Մեթոդն աստվածաբանության մեջ սահմանում ու կանոնակարգում է աստվածաբանելու ձևերը՝ ըստ տվյալ եկեղեցու ավանդույթի։ Մեթոդն ունի կոնկրետ կանոններ այս կամ այն ավանդույթի հարցում, ունի նաև պատմական ընթացք՝ ուշ անտիկ շրջանից մինչև նորագույն շրջան։ Մեթոդաբանական հարցերը ուղղափառ և արևելյան ուղղափառ եկեղեցիների ավանդույթների շրջանակում քիչ են շոշափվել, փոխարենը՝ կաթոլիկ և բողոքական աստվածաբանների ուշադրությանն են արժանացել։ Այսօր աստվածաբանությունը համարվում է ստեղծագործական պրոցես, որի ընթացքում որևէ աստվածաբանական խնդիր քննարկելիս աստվածաբան-հեղինակը մշտապես հետևում է իր թեմատիկ առաջնայնություններին, մեկնողական եղանակներին ու գրական ոճին։
«ԹեոԼաբ»-ը աստվածաբանության մեթոդի քննարկումներում առաջնայնություն է տալիս աստվածաբանության՝ այլ գիտակարգերի հետ փոխառնչությունների ընթացքում ընտրվող մեթոդների ուսումնասիրությանը, կեղծ-աստվածաբանական մեթոդների տարբերակմանն ու զտմանը, աստվածաբանական մեթոդի պատմական դինամիկայի ուսումնասիրությանը` սինխրոն և դիախրոն կտրվածքով։ «ԹեոԼաբ»-ն առաջին փորձն է անում ապահովելու անցումը մետաֆիզիկական աստվածաբանությունից դեպի էկոնոմիկ կամ հորիզոնական աստվածաբանություն։
Աստվածաբանության «գեներացիայի» և քրիստոնեական ճշմարտությունները նորովի բացատրելու համար ամենաէականը, թերևս, աստվածաբանական խնդրի/պրոբլեմի ձևակերպումն է։ Այս առումով գիտական թեմաների ընտրության հարցում աստվածաբանություն գիտակարգի տարբեր ճյուղերի միջև նախապատվության անհամաչափություն է նկատվում: Սովորաբար նախապատվություն է տրվում հայրաբանական, մատենագրական, երբեմն բարոյախրատական թեմաներին, ինչպես օրինակ՝ Գրիգոր Տաթևացու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու կյանքն ու հայացքները, կամ վերջիններիս մատենագրությունը, կամ, ասենք, Մխիթար Գոշի առակների բարոյախրատական տարրը, որոնք գրեթե նորույթ չեն պարունակում։ Այսպիսի թեմաները հիմնականում աստվածաբանական խնդիր/պրոբլեմ չեն ձևակերպում, թեև կարող են և պարտավոր են, և ստացվում է, որ հայրաբանական կամ մատենագրական թեմաները, որոնք կարծես թե անցյալի ուսումնասիրությանն են միտված, դառնում են պարզապես ինքնանպատակ՝ ոչ միայն բացարձակապես չկամրջվելով ժամանակակից աշխարհում արդի խնդիրների հետ, չծառայելով այդ խնդիրների առաջացման խորքային ուսումնասիրությանն ու չառաջարկելով մերօրյա քրիստոնյային հնարավոր պատասխաններ, այլև անգամ չառաջարկելով անցյալի օբյեկտիվ ռեկոնստրուկցիա կամ հին ճշմարտությունների նորովի լուսաբանում։
Գրիգոր Նազիանզացին դեռ IV դարում սահմանել է, թե ով կարող է աստվածաբանել, և թե ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի անձը, որպեսզի կարողանա խոսել Աստծո մասին ուղղադավանության դիրքերից1։ IV դարում նրա հիմնական թիրախը «կեղծ աստվածաբաններն» էին։ Այսօր էլ հայաստանյան իրականության մեջ ունենք այդ խնդիրը. աստվածաբանի կրթություն չստացած, կամ թեկուզ աստվածաբանի կրթություն (թերի կամ լրիվ) ստացած ամեն անձ չէ, որ իրավունք ունի կոչվելու աստվածաբան, անգամ՝ աստվածաբան-հետազոտող, ավելին, ուղղադավանության շրջանակից դուրս մտքեր հայտնելով՝ դրանք համարել և մատուցել որպես քրիստոնեական աստվածաբանություն։ Այս առումով Նազիանզացու՝ դարեր առաջ հայտնած անհանգստությունը «կեղծ աստվածաբանների» վերաբերյալ խիստ արդիական է և մտահոգիչ։
Այսօր ակադեմիական աստվածաբանության հետ կապված հայաստանյան գիտական հանրությանը հուզող հարցերից է աստվածաբանի և աստվածաբանության ուսումնասիրողի տարբերակման հարցը, քանի որ դրանք իրար շատ մոտ, բայցևայնպես, տարբեր բաներ են։ Ըստ իս, կարևոր է ոչ թե աստվածաբանի և աստվածաբանության ուսումնասիրողի միջև տարբերությունը գտնելն ու մատնանշելը (ինչը որոշ դեպքերում բարդ է անել), այլ աստվածաբանելու և աստվածաբանական հետազոտություն կատարելու միջև եղած տարբերությունը բացատրելը։
Աստվածաբանություն գիտաճյուղը միահյուսված է այլ գիտաճյուղերի հետ։ Առնվազն մինչև վաղ արդի շրջան (ուշ միջնադար) այն պատմականորեն բոլոր գիտությունների հիմքում է եղել։ Ինչպես այլ գիտաճյուղերն ու գիտակարգերը կարող են գործիքներ տալ աստվածաբանական ուսումնասիրության համար, այնպես էլ ակադեմիական աստվածաբանությունը կարող է կիրառական լինել այլ գիտակարգերում մասնագիտացող հետազոտողի համար։
Հայաստանում գիտական, ակադեմիական աստվածաբանության մասին խոսելու անհրաժեշտությունը վաղուց կա։ Թերևս ամենից անհրաժեշտ է լավ պատկերացնել աստվածաբանության՝ որպես գիտակարգի կարևորությունն այսօր՝ թե՛ միջդիսցիպլինար հետազոտություն իրականացնելու տեսանկյունից, թե՛ ակադեմիական աստվածաբանությունը՝ իրենց «աստվածաբանական» համարող զանազան համակարգերից և գիտակարգերից տարորոշելու համար։