեղեցիների ներկայացուցիչներ: Հայ եկեղեցու կողմից մասնակացում է Ներսես արքեպ. Պոզապալյանը՝ իրեն ուղեկից ունենալով Սարգիս քհն. Սարգիսյանին (Իտալիա):

8.  1987

• Հունվարի 16-26-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունենում ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի հերթական նստաշրջանը: Մայր Աթոռը ներկայացնում էին Ներսես արքեպ. Պոզապալյանը և Վիգեն վրդ. Այքազյանը:

Մարտի 25-31-ը Շվեյցարիայի Բոոսի քաղաքում գումարվում է Եվրոպական եկեղեցիների համաժողովի (ԵԵՀ) նախագահության և խորհրդակցական կոմիտեի միացյալ նիստը: Առաջին անգամ Հայ եկեղեցին դարձավ ժողովի ղեկավար մարմնի՝ Խորհրդակցական կոմիտեի անդամ: ԵԵՀ կոմիտեներից երկուսի մեջ իրենց մասնակցությունն ունենացան Ոսկան եպս. Գալփաքյանը և Տիրան վրդ. Կյուրեղյանը:

• Հունիսի 6-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հյուրընկալում են Անտիոքի և համայն Արևելքի Հույն կաթողիկե եկեղեցու պատրիարք Մաքսիմոս Ե. Հաքիմին:

Հունիսի 9-16-ը Բարիում (Իտալիա) Կաթոլիկ և Օրթոդոքս եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության հանձնախումբն ընդունում է համատեղ փաստաթուղթ՝ «Հավատը, Խորհուրդները և Եկեղեցու միությունը» խորագրով:

• Հունիսի 12-15-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվում է Խաղաղության քրիստոնեական կոնֆերանսի «Մերձավոր Արևելք» ենթահանձնաժողովի տարեկան նստաշրջանը՝ ավելի քան 10 երկրի շուրջ 30 հոգևորական և աշխարհական ներկայացուցիչների մասնակցությամբ:

• Սեպտեմբերի 4-7-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրավերով տեղում հյուրաբար գտնվում են ԱՄՆ քրիստոնեական տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ:

• Հոկտեմբերի 14-23-ը Ամենայն Հայոց Վազգեն Ա. կաթողիկոսը հովվապետական այցելություն է ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա:

• Նոյեմբերի 26-դեկտեմբերի 9-ը Եվրոպական եկեղեցիների համաժողովի ընդհանուր քարտուղար Ժան Ֆիշերը գտնվում է Սովետական Միությունում՝ այցելելու համար ԵԵՀ անդամ 8 եկեղեցիներին: Դեկտեմբերի 1-ին նա այցելում է Մայր Աթոռ, իսկ դեկտեմբերի 3-ին՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:

• Դեկտեմբերի 4-12-ը ԱՄՆ Քրիստոսի եկեղեցու ազգային խորհրդի (ՔԵԱԽ) հրավերով ԱՄՆ-ում է գտնվում Սովետական Միության եկեղեցիների պատգամավորությունը, որի կազմում Հայ եկեղեցին ներկայացնում էր Ներսես արքեպ. Պոզապալյանը:

• Դեկտեմբերի 17-ին Փարիզում գումարվում է Ֆրանսիայի քրիստոնյա եկեղեցիների խորհրդի անդրանիկ նիստը: Ձևավորվում է խորհուրդ՝ կազմված 8 անդամից, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու 2 ներկայացուցչից: Հայ եկեղեցին ներկայացնում էին Գյուտ եպս. Նագաշյանը և Ներսեհ ծ. վրդ. Բապուճյանը:

Բնականաբար, վերը ներկայացված են ոչ բոլոր տարեթվերը, և ցանկն ընթացքում կհամալրվի: Իսկ հաջորդիվ կներկայացվեն երջանկահիշատակ Վազգեն Ա. Պալճան հայրապետի գահակալման վերջին տարիներին տեղի ունեցած կարևոր միջեկեղեցական իրադարձությունները:

 

(շարունակելի)

Կազմող՝ Գառնիկ Հարությունյան

Theme: Overlay by Kaira