Այս բաժնում «ԹեոԼաբ» գիտավերլուծական կենտրոնը ներկայացնում է ընդհանրապես քրիստոնեության և, մասնավորապես, Հայ Առաքելական Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները, դրանց բնույթը, դասակարգումը, դրանց նկատմամբ եկեղեցու որդեգրելիք դիրքը։ «ԹեոԼաբ»-ի ուսումնասիրության բաղադրիչներն են եկեղեցաբանությունը, մասնավորապես, «անեկեղեցի» քրիստոնեություն և «ազգային եկեղեցի» հասկացությունների քննությունը՝ ակադեմիական և գիտահանրամատչելի մակարդակներում։

Ջատագովական/հակաճառական աստվածաբանության շրջանակներում ներկայացվում են ինչպես գիտական ուսումնասիրություններ՝ ջատագովական/հակաճառական ժանրի օրենքների և գրական հնարքների, բառապաշարի, լսարանի պատմական կոնտեքստուալացման վերաբերյալ, այնպես էլ արդի ջատագովական/հակաճառական բառապաշարի, էթիկայի, գրական հնարքների, խնդրի սահմանման, լսարանի, ընդդիմախոսի, հանրայնացման վերաբերյալ։ Պոստմոդեռնի դարում քրիստոնեության ջատագովության վեկտորը միջդավանական խնդիրներից կտրվում և ավելի շատ ուղղվում է պոստէզոթերիկային, թաքնագիտությանը, մոգության և սնահավատության հանրայնացմանը, աշխարհականության (սեկուլյարիզմի) փիլիսոփայությանը, աթեիզմին և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են եկեղեցու ավանդույթի ջատագովության նոր ձևերը, գիտության և քրիստոնեության փոխհարաբերության նոր փուլից բխող բազմաթիվ հարցերի նկատմամբ եկեղեցու արձագանքը, ազատության իմաստի շուրջ շահարկումները, և այլն։

Ջատագովության/հակաճառության հիմքում երկխոսությունն է, սեփական ավանդույթի և դիրքորոշման ճշմարիտ մատուցումն ընդդիմախոսին։ Այդու, «ԹեոԼաբ»-ի գիտական օրակարգի կարևորագույն մասն է էկումենիկ աստվածաբանությունը՝ ընդգրկելով թեմատիկ լայն սանդղակ՝ էկումենիզմի պատմական զարգացումից մինչև էկումենիկ որոշումների պրակտիկ կիրառություն։

Մաս Զ. 
Հայ Առաքելական Եկեղեցու զինյալ վկայությունը

 

Նախքան Հայ Առաքելական Եկեղեցու զինյալ վկայության ճանապարհին անդրադառնալը, հարկ է նշել, որ ըստ պատմահայր Մովսես Խորենացու, հայոց պատմությունն իսկ սկսվում է չարի դեմ զինյալ պայքարից. երբ Բաբելոնում բոլոր ազգերը խոնարհվում էին չար Բելի առջև, որն աշտարակ էր շինում Աստծուն հասնելու համար (համեմատություն Աստծո գահի կողքին սեփական գահը դնելու սատանայի գայթակղության հետ, որի մասին հիշատակվում է Աստվածաշնչում), Հայկ նահապետն իր ազգակիցների հետ լքեց Բաբելոնը և հեռացավ հյուսիս։ Բելն իր զորքով հետապնդեց Հայկին և նրա զարմին, պարտություն կրեց ու սպանվեց։ Այսպիսով, հայ ժողովրդի առաջացման ու ձևավորման պատճառն, ըստ Խորենացու, չարը մերժելու անհրաժեշտությունն էր և սեփական համոզմունքները զենքով պաշտպանելու պատրաստակամությունը։ Հայկն ըմբոստություն չբարձրացրեց Բաբելոնում, այլ իր զարմով հեռացավ, բայց երբ իրեն պատերազմ պարտադրեցին, նա ընդունեց մարտահրավերը և հաղթեց։ Այդ օրվանից մենք կոչվում ենք «հայ»։

 Կարդալ ավելին…

Մասն Գ․

Նախորդիվ ներկայացրել էինք XX դարի 60-ական թվականներից մինչև 1970-ականների վերջն ընկած ժամանակահատվածում էկումենիկ շարժման և ավելի լայն իմաստով՝ քրիստոնեության տարբեր ճյուղերի միջեկեղեցական, ինչպես նաև տարբեր կրոնների փոխհարաբերությունների շրջանակում տեղի ունեցած կարևոր հանդիպումները, իրադարձությունները: Ինչպես հոդվածաշարի Ա. և Բ. մասերում, այստեղ ևս ներառվել և հատկապես շեշտադրվել են Հայ Առաքելական եկեղեցու՝ էկումենիկ շարժմանը մասնակցության հետ կապված իրադարձությունները:

Այս անգամ մեր կազմած նյութն ընդգրկում է Ամենայն Հայոց Վազգեն Ա. Պալճան (1908-1955-1994 թթ.) կաթողիկոսի գահակալության շրջանը՝ 1980-1987 թթ. տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները: Այս ընթացքում՝ ԽՍՀՄ գոյության վերջին տասնամյակում, կրոնին վերաբերող հարցերի նկատմամբ սկսված մեղմացումը որոշակի ակտիվություն մտցրեց նաև միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններում, միջեկեղեցական մակարդակում սկսվեց նաև ազգային հարցերի քննարկումը. օրինակ` Վազգեն Ա. հայրապետը տարբեր առիթներով և ձևաչափերով անդրադառնում է Մեծ եղեռնի միջազգային ճանաչման խնդրին․․․

 Կարդալ ավելին…

2016 թ․ սեպտեմբերի 21-ին Կիետիում (Իտալիա) Հռոմի Կաթոլիկ և Ուղղափառ (Օրթոդոքս) Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միասնական միջազգային հանձնաժողովը (Joint International Commission for Theological Dialogue between the Roman Catholic Church and the Orthodox Church) ընդունեց «Ժողովականությունը և առաջնայնությունը առաջին հազարամյակի ընթացքում. դեպի ընդհանուր ըմբռնում՝ Եկեղեցու միությանն ուղղված ծառայությանը» (Synodality and Primacy during the first Millennium: Towards a Common Understanding in Service to the Unity of the Church) վերնագրով փաստաթուղթ։

Սույն հոդվածի նպատակն է՝ բովանդակային վերլուծության արդյունքում գնահատել վերոնշյալ փաստաթղթի օգտակարությունը երրորդ հազարամյակի Եկեղեցու ներքին և արտաքին կյանքում։ 

Կարդալ ավելին…

Հարի՞ր է արդյոք նզովքն Աստծուն, Որը Սեր է։ Կարո՞ղ է Սերը նզովել։ Թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններում Աստված բազմիցս նզովում է և սպառնում։ Արդյոք նզովելը միայն Աստծո՞ մենաշնորհն է, թե՞ նման իրավունք տրված է նաև Եկեղեցուն։ Կարո՞ղ է արդյոք Եկեղեցին նզովել։ Միանշանակ՝ այո՛։ Ընդհանրական Եկեղեցու դավանանքը ձևավորվել և կայացել է հենց հերետիկոսական ուսմունքներին հակադրվելու և դրանք նզովելու ճանապարհով։ Առաջին Տիեզերաժողովների սահմանած դավանանքը, որպես կանոն, ավարտվում և ընդհանրացվում էր մի շարք նզովքներով։ Պատարագի ժամանակ արտասանվող Նիկեայի «Հավատո հանգանակ»-ը ևս ավարտում ենք նզովքով՝ «իսկ որք ասեն, թէ է՛ր երբեմն որ չէր…»։

Կարդալ ավելին…

Նախորդիվ ներկայացրել էինք Էկումենիկ շարժման սկզբնավորման և մինչև XX դարի կեսերը տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների, հանդիպումների տարեթվերը՝ ընդհանուր պատկերացում ձևավորելու համար քրիստոնեության տարբեր ուղղությունների՝ այդ շարժման հանդեպ դիրքորոշման և մասնակցության մասին:

Կարդալ ավելին…

Չջնջելով, այլ հաստատելով հրեաներին տրված պատվիրանները, Քրիստոս դրանով իսկ հաստատեց, որ այդ պատվիրանները հրեա ժողովրդի միջոցով տրվել են ողջ մարդկությանը։ Քրիստոս հաստատեց օրենքն ու պատվիրանները, բայց մերժեց հրեաներին և սա կարևոր հանգամանք է տարբերակելու համար Մովսեսի ու մարգարեների կողմից մարդկությանը տրված պատվիրանները, հրեա ժողովրդից, որը հալածեց ու սպանեց մարգարեներից շատերին, հալածեց ու խաչ հանեց Քրիստոսին, որն իրենց խոստացված Մեսիան էր։

Կարդալ ավելին․․․

Թշնամուն ներելու և ապտակի դեպքում մյուս այտը պարզելու պատվիրանները լեռան քարոզից են, որը պետք է դիտարկել ամբողջության մեջ և առանձին հատվածներ չկտրել համատեքստից։ Նախքան ներում քարոզելը Քրիստոս այս քարոզում հստակ նշում է, որ իր պատվիրաններով անվավեր չի ճանաչում, չի ջնջում մինչ այդ մարդկությանը տրված օրենքը։ Եվս մեկ անգամ մեջբերենք Քրիստոսի խոսքը լեռան քարոզից.

Կարդալ ավելին…

Շատ քրիստոնյաներ «Մի սպանիր» պատվիրանը (Ելք 20։13) ընկալում են որպես պատերազմի արգելք։ Այդպես է հնչում պատվիրանի հունարենից հայերեն բառացի թարգմանությունը, սակայն գիտենք, որ տասը պատվիրանները Մովսեսին տրվել են հին եբրայերենով։ Փորձենք պարզել, թե ինչպե՞ս է հնչել այդ պատվիրանը բնագրով և ի՞նչ իմաստային նրբերանգներ է ունեցել։ Լեզվաբանության և աստվածաբանության դոկտոր, ազգությամբ հրեա Լեոնիդ Մացիխն այդ մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում. «Ներկայիս և բիբլիական շրջանի եբրայերենում եղել է քերականական ձև, որը չկա արդի մի շարք լեզուներում, այդ թվում ռուսերենում, բայց կա ասենք անգլերենում՝ ժխտական իմպերատիվը։ You do not մի արա դա, մի վարվիր այդպես։ Այդ ժխտական «մի» նախածանցի հոմանիշը եբրայերենում «ալ»-ն է։ Բայց տասը պատվիրաններում «ալ» նախածանցի փոխարեն դրված է «լո» նախածանցը, որն ավելի շուտ հորդորի իմաստ ունի, քան արգելքի։ Աստված չի արգելում մարդկանց, այլ հորդորում է և դա ահռելի տարբերություն է։ Բացի այդ սխալ կերպով «մի սպանիր» թարգմանվող պատվիրանը չի արգելում սպանությունն ընդհանրապես։ Եբրայերենում սպանություն բառի տվյալ գրառման եղանակը բառացիորեն նշանակում է «միտումնավոր, հանցագոր, կամավոր սպանություն չարությամբ»։

Կարդալ ավելին…

Ներկայում հաճախ ԶԼՄ-ներով հնչող կամ սոցիալական մեդիայում հանդիպող «էկումենիզմ» եզրը կիրառվում է տարբեր իմաստներով և կոնտեքստներում: Եզրը ծագում է հունարեն οἰκουμένη բառից, որը բառացի նշանակում էր «բնակեցված երկիր»: Քրիստոնեական գրականության մեջ «էկումենիկ» են կոչվում ամենակարևոր ժողովները, որոնք հայերենում անվանվում են «տիեզերական» (տարբեր եկեղեցիներ տարբեր թվով ժողովներ են համարում այդպիսին): Սակայն սա եզրի իմաստներից միայն մեկն է:

Կարդալ ավելին․․․

XIX-XX դարերում ոչ միայն փիլիսոփայության, այլ նաև քրիստոնեական աստվածաբանության մեջ գոյության խնդիրը քննարկման կարևոր հարցերից էր: Այս շրջանում գոյության երևույթի ուսումնասիրությունը դառնում է էքզիստենցիալ (գոյաբանական) աստվածաբանության լրջագույն խնդիրներից մեկը: Էքզիստենցիալիզմի հայր է համարվում դանիացի աստվածաբան — փիլիսոփա Սյորեն Կյերկեգորը (1813-1855 թթ.): Անհրաժեշտ է նշել, որ Կյերկեգորը միայն քրիստոնեական էքզիստենցիալիզմի հիմնադիրը չէ: Մի շարք էքզիստենցիալիստ փիլիսոփաներ իրենց գոյության փիլիսոփայությունը ձևավորեցին՝ հիմնվելով Կյերկեգորի գոյաբանության վրա:

Կարդալ ավելին․․․

Ինչպես պատերազմագիտության (պոլեմոլոգիայի), այնպես էլ աստվածաբանության շրջանակներում պատերազմ երևույթը չի քննարկվում միայն իր ավանդական հասկացողության մեջ, այն է՝ բախում, ընդհարում ազգերի կամ պետությունների միջև: Պատերազմը դիտվում է նաև որպես ցանկացած տեսակի բախում ու ընդհարում՝ վերագրելով այն մարդկային բնությանը՝ որպես կյանքի անբաժանելի և անխուսափելի երևույթ ու բնականոն ապրելակերպ: Պատերազմի նկատմամբ նման մոտեցումը բնորոշ է XIX-XX դարերի փիլիսոփայա-աստվածաբանական մտածողությանը:

Կարդալ ավելին․․․
Theme: Overlay by Kaira